ՎՈԼՖԳԱՆԳ ԲՈՐԽԵՐԹ

9 Ապր

ԿԵԳԼՈՒՂԻ

Երկու մարդ փոս էին փորում: Այն ընդարձակ էր և նույնիսկ կարելի է ասել` հարմարավետ: Ինչպես գերեզմանափոս: Այնպես որ հնարավոր էր դիմանալ: Նրանց ձեռքին հրացան կար: Այն հնարել էր մեկը` մարդկանց վրա կրակելու համար: Հաճախ այդ մարդկանց բոլորովին չէր ճանաչում: Նույնիսկ նրանց լեզուն չէր հասկանում: Նրանք այդ մեկին ոչինչ չէին արել, բայց նա պետք է կրակեր իրենց վրա: Իսկ դա մեկ ուրիշի հրամանն էր: Որպեսզի հնարավոր լիներ միանգամից նրանցից շատերի վրա կրակել, մեկն էլ այնպես էր արել, որ հրացանը մի րոպեում վաթսուն անգամ ավել կրակի: Եվ դրա համար նրան վարձատրել էին:
Այդ երկուսից քիչ հեռու մեկ այլ փոս կար: Այնտեղից մի գլուխ դուրս նայեց` մարդու գլուխ: Նա քիթ ուներ, որով կարող էր օծանելիքի հոտը շնչել: Աչքեր, որոնք կարող էին նայել քաղաքին կամ ծաղիկներին: Նա բերան ուներ, որով կարող էր ուտել և ասել «Ինգա» կամ «մայրիկ»: Եվ այդ գլխին նայում էին այն երկուսը, որոնց ձեռքին հրացան կար:
— Կրակիր,- ասաց նրանցից մեկը:
Եվ նա կրակեց:
Գլուխը փշրվեց: Այն այլևս չէր կարող օծանելիքի հոտ շնչել, նայել քաղաքին և ասել «Ինգա»:
Երբեք:
Այդ երկուսը վաղուց էին փոսի մեջ: Նրանք այդ ընթացքում շատ գլուխներ էին փշրել: Եվ դրանք այնպիսի մարդկանց գլուխներ էին, որոնց չէին ճանաչում: Որոնք նրանց ոչինչ չէին արել և որոնք չէին հասկանում նրանց լեզուն: Բայց մեկը հնարել էր հրացան, որ մի րոպեում ավելի քան վաթսուն կրակոց էր արձակում, և մեկ ուրիշն էլ հրամայել էր կրակել:
Այդ երկուսը այնքան գլուխներ էին փշրել, որ դրանցից կարելի էր բլուր սարքել: Իսկ երբ նրանք քնում էին, այդ գլուխներն սկսում էին գլորվել: Ինչպես կեգլիներն են կեգլուղու վրա գլորվում: Կամացուկ դղրդոցով:
Դրանից նրանք արթնացան:
— Բայց մենք հրաման ենք կատարում,- շշնջաց նրանցից մեկը:
— Բայց մենք ենք կատարում,- գոռաց մյուսը:
— Եվ սարսափելի է,- տնքաց առաջինը:
— Երբեմն նաև զվարճալի է,- ծիծաղեց մյուսը:
— Ոչ,- գոռաց շշնջացողը:
— Այնուամենայնիվ,- շշնջաց մյուսը,- երբեմն նաև զվարճալի է:
— Այո: Իսկապես զվարճալի է:
Ամբողջ գիշեր նրանք մնացին նստած: Չէին կարողանում քնել: Եվ նրանցից մեկն ասաց.
— Բայց աստված այսպես է ստեղծել:
— Բայց աստված մի արդարացում ունի` նա չկա,- ասաց մյուսը:
— Նա չկա՞,- հարցրեց առաջինը:
— Դա նրա միակ արդարացումն է,- պատասխանեց մյուսը,- ուրիշը չունի:
— Բայց մենք, մենք ունե՞նք,- շշնջաց առաջինը:
— Այո, մենք ունենք,- նույնպես շշնջաց մյուսը:
Երկուսը, որոնց հրամայված էր շատ գլուխներ փշրել, չէին քնում գիշերները: Որովհետև գլուխները կամացուկ դղրդում էին:
Հետո նրանցից մեկն ասաց.
— Եվ հիմա մենք հրամանի համաձայն ենք այստեղ նստած:
— Այո,- ասաց մյուսը,- հիմա մենք հրամանի համաձայն ենք այստեղ նստած:
Ապա մեկը գոռաց.
— Վերջացնել: Նորից սկսվում է:
Երկուսը վեր կացան և վերցրին հրացանները: Եվ միշտ, երբ մարդ էին տեսնում, կրակում էին: Եվ միշտ այդ մարդուն նրանք չէին ճանաչում: Իսկ նա իրենց ոչինչ չէր արել: Բայց կրակում էին նրա վրա:
Դրա համար մեկը հնարել էր հրացանը:
Դրա համար նա վարձատրվել էր:
Եվ մեկը, մեկն էլ հրամայել էր:

Թարգմ. Յու. Գաբրիելյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s