Պահոց | 9:29 ե.

1956: ԵՐԵՎԱՆ: ՑՈՒՅՑԵՐ

8 Փտր

Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Քրիստիան Պինոի անունը հայաստանցուն քիչ բան է ասում, եթե հաշվի չառնենք մի մոռացված փաստ: Պինոն 1956 թ, մայիսի 22-ին պաշտոնական այցով եղել է Երևանում` առիթ տալով այն տարիների համար աննախադեպ տարերային ցույցերի: Ցուցարարները հիմնականում ներգաղթած ֆրանսահայերն էին, որոնք ԱԳ նախարարից խնդրում էին. «Փրկեք մեզ, փրկեք մեզ, ուզում ենք մեկնել, կեցցե Ֆրանսիան»: Այս անսպասելի միջադեպը այն ժամանակ լայն արձագանք գտավ ֆրանսիական և ամերիկյան մամուլում: Փոխարենը «Սովետական Հայաստան» օրաթերթը մի պարզ թղթակցություն հրապարակեց Ք. Պինոնի այցի մասին` ոչ մի բառ չհիշատակելով «անկարգությունների» մասին: Այդ օրերին ԱԳՆ մի բարձրաստիճան պաշտոնյա, հանդես գալով սփյուռքահայ մամուլում, գրում էր, թե ցույցերը ինքնաբուխ էին և հնարավոր էին դարձել խրուշչևյան վարչակարգի մեղմացած քաղաքականության շնորհիվ: Ֆրանսահայ ներգաղթածների թիվը Հայաստանում 7000 էր: Նրանց մեծ մասը ցանկանում էր վերահաստատվել Ֆրանսիայում, վիզա ստանալ: Մոսկվայում ֆրանսիական դեսպանատանը հրահանգվել էր լրջորեն զբաղվել այդ հարցով: Ամենատարբեր ատյանների դռները ծեծելուց ու բողոքներից հետո մեծ թվով մարդկանց հաջողվեց հեռանալ Հայաստանից, թեև ստեղծվում էին բազմաթիվ արգելքներ, ամբողջ թափով գործում էր ՊԱԿ-ի խափանարար ձեռքը: Տարօրինակ է, որ մինչև այժմ էլ այս դեպքերի մասին Հայաստանում որևէ փաստացի և մանրամասն հրապարակում դեռ չի եղել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԼՅՈՒԿ ՎՈՎԵՆԱՐԳ

8 Փտր

Մեծ գործեր կատարելու համար հարկավոր է ապրել այնպես, ասես չես մեռնելու: Ով չգիտի ժամանակի գինը` նա ծնված չէ փառքի համար: Աշխատանքի արգասավորության գիտակցումը լավագույն բավականություններից մեկն է: Դրա համար էլ ոմանք ապրում են երջանիկ` իրենք էլ դա չիմանալով: Չպետք է վարանել սխալներ կատարելու երկյուղից: Ամենամեծ սխալը փորձառությունից իրեն զրկելն է: Անգիտությունը խելքի թերություն չէ, իսկ գիտելիքը հանճարի հատկանիշ չէ: Եթե միտքը չափազանց թույլ է, որպեսզի արտահայտվի պարզորեն, դա նշան է այն բանի, որ այն հարկավոր է դեն նետել: Մենք գիտենք ավելի շատ անօգտակար բաներ, քան չգիտենք օգտակարները: Անհնար է մարդկան ետ սովորեցնել ամենաանօգուտ առարկաներն ուսումնասիրելուց: Մեծ հիշողություն ունեցող հիմարը լեցուն է մտքերով և փաստերով, բայց նա չի կարողանում հետևություններ և եզրակացություններ անել: Հենց դրանում է ամբողջ էությունը: Մեծ առավելություն չէ աշխույժ միտք ունենալը, եթե չունես դատողության ստույգություն. ժամացույցի կատարելությունը ոչ թե արագ ընթացքի մեջ է, այլ ճիշտ ընթացքի: Մարդկային միտքն ավելի խորաթափանց է, քան հետևողական, և ընդգրկում է ավելի շատ բան, քան կարող է կապակցել: Մեզ ավելի հեշտ է ձեռք բերել բազմիմացության փայլ, քան հիմնավորապես տիրապետել փոքրաթիվ գիտելիքների: Իսկ խելքի հետ զուգակցված խիզախությունն ավելի շատ է օգնում, քան միայն խելքը` առանց խիզախության: Ուժի գիտակցումը ավելացնում է ուժը: Խելքը մեծ իմաստի է հասնում միայն պոռթկումներով: Խելքը պետք է ոչ թե սահմանափակի, այլ լրացնի առաքինությունը:

ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ

8 Փտր

ԳՈՒՍՏԱՎ ԿՈՒՐԲԵԻ ՄԻ ՆԿԱՐԻ ՄԱՍԻՆ

Նկարներն էլ ունեն իրենց կյանքը` կենսագրությունը. ծնվում են , մեծանում, տեղից տեղ ճամփորդում, երբեմն անհետ կորչում, երբեմն էլ` մի անսպասելի տեղից հայտնվում կամ ողբերգական վախճան են ունենում…
Հետաքրքիր մի ճակատագիր ունի ֆրանսիացի նշանավոր նկարիչ Գուստավ Կուրբեի մի կանացի դիմանկար, որն այժմ գտնվում է Հայաստանում Երևանի պատկերասրահի եվրոպական արվեստի բաժնում:
1930 թ. Փարիզում գնում էի Լուվրի թանգարան` մասնավորապես ուսումնասիրելու Անդրեա Մանտենիայի «Խաչելությունը»: Ավտոբուսը կանգնեց Սեն Ժերմենի բուլվարի մոտ: Կանգառի հարևանությամբ ոչնչով աչքի չընկնող մի բուկինիստական խանութ կար: Այդ առավոտ գրքերը կապուկներով դուրս էին բերել ուղղակի մայթի վրա` ինչ-որ հին գրասենյակային իրերի, հին շրջանակների և նկրների հետ խառնիխուռն:
Ավտոբուսից աչքիս ընկավ մի նկար` մի դիմանկար, կանացի մի գլուխ, որի աչքերն ինձ գրավեցին` չնայած նկարի մութ և անխնամ վիճակին: Անմիջապես իջա ավտոբուսից և մտա խանութ: Պարզվեց, խանութի տերը մեռել էր, և աղջիկները վաճառում էին խանութում եղածը:
Ես ձեռքս վերցրի պորտրեն, որն ինձ կախարդական հայացքով ցած էր բերել ավտոբուսից: Նկարը շատ էր սևացած, ծածկված էր անպետք լաքի հաստ շերտով, նույնիսկ ստորագրությունն աննշմար էր… Բայց պորտրեի ճակատի ու քթի կառուցվածքից, աչքերի խոր ու հմայիչ արտահայտությունից ակնհայտ էր մեծ վարպետի ձեռքը…
Ես գնեցի այդ գործը և Լուվրի փոխարեն շտապեցի տուն: Որքան կարող էի, զգուշությամբ մաքրեցի նկարի վրայի կեղտը. աստիճանաբար երևաց սքանչելի վարպետությամբ արված կանացի պորտրեն` ստորագրված…«Կուրբե»: Ուրախությանս չափ չկար: Առանց ժամանակ կորցնելու գնացի իմ մեծ բարեկամ, խոշորագույն քննադատ Վալդեմար Ժորժի տուն: Ցույց տվի նկարը, զարմացավ, հիացավ: Անմիջապես ինձ ուղարկեց Շարլ Լեժեի մոտ, որը երկու խոշոր հատորներ էր գրել Կուրբեի մասին: Լեժեն նույնիսկ նամակ- հանձնարարականը ընթերցելուց հետո դժկամությամբ վերցրեց նկարը, որովհետև ինչպես ինքը վերջում բացատրեց, շատ «կուրբեներ» են բերում, բայց բոլորն էլ կեղծ: Ես շատ զարմացա, որ Լեժեն, նկարի վրա թեթև ակնարկ ձգելուց հետո, անմիջապես զննեց նկարը հակառակ կողմից: Քիչ հետո նա հայտարարեց, որ նկարը Գուստավ Կուրբեի գործն է: Նկատելով իմ զարմանքը` Լեժեն ասաց. «Կուրբեի նկարների կտավները առանձնահատուկ են. նկարչի մայրը և քույրը հին սավաններից էին պատրաստում դրանք»: Այդ նկարը ճիշտ այդպիսի կտավի վրա էր նկարված: Հետո մի անգամ ևս ստուգեց ստորագրությունը, նկարի գրունտը, ֆակտուրան և այլն:
Երկու օրից տվեց գրավոր մասնագիտական եզրահանգում. «Նկարը Գուստավ Կուրբեի գործն է, որը, ամենայն հավանականությամբ, ներկայացնում է Ժորժ Սանդի ռոմաններից մեկի հերոսուհուն:

Խաղի կանոնների կոպիտ խախտումը

8 Փտր

Ֆուտբոլային դիվանագիտության մասին լսել էինք: Այնուհետև նաև տեսանք, թե դա ինչով ավարտվեց: Այժմ նոր զվարճանքի ձև է գտնվել. կոչվում է ֆուտբոլային սկանդալ: Սա էլ է իր ընդգրկման ծավալներով միջպետական և նույնիսկ հավակնում է աճել մինչև միջազգայինի սահմանը: Համենայն դեպքս, կան մարդիկ, որոնք կցանկանային մի բաժակ ջրում փոթորիկ բարձրացնել: Ու դրա համար նույնիսկ անմեղ սպորտային խաղը կարող է հարմար պատրվակ դառնալ: Տվյալ դեպքում առիթը մարտի 26-ին Երևանում կայանալիք Եվրոպայի 2012 թ. ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումն է: Իսկ մեծ իրարանցումը ծագեց չնչին մի բանից և գնալով շատ ավելի լուրջ հետևանքներ ունեցավ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը օրերս մի հարցազրույցում հայտարարել էր, թե իբր վերը նշված ֆուտբոլային հանդիպման բոլոր տոմսերն արդեն վաճառված են: Մեկ օր անց այդ լուրը հերքվեց` այդպես էլ անհասկանալի մնալով, թե որտեղից էր գալիս վրիպումը: Բայց շատ չանցած Հայրապետյանին սպասում էր էլ ավելի մեծ տհաճություն, նույնիսկ ավելին, քան լրագրողներին հայհոյելու և, ընդհանրապես աջ ու ձախ բոլորին հայհոյելու նրա ագրեսիվ տեսակն է թելադրում: «Ժամանակի» խմբագիր Արման Բաբաջանյանը ռուսական «Советский Спорт» պարբերականին տված հարցազրույցում հանկարծ հայտարարեց, որ իր տեղեկությունների համաձայն, Հայաստան-Ռուսաստան հանդիպումը կարող է պայմանավորված լինել: Ընդ որում, Բաբաջանյանը հարկ համարեց նշել, որ չի պնդում, թե խոսքը հենց գումարային փոխհատուցման մասին է: «Մեր տվյալների համաձայն, բանակցությունները տարվել են Ռուսաստանի կողմից հնարավոր տնտեսական սուբսիդիաների շուրջ: Ձևակերպումը հետևյալն էր՝ «շահավետ տնտեսական գործարք»,- պարզաբանեց նա: Եվ սկսվեց այն, ինչը պիտի լիներ:
Առաջին հերթին զայրացած հրապարակ եկան ռուսները: Հարցազրույցի տպագրումից անմիջապես հետո Ռուսասատանի ֆուտբոլային Միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը նման լուրերը «հիմար զառացանք» անվանեց: ՌԴ հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը փորձեց բացատրել դրա անհեթեթությունը. «Դա տիպիկ պրովոկացիա է: Հայաստանի հավաքականը պատմության ընթացքում առաջին անգամ հնարավորություն ունի նման լուրջ մրցաշարի ուղեգիր նվաճել: Վաստակած միավորների քանակը նրանց թույլատրում է նման հույսեր փայփայել»,- իր տարակուսանքին տրամաբանության չափաբաժինը գումարեց նա: Հայտնի ֆուտբոլային մեկնաբան Եվգենի Լովչևի համար այդ լուրերը նույնպես չլսված հիմարություն էին, ինչի լույս աշխարհ գալը վերջինս պայմանավորեց մեկ շարժառիթով. «Այստեղ խոսքը միայն հանդիպման նկատմամբ հետաքրքրության մեծացման մասին է»: Ռուսաստանի «Հայրենական ֆուտբոլային մարզիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Միխայիլ Գերշկովիչն իր հերթին ոչ պակաս շփոթված վիճակում էր. «Շատ զարմացած եմ, տհաճորեն զարմացած»,- ասաց նա` պաշտպանելով այն կարծիքը, որ եղածը ինչ-որ մեկի հիմար կատակն է: Իրադարձությունների զարգացման նման «առևտրային» տարբերակը նույնիսկ քննարկել չցանկանալով ու մինչև վերջ համոզված, որ պարզապես ինչ-որ մեկն անելու բան չունի և ամեն տեսակի հիմարություններ է մտածում, ռուսները յուրաքանչյուր նախադասությունից հետո հարցնում էին. «Դա Հայաստանի հավաքականի ինչի՞ն է պետք: Իսկ Ռուսաստանի հավաքականի՞ն…»:
Ինչպես էլ ռուսական կողմը մեկնաբաներ տեղի ունեցածը, նրանց կարծիքները խաչվում էին մեկ ընդհանուր կետում. հարցը սոսկ հոգեբանական, աղմկարարական ենթատեքստ ունի և չարժե դրան լուրջ վերաբերվել: Իսկ ահա Հայաստանում ամեն ինչ շատ ավելի բարդ էր: Հայտնի բան է, որ մեզ մոտ դժվար է որևէ արարք դատափետել` առանց դրան քաղաքական ենթատեքստ հաղորդելու, առանց անվանարկումների և առանց սպառնալիքների: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը այդ երեք պահանջներն անմիջապես մեկտեղեց ու գրոհի անցավ: Նրա զայրացկոտ հայտարարություններից երկիրը տեղեկացավ, որ տարածված լուրերի հեղինակները քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներն են, որոնք խանգարում են Հայրապետյանի հայրենանվեր գործունեությանը, իսկ իրենց «հայրենասեր» ցուցադրող լրագրողները պարզապես կատարում են «Լևոն Տեր-Պետրոսյանի ոհմակի» պատվերը: Այդպես էլ չպարզաբանելով, թե ովքեր են «Ճշմարիտ գողականները», ՀՖՖ նախագահը շանթ ու որոտ թափեց «Սուտի գողականների» գլխին, ովքեր, նրա խոսքերով, «մի ժամանակ բանտի կլյուչնիկ էին, հիմա հոդվածներ են գրում»:
Ազգը նաև տեղեկացավ, որ հայկական ֆուտբոլը հետայսու գտնվելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական հսկողության տակ, մոտավորապես այնպես, ինչպես, ասենք, շախմատը: Այդ իսկ պատճառով էլ նախագահը ամեն ինչում աջակցում է Հայրապետյանին և հիմա նրա առջև խնդիր է դրել` հաղթել Ռուսաստանի հավաքականին: Եթե Բրազիլիայի հավաքականն էլ լինի, միևնույն է, նախագահի կարգադրությունը օրենք է: Այդ պատճառով էլ Հայրապետյանը չի կարող խաղ վաճառել: Դա գուցե այնքան էլ նրա սրտով չէ, բայց այդպես է. չի կարող:
Վատն, իհարկե այն է, որ սովորաբար նման հրապարակումներից հետո ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ծառայողական հետաքննություն է լինում: Իսկ դա արդեն շատ վատ է, որովհետև ՀՖՖ նախագահը կարող է հայաստանցիների վրա մատ թափ տալ, բայց դրսից եկածների դեպքում մի քիչ դժվար կլինի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԷԴԳԱՐ ՊՈ

8 Փտր

ԼՌՈՒԹՅՈՒՆ
(Առակ)

«Լեռնագագաթները նիրհում են. հովիտ, քարափ ու անձավ լուռ են»:
Ալկման

— Ինձ լսիր, ասաց Դևը` ձեռքը դնելով գլխիս:- Վայրը, որի մասին պատմում եմ, տխրաշուք մի տարածք է Լինիայում` Զաիր գետի ակունքին, և այնտեղ ոչ անդորր կա, ոչ լռություն:
— Գետի ջրերը քրքումի հիվանդագին թույրն ունեն և ոչ թե հոսում են դեպի ծով, այլ շռնդալից ու ջղաձիգ ալեկոծանքով հավիտենաբար տրոփում արևի կարմրաշեկ հայացքի ներքո: Գետահունի տղմոտ եզերքին մղոններով ձգվում է վիթխարի ջրաշուշանների դժգույն մի թավուտ: Նրանք հերթով հառաչում են այդ առանձնության մեջ, երկար ու քստմնելի վզերը երկինք կարկառում ու ետուառաջ տարուբերում մշտնջենական գլուխները: Եվ նրանց միջից լսվում է մի տարտամ մրմնջյուն, որն ընդերկրյա ջրերի հորդման է նման: Եվ նրանք հերթով հառաչում են:
— Բայց նրանց տիրույթը սահման ունի` մթին, խրոխտ ու ահարկու անտառի պատնեշը: Այնտեղ, ինչպես ալիքները Հեբրիդյան կղզիների շուրջբոլորը, անդուլ ծփում են թփերը: Սակայն երկնքում բնավ քամի չկա: Եվ երկնուղեշ նախաստեղծ ծառերը հզոր շաչյունով օրորվում են հանապազ: Եվ նրանց բարձր կատարներից մեկիկ- մեկիկ ընկնում են մշտնջենական ցողակաթիլներ: Եվ ծառերի արմատներին մերձ` խռովյալ նինջի մեջ, գալարուն մեկնված են օտարոտի թունավոր ծաղիկներ: Եվ վերևում գորշ ամպերը շրշուն ու դղորդաձայն աղմուկով հար սուրում են արևմուտք և ապա ջրվեժի հանգույն թավալվում հորիզոնի հրեղեն պատնեշից անդին: Եվ Զաիր գետի ափունքին ոչ անդորր կա, ոչ լռություն:
— Գիշեր էր, և անձրև էր տեղում, որ թափվելիս անձրև էր, իսկ գետնին դիպչելով` արյուն էր դառնում: Եվ ես կանգնած էի ճահճուտում երկայնիրան շուշանների մեջ, և անձրևը մաղում էր գլխիս. և շուշանները հերթով հառաչում էին իրենց առանձնության մեջ:
— Եվ ապա հանկարծ ու մեկեն, անոսր, քստմնելի մշուշի միջից բարձրացավ լուսինը, և գույնն էր բոսոր: Եվ աչքս ընկավ մի վիթխարի, գորշ ժայռի, որ կանգնած էր գետափին և լուսավորվում էր լուսնի լույսով: Եվ ժայռը գորշ էր ու ահեղ ու բարձր,- և ժայռը գորշ էր: Առջևի մասում նշաններ էին փորագրված, և ես անցա ջրաշուշանների ճախնուտի միջով ու մոտեցա ափին, որպեսզի ընթերցեմ: Սակայն գրերը զանազանել չկարողացա: Եվ ետ էի դառնում ճախնուտ, երբ լուսինը շողաց ավելի վառ կարմիրով, և ես շրջվեցի և կրկին նայեցի ժայռին, և այնտեղ գրված էր ` ԱՄԱՅՈՒԹՅՈՒՆ:
— Եվ ես վեր նայեցի, և քարափի կատարին մի մարդ էր կանգնած. թաքնվեցի ջրաշուշանների մեջ` մարդու վարմունքին հետևելու: Եվ մարդը պարթևահասակ էր, կեցվածքով վեհաշուք, ուսերից մինչև ոտքերը փաթաթված էին հին հռոմեական տոգայով: Եվ նրա մարմնաձի ուրվագիծն աղոտ էր, սակայն գիշերվա ու մեգի, լուսնի ու ցողի ծածկույթը չէր սքողել նրա դեմքը, և դիմագծերն աստվածենի էին: Եվ սեգ ճակատը խորասույզ էր, և աչքերը մտատանջությունից փայլում էին վայրենի փայլով. և այտերն ակոսող ծալքերում ես կարդացի առակները ցավ ու վշտի, խոնջանքի, առ մարդկությունը զզվանքի և մենության տենչի:
— Եվ մարդը նստել էր ժայռին, գլուխը ձեռքին հենած ու հայացքը հառած ամայությանը: Նայեց վար` անդադրում, ցածր թփերին ու վեր` բարձրուղեշ նախաստեղծ ծառերին ու ավելի վեր` շրշուն երկնքին ու բոսորաթույր լուսնին: Եվ ես ի մոտո շուշանների մեջ պահված, հետևում էի մարդու վարմունքին: Եվ մարդը դողում էր միայնության մեջ. սակայն գիշերն անցնում էր, և նա նստած էր ժայռին:
— Եվ մարդն ուշադրությունը շեղեց երկնքից և նայեց տխրաշուք Զաիր գետին և դեղին քստմնելի ջրերին ու ջրաշուշանների դեղին լեգեոններին: Եվ մարդն ունկնդիր էր ջրաշուշանների թառանչներին ու նրանց միջից եկող սոսափին: Եվ ես ի մոտո` իմ թաքստոցից հետևում էի մարդու վարմունքին: Եվ մարդը դողում էր միայնության մեջ. և սակայն գիշերն անցնում էր, իսկ նա նստած էր ժայռին:
— Հետո իջա ճախնուտի խորշերը, դժվարությամբ հեռացա շուշանենրի թավուտի միջով և կանչեցի գետաձիերին, որ բնակվում էին ճախճախուտի խորշերում: Եվ գետաձիերը լսեցին կանչս ու բեհեմովտների հետ միասին ժողովվեցին ժայռի ստորոտում և բարձր ու երկյուղալի մռնչացին լուսնի ներքո: Եվ ես ի մոտո` իմ թաքստոցից հետևում էի մարդու պահվածքին: Եվ մարդը դողում էր միայնության մեջ. սակայն գիշերն անցնում էր, իսկ նա նստած էր ժայռին:
— Ապա նզովեցի ես տարերքը շռինդի անեծքով. և մի ահեղ փոթորիկ հավաքվեց երկնքում, ուր մինչ այդ քամի չկար: Եվ փոթորիկի սաստկությունից երկինքը կապտեց- սևացավ, և անձրևը խփեց մարդու գլխին, գետի բաբախուն ջրերը ցածրացան, և գետը տանջանքից փրփրակալեց, և ջրաշուշանները ճչացին իրենց ածուներում, և անտառը փշուր- փշուր եղավ հողմի հանդիման, ամպրոպը ճայթեց, կայծակը զարկեց, և ժայռը հիմքից երերաց: Եվ ես ի մոտո` իմ թաքստոցից հետևում էի մարդու պահվածքին: Եվ մարդը դողում էր միայնության մեջ. սակայն գիշերն անցնում էր, իսկ նա նստած էր ժայռին:
— Այնժամ ես զայրացա և այս անգամ ԼՌՈՒԹՅԱՆ անեծքով նզովեցի գետն ու շուշանները, քամին ու անտառը, երկինքը, որոտն ու ջրաշուշանների հառաչանքները: Եվ նրանք նզովվեցին ու ԼՌԵՑԻՆ: Եվ լուսինը դադարեց երերուն վեր ելնել իր կածանով, ամպրոպը մարեց, կայծակը չշողաց, ամպերն անշարժ կախվեցին, ջրերը վերստին իջան իրենց մակարդակին ու այդպես մնացին, ծառերը դադարեցին ճոճվելուց, ջրաշուշաներն այլևս չէին հեծեծում և նրանց միջից այլևս սոսավյուն չէր լսվում, ոչ իսկ ուրիշ մի ձայն` այդ անծիր անապատում: Եվ ես նայեցի ժայռափոր տառերին, և գիրն այժմ էլ էր` ԼՌՈՒԹՅՈՒՆ:
— Եվ աչքս ընկավ մարդու դեմքին, և նրա դեմքը գունատվեց սարսափից: Եվ նա ճեպով գլուխը բարձրացրեց ձեռքի վրայից, ոտքի ելավ ու ականջ դրեց: Սակայն անծայրածիր անապատում ոչ մի ձայն չկար, և ժայռի վրայի գիրն էր` ԼՌՈՒԹՅՈՒՆ: Եվ մարդը սարսռաց, երեսը շրջեց և շտապ հեռացավ, և ես նրան այլևս չտեսա:

* * *
Մոգերի հատորներում հիասքանչ պատմություններ շատ կան` մոգերի երկաթակազմ, մելամաղձոտ հատորներում: Դրանցում, ասում եմ, կան փառապանծ ասքեր Երկնքի, Երկրի և հզոր ծովի մասին, և ոգիների, որ տիրում էին ծովը, երկիրը և գոռ երկինքը: Իմաստություն և խորհուրդ շատ կար նաև գուշակուհիների պատգամախոսություններում, և հնում բազում սրբազան պատմություններ էին պատմում ստվերամած տերևները, որ դողդոջում էին Դոդոնեի շուրջը, բայց, Ալլահը վկա, առակը, որ ինձ պատմեց Դևը` կողքիս շիրմաթմբի ստվերում նստած, բոլորից հրաշալին եմ համարում: Եվ, ավարտելով իր պատմությունը, Դևը ետ ընկավ գերեզմանի խորշն ու քրքջաց: Եվ ես չկարողացա ծիծաղել Դևի հետ, և նա անիծեց ինձ, քանզի չկարողացա: Եվ լուսանը, որ հավերծ բնակվում է շիրմի մեջ, դուրս ելավ, պառկեց Դևի ոտքեր տակ և անքթիթ հայացքը հառեց նրա դեմքին:

Թարգմ. Շ. Ավագյանի

%d bloggers like this: