Պահոց | 3:15 ե.

ՊՈԼ ՀՈԼԲԱԽ

23 Փտր

Մարդը դյուրընկալ, զգայուն, բանական և խելամիտ էակ է, որը ձգտում է ինքնապահպանման ու երջանկության: Ապագա երանության սպասումը և ապագա տառապանքների սարսափը մարդկանց սոսկ խանգարել են մտածել այն մասին, որ երջանիկ դառնան այստեղ` երկրի վրա: Բնությունը չգիտենալը արմատն է եղել այն անհայտ ուժերի, որոնց առջև այնքան երկար ժամանակ դողացել է մարդկային ցեղը, և այն սնահավատ դավանանքների, որոնք եղել են նրա բոլոր դժբախտությունների աղբյուրը: Սակայն երբեք հնարավոր չէ երջանիկ ապրել, եթե ամբողջ ժամանակ դողում ես սարսափից: Որպեսզի մեր երջանկությունը լիակատար լինի, մենք կարիք ենք զգում մեզ շրջապատող մարդկանց մտերմական կապին ու օգնությանը, իսկ վերջինները կհամաձայնեն սիրել ու հարգել մեզ, օգնել մեզ մեր ծրագրերում, աշխատել մեր երջանկության համար միայն այն չափով, ինչ չափով մենք պատրաստ ենք աշխատել նրանց բարեբախտության համար: Այդ անհրաժեշտ կապն անվանում են բարոյական պարտք, բարոյական պարտականություն: Այն բարեկամը, որն օգտակար չէ իր բարեկամին, նրա համար դառնում է օտար մարդ: Ասել, թե բարոյական իդեալները բնածին են կամ բնազդի արդյունք, նույնն է, թե պնդել, որ իբր մարդ ընդունակ է կարդալու` դեռևս չիմանալով այբուբենը:
Արդարադատությունը բոլոր հասարակական առաքինությունների հիմքն է: Իսկ խիղճը մեր ներքին դատավորն է, որն անսխալ վկայում է այն մասին, թե մեր արաքները որքանով են արժանի մեր մերձավորների հարգանքին կամ պարսավանքին:

Լոպազությամբ երկիր չեն պաշտպանում

23 Փտր

Բանակի մասին ընդունված է միայն լավը խոսել: Դե, ասում են` պատերազմական վիճակ է, կարիք չկա ջուր լցնել թշնամու ջրաղացին, կոտրել մարտական ոգին ու նման բաներ: Մենք էլ փորձում ենք ըմբռնումով մոտենալ դրան: Սակայն ամեն ինչ իր սահմանն ունի: Համբերությունն` առավել ևս: Եվ երբ այդ համբերության բաժակը լցվում է, այլևս շատ դժվար է մնալ սահմանված կաղապարների ու վերապահ դատողությունների տիրույթում: Սա` ոչ միայն այն պատճառով, որ աղաղակող փաստերն ու ցավալի դեպքերը հակառակն են ստիպում, այլ նաև նրա համար, որ վիճակը շտկելուն կոչված ու պատասխանատու կառույցները շարունակում են ամեն կերպ սևը սպիտակ ներկայացնել և քարկոծել բոլոր նրանց, ովքեր համարձակվել են մատը դնել բաց վերքի վրա: Բայց մախաթը պարկում անվերջ պահելն անհնար է: Պետք է, այնուամենայնիվ, ինչ-որ բան ձեռնարկել: Եվ այդ պատճառով էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը որոշել է վերականգնել իր ղեկավարած կառույցի վարկը ոչ այլ կերպ, քան… դասախոսություններ կարդալու ճանապարհով:
Մի օր նա վարչապետ Տիգրան Սարգսյանին է հրավիրում ՊՆ, որտեղ մեծ երազողը բանակի բարձրագույն սպայկազմի համար թեզիսներ է ընթերցում տնտեսության նվաճումների և ֆինանսական հաջողությունների շուրջ: Մեկ այլ անգամ հենց ինքն է մտավորականների առաջ ելույթ ունենում ձեռքբերումների մասին, կամ էլ գնում է Երեւանի պետական համալսարան` հանդիպելու դասախոսների և ուսանողների հետ, որտեղ ուղիղ մարդկանց աչքերի մեջ նայելով հայտարարում է, թե բանակում կարգապահությունը տարեցտարի ամրապնդվում է, տարվում է հետևողական դաստիարակչական աշխատանք, անցանկալի երևույթների ու միջադեպերի պրոֆիլակտիկա, որոնց մասին, ըստ նախարարի, «անպայման պետք է բարձրաձայնել, այլ ոչ թե թաքցնել»:
Մենք այժմ չենք խոսի այն հարյուրավոր մեծ ու փոքր իրավախախտումների և հոռի բարքերի մասին, որ բանակի անբաժանելի մասն են դարձել: Ընդամենը կարձանագրենք, որ միայն 2010 թվականին, համաձայն հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունների ունեցած տվյալների, զինված ուժերում մահվան 54 դեպք է արձանագրվել: Իսկ այն փաստը, որ նշված դեպքերից միայն 10-ի դեպքում է պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածել, համաձայնեք, որ սա որևէ կերպ չի ներդաշնակում նախարարի` հրապարակայունությունը քաջալերելու խոստումների հետ: Դրա փոխարեն ՊՆ-ում ավելի հակված են պնդելու, թե իրավապաշտպանների հրապարակած թվերը «իրականությանը չեն համապատասխանում», սակայն նույն պահին էլ սեփական ամփոփագրերը ներկայացնելու պահանջին պատասխանում են, որ իրենք ձեռնպահ կմնան հրապարակել բանակում տեղի ունեցած մահվան դեպքերի պաշտոնական վիճակագրությունը: Այդպես ձեռնպահ-ձեռնպահ էլ մեր ուսադիրավոր պաշտպանները խուսափում են խոսել բանակում սպայակազմի հովանավորչության, պատասխանատվությունից խուսափելու, անպատժելիության մթնոլորտի, կանոնադրական հարաբերությունների խախտման, սպանությունների և ինքնասպանությունների մասին, որոք չեն կարող ծայրահեղ անհանգստություն չպատճառել հասարակությանը: Եվ միայն մենք չէ, որ այդ մասին ասում ենք: Օրերս նույնիսկ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատասխանատուները հայտարարեցին, որ Հայաստանի զինված ուժերի խնդիրները «մնում են իրենց ուշադրության կենտրոնում ու որոշակի անհանգստություն են հարուցում»: Նրանց ներկայիս պահանջն է, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի առկա թերությունների վերացման ուղղությամբ, և որպեզի բանակը համապատասխանի ԵԱՀԿ չափորոշիչներին:
