Պահոց | 8:01 ե.

ԼՈՒԻՋԻ ՊԻՐԱՆԴԵԼԼՈ

10 Ապր

ԳՆԱՑՔԸ ՍՈՒԼԵՑ

Խելագարվեց… Բժիշկներն ասել էին, որ պատճառը ուղեղային տենդն է: Նույնը կրկնում էին նրա աշխատանքային ընկերները, բոլոր նրանք, ովքեր այցելել էին հիվանդանոց: Ոմանք էլ ջանալով բացատրել հիվանդությունը և ելնելով իրենց գիտելիքների պաշարից, փորձում էին բժշկական ախտորոշմանը գիտական նոր մեկնաբանություն տալ:
— Մտախաբություն է, մտախաբություն,- ասում էին ոմանք, մյուսները կարծում էին, թե ուղեղի խանգարում է, ոմանք էլ, թե` ուղեղային տենդ է:
Քաղաքում բոլորի ուշադրության կենտրոնում նա էր` խեղճ Բելուկան: Ամենուրեք լսվում էին շշուկներ, նրա կյանքի մասին ինչ-որ պատմություններ, հեղինակավոր խոսքեր: Փողոցում հանդիպելիս մարդիկ միմյանց հարցուփորձ էին անում.
— Մահացե՞լ է, խելագարվե՞լ:
— Վահ…
— Խելագարվել է…
— Խեղճ Բելուկա:
Բայց ոչ մեկի մտքով չանցավ, որ այն, ինչ ասում էր Բելուկան, գուցե պարզ ճշմարտություն էր, գուցե պետք էր նրան ուղղակի լսել և փորձել հասկանալ:
Բելուկայի նման հեզ, համեստ, կարգապահ ու համբերատար անձ դեռ չէին տեսել: «Սահմանափակ մարդ»,- ահա ինչպես էր բնութագրել նրան աշխատանքային ընկերներից մեկը:
Այսպիսով, մի սովորական օր, առավոտյան Բելուկան դուրս եկավ տնից և ուղղվեց դեպի հաշվապահություն, ուր ամեն օր բարեխղճորեն կատարում էր հաշվետարի պարտականությունները: Սովորաբար նա քայլում էր քարտարանի միջանցքով` առանց ուշադրություն դարձնելու շուրջը:
Նա մտավ գրասենյակ, թղթապանակից հանեց ինչ-որ թղթեր, որ պետք է առավոտյան ներկայացներ ղեկավարին: Ամբողջ օրը Բելուկան նստեց սեղանի առաջ և ապարդյուն` ոչ մի հաշվարկ չկարողացավ կատարել: Երեկոյան, ինչպես միշտ, մատյաններն ու քարտերը ստուգելու համար սենյակ մտավ ղեկավարը:
— Դե, Բելուկա, ցույց տվեք այսօրվա հաշվարկները: Տեսնենք, ի՞նչ եք հաշվել:
Բելուկայի աչքերը սառել էին պատին: Հետո նա ապշահար ու անմեղ հայացքով նայեց նրան, խոնարհեց աչքերը և սկսեց խաղալ մատների հետ:
— Սա ի՞նչ է նշանակում, Բելուկա,- զրմացած հարցրեց ղեկավարը:- Ձեզ եմ հարցնում, Բելուկա:
— Ոչինչ,- անհոգ պատասխանեց վերջինս, որի դեմքից հիմար ժպիտը չէր հեռանում:- Լսու՞մ եք, պարոն Կավալիերե, գնացքը…
— Գնա՞ցքը: Ի՞նչ գնացք:
— Սուլում է: Լսու՞մ եք:
— Ի՞նչ է դուրս տալիս:
— Այս գիշեր, պարոն Կավալիերե, սուլում էր, ես լսեցի նրա հեռացող սուլոցը այս գիշեր:
— Գնա՞ցքը:
— Այո, իհարկե, պարոն: Հետաքրքիր է, ուր է հասել նա հիմա: Սիբի՞ր, թե՞ ավելի հեռու, Կոնգոյի անտառները:
Ծառայողները տեսնելով ապշահար Կավալիերեին, ներս թափվեցին սենյակ: Իսկ Բելուկան հիացած հայացքով դեռևս խոսում էր դեպի հեռուները սլացող գնացքի սուլոցի մասին: Սենյակով մեկ շշուկներ էին անցնում: Բոլորը հարցնում էին միմյանց, ի՞նչ գնացքի մասին էր խոսքը, ի՞նչ էր պատահել Բելուկային:
— Լսու՞մ եք, պարոններ, սլանում է, բայց ու՞ր…,- շարունակ կրկնում էր հաշվետարը և անէացած հայացքով զննում էր աշխատակիցների հետաքրքրությամբ լի աչքերը: Տարիներով կուտակված հաշվարկային մատյանների և քարտերի գորշ աշխարհում` վերջապես այս ցնցող նորությունը, բոլորը եռանդով մեկնաբանում էին Բելուկայի վիճակը: Սկսվեց իրարանցումը: Ներկաները միահամուռ որոշեցին, որ նա խելագարվել է: Քիչ անց արդեն շտապ օգնության մեքենան հիվանդանոց էր տեղափոխում «խելագարին»:
Սակայն Բելուկան խելագար չէր, ոչ: Ես նրա մոտ հարևանն եմ և ծանոթ եմ այդ մարդու և աշխատանքային, և տնային պայմաններին: Խեղճ հաշվետարը իր գրասենյակային աշխատանքով մի հսկայական ընտանիք էր կերակրում: Տանը երեք կույր կին կար` Բելուկայի կինը, զոքանչը և կնոջ մորաքույրը: Նրա տանն էին ապրում նաև իր երկու այրի աղջիկները` իրենց փոքրիկ երեխաների հետ: Առավոտյան նա գնում էր աշխատանքի, ամբողջ օրն անցկացնում սեղանի առաջ, իսկ տուն դառնալուց հետո անկարող էր հանգստանալ, քանի որ այնտեղ աղմուկ-աղաղակ էր տիրում: Տունը, որտեղ ապրում էր Բելուկայի բազմանդամ ընտանիքը, փոքր էր, աղքատիկ: Նույնիսկ մահճակալները չէին բավականացնում: Մեկին քնում էին երեք կույրերը, մյուս երկուսին` այրի աղջիկներն իրենց երեխաների հետ: Իսկ նա իր, երբեմն էլ աշխատանքային գիշերներն անցկացնում էր բազկաթոռին:
Դեպքը կատարվեց նման մի անքուն գիշեր անցկացնելուց հետո:
Հազիվ էր տունը խաղաղվել ամեն տեսակի ճիչերից ու դժգոհություններից, երբ գիշերային լռության մեջ լսվեց դեպի հեռուներն ընթացող գնացքի սուլոցը: Գրիչը ակամայից ցած ընկավ Բելուկայի ձեռքից. այդ սուլոցն ասես հեղաշրջեց նրա կյանքը: Հանկարծ հասկացավ, որ այն չի սահմանափակվում իր տան չորս պատերի կամ գրասենյակի պատերի ներսում, որ գոյություն ունի շրջապատող աշխարհն իր եռուզեռով, և որ վերջապես ինքը արդեն հոգնել է: Մտովի սլացավ այդ գնացքի հետ: Փակել էր աչքերը և կարծես մի հեքիաթային աշխարհ էր բացվել նրա առաջ` օվկիանոսներ, գետեր, ծովերի կապույտը, Կոնգոյի անծայրածիր անտառները: Ոչ, նա չէր խելագարվել, ուղղակի հոգնել էր:

Թարգմ. Հ. Սրապյան

ՀԱՅՆՐԻԽ ՀԱՅՆԵ

10 Ապր

ԲԱԼԹԱՍԱՐԸ

Խորասուզված գիշերվա անդորր թմբիրում`
Բաբելոնն է ահա լուռ, խաղաղված նիրհում:

Արքայական դղյակն է, որ արթուն է լոկ.-
Աղմուկ, քրքիչ, ճիչ ու կանչ ու երգեր բորբոք:-

Արքան վերին դահլիճում` շքեղ, ոսկեշուք
Սարքել է մեծ խրախճանք` մի խենթ գինարբուք:

Ծառաներն են շարեշար բազմել սրահում
Ու բոցկլտուն գինով լի գավաթներ քամում:

Զրնգացող գավաթներ, ծառաներ հարբած.-
Դա արքայից արքայի կամքն է քմահաճ:

Արնափրփուր է գինին, թունդ ու բորբոքուն,
Եվ սև խանդն է թանձրանում արքայի հոգում:

Ու նա գինուց կուրացած` լկտի հանդգնում,
Աստվածությունն է մեղսոտ խոսքով անարգում:

Գոռոզաբար ու լպիրշ հայհոյում է նա,
Ու ոռնում են հաճույքից ծառաներն անահ:

Եվ խռկալով ինքնագոհ` նշան է տալիս,
Մատռվակն է չքանում, հայտնվում նորից:-

Գլխին` սինի լի ոսկով` սպասք ու սկիհ`
Եհովայի տաճարից կողոպտված ոսկի:

Ճեպով ճանկում է արքան ձեռքով հանցապարտ
Կարմի գինով լեփլեցուն մի ոսկե գավաթ:

Ու պարպում է հաղփագին մրուրը մինչև
Ու դեռ փրփուրը բերնին` որոտում ահեղ.

— Հավերժորեն, Եհովա, ծաղրում եմ ես քեզ.
Բաբելոնի անհաղթ արքան` Բալթասարն եմ ես…

Բայց դեռ հազիվ էր մարել դժմիտ խոսքը այդ,
Երբ սողոսկեց հոգու մեջ սարսափ մի անհայտ:

Ծափ ու ծիծաղը լռեց, և հենց նույն պահին
Մեռելային մի անդորր իջավ սրահին:

— Ճերմակ պատի երեսով… վահ… տեսեք… տեսեք…
Ասես առաջ է գալիս մարդկային մի ձեռք:

Գրեց, գրեց ինչ-որ բան նա պատին ճերմակ`
Կրակ ու բոց տառերով` չքացավ արագ…

Գահին նստած` քար կտրեց հայացքով դժգույն
Բալթասարը սփրտնած` մեռելի հանգույն:

Եվ սրահը սարսափից ասես քարացավ,
Նայում էին ակնապիշ` մեկից համրացած:

Սակայն ոչ ոք չըմբռնեց, անգամ քուրմը ծեր`
Ի՞նչ էր գրված պատին այդ` տառերով բոցե…

Այդ նույն գիշերը, սակայն, գոռ Բալթասարին
Սպանեցին ծառաներն իր հավատարիմ…

Թարգմ. Ս. Հովհաննիսյան

ԱԲՈՒԼ-ՖԱՐԱՋ

10 Ապր

Զարմանալի է կառուցված մարդը, նա վշտանում է, երբ կորցնում է հարստությունը, և անտարբեր է այն բանի նկատմամբ, որ անվերադարձ անցնում են նրա կյանքի օրերը:
Ո՞ր մարդուն կարելի է խելացի համարել: Նրան, ում ծրագրերը մեծամասամբ կյանքի են կոչվում: Շատ վատն է այն մարդը, ով ոչինչ չգիտի, բայց և չի էլ փորձում որևէ բան իմանալ, քանի որ նրա մեջ միանգամից երկու թերություն են երկտեղվել: Այն հոգին, որի մեջ չկա իմաստություն, մեռած է: Բայց եթե այն հարստացնես ուսուցմամբ, նա կվերակենդանանա խոպան հողի նման, որի վրա անձրև է տեղացել: Գիտելիքն այնքան թանկարժեք բան է, որ ամոթ չէ այն ձեռք բերել ցանկացած աղբյուրից:
Հիմարները նկատում են միայն մարդկանց վրիպումները և ուշադրություն չեն դարձնում նրանց արժանիքներին: Նրանք նման են այն ճանճերին, որոնք ջանում են նստել մարմնի միայն բորբոքված մասի վրա: Իսկ ինչու՞ են նախանձները միշտ ինչ-որ բանից վշտացած: Որովհետև նրանց տանջում են ոչ միայն սեփական անհաջողությունները, այլև ուրիշների հաջողությունները:
Հիմարության նկատմամբ ներողամիտ վերաբերմունքը հատուկ է յուրաքանչյուր խելացի մարդու: Խելոք մարդը միշտ ճանաչում է հիմարին, քանի որ ինքը եկել է նրա մաշկի մեջ` մինչ իմացություն ու խելք կժողովեր: Իսկ հիմարը երբեք չի ճանաչի խելոքին, քանզի երբեք խելոք չի եղել:

%d bloggers like this: