ՆՈՐԱՀԱՅՏ ԷՋ ՉԱՐԵՆՑԻՑ

2 Ապր

ԱՅԴ ԳՈՒՆԱՏ ՍՈՒԲՅԵԿՏԸ

 Սիրելի Ակսելին

Այդ գունատ սուբյեկտը, որ նստած է դեմըդ,-
Դու նրան ճանաչո՛ւմ ես, դու նրան գիտես:-
Նա այդպես միշտ գունատ է, և այդպես միշտ հե՛տդ է`
Թե շրջում ես կյանքո՛ւմ դու, երազում ես թե:

Այդ գունատ սուբյեկտը:- Առաջին անգամ նա
Երևաց կյանքում քո, երբ առար գրիչ:
Եվ այդպես` այդ օրը սկսվեց անկումդ —
Նա ցնցեց հոգին քո ու հանձնեց հրի: —

Այդ հիմար սուբյեկտը: — Քո ձեռքից բռնած նա
Քեզ տարավ բուլվարը և ասաց` նայի՛ր –
Քեզ թովում է գիշերը ու գունատ լուսաբացը,
Քեզ թովում է ալլեյը` այսքա՛ն ամայի:

Նա ասաց. – Տեսնո՞ւմ ես ոսկեգույն տերևները,
Որ այդպես ընկնում են ու ծածկում ուղիդ…
Աշխարհում օրե՛նք է իր ժամին մեռնելը…
Եվ այսպես` քեզ խաբե՛ց նա ու տվեց օղի:

Նա ասաց` ամբո՛ղջը, ինչ որ կա, չնչի՛ն է.
Ինչ որ կա — երա՛զ է, ու երազը` ծուխ, —
Դու սիրիր միայն երգը, տխրությունն ու կինը,
Որ քեզ պես անցողիկ է ու քեզ պես մահացո՛ւ:

Եվ այսպես – նա խաբե՛ց քեզ ու մնաց նա մոտդ
Ամենուր հետևե՛ց նա ու հսկեց նա քեզ:
Եվ անգամ չկորավ նա այն խնդուն առավոտը,
Երբ ցնդեց մառախուղը և արևը ծագեց…

Այդ գունատ սուբյեկտը:- Նա մի խեղճ կրետի՛ն է,
Նա հիվանդ երազող է, նա մելանխոլի՛կ,-
Բայց նրա հայացքի տակ, տե՛ս, ցնդում է գետինը
Եվ փոխվում է աշխարհը մանկական հոլի…

Թե չգար այդ սուբյեկտը, չբռներ թե վզիցդ`
Ախ, գուցե դառնայի՛ր դու հանճարեղ Իկար, —
Բայց նայի՛ր` քաշել է իր մթին շրջագիծը
Եվ ցմահ քեզ գերե՛լ է այդ սրիկա՛ն…

Կքամի նա ուղեղդ, կծծի եռանդդ,
Կխմե արյունդ` քեզ գերի դեռ թե —
Օ, խեղդի՛ր, քանի շուտ է, օ, խեղդի՛ր նրան դու
Քանի ինքը, քանի ինքը դեռ քեզ չի խեղդել…

1927, 29. III Արմավիր, ճաշարանում

Թողնել մեկնաբանություն