ԺԻԼԲԵՐ ՍԵՍԲՐՈՆ

8 Ապր

ՓԱԿՈՒՂԻ

— Այստեղ է,- ասաց նա:
Ծեր կառապանը կանգնեցրեց ձին մի շատ հասարակ փայտաշեն տան առջև և սկսեց ձեռքերը մուշտակին շփել տաքանալու համար:
— Հո երկար չի՞ տևի…
— Չեմ կարծում,- ժպտալով պատասխանեց տղամարդը:
Պիտի ենթադրել, նրան սպասում էին պատուհաններից մեկի վարագույրի ետևում ծվար մտած, քանի որ ակնթարթ չանցած դուռը բացվեց և հայտնվեց արտակարգ գեղեցիկ մի երիտասարդ աղջիկ` աղքատիկ մորթե վերարկուի մեջ փաթաթված:
— Ռուդոլֆ,- բացականչեց նա ուրախ զարմանքով,- մի՞թե այս կառքը մեզ համար է:
— Արագ, արագ, սիրելիս, ուշանում ենք…
Կարոտով գրկախառնված, նրանք կրկին արբեցան միմյանց այդքան հարազատ դարձած բուրմունքով:
— Իսկ որտե՞ղ է պարահանդեսը, հեռու՞ է… Մեծ տուն է երևի, ճի՞շտ է… Իսկ ջերմօղի կլինի՞…
Աղջիկը հարցնում էր հենց այնպես, առանց սպասելու պատասխանի, այսօր առավոտից նա այդպես խոսում էր ինքն իր հետ, իր երևակայության հետ:
— Շատ մեծ տուն է, սիրելիս, շատ ավելի մեծ, քան դուք կարող եք պատկերացնել… Ջերմօղի, իհարկե, կլինի և շատ ուրիշ բաներ… Հեռու էլ չի, բայց մենք նախապես մի ուրիշ տեղ պիտի անցնենք:
— Ուրիշ տեղ, ախ, Ռուդոլֆ, ինչու՞,- անհամբերությունը չկարողացավ թաքցնել աղջիկը:
— Մի տրտմեք, կյանք իմ, ես մի փոքրիկ անակնկալ եմ պատրաստել ձեզ համար,- ծիծաղելով հանգստացրեց նրան տղամարդը:
Կառքն արդեն ընթանում էր հարուստ թաղամասերով: Շուտով նա անշարժացավ ոսկեզօծ դարպասով մի հոյակապ առանձնատան առջև:
— Ի՞նչ պատահեց,- անհանգստացավ Նատալիան,- ինչու՞ կանգ առանք:
— Պարզապես տեղ հասանք, սեր իմ, եկեք, եկեք…
Հազիվ էին նրանք դարպասից ներս անցել, երբ առանձնատան առջևի հրապարակում ծառաները ջահերը ձեռքներին, լուռ խոնարհվելով շտապեցին նրանց ընդառաջ: Շքեղազարդ մի ծածկակառք սպասում էր շքամուտքի աստիճանների մոտ: Լծված չորս նժույգները սմբակներով անհամբերությամբ դոփում էին մարմարե սալահատակին:
Պարոն Ռուդոլֆի մի նշանով սպասուհիները շրջապատեցին Նատալիային:
— Վեր բարձրացեք, խնդրում եմ… չէ, չէ, պետք չէ վախենալ:
Սպասուհիները շփոթված աղջկան փառահեղ աստիճաններով ուղեկցեցին մի հանդերձասենյակ, որի բուխարիկում թեժ կրակ էր բոցկլտում: Նրան հագցրեցին սպիտակ մետաքսե մի շրջազգեստ, կուղբի մորթուց շքեղ մի թիկնոց, պաճուճեցին մատանիներով, վզնոցներով, ապարանջաններով: Նատալիան նայեց իր նոր ոտնամաններին և նվաղեց հուզմունքից` սիբիրյան սկյուռի մորթուց էին:
Պարոն Ռուդոլֆը սպասում էր աստիճանների ներքևում: Դիմավորելով աղջկան, նա շշնջաց.
— Նատալիա, սիրելիս, չէի ասի, թե դուք ավելի գեղեցկացաք, բայց որքան ավելի գեղեցիկ դարձան այդ զարդերը, շրջազգեստը ձեր շնորհիվ… Դե, ճանապարհ ընկնենք:
Նժույգները կայտառ պոկվեցին տեղից, և կառապանը հազիվ կարողացավ կարգավորել նրանց եռանդը: Նատալիան փորձեց մտաբերել, թե ինչպես են կոչվում նման արքայական կառքերը, բայց համապատասխան բառն այդպես էլ չգտավ:
— Ռուդոլֆ,- ասաց նա քիչ անց` սթափվելով երազ հիշեցնող իր մտքերից,- հուսով եմ, դուք ինձ կբացատրեք…
— Ես Ռուդոլֆը չեմ, կյանք իմ,- նա գրկեց աղջկան, սեղմեց կրծքին,- Վլադիմիրյան մեծ իշխանն եմ ես, և գնում ենք հիմա մասնակցելու թագավորական պարահանդեսին:
— Բայց…,- կարկամեց աղջիկը:
— Ցարն ինքը կօրհնի մեր նշանադրությունը, Նատալիա…
Նատալիան սակայն լուռ էր: Գունատվել էր խիստ: Մոխրոտն էլ պիտի որ այդպես գունատված լիներ արքայազնի խոսքերից հետո, բայց արդոք նա էլ է՞ր այդպես տենդահար դողում, շրթները կրծոտում արյունոտելու աստիճան:
Այն, ինչ դասական ողբերգության մեջ հինգ գործողություն կպահանջեր, այստեղ հինգ վայրկյան միայն տևեց:
— Դե ինչ,- վերջապես կարողացավ արտաբերել աղջիկը,- ես էլ, պարզվում է, անակնկալ ունեմ ձեզ համար… Ասացեք միայն, իրո՞ք սիրում եք, սիրե՞լ եք ինձ այս կյանքում ու կսիրե՞ք հանդերձյալում:
— Այս կյանքում նախ և առաջ, իմ անգին, և շատ երկար:
— Իսկ հանդերձյալի հավերժության մե՞ջ, շուտ պատասխանեք, աղերսում եմ ձեզ,- արցունքները հոսում էին աղջկա աչքերից:
— Եվ հավերժության մեջ, երդվում եմ, Նատալիա, բայց ինչու՞…
Նա չհասցրեց ավարտել: Ռումբը, որ Նատալիայի հայրը տեղադրել էր Վլադիմիրյան մեծ իշխանի երթուղու վրա, պայթեց` մոխրի վերածելով թե կառքը, թե ուղևորներին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s