Էրդողանի արկածները Եվրոպայում

2 Մրտ

Կասկածից վեր է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ երկար կհիշի իր վերջին այցը Եվրոպա: Եվրոպացիները` նույնպես: Էրդողանի այցելությունն իր բնույթով աշխատանքային էր, ի սկզբանե որևէ արտակարգ բան չէր ենթադրում: Սպասվում էր, որ նա հանդիպումների շարք կանցկացնի Գերմանիայում և Բելգիայում, Հաննովերում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կմասնակցի CeBIT տոնավաճառի շնորհանդեսին, կքննարկի տնտեսական, առևտրային, քաղաքական հարցեր, Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, զարգացումները Կիպրոսում և այլն: Միայն թե հենց սկզբից ամեն բան ընթացավ ոչ այնպես, ինչպես ծրագրված էր: Ավելի ուշ մամուլը պիտի արձանագրեր, որ Թուրքիայի վարչապետը եկել էր սեփական շոուն ցուցադրելու այդ երկրներում բնակվող իր հայրենակիցներին ու տեղի քաղաքական վերնախավին: Սակայն իրականության մեջ հյուրընկալող երկրներն այնքան էլ ուրախ չէին Էրդողանի այցից: Պատճառներից մեկն էլ թերևս այն էր, որ մինչ նրա ժամանումը Քյոլն ու Դյուսելդորֆն ուղղակի պարուրվել էին վերջինիս դիմանկարներով: Գերմանացիներին հատկապես զայրացրել էր այն, որ պաստառների վրա գրությունները թուրքերեն էին, իսկ դրանցից մեկը տեղեկացնում էր. «Մեր վարչապետը Դյուսելդորֆ է ժամանում»: «Այդ ու՞մ վարչապետն է Գերմանիա գալիս»,- բազմանշանակ հարց էին տալիս տեղաբնակները` խեթ աչքով նայելով ոգևորված թուրքերին:
Իսկ հետո էլ ավելի բարդ էր:
Կրքերը հատկապես թեժացան այն պահից, երբ Էրդողանը` Դյուսելդորֆում հանդիպելով Գերմանիայում հաստատված թուրք գաղթականների հետ, այնտեղ մի բոցաշունչ ելույթ ունեցավ` նրանցից պահանջելով սովորել նախ թուրքերեն, այնուհետ՝ գերմաներեն։ Դրա հետ մեկտեղ Էրդողանը թուրք մասնագետներին կոչ արեց վերադառնալ Թուրքիա՝ հզորացնելու իրենց հայրենիքը։ Սակայն այս ճառը թերի կլիներ, եթե իր մեջ չպարունակեր կշտամբանքների մի ամբողջ հեղեղ` հասցեագրված երախտամոռ եվրոպացիներին: Տասը հազարանոց լսարանը հաճույքով էր ականջ դնում, թե ինչպես է իրենց վարչապետը դասեր տալիս չափը կորցրած Հին Աշխարհին:
«Իսլամաֆոբիան և ռասիզմը մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են», հայտարարեց Էրդողանը` հավելելով, որ գերմանացի քաղաքական գործիչներն իրենց արտահայտություններով ազգային ու կրոնական խտրականություն են սփռում: «Ես ասում եմ` ոչ ասիմիլյացիային»,- սպառնալից բռունցք ճոճեց նա թուրքերի և մյուս մահմեդականների հանդեպ գերմանական հանրության վերաբերմունքի դեմ։ Զարգացնելով արտասահմանում բնակվող թուրքերի պաշտպանվածության թեման՝ Էրդողանը այնքան հեռուն գնաց, որ խոստացավ այն թուրքերի համար, ովքեր որոշել են հօգուտ Գերմանիայի քաղաքացիության հրաժարվել թուրքականից, այսպես կոչված «կապույտ քարտեր» թողարկել։ Դրանք կոչված կլինեն դառնալ թուրքական անձնագրերի համարժեքը։
Հաջորդ օրը Գերմանական Bild պարբերականը վրդովված պիտի գրեր, որ Թուրքիայի վարչապետի ճառը կրում էր սադրիչ բնույթ: «Դյուսելդորֆում Էրդողանն իսկական նախընտրական քարոզարշավ կազմակերպեց՝ իր ելույթով սղոցելով թուրքերի՝ գերմանական հասարակությանն ինտեգրվելու գործընթացը»,- նկատում էր հոդվածագիրը, իսկ Բեռլինում հրատարակվող մեկ այլ թերթ` B.Z.-ը «Էրդողանը եկել էր աղմուկ բարձրացնելու նպատակով» հոդվածում գրեց, որ թուրք վարչապետն իր հայտարարություններով ուղղակի բորբոքեց թուրքերին՝ գերմանական հասարակությանն դեմ։
Բարձրաստիճան հյուրի ելույթին հիվանդագին արձագանքեցին նաև գերմանական իշխանությունները։ Բեռլինում շատերն էին բացահայտ հայտարարում, որ այն խախտում է իշխանությունների՝ Գերմանիայի ոչ բնիկ բնաչության ինտեգրացիայի ծրագրի հիմքերը։ Իսկ Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն, մեկնաբանելով Էրդողանի խոսքերը, թուրքական համայնքին կոչ արեց ամեն դեպքում առաջինը սովորել գերմաներեն, այլ ոչ թե թուրքերեն։
Բայց թուրքական կողմի ախորժակը շատ ավելին էր, քան միայն վերաբերմունքի խնդիրները կարող էին հրահրել: Հատկապես գերմանացիներից նրանք ակնկալում էին դրական ըմբռնում այն հարցի շուրջ, որ մուտքի արտոնագրային սահմանափակումներն իրենց դարն արդեն ապրել են: «Գերմանիան ունակ է գնահատել մեր ներդրումները, սակայն առայժմ մենք ստիպված ենք կրել վիզային ռեժիմի ծանրությունը», — նշեց Էրդողանը: Կանցլեր Անգելա Մերկելի պատասխանը ավելի շուտ ծաղրի էր նման, քան լուրջ արձագանքի. «Ինչ վերաբերում է վիզաների խնդրին, եթե անձնագրերում էջերը չեն բավականացնի, մենք այժմ ունենք համակարգչային չիպեր, որոնց վրա ավելի շատ տեղ կա»,- նկատեց Մերկելը:
Կարծես թե նույն ծաղրական վերաբերմունքն էր վաստակելու Էրդողանի մեկ ուրիշ հավաստիացում` այս անգամ տարբեր կրոնների նկատմամբ հարգանքի մասին: Փորձելով ցույց տալ, թե իր երկիրն ինչպիսի առավելություններ ունի` ի հակակշիռ եվրոպական կաղապարված մտածողության, նա կրկին հիշեցրեց, որ իրենք պետական բյուջեի հաշվին վերանորոգեցին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին և հունական Սումելիայի մենաստանը` ոչինչ չասելով այն մասին, թե քանի հազար այլ հուշարձաններ ավերվեցին ու փոշի դարձան նույն այդ երկրում: Բայց դա Թուրքիայի վարչապետին քիչ էր անհանգստացնում, քանի որ իր հիշատակած երկու օրինակն արդեն իսկ «խոսում է Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների հանդեպ տածած հարգանքի մասին, իսկ Եվրոպայում սխալ քարոզչություն է տարվում Թուրքիայի նկատմամբ»:
Միայն եվրոպացիների համբերությունը չէ, որ փորձության էր ենթարկվում Էրդողանի այցի ընթացքում: Հանդիպումներից մեկի ժամանակ Հանեֆի Դողան անունով մի թուրք փախստական Էրդողանի ելույթի ժամանակ աղաղակեց` «Լուծեք մեր խնդիրները» և ձեռքի սպիտակ սավանը նետել թուրք վարչապետի ուղղությամբ։
Իսկ հետո կատարվեց այն, ինչը կարելի էր ենթադրել: Հանկարծ հայտնի դարձավ, որ Էրդողանն ընդհատում է իր ուղևորությունը և չի մեկնելու Բելգիա: Պաշտոնական հաղորդագրությունները նաև տեղեկացրեցին, որ Էրդողանը չի մասնակցի Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ այսօր ծրագրված հանդիպմանը, և որ հանդիպման օրը կորոշվի այս շաբաթվա ընթացքում: Մինչ կպարզվեն նման կտրուկ փոփոխության իրական պատճառները, փորձագետներն արդեն իսկ շտապել են կարծիք հայտնել, որ այս ուղևորությունը կարող է սպառնալիքի տակ դնել Թուրքիայի- ԵՄ հարաբերությունները:

Հովիկ Չարխչյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s