Պահոց | 7:49 ե.

ՊԱՐԱԿԱՆՈՆ ԴԻՄԱՆԿԱՐ

4 Փտր

ՎԱՆ ԳՈԳ

Իր էության անհարմարությունը զգալով` Վան Գոգը փորձեց հասկանալ իր ներկայության իմաստը: Եվ ընդհանրապես` նյութեղեն գոյության խորհուրդը: Իր բոլոր զգայարաններով շոշափեց նյութը` ամենակոշտ առարկաները, մարդկանց խոժոռ, գետնակոր կերպարանքները, նրանց դեմքերն ու անտաշ ձեռքերը, կորդապատառ հագ ու կապը, ամրափայտ աթոռն ու սեղանը, կոշկոռ կարտոֆիլ ուտողների բիրտ մակատեսքն ու նույնիսկ նրանց շարժումների նյութականությունը… Առարկայի մեջ թափանցելու, նրա միջուկը տնտղելու նպատակով իջավ հանքախորշերը: Ու առարկան կախեց հոգուց և սկսեց քարոզել փրկարար հոգու զորությունն ու բանականությունը, հավերժությունը: Բայց սեփական գոյի տառապանքը չնվազեց. ճար չուներ ու ելք: Հոգու անասելի ու անմիտ ցավերից սկսեց աջ ու ձախ ընկնել, դուրս ելավ հանքախորշից, հեռացավ առարկայի կամքից ու կոնկրետությունից, տագնապահար վրձինը պտտեցնում էր իր շուրջը` ընդարձակ ու լայն` գտնելու հույսով որևէ հենակայան, ուր իր հոգեմաշ անձկության և վայրագ ձանձրախտի ոտքերը կկապեր և որտեղ կջարդեր ներչարչարանքի աննպատակությունը: Ու քարոզիչ Վան Գոգը դարձավ աղաղակող, բոռացող վտարակ, պտտեցրեց իր հուսալքությունը, պտտեցրեց և գծեց արև… Արևը մեծացրեց-մեծացրեց և արևով լցրեց աշխարհը, ու ինքը մտավ արևի մեջ: Ու նորեն մեծացրեց-մեծացրեց և դարձրեց Աստված: Քրիստոնյա Վան Գոգը փոխակերպվեց արևապաշտի: Քարոզիչը դարձավ հեթանոս: Այդ էլ չփոքրացրեց նրա տառապանքը: Եվ նա կրակեց իր սրտին` հասկանալու համար, թե այդ երկուսից այն կողմ ինչ կա, և որտեղ կարող է հանգստացնել իր գոյության ծուռնումուռ անիվներով սայլը:

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

ՍՏԵՖԱՆ ՄԱԼԱՐՄԵ

4 Փտր


ՓԱՌՔԸ

Փառքը, երեկ միայն ես ճանաչեցի այն` անառարկելի է, և ինձ համար բոլորովին միևնույն է, եթե այդպես կոչվեմ որևէ մեկի կողմից: Հարյուր ազդագրեր, ձուլվելով չգնահատված ոսկուն (տառի դավաճանություն), փախան ասես քաղաքի բոլոր ծայրամասերը, աչքերս հորիզոնի բարձրությամբ, գնացքի մեկնումի հետ, ռելսի վրա քարշ գալով, մինչև ինքնափոփվելն անմեկնելի հպարտության մեջ, որ ներշնչում է իր ապդթեզի մեջ գտնվող անտառի մերձավորությունը:
Պահի հուզվածությանը խիստ անհարիր մի գոռոց աղավաղեց ծանոթ անունը` Ֆոնտենբլո` ծավալելով տարաժամ անհետացող կատարների շարունակությունը, այնպես որ ես մտածեցի փշրելով խցիկի ապակին` բռունցքով սեղմել նաև միտքը կտրողի կոկորդը` լռիր: Քո անտարբեր հաչոցով այստեղ մի հրապարակիր միտքս սողոսկած ստվերը` ոգեշունչ ու հավասար քամուց բախվող վագոնների դռների արանքներում, ամեն տեղ ցցված զբոսաշրջիկների ներկայությամբ: Փարթամ անտառների խաբուսիկ անդորրը շրջակայքում սփռում է մի արտասովոր պատրանքային վիճակ` դե, ինչ կասես, այս ուղևորները հանուն քո կայարանի այսօր թողել են մայրաքաղաքը, ով դու օրինավոր ծառայող, ճղճղան` պարտքի բերումով, և ես, որ հեռու եմ բնության և պետության միատեղ առատաշնորհությամբ բոլորին հասանելիք արբեցումին տիրանալուց, քեզանից ես ակնկալում եմ միմիայն մի լռություն` քաղաքային պատվիրակությունից ինձ մեկուսացնելու ժամանակի տևողությամբ, այնտեղ` դեպի զմայլահար ընդարմացումը սաղարթների` անշարժացած, որպեսզի մի աղետ շուտով նրանց ցրիվ չտա օդում, ահա ոտնձգություն չանելով քո անաչառության հանդեպ, վերցրու այս դրամը:
Համազգեստավոր մեկն ինձ տանում է մի պատնեշի ետև. շլացող մետաղի փոխարեն ես լռելյայն մեկնում եմ իմ տոմսը:
Սակայն, այո, հնազանդ` տեսնելու միայն ոտնահետքերից զերծ տարածվող ասֆալտը, որովհետև ես դեռևս կարող եմ լոկ այս պերճաշուք, բացառիկ հոկտեմբերին պատկերացնել միլիոնավոր գոյություններ` աստիճանավորելով իրենց դատարկությունը որպես մի վիթխարի, մայրաքաղաքային միապաղաղություն, որից այստեղ` մշուշի մեջ մի սուլոցով ջնջվելու է տագնապը: Ինձ նման ոչ մի գաղտագողի փախստական չէր զգա, որ սա դառն ու լուսավոր հեկեկանքների տարի է, մտքի բազում անորոշ ծածանումներ, որոնք ամայացնում են պատահականությունները ճյուղերի նման, այնպիսի սարսուռ, որը ստիպում է խորհել երկնքի ներքո մի աշնան մասին:
Ոչ ոք, և կասկածի թևերը պարզած, ինչպես մեկը, որ թաքուն շքեղության մի բախտավիճակ ունի` չափազանց թանկարժեք հաղթավար, որ երևա, բայց միանգամից չնետվելով անմահ կոճղերի այդ ցերեկային արթնության մեջ, որոնք գերմարդկային գոռոզություններ են թափում մեկի վրա (արդ, պետք չէ հավաստել դրանց վավերականությունը), ոչ էլ անցնելով սեմը, որտեղ գերագույն զգուշավորությամբ ձողաջահերը վատնում են իրենց փայլին նախորդող բոլոր երազանքները` ամպերում ծիրանագույն անդրադարձելով արքայական ինքնակոչի համընդհանուր օծումը, որին միայն գալը կմնար. ես սպասեցի, որ լինեմ նա, որ դանդաղ, իր սովորական շարժումը վերսկսած, ինչ-որ մաս տանելով աշխարհից` իր չափսերով մանկական ցնորքի վերածվեր գնացքը, որն ինձ այդտեղ մենակ է իջեցրել:

ԾԱՂԿԱԹԵՐԹԵՐ

4 Փտր

Ծաղկաթերթերը ընկել են վաղուց զգեստների պես`
Լույսին պարզելով մերկ ստինքները մանկասեր ծառի:
Սե՜ր իմ, շուտ եկար, բայց աղաչում եմ` արդեն չշտապես,
Թող հագնվելդ հորովելի պես մի քիչ երկարի:

