Պահոց | 3:44 ե.

ԼԵՎՈՆ ՇԱՆԹ

13 Փտր

Ով ջարդված է, բնականաբար, կքաշվի մեջտեղեն, ով հոգնած է, կնստի, բայց ատով ոչինչ չի փոխվի: Եվ քաշվողներուն տեղը կուգան նորերը, մեկ նստողին տեղը ոտքի կելլեն ուրիշները: Եվ եթե այսօր մենք բոլորս ալ քաշվինք ասպարեզեն, վաղը հրապարակ կուգա նոր սերունդը հին դրոշակը բարձր պահած իր ձեռքին, որովհետև անիկա ալ ապրիլ պիտի ուզե իր ազգային կյանքովը: Վերջապես պետք է հասկնանք, որ ինքն իր տեղը ըլլալու և իր տիրապետության հասնելու պահանջը իմ ու քու հնարած խաղը չէ, ոչ մեզմով է սկսած և ոչ մեզմով կվերջանա:
Ազգը ապրող օրգանիզմ մըն է, որ քանի կենդանի է, ուզե-չուզե, ենթարկվի պիտի իր գոյության օրենքներուն: Եվ այս օրենքներուն ամենեն առաջինը իր լրիվ գոյությունը ունենալու, իր բոլոր ֆունկսիոններու տերը ըլլալու պահանջն է: Ամեն հիվանդ օրգանիզմի առաջին ձգտումը առողջանալն է, այսինքն` վերստին ձեռք բերել իր բոլոր օրգաններու ազատ ու առողջ գործածությունը, որոնցմե զրկված էր, և այդ պատճառով խանգարված, թուլացած ու տխեղծ էր դարձած ամբողջ օրգանիզմը:
Իր կամքեն ու պետականութենեն զրկված ժողովուրդ մը, ինչքան ժամանակ որ կապրի, միշտ պիտի ձգտի, անխուսափելի կերպով պիտի ձգտի իր կամքն ու իր ազատ պետությունը ձեռք բերելու: Կկարողանա, թե ոչ` ատիկա տարբեր հարց է, բայց որ պիտի տենչա ու ձգտի` ատոր տարակույս չկա:
Հենց որ դադրեցավ այդ պահանջը, հենց որ մեռավ անկախության ձգտումը, կնշանակե սկսված է ժողովուրդին հոգեվարքը: Իր ջիղերուն ու հոգիին մեջ կենսունակություն զգացող ժողովուրդ մը հրաժարել չի կրնար երբեք իր այդ ամենաբնական ձգտումեն:
Հայ ժողովուրդը, որ իր քսանյոթ դարերու գոյության ընթացքին իր կյանքին կեսը հպատակ է ապրած, միշտ ձգտեր է ձեռք բերելու իր թանկագին կորուստը, և կռիվ է մղեր աշխարհիս ամենեն հզոր բռնապետություններուն դեմ` հասնելու համար կամ պահելու համար իր անկախությունը…
… Այո, կրնանք, կրնա պատահիլ: Կռվի մեջ նետվողը և կվիրավորվի, և կրնա մեռնիլ: Բայց մեռնելեն վախեցող ժողովուրդը ոչ կրնա ապրիլ ու դիմանալ, ոչ ալ իրավունք ունի ապրելու, իբրև ուրույն գոյություն, իբրև ջոկ անհատականություն: Եվ իր վախովը ան չազատիր մեռնելե. միայն կմեռնի քաշքշվելով, հյուծվելով, արհամարհվելով ու ոտքի տակ երթալով:
Ինչի՞ է նման ամեն արժանիքե զուրկ ու ստորին ազգային գոյություն մը: Արդի ու անցյալ մեր բոլոր հալածանքը, մեր բոլոր տառապանքը, մեր մարդկային արժանապատվության այս բոլոր ոտնահարումը, անազատ կյանքի այս բոլոր լեղին եթե մենք կխմենք, կխմենք միայն մեկ նպատակով, որ դիմադրենք, մաքառինք, հանձն առնենք ամեն ինչ, մինչև որ ոտքի հանենք նորեն մեր ժողովուրդի լրիվ քաղաքակրթությունը, լրիվ ինքնուրույնությունը:
Իսկ եթե գոյություն պիտի չունենա այդ ձգտումը մեր հոգիներուն մեջ ու չպիտի վարե մեր շարժումները հանրային կյանքի մեջ, ի՞նչ արժեք ունի այլևս այս կիսատ ու քառորդ ազգային ցավագար գոյությունը, որ պահելու աշխատինք:

ՍՏԵՆԴԱԼ

13 Փտր

Հիրավի, կյանքի կեսը, և ընդ որում` գեղեցկագույն կեսը, գաղտնիք է մնում այն մարդու համար, ով չի սիրել կրքոտությամբ: Սերը միակ կիրքն է, որին վճարում են այն նույն դրամով, ինչպիսին ինքն է կտրում: Սերը սքանչելի ծաղիկ է, բայց քաջություն է պահանջվում անդնդի եզրին մոտենալու և այն պոկելու համար: Մի փոքր հույսն էլ բավական է սերը կյանքի կոչելու համար: Երկու-երեք օր հետո հույսը կարող է անհետանալ, և չնայած դրան` սերն արդեն ծնվել է: Սիրել` նշանակում է հաճույք ճաշակել, երբ դու զգացմունքների բոլոր օրգաններով տեսնում, շոշափում, զգում ես, և որքան հնարավոր է` ավելի մոտ տարածության վրա լինի այն էակը, որին դու սիրում ես և որը սիրում է քեզ: Սիրելով, ամենախելացի մարդը այլևս ոչ մի առարկա չի տեսնում այնպիսին, ինչպիսին նա իրականում է: Կինը` մեծ մասամբ սովորական, դառնում է անճանաչելի և վերածվում է բացառիկ էակի:
Բնական է կոչվում այն, ինչը չի շեղվում սովորական գործելակերպից: Ինքնին հասկանալի է, որ ոչ միայն երբեք չպետք է խաբել սիրած էակին, այլև նույնիսկ թեկուզ փոքր-ինչ գունազարդել կամ խեղաթյուրել ճշմարտության անաղարտությունը: Որքան ուժեղ է մարդու բնավորությունը, այնքան նա քիչ է հակված անհավատարմության` սիրո մեջ:

ՋՈՒԶԵՊՊԵ ՈՒՆԳԱՐԵՏՏԻ

13 Փտր

ՆԵՐԲՈՂ

Սեր իմ, ջահելության խորհրդանիշ,
վերադարձիր երկիր` զարդարելու մեզ,
տարածվիր օրվա մեջ,
տարածվիր լեռներում,
և մի վերջին անգամ
ինձ հիացրու:
Եղիր ուղեկից,
շարժվիր լույսի հետքով
և գտիր նրան, որ տատրակի պես
մոլորվել է թփերում:
Սեր իմ, հեռու, լուսավոր,
ինձ ճնշում են տարիները եկող:

Բաց թողնելով ձեռնափայտը
հավատարիմ,
առանց զղջալու
կսահեմ խավարի մեջ:

Մահ- ցամաք գետ…
Մահ- քույր մոռացկոտ,
մի պաղ համբույրով
ինձ կդարձնես երազ:
Կընծայես քայլվածքդ,
և կշարունակվեմ`
առանց հետք թողնելու:
Կընծայես անսասան մի սիրտ,
կդարձնես անմեղ,
և չեմ ունենա
ոչ բարություն, ոչ միտք:
Փակված ուղեղով
կուղեկցեմ բոլորին
մի անհոդաբաշխ
երջանկության մեջ:

%d bloggers like this: