ՋՈՐՋ ՄԱՅՔՍ

17 Փտր

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ամուսնությունը սիրուց միանգամայն տարբեր բան է: Դա լավ հաստատություն է, սակայն պետք է ավելացնեմ, որ շատ բան կախված է այն անձնավորությունից, ում հետ ամուսնանում եք:
Չկա առհասարակ լավ կին կամ լավ ամուսին. կա միայն լավ կին պարոն Այսինչի կամ լավ ամուսին` տիկին Այնինչի համար: Եթե դյուրահավատ ու դյուրախաբ մի կին ամուսնանա հիվանդագին ստախոսի հետ, նրանք երջանիկ կապրեն մինչև իրենց կյանքի վերջը. մեկը ստեր ասելով, մյուսը հավատալով: Այն տղամարդը, որը չի կարող ապրել առանց իր նկատմամբ մշտական հիացմունքի, պիտի ամուսնանա «Աստված իմ, դու հրաշք ես» տիպի կնոջ հետ: Իսկ այն տղամարդը, որը դժվարանում է որոշումներ կայացնել, ճիշտ կանի, եթե ամուսնանա բռնապետուհու հետ: Ամուսնության մեջ մեկ բռնապետ կարող է բարգավաճել. երկուսը շատ են:
Դեպի ամուսնական երջանկություն տանող ճանապարհը ոչ ոքի առաջ փակ չէ: Ամբողջը ընտրության խնդիր է: Պետք է ոչ թե կատարելություն որոնել, այլ մի խիստ անկատար կեսի պակասող կեսը:
Եթե մեկը սառնարան է գնում, նրա մտքով բնավ չի անցնում, թե դա վատ սառնարան է, որովհետև դրանով ձայնասկավառակ նվագել հնարավոր չէ. ոչ էլ որևէ մեկը կմեղադրի իր գլխարկին` որպես ծաղկաման հարմար չլինելու մեջ: Այնինչ բազմաթիվ տղամարդիկ, ովքեր շատ են սիրում իրենց ստամոքսը, ամուսնանում են իրենց խոհարարի կամ որևէ խոհարարի հետ և հետո նրան մեղադրում Ժորժ Սանդի փայլուն խելքն ու սրամտությունը չունենալու մեջ: Կամ` մի մարդ կարող է մտահոգված լինել իր կնոջ գեղեցկությունն ու նրբագեղությունը ցուցադրելով, ամուսնանալ մանեքենուհու հետ և զարմանալ` վեց ամիս անց պարզելով, որ իր կինը հավասարակշռված հայացքներ չունի միջազգային դրության վերաբերյալ: Մեկ ուրիշն ամուսնանում է մի աղջկա հետ միմիայն ու բացառապես նրա համար, որ նա տասնյոթ տարեկան է, և շատ է զարմանում տասնհինգ տարի անց` հայտնաբերելով, որ նա այլևս տասնյոթ տարեկան չէ: Կամ դարձյալ, եթե դուք ամուսնանում եք գիրք կրծողի հետ, որն ամեն ինչ գիտի ոսկու ստանդարտի, մոլորակային շարժման վերաբերյալ Պրաքսիտելեսի և Կեպլերի օրենքների մասին, չպետք է նրան մեղադրել փոքր-ինչ պակաս գեղեցիկ լինելու և պակաս կրակոտ խառնվածք ունենալու մեջ, քան Մերիլին Մոնրոն: Եվ եթե կանայք ամուսնանում են տիտղոսի կամ դրամատան հաշվի հետ, ապա չպետք է մեղադրեն իրենց ամուսիններին` Էրոլ Ֆլինի տիպի ռոմանտիկ հերոսներ չլինելու համար:
Հարկավոր է գիտենալ, թե ինչ եք գնում: Եվ քանի դեռ սառնարանով ձայնապնակներ չեք նվագում և քրիզանթեմի փնջեր չեք դնում ձեր գլխարկի մեջ, ունեք կարծեցյալ երջանկության հասնելու խելամիտ հնարավորություն:

Թարգմ. Շուշանիկ Ավագյան

One Response to “ՋՈՐՋ ՄԱՅՔՍ”

  1. Շուշանիկ Ա. Ավագյան 7 Մարտի, 2012 at 1:06 ա. #

    Ի՜նչ հաճելի անկանկալ։ Պարզվում է՝ Ջորջի ազգանունը տառադարձվում է Միկեշ, վասնզի հունգարացի է մեր սրամիտ եղբայրը։ Կարո՞ղ ես փոխել հանուն 20 տարուց ավելի ուշացրածս արդարության։ ՇԱԱ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s