Պահոց | 11:52 ե.

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

2 Ապր

Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ: Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում ենք հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով:
Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ:
Հարյուրամյակներ շարունակ մաս-մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական` մաս-մաս ուժեղացնում ենք մեր հարևաններին, ուժեղացնելով` հռչակում ենք թշնամի, նեղվում ենք թշնամու հարևանությունից, անիծում ենք մեր իրական հայրենիքի փոքրությունը և երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի, մեր հարևանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա…
Մենք կռահել ենք նպատակասլացություն կոչվող բանի ավերիչ ուժը ու երազող ենք: Մենք կասկածում ենք, ուրեմն մոտ ենք սթափվելուն: Մենք հազիվհազ սթափվելու ճանապարհին ենք, իսկ խժդժության տասնապետները վայրահաչում են մեր մասին` իբր թուլամորթ, աննպատակ սերունդ դուրս եկանք, իբր մեր կյանքում վեհություն չկա…
Մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը: Արագությունը փոքրացնում է երկիրը: Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է: Հայաստանն ինքը հանդարտ ընթացք է թելադրում: Որքան գետնի երեսը, տասն այդքան գետնի տակն է Հայաստանը: Հայաստանն իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ` տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս` համեմատելու կարիք չկա…

ՆՈԴԱՐ ԴՈՒՄԲԱՁԵ

2 Ապր

«- Իսկ հիմա ինձ լսիր, սիրելիս,- ասաց Մարիամը և այնպես սկսեց, կկարծեիր ինքն իր հետ է խոսում:- Ես հինգ անգամ մեռել եմ և հինգ անգամ էլ վերակենդանացել: Առաջին անգամ մեռա վախից և հարություն առա մենակության մեջ… Երկրորդ անգամ մեռա մենությունից և հարություն առա կեղծիքի մեջ… Երրորդ անգամ մեռա կեղծիքից և հարություն առա անհոգության մեջ… Չորրորդ անգամ մեռա անհոգությունից և հարություն առա ատելության մեջ… Հինգերորդ անգամ մեռա ատելությունից և հարություն առա սիրո մեջ… Հիմա ես ապրում եմ մեծ, սահմաններ չճանաչող սիրո շրջան, և գիտեմ, որ սիրուց էլ պիտի մեռնեմ: Եվ դա կլինի իմ վերջին մահը: Ես այլևս հարություն չեմ առնի: Ես կմնամ հավերժական սիրո մեջ, ահա ինչու ինձ համար բոլորովին նշանակություն չունի, թե երբ եմ մեռնելու: Ես չեմ վախենում մահից…
…Քանի ժամանակ է` մարդիկ ավելի շատ ատելությունից են մեռնում, քան սիրուց: Երկրի վրա ցամաքել է սիրո կենարար աղբյուրը, ահա ինչու հասել է նաև իր վախճանի ժամը: Եթե կարող եք` վերադարձրեք սիրո կյանքը, և ես կրկին հարություն կառնեմ: Վերադարձրեք մարդկանց սիրով սնուցված իմ կյանքը, վերադարձրեք կորսված սերը, և ես կվերադառնամ ձեզ մոտ»:

ԴՄԻՏՐԻ ՊԻՍԱՐԵՎ

2 Ապր

Ոչ կառավարական կարգադրությունները, ոչ գրական տեսությունները երբեք չեն ոչնչացնի հիմար և մանր մարդկանց: Ուժեղ է մեր հիմարությունը, և անհամար են նրա ապաստանները, և ամենախելացի մարդկանց մոտ նրա համար նույնիսկ առանձնացված են հարմարավետ անկյուններ: Եթե ամեն հիմար անպայման ցանկանար հասկանալ այն ամենը, ինչ ինքն ասում է, ապա շատ հիմարներ ստիպված կլինեին իրենց դատապարտել հավերժական լռության:
Բնավորությունը կոփվում է աշխատանքով, և ով երբեք իր սեփական աշխատանքով ձեռք չի բերել հանապազօրյա հացը, նա մեծ մասամբ ընդմիշտ մնում է թույլ, ալարկոտ և կամազուրկ մարդ: Երբ դատարկամիտ ու թույլ մարդը շողոքորթ կարծիք է լսում իր կասկածելի արժանիքների վերաբերյալ, նա արբենում է իր փառամոլությամբ, մեծամտանում է և բոլորովին կորցնում է իր արարքների ու իր անձի նկատմամբ քննադատաբար վերաբերվելու ամենափոքր իսկ ընդունակությունը: Մտավոր միջակությունը միշտ աչքի է ընկնում պասիվ պահպանողականությամբ, և նոր գաղափարների սրընթաց հարձակմանը հակադրում է իներցիայի բութ դիմադրությունը: Փիլիսոփայական և գիտական բոլոր խմբավորումներում կան կողոպտիչներ ու պորտաբույծներ, որոնք ոչ միայն իրենք մտքեր չեն ստեղծում, այլև նույնիսկ չեն ըմբռնում ուրիշների մտքերը, այլ միայն անգիր են անում դրանք, որպեսզի հետո ունկատակառներով ջրիկացնեն պատրաստի թեմաները և այդպիսով կազմեն հոդվածներ ու գրքեր: Մտավոր գործում, սկզբունքների պայքարում անազնիվ կամ սահմանափակ դաշնակիցը թշնամուց ավելի վտանգավոր է:

ՆՈՐԱՀԱՅՏ ԷՋ ՉԱՐԵՆՑԻՑ

2 Ապր

ԱՅԴ ԳՈՒՆԱՏ ՍՈՒԲՅԵԿՏԸ

 Սիրելի Ակսելին

Այդ գունատ սուբյեկտը, որ նստած է դեմըդ,-
Դու նրան ճանաչո՛ւմ ես, դու նրան գիտես:-
Նա այդպես միշտ գունատ է, և այդպես միշտ հե՛տդ է`
Թե շրջում ես կյանքո՛ւմ դու, երազում ես թե:

Այդ գունատ սուբյեկտը:- Առաջին անգամ նա
Երևաց կյանքում քո, երբ առար գրիչ:
Եվ այդպես` այդ օրը սկսվեց անկումդ —
Նա ցնցեց հոգին քո ու հանձնեց հրի: —

Այդ հիմար սուբյեկտը: — Քո ձեռքից բռնած նա
Քեզ տարավ բուլվարը և ասաց` նայի՛ր –
Քեզ թովում է գիշերը ու գունատ լուսաբացը,
Քեզ թովում է ալլեյը` այսքա՛ն ամայի:

Նա ասաց. – Տեսնո՞ւմ ես ոսկեգույն տերևները,
Որ այդպես ընկնում են ու ծածկում ուղիդ…
Աշխարհում օրե՛նք է իր ժամին մեռնելը…
Եվ այսպես` քեզ խաբե՛ց նա ու տվեց օղի:

Նա ասաց` ամբո՛ղջը, ինչ որ կա, չնչի՛ն է.
Ինչ որ կա — երա՛զ է, ու երազը` ծուխ, —
Դու սիրիր միայն երգը, տխրությունն ու կինը,
Որ քեզ պես անցողիկ է ու քեզ պես մահացո՛ւ:

Եվ այսպես – նա խաբե՛ց քեզ ու մնաց նա մոտդ
Ամենուր հետևե՛ց նա ու հսկեց նա քեզ:
Եվ անգամ չկորավ նա այն խնդուն առավոտը,
Երբ ցնդեց մառախուղը և արևը ծագեց…

Այդ գունատ սուբյեկտը:- Նա մի խեղճ կրետի՛ն է,
Նա հիվանդ երազող է, նա մելանխոլի՛կ,-
Բայց նրա հայացքի տակ, տե՛ս, ցնդում է գետինը
Եվ փոխվում է աշխարհը մանկական հոլի…

Թե չգար այդ սուբյեկտը, չբռներ թե վզիցդ`
Ախ, գուցե դառնայի՛ր դու հանճարեղ Իկար, —
Բայց նայի՛ր` քաշել է իր մթին շրջագիծը
Եվ ցմահ քեզ գերե՛լ է այդ սրիկա՛ն…

Կքամի նա ուղեղդ, կծծի եռանդդ,
Կխմե արյունդ` քեզ գերի դեռ թե —
Օ, խեղդի՛ր, քանի շուտ է, օ, խեղդի՛ր նրան դու
Քանի ինքը, քանի ինքը դեռ քեզ չի խեղդել…

1927, 29. III Արմավիր, ճաշարանում
%d bloggers like this: