ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

9 Փտր

ԱՄՊԵՐԻ ՄԵՋ ՍԱՎԱՌՆՈՂ ՎԱՐՉԱՊԵՏ, ՆԵՐՔԵՎ ԻՋԻՐ

Մեր զրուցակիցն է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը

— Պարոն Չարխչյան, Ձեր բլոգում գրեթե ամեն օր համաշխարհային գրականության հայտնի դեմքերի հայտնի և անհայտ մտքերն ենք կարդում: Գալով մեզ, ըստ Ձեզ, այսօր մենք ժամանակակից գրականություն ունե՞նք: Մենք գիտենք, որ Հայաստանը գրքի մայրաքաղաք է հռչակվել 2011-ին, արժանի՞ ենք դրան առհասարակ:

— Համաշխարհային մայրաքաղաք լինելը դեռևս այն փաստարկը չէ, թե երկիրն արժանի է այդ պատվին: Սակայն այդ իրադարձությունը կարող է լավ ազդակ դառնալ այն բանի համար, որ ի վերջո գրականությունը և գրավոր միտքը հայտնվի անհրաժեշտ ուշադրության ու հոգատար վերաբերմունքի ներքո: Չի կարելի անվերջ խոսել մեր դարավոր ժառանգության մասին և բացարձակապես ոչինչ չանել ներկայի համար: Անցյալի հետ շարունակական կապի խզումը իր ներսում մեծ վտանգներ է պարունակում, սակայն այդ վտանգը տեսանելի կարող է լինել միայն նրանց համար, ովքեր գիտեն, թե ինչ բան է գիրն ու գրականությունը: Ցավոք, այսօր երկրի վերնախավը ոչ միայն անտարբեր է, այլ նույնիսկ մի տեսակ արգահատանք է տածում ամեն կարգի մտավոր հարստության հանդեպ:

— Ըստ Ձեզ` նման վերաբերմունքն ինչի՞ արդյունք է: Պետությունն առհասարակ այս գործում ի՞նչ մասնակցություն պետք է ունենա:

— Վերաբերմունքը նախևառաջ արժեքային համակարգում վերջին տարիներին տեղի ունեցած ահավոր աղճատումների հետևանք է: Մարդկանց համար ավելի թանկ է ստամոքսի ու գրպանի պարունակությունը, քան այն, ինչ կարող էր լինել նրանց հոգիներում ու գլխում: Մոտ օրերս մենք մի խմբով պատրաստվում ենք գրականություն տանել Տավուշի մարզի սահմանային գյուղերից մեկը, որտեղ վերջին 20 տարիների ընթացքում ոչ մի նոր տպագիր բան մուտք չի գործել: Ահա սա է այն Հայաստանի ճշմարիտ պատկերը, որը պատրաստվում է տեր դառնալ մշակույթի մայրաքաղաք ունենալու կոչմանը: Պետության աջակցությունը պիտի լինի ամենաուղղակի ձևով: Բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում մշակույթը մշտապես եղել է պետության հոգածության առարկան: Մշակույթը ո՛չ խանութ է և ո՛չ էլ արտադրամաս, որ եկամուտ բերի: Սա աքսիոմա է, ու ապացուցման կարիք այլևս չի զգում: Նա, ով դա դեռ չի հասկացել` տհասության խորագույն ախտով է տառապում:

— Դե, մեզանում մշակույթն անկարևոր ոլորտ է դիտարկվում, դրա համար էլ տվել են կնոջ ձեռքը ղեկավարելու, այլապես իրենք կղեկավարեին, կամ գուցե սա հատո՞ւկ քաղաքականություն է, անմշակույթ քաղաքականություն, արդյունքում` դարձնել զոմբի հասարակություն:

— Տղամարդիկ նրանից ավելի լավը չէին: Մեր վերջին տարիների մշակույթի նախարարների գործունեությունը սկսվում ու ավարտվում էր էլեկտրացանցերում ատրճանակ կրակելով կամ աջ ու ձախ կոչումներ, մեդալներ բաժանելով:
Ես կարծում եմ` պատճառը մեկն է` չիմացությունը: Ինչպե՞ս կարող է մշակույթի, գրականության մասին հոգ տանել մեկը, ով իր կյանքում գիրք չի կարդացել, թատրոն չի գնացել, լսած երաժշտությունն էլ փողոցային ռաբիսն է կամ դրա ավելի վատթար տեսակը:

— Որտեղի՞ց այսքան չիմացություն: Ինչպե՞ս եղավ, որ չիմացողները դարձան իշխանավոր: Մշակույթի նախարարն, օրինակ, քանիցս խոստովանել է, որ չի տիրապետում իրավիճակին:

— Ես այդ տիկնոջն անձամբ չեմ ճանաչում ու չէի ցանկանա դատողություններ անել նրա ինտելեկտուալ կարողությունների մասին: Բայց կա խնդիրների սահմանափակ մոտեցման պահը: Հայաստանը նրանց համար միայն Երևանն է: Իսկ թե ինչ է կատարվում մարզերում, հեռավոր բնակավայրերում, վստահ եմ, որ պատկերացում անգամ չունեն: Իսկ այնտեղ, հավատացնում եմ ձեզ, մարդիկ նույնիսկ մոռացել են մշակույթ բառը: Բառացիորեն ոչինչ չկա: Ոչինչ:

— Իսկ մարզերում գրքեր, նոր գրականություն տանելով, որը առաջիկա օրերին պատրաստվում եք իրականացնել, ի՞նչ կփոխվի, թե՞ նաև քննարկում, հանդիպումներ եք ունենալու մարզի բնակիչների հետ: Եթե չեմ սխալվում, անցյալ տարի մարզերում սկսեցին շրջիկ թատրոններ տանել, Արշակ Երկրորդ բեմադրվեց Վանաձորում, թատերական փառատոն եղավ Կապանում: Այսպես հնարավո՞ր է մշակութային քաղաքականություն իրականացնել:

— Չէ՛, մեր հավակնություններն այդքան մեծ չեն: Մենք փրկիչներ չենք: Մենք ընդամենը ծարավ մարդուն մի բուռ ջուր հասցնող ենք ուզում լինել: Ամեն բան սկսվում է առաջին քայլից: Բայց այդ քայլը պիտի եզակի չլինի, այլ ունենա իր շարունակությունը: Մյուս կողմից` մարդիկ պիտի տեսնեն, զգան ու հավատան, որ իրենք մոռացված չեն, իրենք ևս մաս են կազմում ամբողջին և այդ մշակույթից հասկանում են ոչ պակաս, քան մայրաքաղաքում ապրողները:

— Վարչապետն անընդհատ խոսում է իրականացվող բարեփոխումներից, որ ինտերնետը շուտով մատչելի կդառնա, կհասնի մարզ, հավատո՞ւմ եք: Եվ ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է հանկարծ ինտերնետի մատչելիությունը, հասանելիությունը առհասարակ փոխել մարզի դիմագիծը:

— Եթե դուք ինձ հիշեցնեք վարչապետի այնպիսի մի խոստում, որն արդեն իրականացել է, ես էլ կսկսեմ հավատալ այս մյուսին: Ինտերնետի առկայությունը անզոր եղավ նույնիսկ կառավարության ղեկավարի դիմագիծը փոխել, էլ ուր մնաց, թե մարզերում ինչ-որ բան տեղաշարժվի: Ապշում եմ, որ այդ մարդիկ դեռ չեն հասկացել, որ բարձր տեխնոլոգիաներ ներմուծելուց առաջ նախ պետք է բնակչության տարրական կենսական պահանջները բավարարել և հետո միայն անցնել ֆանտաստիկ-հեքիաթային նախագծերին: Տաթևի գինեսյան ճոպանուղին Զանգեզուրի բնակչության ո՛չ հացը ավելացրեց, ո՛չ ապրուստը: Նույն ճակատագիրն է սպասվում նաև մնացած «նյուվասյուկի»-ական ծրագրերին: Ամպերի մեջ սավառնող վարչապետին ժամանակն է ներքև իջեցնել, որ ոտքը դնի հողին ու հասկանա, թե այդ հողն ինչպես է արդեն փախչում բոլորի ոտքի տակից:
Սիրանույշ Պապյան
Չորեքշաբթի 09.02.2011 |

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s