Ես կախաղանն եմ սիրում ի ծնե քնքուշ հիացքի,-
Տաք թուլությունը թող երկարորեն բռնանա վրաս:
Գեղեցկությունդ երկնային դեղ է սրտի ու աչքի,-
Ա՜խ, գոնե այսօր թող ուշ այցելի հուշը դեռահաս…

Սե՜ր իմ, դու գիտես, որ ոչինչ այստեղ չի մնում կիսատ,-
Ժամը չի կանգնի, թեկուզ մանյակով թևերը կապես:
Նվաճված երկինքն, ինչքան էլ մոտիկ, անորոշ է շատ,
Քանզի չգիտես` դու գրավե՞լ ես նրան իսկապես…

Մեր ամենամեծ տառապյալն էլի Սերն է վշտափեշ,
Ինչի՜ ձև ու համ նա չի ընդունել բյուր ու մի տարի:
Սե՜ր իմ, դու կերթաս, բայց աղերսու՜մ եմ` հիմա չշտապես.
Թող հագնվելդ պատարագի պես մի քիչ երկարի…

 

ՄՀԵՐ ԲԵԺԱՆՅԱՆ

Երկու գլուխ` մի թավայի մեջ

4 Փտր

Երեկ իրանցիները նշում էին իրենց համար տխուր մի տարելից: Մամուլն այդ մասին հետևյալ բառերով էր վերհիշում. «…Երբ Մոհամմադ մարգարեի մահվան օրը հավատացյալ մարդիկ հավաքվել էին Ֆիզուլիի հրապարակում` սգալու իրենց կրոնական առաջնորդի մահը, Բաքվի ոստիկանները սիոնիստների նվիրած սպառազինությամբ դաժանաբար ցրեցին հավաքվածներին: Դա շիաների հանդեպ Ադրբեջանի կառավարության գործած ամենադաժան հանցագործությունն է»: Այն փաստը, որ մեկ տարվա վաղեմություն ունեցող և ոչ այնքան նշանակալի դեպքը կարող է իրանցիների հոգում այդպիսի նստվածք թողնել, վկայությունն է այն բանի, որ վերջիններիս հակակրանքը շատ ավելի խորը գնացող արմատներ ունի:
Իր հերթին Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսը փետրվարի 2-ին ակցիա իրականացրեց Ադրբեջանում Իրանի դեսպանատան առջև: Մասնակիցները նամակ հանձնեցին դեսպանատանը՝ պահանջելով «չխառնվել հարևան երկրի ներքին գործերին»: Նրանք նաև հանդես եկան հակաադրբեջանական քարոզչության դեմ, որն իբր տարվում է «Սահար-2» հեռուստաալիքի կողմից: Նույն օրը երկրի խորհրդարանում արդեն պահանջներ էին հնչում անհապաղ դադարեցնել «Սահար»-ի հեռարձակումն Ադրբեջանի տարածքում, ինչպես նաև արգելափակել նույնանուն կայքէջը:
Ադրբեջանցի պատգամավորին մասնավորապես զայրացրել էր այն փաստը, որ «Սահար»-ը Ադրբեջանում հեջաբի արգելման համար բողոքի ցույցերի և կուսակցական գործիչների ձերբակալության մասին տեսանյութեր էր հեռարձակել: Իհարկե, Միլլի Մեջլիսի անդամները ոչ մի բառ չասացին այն մասին, որ ադրբեջանական «ATV» և «Gunaz TV» հեռուստաալիքների կողմից հեռարձակվող հակաիրանական հաղորդումների հեղեղը վաղուց է լցրել իրանցիների համբերության բաժակը, բայց դրա փոխարեն երկար-բարակ խոսեցին Թեհրանի և Երևանի աններելի բարեկամության մասին, հիշեցին Իրան-Հայաստան նավթամուղի կառուցումը ու Հայաստանին աջակցելը համարեցին «բաց աջակցություն օկուպանտ երկրին»: Պատգամավորներից մեկն էլ իր երկրի քաղաքացիներին կոչ արեց չմեկնել Իրան, քանի որ այդ երկրի իսլամական ռեժիմը վարում է Ադրբեջանի դեմ ուղղված քաղաքականություն: Բայց մեկ այլ, այսանգամ քաղաքական դրդապատճառ էլ եղածին գումարեց խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը, որը հանդես եկավ Իրանի հետ վիզային ռեժիմի չեղյալ հայտարարման դեմ: Նրա կարծիքով, ադրբեջանցիների ազատ ելումուտն Իրան կարող է հանգեցնել Ադրբեջան իսլամական հեղափոխություն արտահանելու փորձի: Այս տեսակետն անմիջապես ստվեր նետեց նախկինում շրջանառվող այն մտավախության վրա, թե իբր Իրանի իշխանությունների`վիզային ռեժիմի փոփոխություն պահանջելու իմաստը կայանում է թմրանյութերի արտահանման մեջ:
