Հին դարմանը քամուն տվեցին

1 Ապր

Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Քալմի-Ռեյի հայաստանյան այցելության հենց սկզբից պարզ դարձավ, որ հայ-շվեյցարական համագործակցության մասին ավելի քիչ է խոսվելու, քան հայ-թուրքական: Պատճառն, ինչ խոսք, 2009 թվականի Շվեյցարիայի միջնորդությունն էր, որը նույն տարվա հոկտեմբերին պսակվեց Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրմամբ: Սակայն այժմ այդ օրերի մասին կարելի է հիշողություններ պատմել, և, ինչպես տիկին նախագահն ասաց, իր երկրի միջնորդությունն այլևս սպառվել է:
Սակայն մի բան է փակված էջը, բոլորովին այլ բան` հետևանքները: Այս իմաստով ներկա փուլը, որն իր անշարժության մեջ ակտիվ սպասողականության նշաններ է ի հատ բերում, չի կարող չշարժել նաև նախկին միջնորդի հետաքրքրությունը, որն ըստ էության «չի լվացել ձեռքերը» և անտարբեր չէ, թե ինչ է կատարվելու հետո: «Մենք ցանկանում ենք, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը վերսկսվի ու պատրաստ ենք ամեն ինչ անել կողմերին խթանելու համար»,- միանգամից խոստովանեց Միշլին Քալմի-Ռեյը:
Նման բառերից հետո հարկ էր շնորհակալություն հայտնել Շվեյցարիային իր անգնահատելի առաքելության ու ներդրած ջանքերի համար, սակայն անմիջապես էլ ափսոսանքով նշեցել, որ Թուրքիան խուսափում է իր ստանձնած պարտավորությունների կատարումից և նման գործելաոճով արժեզրկում թե Հայաստանի նախաձեռնությունը, թե գործընթացում ներգրավված կողմերի աշխատանքը:
Միշելին Քալմի-Ռեյի երկարատև զրույցներն այդ հարցի շուրջ դժվար է գնահատել սոսկ ծանոթ նյութի մասին հեշտ խոսակցություն վարելու անչար խորամանկություն: Այս օրերին հայ-թուրքական արձանագրությունների հետագա ճակատագրի մասին խոսեցին նաև այլ առիթներով, որոնց շարքում առանձնանում էր թուրքական հետևողականությունը: Գոնե Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն առավել քան մեծ հակումներ ի ցույց դրեց այդ թեմայի շուրջ ընդարձակվելու համար: Պատմելով, որ արձանագրությունների վրա հայկական կողմի հետ իրենք իրականում աշխատել են 3 տարի շարունակ, նա նույնիսկ վերհիշեց վեց տարվա վաղեմության դեպքերը, երբ թուրքերի ու հայերի միջև շփումներ սկսվեցին: Բայց դրանով հանդերձ Դավութօղլուն բացահայտեց նաև այնպիսի շերտեր, որոնք հազիվ թե պատիվ բերեին թուրքական դիվանագիտությանը: «Մենք չենք կարող մեզ թույլ տալ հանուն Հայաստանի հետ հարաբերությունների կորցնել Ադրբեջանը: Մենք խնդրեցինք նախագահ Սարգսյանին, ես քանիցս առաջարկեցի իմ գործընկեր Նալբանդյանին, որպես Ադրբեջանի համար դեմքը փրկելու ժեստ, գրավյալ շրջաններից մեկը կամ երկուսը, օրինակ` Ֆիզուլին կամ Աղդամը վերադարձնել, որի պարագայում Բաքուն պատրաստ կլիներ նույնպես բացելու իր սահմանը: Սակայն Հայաստանը մերժեց»,- անկեղծացավ Թուրքիայի ԱԳ նախարարը:
Դեմք փրկելու իմաստով Դավութողլուն փոքր-ինչ նվազեցնում է քայլի կարևորությունը` մոռանալով հավելել, որ այդ առաջարկով Անկարան պատրաստվում էր փրկել ոչ միայն Բաքվի, այլև սեփական դեմքը: Եվ ընդհանրապես, նման խոսքերը մեկ անգամ ևս հաստատում են այն իրողությունը, որ Թուրքիան փաստացի Ադրբեջանի ձեռքին վերածվել է քաղաքական պատանդի, և այս առումով նրա գործողությունները մեծապես կաշկանդված են ոչ միայն Հայաստանի պարագայում: Պետք է կարծել, որ աշխարհը սա տեսավ ու գնահատեց, ինչպես որ չէր կարող չտեսնել, որ ի տարբերություն թուրքերի, հայերը երկու երկրների հարաբերությունները դիտում էին միայն Հայաստանի և Թուրքիայի միջև առնչություններ, և որևէ այլ բնույթի մոտեցում բացարձակ անթույլատրելի էին համարում: Էլ չենք խոսում այն մասին, որ Դավութօղլուի տեսակետները հակասում են միջազգային պրակտիկայում առկա մոտեցումներին:
Բայց թուրքական մտահոգություններն այսքանով չեն սպառվում: Նույնիսկ ժամանակային առումով նրանք այժմ շատ առաջ են անցել և արդեն իսկ խոսում են Ցեղասպանության 100-ամյակի հետևանքների մասին: Նույն ճարտարախոս Դավութօղլուն այս օրերին անսխալ կանխատեսում արեց այն մասին, որ 2015-ը՝ Հայկական հարցի գլխավորությամբ, լինելու է Թուրքիայի պամության շուրջ հաշվի նստել ցանկացողների հետ առերեսման տարի: Ու եթե նա շեշտեց, թե իրենց նպատակն է միավորվել հարևան երկրների ու տարածաշրջանների հետ, վերացնել առկա հոգեբանական պատնեշները, կարգավորել պատմությունը, միավորել տնտեսությունները և ապահովել ամենաբարձր մակարդակով քաղաքական շփումները, ապա դեպի այս փոփոխությունները տանող ճանապարհի վրա պիտի որ մշտապես տեսներ արդեն հիշատակած մեծ և ծանր խոչընդոտը:
Մեկ այլ բացահայտման հեղինակ էլ դարձավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` նույնպես խոսելով Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին: Վերջինիս «թիրախն» այս անգամ ԱՄՆ նախագահ Բարք Օբաման էր` իր ապրիլքսանչորսյան ելույթով: Նախագահն ասաց, թե հայերը միշտ կսպասեն այն օրվան, երբ Միացյալ Նահանգների նախագահը կասի «ցեղասպանություն» բառը: «Մենք միշտ ցանկացել ենք, որ ԱՄՆ նախագահը հստակ գնահատական տա կատարվածին: Ես ժամանակին անձամբ եմ խնդրել ԱՄՆ նախագահին անել դա, բայց ցանկությունն ու իրականությունը տարբեր բաներ են, և ավելի լավ է, երբ ցանկությունները համընկնում են իրականության հետ»,- նշեց Ս. Սարգսյանը:
Առայժմ իղձերն ու փաստացի հնարավորությունները ընթանում են տարբեր ուղղություններով: Արդի աշխարհում միշտ չէ, որ զարգացումներն ունենում են իրենց կուռ տրամաբանությունը: Առավել հաճախ հանգամանքներն են թելադրում նոր լուծումներ, և այս անկանխատեսելի դիպվածայնությունն էլ կոչվում է մեծ քաղաքականություն:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել մեկնաբանություն