Խաղի կանոնների կոպիտ խախտումը

8 Փտր

Ֆուտբոլային դիվանագիտության մասին լսել էինք: Այնուհետև նաև տեսանք, թե դա ինչով ավարտվեց: Այժմ նոր զվարճանքի ձև է գտնվել. կոչվում է ֆուտբոլային սկանդալ: Սա էլ է իր ընդգրկման ծավալներով միջպետական և նույնիսկ հավակնում է աճել մինչև միջազգայինի սահմանը: Համենայն դեպքս, կան մարդիկ, որոնք կցանկանային մի բաժակ ջրում փոթորիկ բարձրացնել: Ու դրա համար նույնիսկ անմեղ սպորտային խաղը կարող է հարմար պատրվակ դառնալ: Տվյալ դեպքում առիթը մարտի 26-ին Երևանում կայանալիք Եվրոպայի 2012 թ. ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումն է: Իսկ մեծ իրարանցումը ծագեց չնչին մի բանից և գնալով շատ ավելի լուրջ հետևանքներ ունեցավ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը օրերս մի հարցազրույցում հայտարարել էր, թե իբր վերը նշված ֆուտբոլային հանդիպման բոլոր տոմսերն արդեն վաճառված են: Մեկ օր անց այդ լուրը հերքվեց` այդպես էլ անհասկանալի մնալով, թե որտեղից էր գալիս վրիպումը: Բայց շատ չանցած Հայրապետյանին սպասում էր էլ ավելի մեծ տհաճություն, նույնիսկ ավելին, քան լրագրողներին հայհոյելու և, ընդհանրապես աջ ու ձախ բոլորին հայհոյելու նրա ագրեսիվ տեսակն է թելադրում: «Ժամանակի» խմբագիր Արման Բաբաջանյանը ռուսական «Советский Спорт» պարբերականին տված հարցազրույցում հանկարծ հայտարարեց, որ իր տեղեկությունների համաձայն, Հայաստան-Ռուսաստան հանդիպումը կարող է պայմանավորված լինել: Ընդ որում, Բաբաջանյանը հարկ համարեց նշել, որ չի պնդում, թե խոսքը հենց գումարային փոխհատուցման մասին է: «Մեր տվյալների համաձայն, բանակցությունները տարվել են Ռուսաստանի կողմից հնարավոր տնտեսական սուբսիդիաների շուրջ: Ձևակերպումը հետևյալն էր՝ «շահավետ տնտեսական գործարք»,- պարզաբանեց նա: Եվ սկսվեց այն, ինչը պիտի լիներ:
Առաջին հերթին զայրացած հրապարակ եկան ռուսները: Հարցազրույցի տպագրումից անմիջապես հետո Ռուսասատանի ֆուտբոլային Միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը նման լուրերը «հիմար զառացանք» անվանեց: ՌԴ հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը փորձեց բացատրել դրա անհեթեթությունը. «Դա տիպիկ պրովոկացիա է: Հայաստանի հավաքականը պատմության ընթացքում առաջին անգամ հնարավորություն ունի նման լուրջ մրցաշարի ուղեգիր նվաճել: Վաստակած միավորների քանակը նրանց թույլատրում է նման հույսեր փայփայել»,- իր տարակուսանքին տրամաբանության չափաբաժինը գումարեց նա: Հայտնի ֆուտբոլային մեկնաբան Եվգենի Լովչևի համար այդ լուրերը նույնպես չլսված հիմարություն էին, ինչի լույս աշխարհ գալը վերջինս պայմանավորեց մեկ շարժառիթով. «Այստեղ խոսքը միայն հանդիպման նկատմամբ հետաքրքրության մեծացման մասին է»: Ռուսաստանի «Հայրենական ֆուտբոլային մարզիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Միխայիլ Գերշկովիչն իր հերթին ոչ պակաս շփոթված վիճակում էր. «Շատ զարմացած եմ, տհաճորեն զարմացած»,- ասաց նա` պաշտպանելով այն կարծիքը, որ եղածը ինչ-որ մեկի հիմար կատակն է: Իրադարձությունների զարգացման նման «առևտրային» տարբերակը նույնիսկ քննարկել չցանկանալով ու մինչև վերջ համոզված, որ պարզապես ինչ-որ մեկն անելու բան չունի և ամեն տեսակի հիմարություններ է մտածում, ռուսները յուրաքանչյուր նախադասությունից հետո հարցնում էին. «Դա Հայաստանի հավաքականի ինչի՞ն է պետք: Իսկ Ռուսաստանի հավաքականի՞ն…»:
Ինչպես էլ ռուսական կողմը մեկնաբաներ տեղի ունեցածը, նրանց կարծիքները խաչվում էին մեկ ընդհանուր կետում. հարցը սոսկ հոգեբանական, աղմկարարական ենթատեքստ ունի և չարժե դրան լուրջ վերաբերվել: Իսկ ահա Հայաստանում ամեն ինչ շատ ավելի բարդ էր: Հայտնի բան է, որ մեզ մոտ դժվար է որևէ արարք դատափետել` առանց դրան քաղաքական ենթատեքստ հաղորդելու, առանց անվանարկումների և առանց սպառնալիքների: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը այդ երեք պահանջներն անմիջապես մեկտեղեց ու գրոհի անցավ: Նրա զայրացկոտ հայտարարություններից երկիրը տեղեկացավ, որ տարածված լուրերի հեղինակները քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներն են, որոնք խանգարում են Հայրապետյանի հայրենանվեր գործունեությանը, իսկ իրենց «հայրենասեր» ցուցադրող լրագրողները պարզապես կատարում են «Լևոն Տեր-Պետրոսյանի ոհմակի» պատվերը: Այդպես էլ չպարզաբանելով, թե ովքեր են «Ճշմարիտ գողականները», ՀՖՖ նախագահը շանթ ու որոտ թափեց «Սուտի գողականների» գլխին, ովքեր, նրա խոսքերով, «մի ժամանակ բանտի կլյուչնիկ էին, հիմա հոդվածներ են գրում»:
Ազգը նաև տեղեկացավ, որ հայկական ֆուտբոլը հետայսու գտնվելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական հսկողության տակ, մոտավորապես այնպես, ինչպես, ասենք, շախմատը: Այդ իսկ պատճառով էլ նախագահը ամեն ինչում աջակցում է Հայրապետյանին և հիմա նրա առջև խնդիր է դրել` հաղթել Ռուսաստանի հավաքականին: Եթե Բրազիլիայի հավաքականն էլ լինի, միևնույն է, նախագահի կարգադրությունը օրենք է: Այդ պատճառով էլ Հայրապետյանը չի կարող խաղ վաճառել: Դա գուցե այնքան էլ նրա սրտով չէ, բայց այդպես է. չի կարող:
Վատն, իհարկե այն է, որ սովորաբար նման հրապարակումներից հետո ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ծառայողական հետաքննություն է լինում: Իսկ դա արդեն շատ վատ է, որովհետև ՀՖՖ նախագահը կարող է հայաստանցիների վրա մատ թափ տալ, բայց դրսից եկածների դեպքում մի քիչ դժվար կլինի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s