Պահոց | 4:57 ե.

ԵՐԵԿՎԱ ՈՒ ՎԱՂՎԱ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

15 Փտր

Հայոց ցեղասպանությունը փաստող հազարավոր վավերագրերի մեջ ես մշտապես պիտի առանձնացնեմ աշակերտական տետրի խունացած թերթերի վրա գրված այն տասը էջերը, որնք պահվում են մեր տանը մասունք պահելու երկյուղածությամբ: Դրանք իմ մեծ պապի` Սիմոն Չարխչյանի ձեռքով գրված թերթերն են: Վանի նահանգի Խոշաբ գավառի Զեյնիս գյուղից Արևելյան Հայաստան տեղափոխված պապիս ընտանիքը պիտի ի վերջո դադար առներ Արարատների հովանու տակ, հիմներ այն գյուղը, որն այսօր Վանաշեն է կոչվում (իսկ դարասկզբին դեռ Թայթան օտարահունչ անունն ուներ), ու պիտի հույսից առավել հավատ ունենար, որ դեռ կգա այն օրը, երբ ինքն իր զավակների հետ կրկին տուն կդառնա` Վանա լճի ափերին մոտիկ իր Զեյնիս գյուղը, որովհետև ով է մարդ արարածն առանց իր երկրի, և ինչ է կյանքն առանց հայրենի հողի…
Մեծ պապիս հավատը երազանք մնաց: Իսկ փոխարենը եղավ բոլորովին ուրիշ մի պատմություն, որ ժառանգվեց իր թոռներին ու ծոռներին տասը խունացած էջերի լեզվով…
…1933 թվի աշնանային մի օր Թայթան գյուղի հասարակության ժողովում, «ժողովուրդների հոր» մեծադիր նկարի ներքո գլխահակ կանգնել էր 65-ամյա իմ մեծ պապը, իսկ դահլիճից Ջալիլ անունով մի թուրք կուրծք էր ծեծում ու կոկորդ պատռում` հավաքվածներին համոզելով, որ Սիմոն Չարխչյանը ժողովրդի թշնամի է ու դաշնակ, քանի որ հանդգնել է Մեծ Եղեռնի օրերին զենք բարձրացնել «անմեղ» ու «աշխատավոր» թուրք ժողովրդի դեմ…
Ծեր, հոգնած ու հուսահատ վանեցին, որ կյանքից առավել պատվախնդրության և հպարտության կորստի համար պիտի դառնանար, այդ գիշեր գրեց դեգերումների ու մաքառումի իր պատմությունը: Գրեց ոչ այնքան փրկության համար, որքան վտարված Ճշմարտությունը դարձի բերելու, իր զավակների ու խղճի առաջ ազնիվ լինելու անկեղծ մղումով:
Չէ, մեծ պապս չի եղել ոչ դաշնակ ու ոչ էլ հայդուկապետ: «… Ես բնիկ վանեցի եմ: Սովորել եմ Վան քաղաքին մոտիկ Վարագա վանքի դպրոցում: Ուսումս ավարտելուց հետո վերադարձել եմ իմ հայրենի գյուղ, որտեղ իմ զբաղմունքը եղել է հողագործությունը… Եվ ապրել եմ այդպես մինչև համաեվրոպական պատերազմը»,- պատմում էր նա:
Իսկ հետո եկավ մեծ արհավիրքը: Թուքերի ամենօրյա հարձակումներից ավերված գյուղի բնակիչների վերջին խմբերը ետ են քաշվում Վան և միանում քաղաքի հերոսական պաշտպանությանը: Մեծ պապս, զենքը ձեռքին, նախ պարիսպների վրա էր, իսկ հետո, երբ նահանջի հրամանն է հնչում` 25- հազարանոց գաղթականության անվերջանալի երթը հսկող կամավորականների թվում: «…Ասացեք, խնդրեմ, ինչո՞վ եմ ես մեղավոր, որ ինձ այսօր դաշնակ են անվանում: Չէ որ 25- հազարանոց զինված ժողովուրդը կռվում էր իրեն կոտորողի դեմ: Այո, մենք կռվում էինք, այնտեղ գոյության կռիվ էր, անողոք թշնամին հետապնդում էր մեզ: Այո, կոլխոզնիկ հայ ընկերներից շատերն էին կռվում այնտեղ: Մի՞թե նրանք բոլորը դաշնակներ էին…»:
Նահանջի դժվար ու երկար ճանապարհն անվերջ ուղեկցվում էր թուրք և քուրդ հրոսակախմբերի հարձակումներով: Անցնող խմբերը բաց դաշտերի մեջ թողնում էին վերքերից, քաղցից ու հալածանքից զոհվածների անհաշիվ մարմիններ: Մեծ կորուսների ու արյունաքամ մարտերի գնով նրանք Վանից անցնում են Սալմաստ, ապա Համադան, որտեղ ի վերջո հանդիպում են անգլիացիներին: Սրանք զինաթափում են բոլորին, և գաղթականներին տեղափոխում են Բաղդադից քիչ հեռու գտնվող Բաքուբայի անապատը, որտեղ արդեն հավաքվել էին կորուսյալ երկրի տարբեր անկյուններից գաղթած շուրջ 50 հազար փախստականներ:
Մեծ պապս նրանց թվում էր, ովքեր փախստականների ճամբարում հիմնում են «Տարագիր» կոմիտեն: Բացում են դպրոց ու որբանոց, ձևավորում են դատական հանձնաժողով: Այդ հանձնաժողովին անդամակցում է նաև ուսյալ Ս. Չարխչյանը: Նա ինչ իմանար, որ տարիներ անց իրեն պիտի մեղադրեն նաև դրա համար, թե իբր ծառայել է… ցարին, դատավոր է եղել: «… Այդ հանձնաժողովի կազմում ժողովրդի քվեարկությամբ ընտրվել եմ նաև ես, որի համար այսօր ինձ անվանում են ցարական «սուդիա»: Ես ցարի ժամանակ երբեք ցարի երկիր չեմ մտել, հապա ինչպե՞ս կլինի, որ մի թուրք տղա կարողանա գիտենալ, թե ես Տաճկաստանում ինչ եմ եղել…»,- զարմանում էր իմ միամիտ մեծ պապը:
Օտարության մեջ մեծ գերդաստանի վերջին մոհիկաններն ապրեցին մինչև 1921 թիվը: Ապրեցին` ցավը հոգիների մեջ, առավել դժբախտ, քան մեռածները: Վերջապես մի օր շատերի հետ մեկտեղ նրանց էլ ծովով տեղափոխեցին Բաթում, իսկ այնտեղից էլ` Հայաստան:
Գուցե նաև պատմեմ, թե ինչ եղավ հետո` 1933-ի այն չարաբաստիկ օրը: Նախ, եղավ անհավատալին: Երբ քվեարկության դրվեց Սիմոն Չարխչյանին կոլտնտեսությունից վտարելու հարցը, կողմ քվեարկեց ընդամենը… 5 հոգի` ժողովի նախագահության կազմը: Ձեռնպահ մնաց ամբողջ դահլիճը` շուրջ 100 մարդ… Բայց նույնիսկ դա էլ փրկություն չդարձավ…
Սա պատմություն է մի մարդու մասին: Հարյուր հազարավորներից` ընդամենը մեկի: Ուրեմն, դեռ կան անթիվ ու անթիվ այլ պատմություններ, որ հնչելու են իբրև արյան կանչ ու մնալու են ժամանակների հիշողության մեջ:
Անընդգրկելի կորուստների առաջ երբեմն այլևս ոչինչ չի մնում, քան մխիթարվել մնացյալ հույսով և իրողությամբ: Աշխարհի վրա կա հեռու մի վայր, որն իմ պապերի ծննդավայրն է: Ուրեմն նաև իմ երեկվա, այսօրվա և վաղվա հայրենիքը: Բայց կա նաև հեռավոր Վանի հուշերն արթնացնող մի գյուղ` Վանաշեն, և այդ նոր գյուղում Սիմոն Չարխչյանի հին տոհմածառը նոր ճյուղեր է տվել: Շարունակում է ապրել: Ի հեճուկս ճակատագրի, ի տես բոլոր նրանց, ովքեր տառապանք ու մահ սերմանեցին այն հողում, որտեղ կենաց ծառն էր արմատներ նետել:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Մեզ վրա հույս չդնեք

15 Փտր

Այնպես է թվում, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի «լուռ դիվանագիտությունը» լիովին սպառել է իրեն և այժմ նա պատրաստվում է սահուն անցում կատարել նոր` «բարձրաձայն դիվանագիտությանը»: Թե ինչպիսի դրսևորումներ կունենա դա` ժամանակը ցույց կտա: Բայց այդ շարքի առաջին քայլի ականատեսը կարող ենք լինել արդեն այս տարվա մարտին: Հենց գարնանամուտի ձնհալի հետ է Գյուլը պատրաստվում հալեցնել նաև հայ-թուրքական հարաբերությունների սառույցը և իբրև դրա վկայություն նախատեսում է Հայաստանի իր գործընկեր Սերժ Սարգսյանից աջակցություն խնդրել՝ ԵԱՀԿ-ում թուրք գլխավոր քարտուղարի ընտրության հարցում: Այդ լավության համար Գյուլն, իհարկե, պարտքի տակ չի մնա: Նա այսօր էլ խոստանում է, որ գործարքի հաջողությունը բխում է նաև Հայաստանի շահերից, իսկ թուրքերից ավելի լավ բարեկամներ հայերը մերձակայքում ոչ ունեցել են, ոչ էլ երբևէ կունենան: Եվ ահա դրացի նախագահը վերցրել է թուղթն ու գրիչը ու նամակ է գրել առ Երևան, որում աջակցություն է խնդրում Հայաստանից՝ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի թուրք թեկնածուի օգտին քվեարկելու համար։ Նախատեսվում է, որ այդ զորավոր գիրը մարտին Հայաստան կբերի հենց ինքը` ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի թուրք թեկնածու, դեսպան Էրսին Էրչինը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ներկայիս գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի պաշտոնավարման ժամկետը մոտենում է իր ավատին: Նա կառույցը ղեկավարում էր 2005 թվականից: ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը նշանակվում է Նախարարների խորհրդի կողմից 3 տարի ժամկետով, և 2008 թ. Բրիշամբոն վերընտրվեց երկրորդ ժամկետով: Սակայն ըստ կանոնակարգի, նույն անձը չի կարող երկու ժամկետից ավելի զբաղեցնել այդ պաշտոնը: Ու հիմա վրա է հասել աթոռը զիջելու ժամանակը: Ներկա պահին քարտուղարի պաշտոնի համար, բացի թուրք թեկնածուից, առաջադրվել են ևս 3-ը՝ Ավստրիայի նախկին արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկը, պորտուգալացի նախկին խորհրդարանական Ժոաո Սուարեշը և իտալացի Լամբերտո Ձանիերը։ Նրանց նախընտրական արշավը մեկնարկեց երեկ:
Ինչ վերաբերում է Անկարայի պաշտպանությունը վայելող հավակնորդին, ապա Էրսին Էրչինի մասին կարող ենք ասել, որ նա Բրազիլիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանն է, Եվրոպայի անվտանգության հարցերով Գյուլի խորհրդականը: Վերջինս 30 տարիների ընթացքում ակտիվորեն զբաղվել է դիվանագիտությամբ՝ Թուրքիան ներկայացնելով ՄԱԿ-ում և ՆԱՏՕ-ում: Որպես թեկնածու նրա անունն առաջին անգամ հիշատակվեց դեռևս նախորդ տարվա նոյեմբերին, ու հենց այդ պահից էլ Թուրքիան մեկնարկ տվել իր հոգեզավակի գովազդային արշավին` այդ նպատակի համար օգտագործելով նույնիսկ դեկտեմբերին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի ամբիոնը: Գյուլն այնտեղ ներկաներին հավաստիացրեց, թե Էրչինը բավականին մեծ աշխատանք է կատարել միջազգային բազմաթիվ գագաթաժողովներում ու համաժողովներում և լիովին պատրաստ է ստանձնելու գլխավոր քարտուղարի պարտականությունները:
Թուրքիայի նախագահի թիկունքի ետևում դեսպան Էրչինն իրեն լիովին ինքնավստահ ու անկաշկանդ է զգում: Նախապատրաստվելով դեպի Հայաստան առաջիկա լուրջ առաքելությանը, որը նույնն է, թե իր անձը բարեխոսելու անհամեստ քայլ կատարելը, դեռ չկայացած ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը արդեն իսկ դերի մեջ է մտել ու ժամանակից շուտ շրջահայացության դասեր է տալիս Հայաստանին: Թուրք լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ նա նշել է, թե Գյուլի նամակն ամենալավ ժեստն է՝ հասցեագրված հայերին ու հարկ է, որ նրանք դա գնահատեն հավուր պատշաճի: «Հայաստանի նախագահին ուղղված նամակի մեջ գրված է լինելու, որ Թուրքիան ԵԱՀԿ-ում լրիվ անկողմնակալ է լինելու, և ոչ մի գլխավոր քարտուղար Թուրքիայի պես անկողմնակալ չի կարող լինել»,-ասել է թուրք դեսպանը՝ հավանաբար անկեղծորեն հավատալով, թե հարևան երկրում կգտնի իր խոսքերին վստահություն ընծայող որևէ մեկին: Դրանից բացի Էրչինը մի դժվարին հոգս էլ է կրելու իր ուսերի վրա: Նա կարծում է, որ իր այցելությունն առիթ կլինի երկու երկրների միջև հոգեբանական կամուրջներ ստեղծելու համար։ Հավանաբար մոռացության տված այն փաստը, որ ընդամենը ամիսներ առաջ Հայաստանի ուզածը ոչ թե վերացական, հոգեբանական, այլ սովորական, ափից ափ անցնող բաց կամուրջների առկայությունն էր, ինչը մերժվեց թուրքերի կողմից, Գյուլի հատուկ բանագնացը հանգիստ շարունակում է իր քարոզարշավը` հայ ընտրողներին ներկայացնելով ծրագրի հաջորդ դրույթը. «ԵԱՀԿ քարտուղարությունում հայեր չկան։ Ես նրանց ձայները լսող գլխավոր քարտուղար կլինեմ։ Թուրք գլխավոր քարտուղարի առկայությունը կբխի Հայաստանի շահերից։ Եթե ես լինեի հայ կամ հույն, թուրքին այո կասեի»,-ասում է Էրչինը՝ շեշտելով, թե ինքը նույն հարցով մեկնելու է նաև Կիպրոս։
Հայաստանն ու Կիպրոսը Անկարայի ճանապարհին ընկած ծանր քարեր են: Բայց ոչ միայն այս զույգը: Տեղեկություններ կան այն մասին, որ ոչ Ռուսաստան, ոչ էլ ընդհանրապես ԵՄ-ն շահագրգռված չեն այդպիսի ընտրությամբ: Ազդեցիկ ուժերից թերևս միայն ԱՄՆ-ն է, որ թուրք թեկնածուին դրական է վերաբերվում։
Խոսելով պաշտոնական Երևանի հնարավոր պատասխանի մասին, արդեն իսկ կարելի է փաստել, որ, համաձայն դիվանագիտական աղբյուրների, թուրքերը քանիցս դիմել են հայկական կողմին թուրք թեկնածուի աջակցման համար, սակայն նրանց հստակ պատասխանվել է, թե նման տարբերակը բացառվում է: «Երևանի համար ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցչին սատարելն անհնար է: Աջակցությունը ցուցաբերվում է բարեկամական երկրին, իսկ Թուրքիան բարեկամական չէ»,- վստահեցնում է նույն աղբյուրը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի առաջիկա ընտրություններին, որոնք տեղի կունենան այս տարվա գարնանը, թուրքական Haberturk թերթի տեղեկություններով, կազմակերպությանն անդամակցող 52 երկրներից 25-ը Գյուլին խոստացել են, որ կաջակցեն Էրչինին: Սա այնքան էլ վատ ցուցանիշ չէ սկզբի համար, եթե, իհարկե, պահպանի աճի, այլ ոչ թե նվազման տեմպերը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՌՈՄԵՆ ՌՈԼԱՆ

15 Փտր

Դահիճների նկատմամբ խղճահարությունը վերածվում է դաժանության` զոհերի նկատմամբ: Ով ինչպես հարկն է չի ատում չարիքը, նա ինչպես հարկն է չի սիրում բարին: Իսկ բարությունը գիտություն չէ, այն գործողություն է: Հարկավոր է համարձակություն ունենալ փրկելու մարդկանց` հակառակ հենց իրենց: Ամեն մի խիզախ, ամեն մի ճշմարտասեր մարդ պատիվ է բերում իր հայրենիքին: Մտքի ազնվությունը նրանում է, որ չնահանջես ճշմարտության առջև, այլ ձգտես դեպի նա, ինչ գնով էլ ուզում է լինի գտնես նրան, խորշես թեթև, հարմար, կիսատ-պռատ որոշումներից, ստորացուցիչ կեղծիքներից: Համարձակություն ունենալ ինքնուրույն որոնել, դատել ու վճռել: Համարձակություն ունենալ ինքնուրույն մտածել: Մարդ լինել:
Ոչ մի բան ավարտված չէ նրա համար, ով ողջ է: Չկա այնպիսի մշուշ, որից ելք չլինի: Գլխավորն է` դիմանալ և առաջ գնալ: Հարկավոր է, որպեսզի մարդը հասկանա, որ նա աշխարհի արարիչն ու տերն է, որ նրա վրա է ընկած պատասխանատվությունը հողագնդի բոլոր դժբախտությունների համար և որ նրան էլ պատկանում է փառքը կյանքում եղած բոլոր լավ բաների համար: Անձնական բարօրության մասին հոգ տանելը լիովին բնական է, և չի կարելի այն հաշվից հանել: Բայց եթե հոգաս միայն դրա մասին` արհամարհելով հասարակական բարօրությունը և ամբողջ մարդկային հասարակության պաշտպանությունը, ապա կյանքը կդառնա ամոթալի, խղճուկ և, ուղղակի կասեմ, նողկալի: Պատիվ` ահա իսկական գեղեցկությունը:

ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ

15 Փտր

Երեկ…

Երբ բոլորդ լուռ էիք

Ես մեն-մենակ

Ասացի` «Մենք»

Այսօր բոլորդ ասում եք` մենք

Բայց ես չգիտեմ ինչու

Նորից մեն-մենակ եմ

Ինչպես երեկ