Թշնամին չկրակել չի կարող

31 Մրտ

ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը ստիպված էր խոստովանել, որ իր լավատեսությունը` Լեռնային Ղարաբաղի խնդրում որոշակի առաջընթացի հասնելու իմաստով, արժանացավ նույն ֆիասկոյին, ինչը բաժին էր ընկել նրա նախորդներին: Նույնիսկ առաջին հայացքից ոչ մի բարդություն չներկայացնող հարցում նա ի վերջո հաստատեց, որ ինքը երկկողմանի մերժումի է արժանացել: Խոսքն այն մասին է, որ թե Հայաստանը և թե Ադրբեջանը հրաժարվեցին դիպուկահարների հետքաշման առաջարկից: Ու թեև մինչև վերջ էլ Աժուբալիսը շարունակում էր համառել, որ «նմանօրինակ առաջարկները վստահության փոքրիկ քայլեր են», սակայն ԵԱՀԿ գործող նախագահը վատ գիտի այդ վտահության ձեռքբերման գինը:
Վերջինս դեռ Բաքվում մարտի 14-ին հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության կողմերը պետք է ջանքեր գործադրեն հրադադարի ռեժիմի ամրապնդման ու փոխվստահության բարձրացման ուղղությամբ` նշելով, թե շփման գծում արձանագրված միջադեպերը հաստատում են իր այն համոզմունքը, որ «կողմերը պետք է դուրս բերեն դիպուկահարներին շփման գծից»: «Կողմերից և ոչ մեկը շահող դուրս չի գա ստեղծված իրավիճակում`ոչ քաղաքական, ոչ էլ ռազմական առումով»,-հայտարարել էր ԵԱՀԿ գործող նախագահը:
Այս դեպքում Աժուբալիսն ուղղակի պարավոր էր իմանալ, որ կես տարի առաջ Ադրբեջանը բառացիորեն հայտարարել էր այն մասին, որ դիպուկահարների հետքաշումը իր խորին համոզմամբ չի նպաստի հակամարտության կարգավորմանը: Նման ձևակերպումը ոչ մի դեպքում չի կարող երկիմաստ դիտվել և պիտի նշանակի հետևյալը` մեզ հրադադար պետք չէ, մեզ սահմանային անվտանգություն պետք չէ և խաղաղությունը չի բխում մեր շահերից: Հենց այսպիսի պատասխանի էլ անցյալ տարվա սեպտեմբերին արժանացավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ով ևս մեծ հույսեր էր կապում բարի կամքի հետ:
Իսկ ի՞նչ արեց Աժուբալիսը: Նախորդներից դասեր քաղելու փոխարեն նա որոշեց, որ կարելի է շրջանցել համառին և ողջ ջանքերը կենտրոնացնել անհամեմատ ավելի բարյացկամ կողմի զգացմունքների վրա: Եվ մարտի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նա Հայաստանին առաջարկեց միակողմանիորեն հեռացնել դիպուկահարներին շփման գծից: «Եկեք դիպուկահարներին հեռացնենք շփման գծից, եկեք ստեղծենք 24 ժամ գործող թեժ գիծ: Կարծում եմ, որ եթե այս միջոցառումներն իրականացվեն, կօգնեն կրճատել լարվածությունը»,- իր դերի մեր էր գործող նախագահը: Սակայն Երևանում այնքան էլ հակված չէին տուրք տալու պոռթկումներին: Հրադադարը լավ բան է, սակայն ինչու՞ միակողմանի և ինչու՞ այդ միակ կողմը պիտի դառնա հենց Հայաստանը, որը կարծես թե սահմանային գոտում իրեն շատ ավելի զուսպ է դրսևորում, քան հակառակորդը:
Եվ եթե ԱԳ նախարար Նալբանդյանի պատասխանը առավելագույնս կոռեկտ էր ու դիվանագիտական ( «Ես կցանկանայի հիշեցնել, որ վերջին երկու տարիներին դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու կոչերը թե’ Հայաստանը, թե’ Ղարաբաղը պաշտպանել են»), ապա շիտակ ուղղախոսությունը բաժին ընկավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ով Աժուբալիսին պատասխանեց այս կերպ. «Մենք այսօր հիմք ունենք հայտարարելու, որ Ադրբեջանը արդեն այս տարիների ընթացքում մի քանի անգամ խախտել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, և նման իրավիճակում մենք չենք կարող մեզ թույլ տալ ձեր առաջարկությունը ընդունել»:
Մերժվածների շարքերը համալրեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր մարտի կեսերին եկան տարածաշրջան, փորձեցին կրկին բարձրացնել դիպուկահարների խնդիրը, սակայն վերադարձան ձեռնունայն ու իրենց խորը ափսոսանքն արտահայտեցին համատեղ հայտարարության տեքստում:
Այդ ընթացքում քաղաքական շրջանակներում բուռն քննարկումներ էին ծավալվել միջնորդների պահվածքի և նրանց տրված պատասխանի նպատակահարմարության շուրջ: Մի հարցում բոլոր կողմերը միակարծիք էին` առաջարկությունը պետք էր ուղղել հակամարտող երկու թևերին, այլ ոչ թե միայն մեկին, որն այդ դեպքում հայտնվում էր ակամա մեղավորի դերում: Շատերը նկատեցին այն փաստը, որ, չգիտես ինչու, լռությամբ շրջանցվեց ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի հետ կապված միջադեպը, երբ վերջինս հերթական դիտարկումն էր անցկացնում սահմանին, և այդ ժամանակ ադրբեջանցի դիպուկահարները կրակ բացեցին նրա ուղղությամբ: Այդ կրակոցները մեծ հաշվով ուղղված էին ոչ թե ներկայացուցչի, այլ հենց Աուդրոնյուս Աժուբալիսի դեմ ու տալիս էին նրան հուզող հարցերի ամենալիարժեք պատասխանը:
Հայկական կողմը բազմաթիվ առիթներով է առաջարկել հայ-ադրբեջանական շփման գծից հեռացնել դիպուկահարներին: Հայաստանն առաջինն էր, որ խոսում էր գործուն մեխանիզմների մշակման մասին, իսկ երբ ծնվեց սահմանում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հետաքննություն անցկացնելու գաղափարը, դարձյալ հայերը հայտարարեցին, թե այդ հետաքննության ամենաշոշափելի արդյունքը կլինի այն, եթե Ադրբեջանը միջազգային հանրության ճնշման ներքո շփման գծից դուրս բերի իր դիպուկահարներին:
Այդ ամենը չեղավ: Սակայն եղավ ու կատարվում է մեկ այլ բան: Դեռևս այս տարվա հունվարի վերջին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն իր զինված ուժերի համար դիպուկահարներ պատրաստելու նպատակով ձեռք է բերել ռուսական մարզագույք ու զինամթերք, և սկսել է լայնածավալ դասընթացներն այդ ուղղությամբ: Մի երկիր, ով սահմանային սպանությունների համակարգ է մշակում, նրա հետ անիմաստ է խոսել բարի կամքի մասին: Զուգահեռաբար տեղին պիտի դիտվի տարակուսանքն այն փաստի առթիվ, որ այդ նպատակի համար անհրաժեշտ պարագաները նա ձեռք է բերում մեկ այլ երկրից, որը միջնորդ կողմ է ու պնդում է, թե հակված է սահմանին հաստատել խաղաղություն ու բացառել անմեղ մարդկանց մահվան դեպքերը:
Ըստ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ամփոփագրերի, անցած տարվա համեմատ այս տարի ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվն ավելացել է 30-40 տոկոսով: Ադրբեջանական կողմը այս տարվա առաջին երկու ամիսներին դիպուկահար կրակ է բացել 192 անգամ, հայկական կողմը՝ 21 անգամ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s