FACEBOOK-ՅԱՆ ԱՐՁԱՆԳԱՆՔ

6 Փտր

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ
Հենց նոր ավարտեցի Հովիկ Չարխչյանի նոր վեպի ընթերցանությունը՝ «Չարենցի կրակոցը» վերնագրով։
Ընդհանրապես՝ որպես ընթերցող, ես բավականին պահանջկոտ եմ, խիստ աչքով եմ կարդում ձեռքս ընկած գրքերը, հատկապես, եթե սպասելիքներս մեծ են։ Իսկ սպասելիքներս՝ այս անգամ բավականին մեծ էին, այնքան, որ գրախանութից գնեցի, հպարտորեն ու ուրախությամբ բերեցի տուն՝ կանխավայելելով կարդալու հաճույքը։ Իսկ գիրք գնելը, ցավոք սրտի, դեռևս իմ կյանքում հազվադեպ իրադարձություն է։
Հեռու եմ ինձ գրաքննադատ համարելուց, կամ գրախոսական գրելու իրավունք վերապահելուց, բայց, այնուամենայնիվ, ուզում եմ երկու խոսք գրել այս ստեղծագործության մասին։

Հեղինակը, իր իսկ խոսքերով, նպատակադրված է եղել «գրել մի գիրք սիրո, մեղանչումի, հատուցման ու մարդկային ողբերգության մասին»։ Սակայն, արդյունքը առավել, քան տպավորիչ է – սեղանիս հիմա դրված է մի վեպ, որի բովանդակությունը բազմաշերտ է, ասելիքը՝ հարուստ ու բազմազան, ու որը ընթերցողի առջև բացում է իր բովանդակության այն շերտերը, որոնք ընթերցողը կարող է ընկալել։ Այստեղ՝ անցյալ դարասկզբի Երևանն է ու երևանցիներն են՝ իրենց սիրած զվարճավայրերով, կենցաղով ու հարաբերություններով, այդ ժամանակվա մշակույթային–գրական միջավայրն ու գործիչները՝ իրենց դեմքերով, Խորհրդային Հայաստանի ու խորհրդային մարդու ձևավորման տարիները, Երևանի Ուղղիչ տունն իր բնակիչներով ու «համակարգի» պաշտոնյաները, այն տարիների սփյուռքահայությունն ու նրա մամուլը, մարդկային զգացմունքներն ու հույզերը, «Չարենցի կրակոցի» գործը, և, վերջապես, Չարենցը՝ անհանգիստ ու մարդկային Չարենցը, իր խոսքերով ու արարքներով, իր ընկերներով, իր սերերով և իր Արփիկով։ Իրադարձությունները, դեպքերը, հրատարակությունները, խոսքերն ու արարքները ներկայացնելով վավերագրական ճշգրտությամբ (91 անուն օգտագործված գրականություն), հավատարիմ մնալով հետազոտողի անաչառությանը, հեղինակին հաջողվել է ստեղծել մի գիրք, որում լարված սյուժեն, շիկացած ու հակասական կրքերն իրենց վրա են բևեռում ընթերցողի ուշադրությունը՝ բաց չթողնելով մինչև վերջին էջի վերջին նախադասությունը։ Կարծես թե ծեծված բառեր են, սակայն սրանք գրում եմ ամենայն անկեղծությամբ ու վստահությամբ։
Գրքի լեզուն նույնպես հիացնում է իր մաքրությամբ ու հարստությամբ. բառապաշարի ճոխության ու Չարենցին հարազատության հետ՝ այստեղ չեք տեսնի անտեղի գործածված ոչ մի խոսք ու դարձվածք, ոչ մի ավելորդություն ու «ջուր ծեծել»։
Ինչպես նշեցի, սա գրում եմ միանգամից՝ ընթերցանությունն ավարտելուց անմիջապես հետո։ Ափսոսանքով եմ բաժանվում «Չարենցի կրակոցից», վստահ լինելով, որ դեռ վերադառնալու ու կարդալու եմ նորից։ Քանի որ, Չարենցի բուռն ու խելագար սիրո մեջ՝ ես տեսա ինձ ու իմ ապրումները, իմ սերն ու իմ խենթությունները, իմ կարոտն ու իմ հատուցումը։ Ու յուրաքանչյուրը, վստահ եմ, այստեղ կգտնի իրենը, իրեն հարազատն ու սրտամոտը։
Այս գիրքն, անկասկած, մեծ ու դրական երևույթ է մերօրյա հայ գրականության մեջ, հեղինակին հայտնում եմ իմ խորին երախտագիտությունն ու հիացմունքը՝ այս աննման գործը ընթերցողներին նվիրելու համար և ակնկալում նորանոր գործեր, որոնց կսպասեմ անհամբերությամբ։

http://www.facebook.com/notes/sirum-em-kez/hovik-carxcyan-carenci-krakoc/160875370631651

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s