ԱՐԵՎԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

1 Ապր

Ժիրոն ասաց. «Երրորդ հարկի պատուհանից կթռնեմ ներքև»: Մուշեղն ասաց. «Չես կարող»: Ժիրոն թռավ: Կողքի շենքի Արշակի մեքենայով Ժիրոյին տարանք հիվանդանոց: Հետո ամեն օր երեկոները գնում էինք նրան տեսնելու: Ուտում էինք սառնարանի եղած-չեղածը, խոսում էինք դեսից-դենից, իսկ երբ էլ պատմելու ոչինչ չէր մնում, Մուշեղը հարցնում էր. «Բայց դու ինչի՞ թռար, Ժիրո»: Հենց Մուշեղը հարցնում էր, մենք վեր էինք կենում գնալու, որովհետև ամեն անգամ Ժիրոն լռում էր, մենք լռում էինք, իսկ լռությունը մեզ համար չէր:
Մի երկու շաբաթից Ժիրոն տուն եկավ: Թեթև կաղում էր դեռ, բայց ճկվելիս ձեռքը թափ էր տալիս՝ դատարկ բան է, կանցնի: Օրերը գլորվեցին, Ժիրոն իր ոտքի ցավը մոռացավ, մենք՝ Ժիրոյի թռնելը: Ամառ էր: Տաք, երկար երեկոները անհոգություն էին բերում: Քաղաքն արթնանում էր գիշերը, քաղաքն անքնություն ուներ: Թրևում էինք այգիներում սրճարանից սրճարան, նայում աղջիկների բաց սրունքներին, սառը գարեջուր էինք խմում հենց շշից ու հավատում, որ վաղը լույսը բացվելու է դարձյալ մեզ համար:
Մի երեկո էլ, երբ բակից դեռ նոր էինք դուրս եկել ու պիտի փողոցը հատեինք` ներքև իջնելու համար, Ժիրոն կանգնեցրեց մեզ ու ասաց.
— Տղերք, եկեք զբոսայգու ծայրի սրճարանը գնանք:
Մենք զարմացանք: Ժիրոյի համար միշտ միևնույն էր եղել, թե քաղաքի որ անկյունում կթողնի իր ձանձրույթը, կխմի իր դառնահամ սուրճն ու կվերապատմի իր իմացած միակ անեկդոտը: Մուշեղը նորից մեջ ընկավ.
— Բայց ինչի՞, Ժիրո:
Մուշեղը հենց հարցրեց, մենք քայլեցինք դեպի զբոսայգի:
Բացօթյա սրճարանի կարմիր հովանոցներից մեկի տակ դեռ նոր էինք տեղ զբաղեցրել, իսկ Ժիրոյի կայծկլտացող աչքերն արդեն մատնել էին իրեն: Սիրունիկ մատուցողուհին սեղանից սեղան էր անցնում՝ անխտիր բոլորին ժպտալով, իսկ Ժիրոն հմայվածի պես հայացքը չէր կտրում նրանից: Տղան ձեռքից գնում էր: Սակայն մեր վիճակն էլ ավելի լուրջ էր: Թե ինչ էր պետք անել՝ ոչ ոք չգիտեր: Միայն մի բան էր պարզ. ամառն անորոշ ժամանակով հետաձգվում էր: Բայց մեր ընկերոջը չվշտացնելու համար բոլորս լուռ համաձայնությամբ կամավոր գրվեցինք: Ու Ժիրոյի համար աշխարհն այդ օրից տեղավորվեց մի սրճարանի սահմաններում, մենք էլ՝ նրա հետ: Գալիս էինք հովն ընկնելուն պես, գնում, երբ արդեն մարում էին լույսերը: Խմում էինք շատ, խոսում էինք դատարկ բաներից ու սպասում: Թե ինչին՝ նույնիսկ Ժիրոն չգիտեր: Երբ սրճարանն ամայանում էր, ասում էր՝ գնացինք, ու մենք հոգնած ետ էինք դառնում՝ արած գործի կարևորությունը գիտակցող մարդու համբերությամբ:
Այսպես շարունակվեց այնքան ժամանակ, մինչև որ մի գիշեր մեզնից մեկը չդիմացավ ու հարցրեց.
— Բա սրա վերջը ո՞նց է լինելու:
Բոլորս նայեցինք Ժիրոյին, Ժիրոն նայեց մեզ, ու վճռեցինք, որ սպասելն այլևս անիմաստ է: Ժամանակն է գործելու: Ծրագիրը հանճարեղ էր ու պարզ: Մեր գլխավոր գործող անձը սրճարանի փակվելուց հետո պիտի մոտենար աղջկան ու իր սիրտը բացեր նրա առաջ: Իհարկե, մեզնից որևէ մեկը պատկերացում անգամ չուներ, թե Ժիրոն ինչպես էր բացելու իր սիրտը, բայց դա այլևս էական չէր: Ասացինք, որ մենք մոտերքում կլինենք, կհետևենք դեպքերի զարգացմանը, ու Ժիրոն համաձայնվեց:
Կեսգիշերն անցել էր, երբ ծառուղին մթնեց, ու մենք վեր կացանք: Մի քիչ էլ մայթեզրին սպասեցինք, մինչև որ երևաց աղջկա շարժվող ստվերը:
— Դե, Ժիրո, քեզ տեսնենք,- քաջալերեցինք մենք, ու Ժիրոն գնաց:
Զրույցը երկար չտևեց: Նախ Ժիրոն ինչ-որ բան ասաց, հետո՝ աղջիկը, հետո էլի Ժիրոն: Ժիրոն մի քիչ երկար ասաց, աղջիկն՝ ավելի կարճ, ապա շրջվեց ու հեռացավ: Մենք նետվեցինք առաջ: Ժիրոն կանգնել, պաղած աչքերով երկար նայում էր գիշերվա մութի մեջ հետզհետե մարող ոտնաձայների ուղղությամբ: Հետո հանկարծ շուռ եկավ մեր կողմն ու ասաց. «Չորրորդ հարկի պատուհանից կթռնեմ»: Մուշեղը ոչինչ չասաց ու մենք էլ ոչինչ չասեցինք, թեև գիտեինք, որ լռությունը մեզ համար չէր:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s