Պահոց | 9:19 ե.

ԻԶԵԹ ՍԱՐԱՅԼԻՉ

3 Ապր

Միացրեք հնօրյա գրամաֆոնը
և լսեք հնօրյա վալսեր:
Անձրև է,
անձրև է
թափվում
ծաղիկներին,
բանաստեղծություններին, արձաններին:

Թփերին, ծառերին, շուրթերին
անձրև է,
անձրև է
թափվում-
բաժանման նախանշան:
Մի՞թե դուք լիաբուռն եք սիրել…
Ամառն եկավ
ու անցավ…
Մի՞թե դուք հագեցաք զմայլվելով:
Միացրեք հնօրյա գրամաֆոնը,
և լսեք հնօրյա վալսեր,
և կամացուկ անձրևի հետ
հնաոճ
լացեք, լացեք…

ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ

3 Ապր

Երբ մարդ չկրնար աշխատել՝ կամ կը լռե, կամ կուլա։ Լռությունը Անհունին կրկներևույթն է տիեզերքին վրա։ Մարդ ընդհանրապես կուլա, որովհետև ամեն մարդ չկրնար Անհունության շարունակությունն ըլլալ։ Լույսի շարունակությունը, պատկերներու հաճախանքը, կյանքի խավարակուռ անկյունները թափանցելու Ուժը՝ դեպի գերեզման ստույգ վազք մը կը նշանակե։ Ընդհանրապես բանաստեղծները շուտ կը մեռնին, որովհետև շուտ կը տեսնեն։
***
Գանգեր կան, որոնց մեջ կրնա սեղմվիլ վերջալուսային հորիզոնի մը բովանդակ կարմիրը, մրրկահույզ օվկիանոսին գիշերվան մը հառաչանքը, Անհունություն մը, խավար մը աստղազարդ, և արևելյան զեփյուռի մը տարագիր թևը։
***
Ձեզ մե շատերը ընկերներ ունիք, որոնք կը պաշտպանեն ձեզ ձեր ստությանը մեջ, բարոյական նվաճում մըն է այդ անոնց համար և ընկերային կուռ չարիք մը, որ մարմին կառնե անմեղորեն, բայց մեծ է այդ զոհողությունը անհատական բարոյական տեսակետեն։

 

ԱԼԻՍԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

3 Ապր

Թե մեռածները
Մեռնեին իմ մեջ,
Ես չէի զգա ինձ այսքան մենակ:

Թե ապրողները
Ապրեին իմ մեջ,
Ես չէի զգա ինձ այսքան մենակ:

Ես նկարել եմ
Իմ մենությունը:
Ու նա ինձ արդեն չի թունավորում:

Ես արդեն նույնիսկ սիրում եմ նրան:

%d bloggers like this: