Պահոց | 3:01 ե.

Կեսդարյա դաշինք, թե՞ ենթակայություն

12 Ապր

Երեկ Ազգային ժողովի նիստի ավարտին խորհրդարանը սկսեց 2010թ. օգոստոսի 20-ին Երևանում Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 արձանագրության քննարկումը: Խոսքն այն հանրահայտ համաձայնագրի մասին է, որ նախատեսում է մեր երկրում ՌԴ ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումը: Մոտ ութ ամիս առաջ ձեռք բերված պայմանավորվածությանը միայն այժմ անդրադառնալը պիտի փոքր-ինչ անսովոր դիտվեր նախօրոք արված այն կանխատեսումների ֆոնի վրա, համաձայն որոնց այսպիսի գործարքը պահանջում էր շուտափույթ վավերացում: Սակայն, ինչպես պարզվեց, հանգամանքներն այդ դեպքում էլ ավելի զորեղ գտնվեցին, քան ցանկությունները: Ընդ որում, նկատենք, որ Հայաստանի օրենսդիրն այս խնդրին ձեռնամուխ եղավ միայն այն բանից հետո, երբ երկու շաբաթ առաջ ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ու այնուհետև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հաստատմանը ներկայացրեց Գյումրի քաղաքում գտնվող ռազմակայանի տեղակայման երկարացման մասին արձանագրությունը: Այս քայլը մի տեսակ ազդանշան-հրահանգի դեր կատարեց:
Վերոհիշյալ պայմանագիրը թե ամբողջությամբ, թե առանձին դրվագներով արդեն արժանացել էր մանրակրկիտ քննարկման: Նրա շուրջ ծավալված բուռն բանավեճերն ի հայտ էին բերել հասարակությանը հուզող այն բոլոր խնդիրները, որոնք կարող էր հետագայում հարուցել այսօրինակ որոշումը: Եվ այնուամենայնիվ, Ազգային ժողովի նիստը հերթական հնարավորությունը ստեղծեց մեկ անգամ ևս ծանրութեթև անելու փաստաթղթի իրական արժեքն ու նշանակությունը թե իբրև ռազմաքաղաքական դաշինքի իրավական հավաստիք, և թե որպես անվտանգության հայեցակարգային մոտեցումների համար սպառնալիք հանդիսացող կռվան:
Պետք է ասել, որ խորհրդարանում արդարացի դժգոհություն առաջացրեց այն փաստը, որ պայմանագիրը ներկայացնում էր ոչ թե արտգործնախարարը (ինչը միանգաման տրամաբանական պիտի լիներ), այլ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը: Ամեն դեպքում, վերջինս նույնպես ստիպված էր պատասխանել մի շարք դժվարին հարցերի, որոնք չէին կարող չհնչել: Նախ և առաջ մի քանի պատգամավորների զարմանքն էր հարուցել այն, թե ինչու են ռազմակայանի տեղակայումը երկարաձգում հիմա, երբ 1995-ին ընդունված պայմանագրի ժամկետի ավարտին մոտ 10 տարի կա: Ի դեպ, նկատենք, որ հատկապես այս հարցը ի սկզբանե եղավ և մնաց առանց որևէ հրապարակային հիմնավորման: Այնպես որ Ազգային ժողովի պատերի ներսում նույնպես վիճակված չէր լսել դրա լիարժեք փաստարկումը: Նման անորոշության պայմաններում մնում է այլ կարգի ենթադրություններ անել: Օրինակ, կարելի է մտածել, որ ժամանակից առաջ ընկնելով ու համաձայնությունը վերանայելով Ռուսաստանը կամա թե ակամա ակնարկեց այն մասին, որ ի դեմս Հայաստանի չի տեսնում հուսալի, երկարաժամկետ ու վստահելի գործընկերոջ, այդ իսկ պատճառով էլ փորձում է պակասը լրացնել հավելյալ իրավական երաշխիքներով: Կարելի է նաև կռահումներ անել այն մասին, որ Հայաստանը, առանց այդ էլ արտաքին հարաբերություններում չունենալով մեծ կշիռ ու ազդեցություն, այժմ հարկադրաբար էլ ավելի է նվազեցնում դա` փոխարենն ակնկալելով միակ ձեռքբերումը` տարածաշրջանում ուժային հավասարակշռության վերականգնումը, ինչը սեփական միջոցներով ու հնարավորություններով նա ի վիճակի չի պահպանել:
Փաստաթղթին կողմ արտահայտվողների հիմնավորումների հետ ևս պետք է հաշվի նստել: Չի կարելի անտեսել այն էական հանգամանքը, որ այսուհետ ՀՀ տարածքում գտնող ռուսական ռազմաբազան՝ բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթներից, պարտավորվում է Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ ապահովել մեր հանրապետության անվտանգությունը: Հիշեցման կարգով ասենք, որ պայմանագրի նախկին ձևակերպումը ենթադրում էր միայն նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմանների երկայնքով սահմանների պաշտպանություն: Դրանից բացի ներկայացված արձանագրությամբ նախատեսվում է, որ Հայաստանի անվտանգության ապահովան համար Ռուսաստանը պետք է Հայաստանին ապահովի ժամանակակից և համատեղելի սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով: Հանուն արդարության նկատենք, որ մեր երկիրն իր սահմնափակ հնարավորություններով հազիվ թե կարողանար այդ բանն իրագործել ինքնուրույնաբար: Եվ, իհարկե, արձանագրության գլխավոր փոփոխությունը` երկարացնել Հայաստանում գործող ռուսական ռազմակայանի գործունեության ժամկետը՝ 25 տարուց դարձնելով 49 տարի: Սա իր հերթին կարող է դիտվել փաստացի ապացույցն այն բանի, որ ռուսների հետ մեր ռազմական դաշինքը նվազագույնը կես դար գոյություն ունենալու երաշխիք է ստանում:
Ի դեպ, Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանը իրենից ներկայացնում է բավականին պատկառելի զորային միավոր և մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգի շրջանակներում` ենթարկվելով ՌԴ Հյուսիս-կովկասյան ռազմական տարածաշրջանի Անդկովկասի ռուսական զորքերի խմբին: Ռազմակայանը հագեցած է C-300 զենիթահրթիռային համակարգերով ու ՄիԳ-29 կործանիչներով: Անձնակազմը հասնում է 5 հազարի: Նաև այս հանգամանքը հաշվի առնելով մի շարք վերլուծաբաններ անմիջապես շտապեցին արձանագրել, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի մասին 1995 թ. պայմանագրում փոփոխությունների ստորագրումը և С-300 հրթիռային համակարգերի տրամադրումը արձանագրում է նոր աշխարհաքաղաքական իրողությունների հաստատումը տարածաշրջանում:
Ամենայն հավանականությամբ խորհրդարանն այսօր կշարունակի հարցի քննարկումը և արդյունքում կվավերացնի պայմանագիրը, որը ոմանց կարծիքով պատմական փաստաթուղթ է, իսկ ոմանց խորին համոզմամբ` վտանգավոր ծուղակ: Սակայն ինչպիսի որոշում էլ կայացնեն երկրի վաղվա օրվա պատասխանատվությունը ստանձնած քաղաքական այրերը, մի բան մշտապես մնալու է անառարկելի. յուրաքանչյուր երկիր ինքն է պարտավոր ապահովել սեփական ժողովրդի ու տարածքների առավելագույն անվտանգությունը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Սուֆիստական առակ

12 Ապր

ԵՍ ԸՆՏՐՈՒՄ ԵՄ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Վարպետ Բահաուդինն իր ամբողջ կյանքում երջանիկ էր, ժպիտը երբեք չէր իջնում նրա դեմքից: Նրա ողջ կյանքը ներծծված էր տոնի բուրմունքով: Նույնիսկ մեռնելիս նա ուրախ ծիծաղում էր: Թվում էր, թե բավականություն էր ստանում մահվան գալստից:
Աշակերտները խմբվել էին նրա շուրջը: Նրանցից մեկը հարցրեց.
-Ինչո՞ւ եք Դուք ծիծաղում: Ձեր ամբողջ կյանքում Դուք միշտ ծիծաղել էիք, և մենք չէինք համարձակվում հարցնել, թե ինչպես է դա Ձեզ հաջողվում: Եվ ահա հիմա էլ՝ վերջին րոպեներին, Դուք դարձյալ ծիծաղում եք: Այստեղ ի՞նչ կա ծիծաղելու:
Ծեր վարպետը պատասխանեց.
— Շատ տարիներ առաջ ես եկա իմ Վարպետի մոտ, տասնութամյա երիտասարդ էի, բայց արդեն խորապես տառապող: Վարպետս յոթանասուն տարեկան էր, և նա ժպտում ու ծիծաղում էր հենց այնպես, առանց որևէ տեսանելի պատճառի: Ես նրան հարցրեցի. «Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում»: Եվ նա պատասխանեց. «Ներքուստ ես ազատ եմ իմ ընտրության մեջ: Պարզապես դա իմ ընտրությունն է: Ամեն առավոտ, երբ ես բացում եմ աչքերս, հարցնում եմ ինքս ինձ. ի՞նչ ընտրել այսօր՝ երջանկություն, թե՞ տառապանք: Եվ այնպես է լինում, որ ես ընտրում եմ երջանկությունը, չէ՞ որ դա այնքան բնական է»:

 

ՊՈԼ ՎԵՐԼԵՆ

12 Ապր

ԶԳԱՑԱԿԱՆ ԶՐՈՒՅՑ

Հին ու ամայի այգու մեջ սառած
Երկու ստվերներ անցան քիչ առաջ։

Շրթունքեր անզոր, աչքեր դեղնավուն,
Եվ բառերն իրենց հազիվ են լսվում։

Հին ու ամայի այգու մեջ ցրտին
Երկու ուրուներ անցյալն ոգեցին։

— Հիշո՞ւմ ես դու մեր զմայլքները հին։
— Ինչո՞ւ եք ուզում, որ հիշեմ կրկին։

— Իմ անունից դեռ դու սարսո՞ւմ ես ողջ,
Տեսնո՞ւմ ես հոգիս միշտ երազում։ — Ո՛չ։

— Ա՜հ, անլուր խինդի օրեր, երբ բոցե
Մեր շուրթերն էինք հպում մենք։- Գուցե։

— Հույսն ինչքան մեծ էր, երկինքն ինչքան բաց։
— Մութ երկինք թռավ հույսը պարտըված։

Ու քայլում էին այսպես չոր սեզում,
Եվ լոկ գիշերն էր զրույցն այս լսում։

ԴՐԱԽՏԻ ԴՈՒՌԸ

12 Ապր

Դրախտի դռների մոտ, հենց պատի տակ լցված չոր տախտակների վրա մենք նստել էինք արդեն մի քանի ժամ ու սպասում էինք: Ասել էին՝ կկանչենք, հետո դռները ներսից ամուր կողպել էին ու մենք մնացել էինք դրսում: Կողքիս նստածը ամրակազմ մի երիտասարդ էր՝ թուխ դեմքով, դուրս ցցված այտոսկրերով: Հաստ մատներ ուներ, որոնցով փայտի տաշեղներն էր կոտրատում ու նետում ոտքերի տակ: Մեր հանդիպման պահից նա անընդհատ շուռումուռ էր գալիս, դժգոհում նստատեղի չորությունից և ոչ մի կերպ չէր կարողանում մտաբերել, թե ինքն ինչից է մեռել:
Մի կերպ համոզեցի, որ դա այլևս էական չէ: Կարծես թե համակերպվեց այդ մտքի հետ: Սակայն հարմար նստելու ցանկությունը շրջանցել այդպես էլ չկարողացավ: Ես հարցրեցի.
— Անունդ ի՞նչ է:
— Ինչի՞դ է պետք,- ասաց նա:- Դու Առաջինն ես, որովհետև ինձնից շուտ ես եկել, իսկ ես Երկրորդը կլինեմ:
Ժամանակը պիտի որ անցներ: Դիմացի անսահման դատարկության միջից մեղմ քամի էր փչում՝ բերելով իր հետ փոշի, ձանձրույթ ու մեռելային լռություն:
— Ուտել կուզե՞ս,- հարցրեց Երկրորդը:
— Չէ, քաղցած չեմ:
— Ես էլ չեմ ուզում, բայց այս ժամերին մի բան ուտելը վատ չէ:
Ասաց ու մնաց նստած:
Այդպես անհոգ էլի մի քիչ սպասեցինք՝ լողացող ամպերին նայելով, երբ հեռվից նշմարվեց մեկ ուրիշը: Եկողը տարեց մարդ էր: Ուսին երկու հսկա տախտակ էր դրել ու դանդաղ մոտենում էր: Տեղ հասավ, իր բեռն անփույթ նետեց պատի տակ, ուղղեց գլխարկի տակից դուրս թափված մազերն ու հարցրեց.
— Դուռը դեռ չե՞ն բացել:
Առանց պատասխանի սպասելու մոտեցավ բանալու անցքին, մի աչքը կկոցած նայեց ու ետ եկավ.
— Չէ՜, սա երկար կտևի: Վատ օր եք եկել:
— Տախտակներն ինչի՞ համար են,- հետաքրքրվեց Երկրորդը:
— Տանիքի:
Հնաբնակն ակնհայտորեն զրույցի բռնվելու ցանկություն չուներ, բայց քանի որ ուրիշ ոչինչ անել չէր կարող, հոգնած ու միայնակ էր, ապա ուզեր թե չուզեր՝ հանդուրժելու էր մեր անպատեհ ներկայությունը:
-Իսկ այն կողմում ի՞նչ կա,- չհամբերեցի ես:
-Այն կողմում դրախտը չի, դրախտը պատի ետևում է:
— Իսկ ինչպիսի՞ն է:
-Դե, դրախտ է, էլի, ոնց որ դրախտ տեսած չլինես: Ծխելու բան մոտներդ կա՞:
Չունեինք: Ձեռքը թափ տվեց, գլխարկը քաշեց աչքերին ու արմունկներին հենված երկարեց ոտքերը:
Շտապելու տեղ չկար, մտքերն անորոշ էին, ցանկություններն՝ անարժեք: Երեք մոռացված ստվեր դրախտի դռների մոտ թեկուզ մի ողջ հավերժություն մնային նստած, երկնքին՝ ի՞նչ:
— Ախր մեր ժամանակ էսպես չէր, է՜: Ժամ կար, կարգ կար: Հիմա ով երբ ուզում՝ փակում-բացում է,- չդիմացավ ու նեղսրտեց տարեցը:
— Երբ դեռ չէի մեռել, չէի հավատում ոչ դրախտին, ոչ դժոխքին,- խոսեց Երկրորդը:
— Խելացի տղա ես եղել,- խրախուսեցի ես:
— Իսկ հիմա հավատու՞մ ես,- խեթ-խեթ նայեց տարեցը:
— Եսիմ:
— Դու հիմա դռանը հավատա,- ասաց նա ու մենք ոչինչ չհասկացանք:
Երևի արդեն երեկո էր, երբ ի վերջո աղմուկով բացվեցին դրախտի երկաթե դռները, ու մեզ ներս կանչեցին: Գնացինք՝ մի-մի տախտակ թևատակերիս:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

12 Ապր

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով
Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով…

Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,
էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից
Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ, Թանդուրեք,
Հայոց աշխարհի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ,
Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,
Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև…

Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման,
Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ:
— Հանգե՛ք, իմ որբե՛ր… իզո՛ւր են հուզմունք, իզո՛ւր և անշահ…
Մարդակեր գազան մարդը դեռ երկար էսպես կըմնա…

Աջիցըս Եփրատ, ձախիցըս Տիգրիս՝ ահեղ ձեներով,
Սաղմոս կարդալով անցան, գընացին խոր-խոր ձորերով,
Ամպերն էլ ելան Ձիրավի ձորից, հըսկա բուրվառից,
Ճանապարհ ընկան Ծաղկանց սարերից, Հայկական պարից,
Բույլ-բույլ, բուրավետ, շարժվեցին դեպի կողմերը հեռու,
Գոհար ցողելու, ծաղկունք բուրելու, բուրմունք խընկելու
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ…
— Հանգե՛ք, իմ որբե՛ր… իզո՛ւր են հուզմունք, իզո՛ւր և անշահ….
Մարդակեր գազան մարդը դեռ երկար էսպես կըմնա…
1916 թ.

%d bloggers like this: