ԷԴՄՈՆ ԺԱԲԵՍ

10 Փտր

Մի վստահիր նրանց, ով հռետորություն է անում ամբոխի առաջ` նրանց, ովքեր, խոսքը տեղ հասցնելու համար, համախոհների ամբոխի կարիք ունեն:
Նրանք քեզ դեմքով երբեք չեն ճանաչի:
Նրանք մեկեն իրենց տարեգրքերից ջնջում են քո տաղտկալի անունը՝
Գրչի մի շարժումով:
Արտահայտել մեզ պետք է մեն-միակը, սակայն որքան խոչընդոտներ, որպեսզի դա հաջողվի:
«Մի ափի երազանքը` մյուս ափն է»,- ասում էր նա:

* * *
— Ուսուցիչ,- դիմեց աշակերտը,- ես հանդուգն հարց ունեմ: Այդ պատճառով ամաչում եմ հարցնել: Ի՞նչ է իմաստունը:
— Իմաստունը նա է, ով վստահ է: Ոչինչը բովանդակում է Ամենայնը, ընդ որում, հարցապնդելով:
Նա է անհույս տգետ, ով չի գիտակցել այդ Ոչնչի պատրանքայնությունը:
Որպեսզի, օրինակ, պատկերացում կազմես ավազահատիկի մասին, դու պետք է նախևառաջ զննես մնացյալ ավազահատիկները, որոնցից այն չի զանազանվի` փորձել ընդգրկել ամբողջը` մի բուռ է` միակը առևանգելու ունայն ջանքով:
Ինչ հզոր է Ոչինչը, երբ պարզապես կենում է հանգստության մեջ:
Մենք հավիտյան չենք կարող անցնել արտահայտելիի դեգերող սահմանները:
Թշնամանքը աշխարհի և այլ մեկի հանդեպ, արդյո՞ք խավարի թանձրուկը չէ, որ խուլ է լույսի մշտատև կոչի հանդեպ:
«Ծիծաղելի փայտե սուսերիկը՝ ընդդեմ մենամարտի սրված դաշույնի»:

* * *
Ողջ կյանքը նրանք սպասում էին, այդ պատճառով չհասցրին ճանաչել իրենք իրենց:
Լավագույն դաշնակիցը նա է, ով, դեռևս քեզ մոտենալիս, արդեն լսում է սեփական քայլերում քոնի արձագանքները:
«Անընդհատ հեռանալով, դու ինձ ավելի ու ավելի ես մոտեցնում հենց ինձ»,- գրում էր մի իմաստուն:
«Մեզ հարազատացնում է թափառումը»:
Մտածելով ուրվագծել հորիզոնը, դու ծուղակ ես ստեղծում:
«Եթե նա քեզ հետ խոսում է ճշմարտության մասին, խոսքը տար գետի ջրի կողմը: Եթե նա խոսի գետի ջրի մասին, հարցրու, որտեղ է նա լողացել: Եթե նա ասի, թե որտեղ է լողացել, հարցրու, թե ինչ գույնի էր ջուրը: Եթե նա քեզ ասի ջրի գույնը, կեզրակացնես, որ նա միշտ հիմնվել է բացարձակի վրա, և կհասկանաս, թե ինչու էր քեզ ողջ կյանքում կրծում կասկածը»,- գրում էր իմաստունը:
Եվ այնուհետև` «Ճշմարտությունը Աստծո ձայնն է` հանդերձավորված ճշմարիտով և կասկածներով բոլորված»:
Արժե՞ արդյոք մահվանը պաղատել գթության համար, եթե մենք նախօրոք գիտենք, որ նրան չենք հանդիպելու:
«Մենք անբաժան ենք, քանզի խեղված ենք:
«Կնշանակի, մենք միայն մի ընտրություն ունենք` փոխվել կամ միավորվել»,- ասում էր նա:
Ընտրելը` իմ իրավունքն է:

Թարգմ. Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s