Ինչքան էլ այսօր փորձ արվի արդարացնել նման կացությունը, բացատրություն գտնել այս կամ այն դեպքը ծնող հանգամանքների համար, շատ դժվար պիտի լինի հիմնավորել, թե ինչու՞ մինչ օրս զինծառայողները (հատկապես ստորադասները) օրենքով սահմանված որևէ մեխանիզմ չունեին բողոքելու կամ բողոքարկելու այն ապօրինությունները, որ իրենց նկատմամբ կատարվել են: Դրա հետ մեկտեղ չենք կարող նաև չարձանագրել, որ այդ մեխանիզմների առկայությունն ընդամենը գործի մի մասը կլիներ, քանի որ զինված ուժերում բացակայում է ամենահիմնականը` ստեղծված խնդրահարույց իրավիճակը շտկելու կամքը:
Օհանյանը երեկ ասում էր, թե բանակում այժմ բարեփոխումներ են իրականացվում, որոնք կարևոր երկու նպատակ են հետապնդում` Հայաստանի պաշտպանության համար ազգային ու միջազգային երաշխիքների ստեղծում: Օհանյանից այս հավաստիացումը լսում ենք արդեն չորրորդ տարին: Իսկ խոստացած բարեփոխումները ոչ տեսնող է եղել, ոչ ճանաչող: Չկա նման բան: Սրանք պարապ խոսքեր են: Վերջին դարակազմիկ նախաձեռնությունը եղավ այն, որ օրերս ի վերջո Հայաստանի զինվորական դատախազությունում սկսեց կգործել թեժ գիծը: Հիմա էլ խոսում են այն մասին, թե հրատապ է ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման անհրաժեշտությունը: Սակայն հազիվ թե ՊՆ-ն գրկաբաց ընդունի նման նախաձեռնությունը:
ԵՊՀ դահլիճում Սեյրան Օհանյանի ներկայությունից թևեր առած ռեկտոր Արամ Սիմոյանն իր ելույթում նշում էր. «Մենք լավ ենք հասկանում, որ հայոց բանակն է այն կարևոր ու միակ գործոնը, որ ապահովում է մեր երկրի ու ժողովրդի խաղաղ առաջընթացը»: Եթե ռեկտորն այսօր ասում է, թե բանակն է այն միակ գործոնը, որն ապահովում է մեր երկրի խաղաղ առաջընթացը (առաջընթա՞ցը), ապա այդ ռեկտորը նույնիսկ շարքային ուսուցիչ լինելու իրավունք չունի, քանի որ, նախ, յուրաքանչյուր իրեն հարգող երկիր չի կարող միայն մեկ գործոնի հույսին մնալ, և բացի դա էլ նշված այլ գործոններից մեկի առկայությունն էլ պարտավոր էր ապահովել հենց նույն ռեկտորն իր ղեկավարած հաստատության հետ միասին, ինչը, ինչպես տեսնում ենք, չի արվել: Իսկ գիտակցումն այն փաստի, որ Հայաստանն այլևս ոչ թե սպառող, այլ անվտանգության միջազգային երաշխավոր տարր է, էլ ավելի է առաջնային դարձնում պահանջը, որ մենք պետք է անհանդուժող լինենք Զինված ուժերում կատարված յուրաքանչյուր իրավախախտման նկատմամբ:
Հայաստանի խորհրդարանում մարտի 10-ին օտարերկրացի փորձագետների մասնակցությամբ կայանալու են լսումներ զինված ուժերում առկա իրավիճակի եւ ԶՈՒ ներքին ու արտաքին կարգապահական կանոնագրքերի վերաբերյալ: Անկատար օրենսդրական դաշտը շտկելու ջանքերը հաջողություն կունենան միայն այն պարագայում, եթե գործեն օրենքները կիրառելու մեխանիզմներն ու նվազի այն ավելորդ լոպազությունը, ինչի հաշվին դեռ ոչ մի երկրում հայրենիք չեն պաշտպանել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԶՐՈՒՅՑ

23 Փտր

Գյուղից քաղաք գնացող ճանապարհին Պողոսը հանդիպեց Պետրոսին:
— Բարի օր,- ասաց Պողոսը։
— Բարև,- ասաց Պետրոսը։
— Որտեղի՞ց ես գալիս,- հարցրեց Պողոսը, թեև գիտեր, որ Պետրոսը քաղաքից է գալիս:
— Քաղաքից,- ասաց Պետրոսը,- իսկ դու որտեղի՞ց ես գալիս,- հարցրեց նա, թեև գիտեր, որ Պողոսը գյուղից է գալիս:
— Գյուղից,- ասաց Պողոսը:
— Հիմա ու՞ր ես գնում,- հարցրեց Պետրոսը, թեև գիտեր, որ Պողոսը քաղաք է գնում:
— Քաղաք,- ասաց Պողոսը:- Իսկ դու ու՞ր ես գնում,- հարցրեց Պողոսը, թեև գիտեր, որ Պետրոսը գյուղ է գնում:
— Գյուղ,- ասաց Պետրոսը:
— Ի՞նչ կա գյուղում,- հարցրեց Պողոսը, թեև գիտեր, որ գյուղում ոչինչ էլ չկա:
— Ոչինչ էլ չկա,- ասաց Պետրոսը:- Իսկ քաղաքում ի՞նչ կա,- հարցրեց Պետրոսը, թեև գիտեր, որ քաղաքում ոչինչ էլ չկա:
— Ոչինչ էլ չկա,- ասաց Պողոսը:
— Էլ ինչու՞ էիր գյուղ գնացել,- հարցրեց Պետրոսը, թեև գիտեր, որ Պողոսը գործով էր գյուղ գնացել:
— Գործով,- ասաց Պողոսը: -Իսկ դու ինչու՞ էիր քաղաք գնացել,- հարցրեց Պողոսը, թեև գիտեր, որ Պետրոսը նույնպես գործով էր քաղաք գնացել:
— Գործով,- ասաց Պետրոսը:
— Ի՞նչ գործով,- հարցրեց Պողոսը, թեև գիտեր, որ Պետրոսը անձնական գործով էր քաղաք գնացել:
— Անձնական,- ասաց Պետրոսը:- Իսկ դու ի՞նչ գործով էիր գնացել,- թեև գիտեր, որ Պողոսը անձնական գործով էր գյուղ գնացել:
— Անձնական,- ասաց Պողոսը…
Իսկ դու, սիրելի ընթերցող, դատարկ բաներից իզուր տեղը մի սրտնեղիր. մարդ են, էլի, իրենց համար կանգնել, զրույց են անում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՄԱՐԿ ՏՎԵՆ

23 Փտր

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ամերիկայում, եթե դուք կրոն եք ընտրում համաձայն ձեր խղճի պահանջի, ապա դուք դյուզն-ինչ պարտավոր չեք հետաքրքրվել` ինչ-որ մեկը ձեր ընտրությանը հավանություն տալի՞ս է, թե ոչ: Ավստրիայում և մի քանի այլ երկրներում այդ բանն այլ կերպ է: Այնտեղ պետությունն է որոշում, թե որ հավատին դավանեք. դուք ինքներդ այնտեղ ձայնի իրավունք չունեք: Հայրենասիրությունը նույն կրոնն է. սեր դեպի հայրենիքը, հավատարմություն նրա դրոշին, զոհաբերվելու պատրաստակամություն հանուն նրա պատվի և բարգավաճման:
Բացարձակ միապետության պայմաններում հայրենասիրությունն արդեն պատրաստի վիճակում մատուցվում է միապետի իշխանության հպատակներին: Անգլիայում և Ամերիկայում հայրենասիրությունը պատրաստի վիճակում քաղաքացիներին է մատուցվում թերթերով ու քաղաքականությամբ:
Նման թերթերով ու քաղաքականությամբ սարքված հայրենասերը լռելյայան ործկում է այն բանից, ինչը ներս են խծկել` այնուհանդերձ կուլ տալով դա և ուժերի ներածին չափով ճիգ գործադրելով պահել այն ստամոքսում: Ցնորամիտ մեղմաբարոներ:
Երբեմն ինչ- որ մի խեղճ, անիմաստ քաղաքական վայրիվերո փոփոխությունների սկզբում նա սաստիկ ցանկանում է վրդովվել, սակայն այդ բանը չի անում. նա այդքան հիմար չէ: Նա գիտի, որ դրա համար իրեն կմերկացնի նա, ով իրեն սարքել է. նա, ով սարքել է իր հայրենասիրությունը` անհետևողական, սանձարձակ կրտսեր խմբագիրը այն գավառական թերթոնի, որը նա կարդում է: Ու այդ վեցդոլարանոց կրտսեր խմբագիրը մամուլի կեղտով կզրպարտի իրեն և դավաճան կանվանի: Իսկ դա ախր ահավոր է: Եվ հայրենասերը դողալով, վախով պոչն իրեն է քաշում: Մենք գիտենք (դա քաջ հայտնի է), թե ինչպես երկու-երեք տարի առաջ ինը տասնյակ մարդկային պոչեր Անգլիայում և Ամերիկայում հենց այդպիսի ժեստ արեցին: Այլ կերպ ասած`ինը տասնյակ հայրենասերներ Անգլիայում և Ամերիկայում դավաճաններ դարձան այն վախից, թե իրենց դավաճան կկոչեն: Մի՞թե ճիշտ չէ: Զվարչալի է, չէ՞:
Թեև ասեն, ոչ ոք դրա մեջ ամոթալի ոչինչ չի տեսել: Մարդը միայն հազվադեպ, միայն չափազանց հազվադեպ է հաջողությամբ պայքարում այն բանի դեմ, ինչը իրեն թելադրվել է քարոզչության կողմից. չափից ավելի անհավասար են ուժերը: Երկար տարիներ շարունակ, եթե ոչ միշտ, Անգլիայում և Ամերիկայում քարոզչությունը անընդհատ զրկել է մարդուն անկախ քաղաքական մտքի իրավունքից և սվիններով է դիմավորել այնպիսի հայրենասիրությունը, որ հիմնված է իր սեփական դրույթների, դատողությունների, փաստարկների վրա, հայրենասիրություն, որը պատվով է անցել նրա խղճի հնոցով: Եվ ի՞նչ: Արդյունքում հայրենասիրությունը դարձել է ոչ ավել, քան չգործածված ապրանքը` երկրորդ ձեռքից ստացված: Հայրենասերը չգիտեր` երբ և որտեղից է վերցրել իր հայացքները, ասենք դա նրան չէր էլ դիպչում, քանզի շուտով նա նրանց հետ էր, ովքեր, իր կարծիքով, մեծամասնություն էին կազմում, զի միայն դա է կարևորը, հուսալին, հարմարը: Եթե դուք, ընթերցող, ենթադրում եք, որ ձեր ծանոթների շրջանում կգտնվեն գոնե երեքը, որոնք իսկապես ունեն որոշակի փաստարկներ դավանելու հայրենասիրությանը հատկապես իրենց օգտին, և նրանք կարող են դրանք ձեզ ասել, ապա դուք մոլորված եք: Ավելի շուտ, դուք կհայտնաբերեք, որ ձեր ծանոթները ստացել են հայրենասիրության իրենց օրապահիկը ընդհանուր կերակրամանից և այդ «կերի» պատրաստմանը մասնակցություն չեն ունեցել:
Քարոզչությունը ընդունակ է հրաշքներ գործել: Նա դրդեց ամերիկացիներին հակադրվել Մեքսիկական պատերազմին, հետո դրդեց նրանց` համաձայնել այն բանի հետ, ինչը եղել է իրենց կարծիքով, մեծամասնության կարծիքը (մեծամասնության հայրենասիրությունը սովորական հայրենասիրություն է), և մեկնել կռվելու այնպես, ասես ոչինչ չի եղել: Մինչև Քաղաքացիական պատերազմը դա ստիպեց Հյուսիսին հաշտվել ստրկատիրության հետ և կարեկցանքով վերաբերվել ստրկատերեի շահերին: Նրանց շահերից ելնելով` դա ստիպեց Մասսաչուսեթսին ֆեդերալ դրոշի ներքո օպոզիցիոն դիրք բռնել: Ու տեսնելով նրանց վրա պառակտիչների դրոշը` Մասսաչուսեթսը հրաժարվեց այն ամրացնել իր կապիտոլիայի շենքին: Իսկ հետո հետզհետե քարոզչությունն այս նահանգում այլ կողմի վրա թեքվածք տվեց, և մասսաչուսեթցիները ատելությամբ սլացան դեպի Հարավ, որպեսզի կռվեն այն նույն դրոշի ներքո, որը նախկինում դեմ էր իրենց իսկ շահերին:
Քարոզչությունը կարող է ամեն ինչ: Նրա իշխանության ներքո է յուրաքանչյուր թռիչք և յուրաքանչյուր անկում: Անբարոյականը նա վերածում է բարոյականի, իսկ բարոյականը կարող է հայտարարել անբարոյական: Նա կարող է ավերել սկզբունքները և վերաստեղծել դրանք, կարող է հրեշտակներին ցածրացնելով հասցնել հասարակ մահկանացուներին ու մահկանացուներից հրեշտակներ ստեղծել: Եվ այդ հրաշքներից յուրաքանչյուրը նա ձեզ համար կարող է արարել եղած-չեղածը մի տարում, նույնիսկ կես տարում:
Բայց եթե այդպես է, ապա նա նաև կարող է մարդկանց մեջ ստեղծել ինքնուրույն հայրենասիրություն ձևավորելու կարողություն, հասունացնել դա գլխում և սրտում, հիմնել սեփական, այլ ոչ թելադրված սկզբունքների վրա: Կարող է դաստիարակել մարդկանց այնպես, որ նրանք հայրենասեր չդառնան հրամանով, նման այն բանին, ինչպես ավստրիացիներն են դավանում իրենց կրոնին:

Թարգմ. Հ. Չարխչյան

%d bloggers like this: