Պահոց | 3:07 ե.

Երկու Մուբարաք

11 Փտր

Մեծ հիասթափություն էր սպասվում բոլոր նրանց, ովքեր երեկ ամբողջ օրը վստահեցնում էին, թե Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքն ի վերջո հրաժարական է տալու և ազգային հետուստատեսությամբ հնչելու է նրա վեջին խոսքը: Դեռևս հունվարի 25-ից ծայր առած եգիպտական հուզումների այդ շրջադարձային պահի մասին առաջին հայտարարությունն արվեց ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի կողմից: Այնուհետև նույն բովանդակությամբ հրապարակումներ տարածեցին մի քանի միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ: Երեկոյան Կահիրեի հեռուստատեսությամբ ուղերձով հանդես եկավ Եգիպտոսի զինուժի բարձրագույն Խորհրդի ներկայացուցիչը` հայտարարեով, թե բանակը որոշում է կայացրել իր ձեռքը վերցնել երկրում առաջացած ճգնաժամի հանգուցալուծման գործընթացը: «Եգիպտոսի բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները պաշտպանելու երկիրն ու աջակցելու համար ժողովրդի օրինական պահանջներին»,-ընթերցվեց եթերից, ու քանի որ բանակի հայտարարությունը վերնագրված էր «Կոմյունիկե թիվ 1», շատերի մոտ այն համոզմունքն արմատացավ, թե կատարվածը զինվորական հեղաշրջում էր, մինչդեռ Կահիրեի Թահրիր հրապարակում հավաքված բազմությունը ոգևորությամբ ընդունեց զինվորականների այդ դիմումը:
Սպասվում էր, որ Մուբարաքը ելույթ պիտի ունենար Երևանի ժամանակով ժամը 22.30-ին: Սակայն էկրանների առաջ հավաքվածները նրա փոխարեն տեսան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով դիմելով Եգիպտոսի ժողովրդին, ողջունեց նրանց ժողովրդավարական փոփոխությունների ձգտումը և կրկին նշեց, որ ԱՄՆ-ն կողմ է իշխանության խաղաղ փոխանցմանը: Այնուհետև էլ ավելի անսպասելի զարգացումներ տեղի ունեցան: Այս անգամ Եգիպտոսի վարչապետ Ահմեդ Շաֆիկը եթերից տեղեկացրեց այն մասին, որ Մուբարաքը շարունակում է կատարել նախագահի պարտականությունները, իսկ որոշում այն մասին, թե նա թողնելու է երկրի ղեկավարի պաշտոնը, չի ընդունվել: «Ամեն ինչ կարգին է: Նա շարունակում է վերահսկել իրավիճակը»,-հայտարարեց Շաֆիկը:
Ամեն ինչ իրականում այնքան էլ կարգին չէր: Հսկայածավալ ամբոխը, որի համբերության բաժակն արդեն լցվել էր, ամեն վայրկյան պատրաստ էր դառնալու նունքան անկառավարելի, որպիսին եղել էր նախորդ 17 օրերի ընթացքում:
Ի վերջո, Երևանի ժամանակով 00. 45 րոպեին հեռուստաէկրաններին հայտնվեց Մուբարաքը: 30 տարի շարունակ երկիրը միանձնյա ղեկավարած նախագահը ոչ երկիմաստ հայտարարեց, որ, իսկապես, չի պատրաստվում հրաժարական տալ, ու ժողովրդի պահանջներն ընդունելով հանդերձ իրեն տրված մանդատի շրջանակներում ամեն ինչ անելու է դրանք իրականցնելու համար: Նա խոստացավ չառաջադրվել սեպտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին, պատժել բոլոր նրանց, ովքեր հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ էին դարձել վերջին իրադարձությունների ընթացքում, երկրում վերացնել արտակարգ դրությունը, Սահմանադրության մեջ էական փոփոխություններ կատարել, ինչպես նաև նշեց, որ իր լիազորությունների մի մասը փոխանցելու է փոխնախագահ, նախկինում հատուկ ծառայությունների ղեկավար Օմար Սուլեյմանին: «Ես ինձ պատասխանատու եմ զգում այս երկրի ապագայի համար, և կմնամ իմ պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ չի իրականացվել իշխանության խաղաղ փոխանցումը ժողովրդավարական և արդար ընտրությունների միջոցով»,- ասաց նախագահը:
Մուբարաքի ելույթից հետո մարդիկ Թահրիր հրապարակում անմիջապես սկսեցին հակակառավարական կոչեր վանկարկել: Բոլորը ծայրահեղ կատաղության և հիասթափության մեջ էին: Ակնհայտ էր, որ ելույթն էլ ավելի էր խճճում իրավիճակը և ճանապարհ էր բացում անորոշության նոր փուլի համար: Նախ, այդպես էլ պարզ չդարձավ, թե նախագահը հատկապես ի՞նչ լիազորություններ էր պատրաստ փոխանցել և դա ինչի կհանգեցնի: Ոչ պակաս անսպասելի էր, որ Եգիպտոսի պետական հեռուստատեսությունն առաջին անգամ սկսեց ուղիղ եթերով ցուցադրել հրապարակում հավաքված ցուցարարներին: Խոսում էին հնարավոր լուրջ բախումների, առավոտյան աղոթքից հետո դեպի նախագահական պալատ շարժվելու, բանակի տարբեր թևերի միջև իբր հասունացող տարաձայնությունների ու այլնի մասին:
Պետք է ասել, որ ներկա պահին զարգացումների որևէ սցենար լիովին բացառել չի կարելի: Բայց մինչ կգծագրվի իրավիճակի հանգուցալուծումը, թերևս արժե մեկ անգամ ևս անդրադառնալ գլխավոր «մեղավորի»` նախագահ Հոսնի Մուբարաքի անձին:
Ավտորիտար ռեժիմի, սահմանափակ ազատությունների պայմաններում, երբ կոռուպցիան, գործազրկությունը, աղքատությունը երկրում հասել էր ահռելի չափերի ու ժողովուրդը փողոց է դուրս եկել «հաց, ազատություն և արժանապատվություն» կարգախոսով, հազիվ թե գտնվեն երկրի ղեկավարին արդարացնող համոզիչ փաստարկներ: Մուբարաքն արել է իր գործը, նա պիտի հեռանա:
Բայց կա մեկ այլ Մուբարաք ևս, ոչ այն ծաղրանկարը, որն այսօր ցուցապաստառների վրա է, այլ լուրջ, փորձառու, հավասարակշռված քաղաքական գործիչն ու դիվանագետը, ում շնորհիվ Եգիպտոսը վերածվեց տարածաշրջանի ամենաազդեցիկ, աշխարհիկ պետություններից մեկի: Մուբարաքն իր երկրում ոչ դրածո էր, ոչ իշխանությունը բռնի ուժով զավթած արյունարբու բռնապետ: Նա կռվել էր այդ երկրի համար, մասնակցել էր մի քանի պատերազմների, արժանապատվորեն անցել էր հասարակ զինվորից մինչև գեներալ փառավոր ճանապարհը: Ի տարբերություն շատ երկրների, նրան հաջողվեց Եգիպտոսը հեռու պահել իսլամական ֆունդամենտալիզմի ճանկերից, մի վտանգ, որի համար անհանգստությունը պահպանվում է առ այսօր: Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակ Եգիպտոսն է եղել հավասարակշռության պահպանման երաշխիքը, և այդ խնդրում Մուբարաքն անուրանալի ավանդ ունի:
Այս գիշերվա իր ելույթում Մուբարաքը փաստացի չմերժեց քաղաքացիների պահանջը. նա հանձնում է իշխանությունը խաղաղ, անարյուն ճանապարհով: Բանակը, որ կազմ ու պատրաստ կանգնած է մայրաքաղաքում արդեն մի քանի օր շարունակ, չի դարձել ճնշման ու պատժի գործիք նախագահի ձեռքին: Միայն թե երկրի ղեկավարը փոխանցման այդ գործընթացի սեփական տեսլականն ունի: Նա չի ցանկանում տեղի տալ արտաքին ճնշումների առաջ: Հրաշալի իմանալով հրապարակի վրա առկա քաղաքական ուժերի հնարավորությունները, կռահում է, որ Եգիպտոսը հաջորդ պահին կարող է գլորվել քաոսի խորխորատը: Ի վերջո, ինչ տեսանկյունից էլ դիտարկելու լինենք կացությունը, ոչ մի հեղափոխություն ոչ մի երկրի երջանկություն չի բերում, քանի որ նրա նպատակը իշխանափոխությունն է, բայց ոչ խնդիրների լուծումը: Այս ամենով հանդերձ Մուբարաքը գերազանց հասկանում է, որ կյանքն այլևս չի կարող վերադառնալ նախկին կետին: Մարդկանց գիտակցության մեջ տեղաշարժերն արդեն իսկ ակնհայտ են։ Եվ մնում է արժանապատվորեն հեռանալու ճանապարհը:
«Եգիպտոսն այն վայրն է, որտեղ ես ծնվել եմ: Թող Եգիպտոսն էլ լինի այն տեղը, որտեղ կմեռնեմ»,- ասաց Մուբարաքը: Սրանք համարձակ մարդու խոսքեր էին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: