ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

7 Փտր

ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՌՆԱԼ ԾԱՂՐԱԾՈՒ

Վերջին ժամանակներս այս մասնագիտությունը հատուկ ժողովրդականություն է ձեռք բերել:
Նախ` այն մեդալների արտասովոր առատ բերք է բերում, բայց գլխավորը դափնու տերևն է (որն այնքան քիչ է մեր շուկաներում): Վստահ եմ, որ Կարանդաշի, Պոպովի, Նիկուլինի կանայք այդ մթերքի ետևից շուկա չեն վազում, իսկ դա արդեն ինչ-որ բան է:
Երկրորդ` բոլորին գրավում է այդ մասնագիտության մատչելիությունը, դրա համար էլ հեղինակը, ով որոշ չափով նախկինում առնչվել է կրկեսի հետ, ուզում է մի քանի օգտակար խորհուրդ տալ այն բազմաթիվ երիտասարդներին, որոնք որոշել են իրենց նվիրել կլոունադայի հին արվեստին: Ահա այն հատկանիշները, որոնք պետք է ունենա մարդը, ով մեծ կոշիկներ ու վանդակավոր տաբատ է հագել:

Հումորը
պետք է իսպառ բացակայի, քանի որ հումորով օժտված մարդը ոչ միայն ծաղրածու չի դառնա, այլև նույնիսկ գրիմավորվել չի կարող: Ծիծաղը կսկսի քննել, խեղդել նրան. ինչպե՞ս է նա` միանգամայն նորմալ մարդը, քթին ներսից վառվող հսկայական կարմիր տանձ կպցնում: Նա չի դիմանա` իրեն տեսնելով հայելու մեջ կանաչ-կարմրավուն կեղծամով: Ծաղրածուն պետք է միանգամայն լուրջ մարդ լինի:

Կյանքի փորձը
պետք է հնարավորինս մեծ լինի: Դուք պետք է տասնյակ մասնագիտություններ փոխեք` համոզվելու համար, որ պիտանի չեք ցանկացած այլ աշխատանքի և ծառայության համար… Եվ այդժամ ելքը մեկն է` արենան:

Առողջությունը
պետք է կատարյալ լինի, դյուցազնական, ինչպես Ժաբոտինսկունը, քանի որ կրկեսում ձեզ բազում անակնկալներ են սպասում: Դուք համազգեստավորների ավելներից բարձրացած փոշին եք շնչելու:
Ձեր գլխին գմբեթից տրապեցիաներ են ընկնելու, աղյուսներ, պտուտակներ և այլ առարկաներ` վատ ամրացված օդային սարքերից: Կուլիսների ետևում ձեզ կկծեն ելույթի պատրաստվող, ուստի և շատ զգայուն ու ջղային շներն ու արջերը: Կրկեսի բուֆետում ձեզ այնպես կկերակրեն… Ավելի լավ է` նախապես գրանցվես թերապևտի մոտ:

Ընտանեկան դրությունը
Ծաղրածուն անպայման պետք է ամուսնացած լինի: Այդ ժամանակ նա դժբախտ սեր չի ունենա, և նրա ստեղծագործության մեջ չի լինի «Ծիծաղիր, խեղկատակ, կործանված սիրո վրա» թեման, իսկ դա նշանակում է` նրա համար արդեն ապահովված է բարեհաճ քննադատությունը:

Ստեղծագործելու կարողություն
պարտադիր չէ, որ ծաղրածուն ունենա, նույնիսկ հակառակը` ծաղրածուն պետք է յուրային լինի, հասարակ (առանց ամեն տեսակ «իզմերի», հակումների ու տատանումների) տղա: Նա պետք է հաճախ կրկնի «Կրկեսը կրկես է», «Մենք օպերա չենք, մենք կրկես ենք», «Ձեռքերիդ վրա կանգնես` հաց կուտես» և այլ ճշմարտություններ: Ու միայն դրանից հետո ծաղրածուն կհռչակվի կրկեսի իսկական նվիրյալ և գործընկերների մեջ շատ բարեկամներ ձեռք կբերի:

Խաղացանկը
էական չէ և պարզ է: Դեռ ոչ մի ծաղրածու սեփական խաղացանկ չի ունեցել:

Մամուլին
ծաղրածուն պետք է վերաբերվի խստությամբ, մարդասիրաբար, հիացական, խոժոռ և աստվածավախ: Լրագրողները դա սիրում են, հատկապես վերջինը: Լրագրողի աչքում նորմալ ծաղրածուն պետք է գետակինճի նման լինի (տե՛ս Брема, том А, стр.73, с 4 строки сверху до 21 снизу, изд. С.-Петербург, 1911г.), այսինքն` շատ արտասովոր: Եվ այստեղ վրա է հասնում ամենանրբանկատ պահը. արդյո՞ք ինքներդ պետք է հոդվածներ, էսսեներ և այլ բաներ գրեք: Կտրականապես պատասխանում եմ. «Ոչ», ինչը նշանակում է` «Այո»: Պարզաբանում եմ, որ դուք չպետք է գրեք, այլ ձեզ պետք է գրի առնեն և խմբագրեն: Դուք հեղինակն եք, բայց ձեր անվան կողքին համեստորեն տեղ է գտել. «Գրի առավ այսինչը…»: Եվ այդ ժամանակ ձեր առջև կանաչ ճանապարհ է բացված:
Մի տարի անց ի հայտ է գալիս ձեր առաջին գիրքը: Ահա, ըստ իս, մի քանի օրինակ այն բանի, թե ինչպես կարելի է անվանել կրկեսի մասին գիրքը. «37 տարի գլխիվայր», եթե այդ դիրքում եղել եք, կամ` «Բռնիր ձեռքս», «Միշտ քո ատամներում» (նկատի ունեմ կաշվե լեզվակը), և, իհարկե, եթե հիմնավորումներ ունեք` «Այո, ես ծաղրածու եմ»: Անպայման սև տառեր` արծաթավուն ֆոնին… Ինչպես հասկացավ իմ թանկագին ընթերցողը, խորհուրդների այս բաժինը ամենադժվարն է: Փոխարենը դուք անմիջապես մի շարքում եք հայտնվում այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են Վ.Շեքսպիրը, Է.Հեմինգուեյը, Լ.Տոլստոյը և Ե.Սազոնովը:

Որպես ամփոփում
պետք է ասեմ, որ եթե երիտասարդն ունի այս բոլոր անհրաժեշտ հատկանիշները, ապա` բարի երթ:
Նրա կյանքն անամպ կլինի, առանց հիմար տառապանքների` ի՞նչ, ինչո՞ւ և ինչպե՞ս:
Երիտասարդ ծաղրածուն պրեմիերաներից առաջ անքուն գիշերներ և սրտի սպազմ չի ունենա: Եվ մենք բոլորս (ես դա ասում եմ ամենայն լրջությամբ) միայն կնախանձենք նրան:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s