Միակողմանի սիրո պտուղները

25 Մրտ

Մեկ անգամ չէ, որ դիտարկելով հասարակության մեջ գերիշխող տրամադրությունները, սոցիոլոգների ուշադրության կենտրոնում է եղել հայերիս վերաբերմունքն այլ երկրների ու ժողովուրդների նկատմամբ: Սա իր պատճառներն ունի այն իմաստով, որ թե արտաքին, թե ներքին կյանքում ծավալվող բազմաթիվ իրադարձություններ մենք մեծապես պայմանավորում ենք աշխարհի հետ մեր առնչություններով, ազդեցիկ ուժերի վերաբերմունքով, համակրանքների ու հակակրանքների այն դաշտով, որի վրա կառուցում ենք ընթացիկ կյանքի մեծ ու փոքր ծրագրերը: Ու թերևս առաջին հերթին նշված իրողությունը հաշվի առնելով` հանրահայտ Gallup հետազոտությունների կենտրոնը իր վերջին ուսումնասիրությունների առանցն էր դարձրել այդ կարևորագույն գործոնը: Իսկ ընդհանրապես ամերիկացի սոցիոլոգները դիտարկել և հրապարակել էին աշխարհի մոտ 100 պետություններում անցկացված հարցումների արդյունքները` ստանալով մոտավոր պատկերն այն բանի, որից կարելի էր իմանալ, թե տարբեր երկրներում ինչպես են վերաբերում համաշխարհային քաղաքականության մեջ իրենց հարևանների, դաշնակիցների կամ հակառակորդների ակտիվ ներկայությանը:
Այս տեսանկյունից ամենևին էլ պատահական չէր, որ հայերի պարագայում շեշտը դրվել էր ռուսների հանդեպ նրանց վերաբերմունքի վրա: Խոսքը ոչ միայն երկու ժողովուրդների և երկրների ավանդական կապերի մասին է, այլև մեր տարածաշրջանում այսօր առկա կարևորագույն խնդիրների նկատմամբ Ռուսաստանի ունեցած դերակատարության և ազդեցության:
Հայաստանում անցկացված հետազոտության արդյունքները բացահայտել էին հետևյալ պատկերը: Պարզվել էր, որ հայաստանցիների 75 տոկոսը դրական է գնահատում Ռուսաստանի ղեկավարության որդեգրած քաղաքականությունը` այն բնութագրելով որպես արդյունավետ: Վերջիններս խրախուսանքի խոսքեր էին շռայլել ինչպես ՌԴ նախագահ Մեդվեդևի, այնպես էլ վարչապետ Պուտինի հասցեին: Այս տեսակետի հետ չհամաձայնող մեր հայրենակիցների թիվը կազմել էր ընդամենը 7 տոկոս: Համեմատության համար ասենք, որ, օրինակ, հարևան Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքականությունը դրական գնահատողների թիվը եղել է մոտ 54 տոկոս: Իսկ ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այստեղ առանց հետազոտության էլ դժվար չէր լինի կռահել, որ ճիշտ հակառակ արդյունքն էր արձանագրվելու. վրացիների 76 տոկոսը խստորեն դատապարտել էր Մոսկվայի քաղաքականությունը` ջերմ վերաբերմունքի համար կարողանալով ժողովել ընդամենը 6 տոկոս (ի դեպ, հակառուսական տրամադրությունների նման բարձր ցուցանիշով վրացիներին նմանվել էր դարձյալ մի երկիր` նորանկախ Կոսովոն, որտեղ ևս ռուսներով հիանալու որևէ պատճառ չունեն): Մեզ հարևան մյուս երկրում` Թուրքիայում Ռուսաստանի նկատմամբ դրական է տրամադրված քաղաքացիների 21 տոկոսը: Եվ ստացվում է, որ սոցիոլոգների ընտրած հարյուրյակում Հայաստանը տեղ է զբաղեցնում այն հինգ երկրների ցանկում, որոնց մասին կարելի է բացահայտորեն ասել, որ առկա է ակնհայտ ռուսամետություն: Այդ հնգյակում են Միջին Ասիայի երեք երկրները (Տաջիկստան, Ուզբեկստան, Ղրղըզստան) և, չգիտես, թե ինչու` Աֆրիկայում գտնվող Մալի պետությանը: Մեր նվիրվածության ու համակրանքի պաշարն այս իմաստով Ռուսաստանից բացի բավականացրել էր ևս մի երկրի` Ֆրանսիային, որի քաղաքականությունն արժանանում էր Հայաստանի բնակիչների աջակցությանը:
Gallup-ի նշված հետազոտությունը ոչ միակն է, ոչ էլ վերջինը, որ բացահայտում է հայերիս մոտ առկա ռուսասիրության հակումը: Մեկ այլ կառույց` այս անգամ արդեն Կովկասյան հետազոտական ռեսուրսային կենտրոնը (CRRС) վերջերս հետաքրքրական մի հարցում էր անցկացրել Հարավային Կավկասում՝ պարզելու, թե մեր տարածաշրջանում ապրող ազգություններից յուրաքանչյուրը ու՞մ հետ է նախընտրում ընկերություն հաստատել կամ շփումներ ունենալ սոցիալական ցանցերի միջոցով: Եվ այստեղ էր պատկերն անփոփոխ էր: Հայերն ամենից շատ նախապատվությունը տվել էին ռուսներին: Դրան հակառակ հայերի 66 տոկոսը չէր ցանկացել սոցիալական ցանցերում շփվել թուրքերի, իսկ 70 տոկոսը՝ ադրբեջանցիների հետ:
Պետք է ասել, որ այս ընդգծված համակրանքը ոչ բոլորի համար է հաճելի: Արևմուտքում քիչ չէ նրանց թիվը, ովքեր չար աչքով են նայում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությանը և դրա մեջ լուրջ սպառնալիքներ են տեսնում: Ջեյմսթաունի հիմնադրամի ամերիկացի հետազոտող Վլադիմիր Սոկորը ուղղակի ՆԱՏՕ-ին կոչ է անում Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնող քայլեր ձեռնարկել։ «Ռուսաստանն իր վրա երբեք քաղաքական պատասխանատվություն չի վերցրել այն համաձայնագրերի համար, որոնցում մասնակցում է»,- ասում է նա և կարծում, թե կարելի է հենց այդպես` մի հարվածով խզել այն, ինչ ձևավորվել ու ամրապնդվել է երկար տարիների ընթացքում:
Ի դեպ, որքան էլ ամեն կարգի սոցոլոգիական հարցումներն ու հետազոտությունները պատկերը ներկայացնեն վարդագույն երանգներով, գաղտնիք չէ նաև, որ ռուսների ու հայերի հարաբերություններում քիչ չեն ստվերոտ կողմերը: Հայաստանում միգրացիոն իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ իրականացված ուսումնասիրությունների համաձայն` նման մռայլ տրամադրություններով են համակված հատկապես մեր այն հայրենակիցները, որոնք Ռուսաստանից Հայաստան են վերադառնում: Հիմնական պատճառը, որ նրանց հարկադրում է լքել այդ երկիրը, շարունակում է մնալ ինչպես օտար հասարակության բարքերի անընդունելիությունը, այնպես էլ տեղի ազգաբնակչության անհանդուրժողականության աճը այսպես կոչված «սևերի» կամ «կովկասցիների» հանդեպ: Ասվածի հետ մեկտեղ հարցումները ցույց են տվել¸ որ միգրանտներից շատերի համար անընդունելի են եղել ռուս ժողովրդի մշակույթի այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են անկաշկանդությունը, անհատների անկախությունն ընտանիքի և համայնքի կարծիքից, վաղ սեռական հարաբերությունները և այն: Բայց եթե նույնիսկ մի կողմ թողնենք այդ առանձին երևույթներն ու մասնավոր դեպքերը, դարձյալ չենք կարող չնշել, որ եթե հայերն իսկապես ռուսամետ քաղաքականության կողմնակիցն են, իսկ նրանց բարի զգացումները առավել քան անկեղծ են, ապա, ինչպես շատ դիպուկ նկատել է մի քաղաքական գործիչ, նրանց հավատարմությունն առայժմ նման է միակողմանի երթևեկության:

Հովիկ Չարխչյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s