Զայրույթի չափաբաժինը դեռ չի սպառվել: Այսօր Անկարայում Իրանի դեսպանատան առջև կկայանա ադրբեջանցիների հերթական ակցիան: Ցույցի մասնակիցները մտադիր են կրկնել հին կարգախոսները` Իրանի կողմից Ադրբեջանի ներքին գործերին խառնվելը, Հայաստանին աջակցելը, իրանական ադրբեջանցիների նկատմամբ տարվող քաղաքականությունը և նման բաներ: Վիրավորված ադրբեջանցիները հանկարծ հիշեցին նաև, որ տարիներ առաջ իրանական կործանիչները խախտել էին Ադրբեջանի օդային տարածքը, սակայն այդ տարածքում Թուրքիայի կործանիչների ի հայտ գալուն պես ետ էին քաշվել:
Փոխադարձ խայթոցների այս ֆոնի վրա որոշ վերլուծաբաններ այնուամենայնիվ փորձում են հասկանալ, թե ի՞նչն է պատճառը, որ իսլամական պետություն հանդիսացող Իրանը օժանդակում է հայերին, իսկ Ադրբեջանի հետ հարաբերություններում որևէ կրոնական նորմ հաշվի չի առնում: Եվ մեղավորների որոնումը անմիջապես նոր զոհեր է գտնում: Այս անգամ էլ Բաքվի աչքի փուշն է դարձել Ադրբեջանում Իսլամական կենտրոնի գործունեությունը, որն ըստ նրանց, իրանա-ադրբեջանական հարաբերություններում լարվածություն է հրահրում: Ելքն, ինչպես միշտ, նույնն է. անհրաժեշտ է հաշվետվություն պահանջել այդ կազմակերպության գործունեության վերաբերյալ և կասեցնել նրա աշխատանքները: «Բաքուն պետք է արձագանքի Իրանում ծավալված հակաադրբեջանական գործողություններին, այլապես այն կարող է լուրջ սպառնալիք դառնալ Ադրբեջանի համար»,- այս օրերին մեկը մյուսի ետևից գրում են տեղի թերթերը:
Ինչ խոսք, այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» իրենց հայրենակիցների իրավունքների ոտնահարման փաստերը բաքվեցիների համար մի առանձին թեմա են: Բայց արի ու տես, ինչպես իրավացիորեն նկատում է ադրբեջանցի քաղաքագետ Պարվին Դարաբադին, «Ադրբեջանի կողմից էմոցիանալ հայտարարությունները Իրանին չեն վախեցնի և վերջինիս չի փոխի իր քաղաքականությունը: Ադրբեջանը պետք է սա գիտակցի ու անհրաժեշտ քայլերի դիմի»: Սակայն որո՞նք են այդ քայլերը: Մի՞թե խոսքն այնպիսի գործողությունների մասին է, ինչպիսին վերջերս բացահայտեց հանրահայտ Wikileaks կայքէջը` հրապարակելով մի հեռագիր, որտեղ ամերիկացի դիվանագետը 2010-ի փետրվարին Վաշինգտոնին տեղեկացնում էր, թե նախագահ Ալիևը հայտարարել է, որ աջակցում է Իրանի տնտեսական մեկուսացմանը և կարծում է, որ դա կարող է արդյունավետ լինել, եթե իրականացվի լայն կոալիցիայով: Արդյո՞ք Թեհրանն իր հերթին երբևէ կների հարևանի նմանօրինակ դավաճանությունը:
Ասվածին կարող ենք գումարել նաև Սևծովյան-Կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովի օրերս արած հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ի մտադրությունը՝ ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ, դեռ պահպանում է իր արդիականությունը, իսկ այդ ուղղությամբ Վաշինգտոնի ու Բաքվի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ադրբեջանական տարածքը որպես ռազմական պոլիգոն օգտագործել: «Ընդ որում, Բաքուն ամեն ինչ գաղտնի է անում»,- նշել էր Զախարովը: Ահա այսպիսի բաներ:
Մենք, իհարկե, չենք բացառում այն հնարավորությունը, որ որոշ գերտերություններ ամեն ինչ անում են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները փչացնելու համար: Սակայն տեսնում ենք նաև, որ Իրանն ու Ադրբեջանն իրենց հերթին առանձնապես ոչ մի քայլ չեն ձեռնարկում այդ կապերն ամուր ու անխաթար պահպանելու համար:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՆԻԿՈԼԱ ԴԵ ՇԱՄՖՈՐ

4 Փտր

Առանց հաստատուն կանոնների մարդը գրեթե միշտ զուրկ է նաև կամքից: Եթե նա կամք ունենար, ապա կզգար, թե իրեն որքան անհրաժեշտ են կանոնները: Բանականությունը բնության մեծագույն պարգևն է: Այն մեզ ոչ միայն բարձրացնում է մեր կրքերից ու թուլություններից վեր, այլև օգնում է շահավետ կերպով տնօրինել մեր արժանիքները, տաղանդներն ու առաքինությունները: Դաստիարակությունը պետք է հենվի երկու հիմքի վրա` բարոյականության և ողջամտության: Առաջինը պաշտպանում է առաքինությունը, երկրորդը պաշտպանում է օտար արատներից: Եթե հենակետը միայն բարոյականությունը լինի, դուք կդաստիարակեք միայն աղքատամիտներ կամ նահատակներ, եթե միայն ողջամտությունը` լոկ հաշվենկատ եսամոլներ…
Զրպարտությունը նման է ձանձրացող իշամեղվի: Եթե դուք հավատացած չեք, որ տեղնուտեղը կսպանեք նրան, ապա մի էլ փորձեք քշել, թե չէ նա էլ ավելի մեծ կատաղությամբ կհարձակվի ձեզ վրա: Բանական և միևնույն ժամանակ օրինավոր մարդը ոչ միայն պետք է մաքուր լինի իր խղճի առջև, այլև իր նկատմամբ հարգանքից ելնելով` նաև շրջահայաց, որպեսզի նախօրոք գուշակի ու խափանի զրպարտանքը: Խարդախները միշտ ձգտում են գոնե մասամբ ազնիվ մարդ երևալ: Նրանք իրենց խիղճը, բանականությունը այլանդակում են ճիշտ այնպես, ինչպես փչացնում են իրենց ստամոքսը: Եվ ինչպես չցանկանալ, որ սրիկան լինի ալարկոտ, իսկ հիմարը` լռակյաց: Լինում են հիանալի հագնված հիմարներ, լինում են նաև պճնված հիմարություններ: Հիմարությունը իսկական հիմարություն չէր լինի, եթե չվախենար խելքից: Այն հիմարը, որին հանկարծ համակել է խելացի միտք, զարմացնում ու մտահոգում է, ինչպես կառապանի քառատրոփ սլացող ձին…

%d bloggers like this: