ՅԱՍՈՒՆԱՐԻ ԿԱՎԱԲԱՏԱ

30 Մրտ

ՍԻՐՏԸ

Նա նամակ ստացավ ամուսնուց, որ չէր սիրում նրան և լքել էր: Նամակը եկավ հեռվից, նրա հեռանալուց երկու տարի անց: Նա գրում էր. «Երեխային թույլ մի տուր գնդակ խաղալ, նրա հարվածները հասնում են ինձ և խփում իմ սրտին»:
Կինն իր իննամյա աղջկա ձեռքից վերցրեց գնդակը:
Ամուսնուց նորից նամակ եկավ: Էլ ավելի հեռու տեղից: «Թող աղջիկը,- գրում է նա,- կաշվե կոշիկներով դպրոց գնա: Նրա ոտքերի դոփյունը հասնում է ինձ և ինձ այնպես է թվում, կարծես տրորում են իմ սիրտը»: Կինն աղջկան կաշվե կոշիկների փոխարեն տվեց փափուկ նրբաթաղիքե կոշիկներ: Աղջիկը լաց էր լինում, և ամեն ինչ վերջացավ նրանով, որ նա այլևս դպրոց չգնաց:
Երկրորդ նամակից մի ամիս անց ամուսինն ուղարկեց ևս մեկը: Ձեռագիրն անհարթ էր, անվստահ ու ծերունական:
Նա գրում էր. «Աղջկան ճենապակե խոր ամանով ճաշ մի տուր: Այդ սպասքի զնգոցը հասնում է ինձ և կտրատում իմ սիրտը»:
Եվ կինն սկսեց աղջկան կերակրել ինչպես երեք տարեկան երեխայի` փայտե կերակրաձողիկներով: Նա հիշեց այն ժամանակները, երբ աղջիկը երեք տարեկան էր, իսկ ամուսինը` ուրախ ու գոհ, դեռ ապրում էր իրենց հետ:
Նրան չհարցնելով, աղջիկը մի անգամ մոտեցավ պահարանիկին ու վերցրեց իր խոր ճաշամանը: Մայրն աղջկա ձեռքից արագ խլեց ճենապակե խոր ճաշամանը ու նետեց այգի: Վերջինս զարկվեց սալարկված քարերով ճանապարհին ու փշուր-փշուր եղավ: Հոնքերը կիտելով` նա դուրս նետեց նաև իր ամանը. լսվեց նույնպիսի մի ձայն: Իսկ գուցե ամուսնու սիրտը հիմա փշուր-փշուր եղավ:
Նա դեն նետեց նաև ճաշի սեղանիկը, որը նույնպես դուրս թռավ այգի: Օ, այդ ձայնը: Խենթի պես նա նետվեց դեպի թղթե շարժական միջնորմը, սկսեց թակել այն բռունցքներով և պատռելով այն իր մարմնի ծանրությամբ` ընկավ հատակին:
— Մայ-րիկ,- լալով մոտ վազեց աղջիկը,- մայ-րիկ…
Նա մի փոքր բարձրացավ և ապտակեց աղջկան:
— Դու լսու՞մ ես, լսու՞մ ես այդ ձայնը, անպետք աղջիկ:
Ամուսինը նորից նամակ ուղարկեց:
Այն ուղարկված էր նոր ու էլ ավելի հեռու տեղից:
Ամուսինը գրում էր. «Դուք այլևս չպետք է ծպտուն հանեք: Դուք չպետք է բացեք և փակեք դռներն ու սյոձիները: Դուք չպետք է լարեք ժամացույցը, որպեսզի չլսվի նրա տկտկոցը: Դուք չպետք է շնչեք…»:
— Դուք չպետք է… դուք չպետք է…,- շշնջում էր կինը, և արցունքներն առվակի պես հոսում էին նրա այտերով:
Եվ տանն սկսեց այլևս ոչ մի ձայն չլսվել: Մի խոսքով, մայր ու աղջիկ մահացան: Բայց որքան էլ տարօրինակ է, բարձի վրա մահացած կնոջ դեմքի կողքին նաև նրա մահացած ամուսնու դեմքն էր:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s