ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

28 Մրտ

… Հիշողությունները: Իմ գրքերը միշտ իմ էության մասնիկներն են, ամեն նախադասություն, ամեն մանրամասնություն ծնունդ է առնում մի իրական եղելությունից: Անշուշտ, իմ հիշողությունը թեմատիկ է: Այսքանով հանդերձ ուզում եմ մեկընդմիշտ ասել, որ Գարսիա Մարկեսը ռեալիստ գրող է և զուրկ է երևակայությունից: Հետո երբեմն պատահում է, որ նա հասնում է ռեալիզմի սահմանից մեկ միլիմետր այն կողմ… Ի վերջո, իմ գրելու տեխնիկան միշտ գալիս է արհեստից` լրագրությունից: Իրական դեպքերը որսալու և լուսանկարելու նույն եղանակն է: Հետո վրա է հասնում բանաստեղծությունը և փրկում է կրոնը: Լրագրությունը ընթանում է դեպի գրականություն և հակառակը: Ես եղել եմ լրագրող, հրատարակիչ, երգիչ, կինոռեժիսոր, ու միշտ ասում էին. «Զգուշացիր, այդ բոլորը սպանելու են գրականությունդ»: Ոչ: Գրողին, ով կարողանում է պատմել, ոչ ոք չի կարող սպանել: Նույնիսկ մահը:
Հիշողությունը պահպանում է իսկական հիշատակներ, կարևորները: Սարսափելին եղելությունը արձանագրելն է: Երբեմն երևում է, երբեմն թաքնվում: Մի օր փողոցում տաքսի եմ տեսնում, չեմ կանչում, քանի որ լիքն է: Հետո մոտենում եմ ու տեսնում, որ դատարկ է: Վարորդին ասում եմ. «Մի մտահոգվեք, կախարդանք է, որ հաճախ է պատահում»: Դեպքը պատմում եմ Լուիս Բունյուելին: Ասում է. «Գեղեցիկ է, բայց պատմություն չէ»: Իսկ հետո գալիս է գրելու մղձավանջը: Ամեն առավոտ երկու ժամ ստամոքսի ցավեր, վերջապես հանկարծակի ինչ-որ բան է սկսում հայտնվել: Գիրը հորդում-ցայտում է ջրի պես: Գիրը սաղմնավորվում է, բայց երբեմն գրիչը քեզ տանում է, սավառնում:
… Վախենում եմ մահից, քանի որ երբեք պիտի չկարողանամ այն պատմել: Մինչդեռ սերը իմ միակ գաղափարականությունն է: Սերը սկիզբ է առնում ամեն առավոտ: Բայց կարող է վերջանալ ամեն երեկո: Սերը հավերժ է, քանի դեռ տևում է: Գոյություն չունի հավատարմություն: Գոյություն ունի ուղղամտությունը: Հնարավոր է սիրել հինգ կնոջ միաժամանակ, եթե կնոջ հանդեպ ճշմարտացի ես: Կինը ամենասքանչելի հայտնությունն է, բայց նրան տիրելու համար հարկավոր է մի ամբողջ կյանք ջանալ: Երբեք պետք չէ անել առաջին քայլը: Մերժված մարդը դատապարտված է: Կանայք ապագան են: Մեկն ասել է. «Եթե տղամարդիկ կարողանային ծննդաբերել, վիժումը սուրբ արարք կհամարվեր»: Աֆորիզմ, որը հարկ է շրջել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s