Պահոց | 9:31 ա.

ՉԱՐԵՆՑ. ԱՆԾԱՆՈԹ ԷՋԵՐԻՑ

7 Ապր

ՄԱՅՐԱՄՈՒՏՆԵՐ

Մայրամուտի շռայլ հորիզոնից դարձյալ`
Ոսկեզրահ, արծաթ սանձահանգույց ձեռքին`
Հուր նժույգներ վարող արևադեմ մի կին
Քառատրոփ թռչում է շառաչուն ու պայծառ:

Ոսկեքանդակ կառքին ցոլք ու ցնորք բարձած,
Ոսկելեռներ փառքի, երազների, երգի,
Հրաժեշտի ժպիտն արևային դեմքին`
Իրիկնացող երկրից հեռանում է անդարձ:

Արդյոք կրկի՞ն` բարձած իր հաղթական կառքին
Խնդությունը կյանքի, երազի պես,-
Հրաժեշտի թախծոտ ցնծությունը դեմքին-
Հեռանում է կյանքից քո Նավզիկեն…

Քանի անգամ այսպես, սիրտ իմ, թողնելով քեզ
Մայրամուտի թախիծ` երազի պես-
Ինչ-որ տալու էր քեզ- իր Ուլիսին տալով-
Շառաչելով թռչի քո Նավզիկեն…

… Արդեն իջնում է նա հորիզոնի ծիրից,
Ահա վերջին անգամ, երազի պես,-
Դեմքը շրջեց, ժպտաց հրապույրով վերին,
Եվ հեռացավ անդարձ- քո Նավզիկեն…
……………………………………………………………

Իսկ դու նայում ես դեռ հորիզոնի ծիրին,-
Մի անգամ էլ գուցե երազի պես-
Դեմքը շրջի, ժպտա, մահանման գերի-
Եվ հեռանա անդարձ քո Նավզիկեն…

1936. 10. XII Երևան

Լավ Բրայզա և վատ Բրայզա

7 Ապր

Ընդամենը այս տարվա փետրվարին էր, երբ Բաքուն գրկաբաց ընդունեց Ադրբեջանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզային: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահը Սենատում ստիպված էր եղել բազում խոչընդոտներ հաղթահարել, որոնք վերագրվեցին ամենակարող «հայկական լոբբիին», և այդ պատճառով ադրբեջանցիների համար նա մեկն էր, ով տառապանքներ էր կրել հանուն իրենց «արդար» դատի: Սակայն երկու ամիսը լիովին բավական էր, որ անսահման հիացմունքն իր տեղը զիջեր անսահման հիասթափությանը: Երեկվա ոգևորվածներից մեծ ժամանակ չպահանջվեց հասկանալու համար այն պարզ ճշմարտությունը, որ Բրայզան, իր համակրանքներով ու հակակրանքներով հանդերձ, ընդամենը Վաշինգտոնի շահերի արտահայտողն է այդ երկրում և նույնիսկ մեծ ցանկության դեպքում հազիվ թե նրան հաջողվի իր գլխից ավելի վեր թռչել:
Այն, որ անցած ամիսների ընթացքում դեսպանը բազում առիթներով տեղի իշխանությունների հետ փորձել էր համաձայնության եզրեր գտնել, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև առարկել, դեռ չարիքի փոքրագույնն էր: Սակայն վերջին զարգացումները իսկապես սառը ցնցուղի ներգործություն ունեցան ադրբեջանցիների համար, որոնք ոչ մի գնով պատրաստ չէին նման հակազդեցություն տեսնել սիրելի Բրայզայի կողմից:
Ծանր հարվածներից մեկը պետք է համարել Բրայզայի արձագանքը Լեռնային Ղարաբաղում օդանավակայան բացելու և այդ նախաձեռնության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշման առթիվ: ԱՄՆ դեսպանը կտրական կերպով անընդունելի համարեց քաղաքացիական օդանավերին հարվածելու սպառնալիքը և խորհուրդ տվեց Բաքվին վերանայել իր դիրքորոշումը: Նույն կերպ Բրայզան չշրջանցեց Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների անտեսումը, երբ սահմանի վրա դիպուկահարների կրակոցներից զոհեր արձանագրվեցին: Հիշեցնելով, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, նա այն ժամանակ ասաց. «Ես Վաշինգտոնի իմ գործընկերների ու ընկերների հետ հակամարտության կողմերի միջև ատելության զգացումի նվազման ճանապարհներ եմ փնտրում: Կարծում ենք, որ ատելության զգացումի վերացումը կարող է հիմք դառնալ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար»: Բաքվում չէին կարող չհասկանալ, որ այս բառերն առաջին հերթին հասցեագրված էին իրենց: Ու եթե ամեն դեպքում ադրբեջանցիները հարմար էին գտնում այդ հարցերի շուրջ բանավեճ չծավալել և չսրել անկյունները, ապա ապրիլի սկզբներին ներքաղաքական կյանքի լարվածությունն ի վերջո դուրս բերեց ջինը շշից:
Այն բանից հետո, երբ ընդդիմության բողոքի գործողությունները դաժանորեն ճնշվեցին, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ հայտարարությամբ, որով խիստ քննադատության ենթարկեց իշխանություններին` հանրահավաքը խոչընդոտելու և մեծ թվով մարդկանց ձերբակալելու համար: «Մարդիկ ազատ արտահայտվելու իրավունք ունեն: Ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա մենք գտնում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիները կարող են ազատորեն արտահայտել իրենց տեսակետը: Մենք Ադրբեջանի կառավարությանն ու իրավապահ համակարգին կոչ ենք անում հնարավորինս շուտ ազատել ձերբակալվածներին»,-ասված էր Բրայզայի հեղինակած տեքստում:
Սա մարտահրավեր էր վարչակարգին: Այս մեկն արդեն անպատասխան մնալ չէր կարող: Եվ արձագանքն իրեն սպասեցնել չտվեց: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը Ալի Հասանովն Ադրբեջանում ԱՄՆ-ը դեսպանատանը կոչ արեց մնալ լիազորությունների շրջանակում ու չխառնվել Ադրբեջանի ներքին գործերին։ Իսկ այնուհետև գործի դրվեց վարկաբեկման մեքենան: Մեկը մյուսի ետևից լրատվամիջոցները սկսեցին հրապարակել նյութեր, որոնք դատապարտում էին Բրայզայի պահվածը: Դրան զուգահեռ հեղինակները չէին խորշում դեսպանի քայլերի մեջ հետին նպատակներ տեսնել, միայն թե այս անգամ դրանք ոչ թե ադրբեջանամետ էին, ինչպես որակում էին մինչև փետրվար, այլ… հայամետ: «Հիշենք, թե ինչպիսի լարվածությամբ էր ուղեկցվում Ադրբեջան Բրայզայի ժամանման գործընթացը, և դրա հիմնական պատճառը հայամետ տրամադրված սենատորների դիմակայությունն էր: Ըստ երևույթին, Բրայզան այժմ մտածում է այն մասին, որ նոյեմբերին ԱՄՆ Սենատը պետք է իրեն հաստատի Ադրբեջանում դեսպանի պաշտոնում, հակառակ դեպքում նրա լիազորություններն ավարտված կհամարվեն»,- գրում էր քաղաքական վերլուծաբաններից մեկը: Եթե բացենք այս թափանցիկ ակնարկների փակագծերը, ապա խոսքն այն մասին է, որ այժմ Բրայզան չի կարող հաշվի չառնել նաև հայերին օժանդակող կոնգրեսականների կարծիքները և իր ներկա պահվածքով փորձում է սիրաշահել նրանց: «Դա այժմ Բրայզայի հիմնական հոգսն է և գլխավոր պատճառն այն բանի, որ նա նման հայտարարություններով է հանդես գալիս Բաքվում: Բաքվում նշանակվելուց հետո Բրայզան որոշակի քայլեր էր ձեռնարկում, որոնք հիմնականում ուղղված էին հայերին սատարող սենատորների ձայների նվաճմանը»,- ասվում էր ադրբեջանական մամուլում տեղ գտած մեկ այլ հրապարակման մեջ:
Առայժմ դեսպանն այս մեղադրանքներն անարձագանք է թողնում: Փոխարենը նա հարցազրույցներում կտրականապես հերքում է քաղաքական շրջանակներում պարբերաբար հայտնվող այն պնդումները, թե հակամարտության կարգավորումը վերջնականապես փակուղում է հայտնվել: ԼՂ հիմնահարցը որակելով իր առաջնային կարևորության խնդիրներից մեկը, Բրայզան նաև ասում է, որ առաջիկա մեկ տարում նա պատրաստվում է լուրջ քայլեր իրագործել նաև էներգետիկայի ոլորոտում, քանի որ տարին շատ կարևոր է լինելու այն ընկերությունների ու պետությունների համար, որոնք փորձում են ձևավորել «Հարավային միջանցքը»` ադրբեջանական գազը մատակարարելով Եվրոպային: Բայց այդ ամենով հանդերձ չի մոռանում Բաքվին մեկ անգամ ևս հիշեցնել, որ ԱՄՆ դեսպանատան հրատապ խնդիրներից մեկը լինելու է շարունակվող ազատականացման գործընթացի խթանումը: «Խոսքը հանրային ոլորտում, քաղաքական դաշտում, տնտեսությունում իրականացվելիք բարեփոխումների մասին է»,- բացատրում է նա:
Ադրբեջանցիները վերանայում են իրենց կարծիքը Բրայզայի նկատմամբ: Իսկ գուցե Բրայզան ևս հոգու խորքում փոփոխությունների գարուն է ապրում: Ո՞վ գիտի…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ

7 Ապր

Մինչ այսօր նկարչությունը առարկան ներկայացնում էր միայն մի կողմից, դա կարծես ճակատագիր էր, մինչդեռ ես կարող եմ առարկան, մարդուն, պեյզաժը ներկայացնել տարբեր կողմերից միաժամանակ` առանց քանդակելու: Տարածական նկարչությունը նոր զգայություն է` մեր դարի զգայությունը: Ես ձեզ տալիս եմ կենդանի հացը, կերեք… Դուք նայում և չեք տեսնում…
Ամեն արժեք գեղեցկություն է դառնում, բայց գեղեցկությունն ամեն արժեքից բարձր է… Արվեստն անիրական կյանք է, ու նրա ճշմարտությունն այլ է, քան կյանքի ճշմարտությունը… Իսկական արվեստը հուզիչ է, ցնցող, շատ անգամ անողոք ու տանջող, այդպիսի արվեստի խնդիրն է իր հոյակապ ձգտումներին լուծում տալ իր ողբերգության բարձունքից: Արվեստը պաթոս է մարդկային հոգու` էմոցիայի ծայրահեղ լարում, ահա մշտնջենավոր բովանդակությունն արվեստի:
Արվեստը մի անավարտ կամուրջ է, որի մեկ ոտքը հենված է կյանքի վրա, իսկ մյուսը մեկնված է դեպի անեզրությունը: Ամեն մի հանճար երկարացնում է այդ ոտքը, որպեսզի գտնի երկրորդ հենարանը… և այդպես անվերջ… Դրա համար արվեստը մարդկության լավագույն իղձերի անվախճան պատմությունն է: Պատերազմը, ռումբերն ու թնդանոթներն անցողիկ են, իսկ գեղարվեստը մշտնջենական է:

ԲԼԵԶ ՊԱՍԿԱԼ

7 Ապր

Մարդն ինչքան խելոք է, նա այնքան շատ է գտնում ինքնատիպ մարդկանց: Միջակ անհատները տարբերություն չեն դնում մարդկանց միջև: Իսկ մարդու ամբողջ արժանիքը պարփակված է մտքերում, այն բանում, որ մենք ընդունակ ենք մտածելու: Ուրեմն պետք է ձգտենք ճիշտ մտածել: Դրանում է բարոյականության հիմքը: Մեզ վեհացնում են ոչ թե տարածությունն ու ժամանակը, որոնք մենք չենք կարող լցնել, այլ հենց նա` մեր միտքը: Բանականության թելադրանքներն անհամեմատ ավելի տիրազոր են, քան ցանկացած տիրակալի հրամանները: Վերջինիս նկատմամբ անհնազանդությունը մարդուն դարձնում է դժբախտ, իսկ առաջինի նկատմամբ անհնազանդությունը` հիմար: Ինչի՞ց է, որ կաղ մարդը մեզ չի գրգռում, իսկ մտավոր կաղը գրգռում է: Նրանից է, որ կաղը գիտակցում է, որ մենք ուղիղ ենք քայլում, իսկ մտավոր կաղը պնդում է, որ ոչ թե ինքը, այլ մենք ենք կաղում:
Միտքը փոխվում է այն բառերի համեմատ, որոնք արտահայտում են այդ միտքը: Իսկական պերճախոսությունը չի զգում պերճախոսության մասին գիտելիքի կարիք, ինչպես որ իսկական բարոյականությունը չի զգում բարոյականության մասին գիտության կարիքը: Պերճախոսությունը պետք է լինի հաճելի և բովանդակալից, բայց հարկավոր է, որ այդ հաճելին իր հերթին փոխառված լինի ճշմարտացիից: Պերճախոսությունը մտքի գեղանկարչությունն է:

ՊԱՎԵԼ ԿՈՅՇ

7 Ապր

ՈՉ

Ոչ չեմ կարող քեզնից հրաժարվել
քանզի դու ավելի շատ պատկանում ես ինձ
քան կինը կարող է պատկանել ամուսնուն
Չեմ կարող հրաժարվել թթվածնից
որի միջոցով քեզ ներծծում եմ
արյանս մեջ

Չեմ կարող հրաժարվել արյունից
որը քեզ տանում է հրկիզված իմ երազների վրայով
Չեմ կարող հրաժարվել ուղեղից
դու պողոսկված ես բոլոր ուղեծրերով
որոնցով պտտվում է իմ բախտը

Չեմ կարող հրաժարվել ոտքերից
որոնք քարանում են քո շեմի առաջ
Չեմ կարող հրաժարվել ձեռքերից
որոնցով սուզվում եմ քո անեզր մազերի մեջ
քո անհուն արցունքներում
Չեմ կարող հրաժարվել սրտից որ խարիսխ է ձգում
քո ամենագաղտնի հատակում
Չեմ կարող հրաժարվել աչքերից
որոնցում լցվում ես դու ինչպես աղբյուրը
թաքնված բաժակի մեջ
Չեմ կարող հրաժարվել քեզնից ոչ չեմ կարող
չեմ կարող մեռնել ծարավից:

%d bloggers like this: