Պահոց | 6:33 ե.

ԼՅՈՒՔ ԲԵՐԻՄՈՆ

2 Փտր

ԱՅԴ ՏԱՐԻ

Այդ տարի ես գրում էի պոեմներ սիրո մասին,
Դու գեղեցիկ էիր,
Աշունն այնքան գեղեցիկ էր,
Մարդիկ էին մեռնում քաղաքում, լինչված`իրենց մաշկի գույնի պատճառով,
Բայց դու այնքան էիր գեղեցիկ,
Եվ դու այնքան լավ էիր սարսռում սիրուց:
Օգնականները փայտ էին կուտակում
քավիչ ու անհրաժեշտ խարույկների համար,
Ամենուր, Պուշկա-Ռեկայից մինչև Զենագա շնչող էակին
սիրում էին քարից էլ քիչ:
Արևի կանաչ հորձանքները ապակիացնում էին ավազները,
Դու գեղեցիկ էիր,
Ես գրում էի պոեմներ:
Ես ապրում էի կեսգիշերներ կրկին վառելու քո աչքերը,
Քո երկարավուն աչքերը, ավելի դողդողացող,
քան իմ մանկության երկրի բարդիների սաղարթները,
Ավելի ուժեղ, քան լույսը,
Ավելի մեղմ, քան Արաբիայի ջրերը,
երբ հրաշքով առվահոսում են թարմության մեջ:
Քո կանաչ աչքերը դատարկված սիրո մեջ,
Մերթ կենդանի, մերթ հանգած,
Ինչպես հուշարձանների սարսափած աչքերը,
երբ մի լուսարձակ հասնում է նրանց:
Մարդիկ էին մեռնում արյան մեջ, կամաց-կամաց,
Ես գրում էի պոեմներ:
Անձրևներն այդ տարի այնքան մեղմ են եղել,
Ծառերի կեղևը` այնքան նուրբ,
Ինձ հերիքում էր քո ձեռքը վերջապես հասկանալու գաղտնիքը:
Մահը հեծկլտանքներով տպվում էր
աշխարհի նշանավոր թերթերի հեռագրամեքենաների վրա:
Երեկոն իջնում էր,
Մարդկանց արյունը հոխորտում էր, ինչպես հեղեղն է որոտում,
Ես լսում էի ամեն ինչ, ես գիտեի ամեն ինչ,
ես ուտում էի քո ճիչը ինձ լռեցնելու համար,
Ես արյունոտվում էի և փայլում` միայնակ, համր, համակերպված,
Ես սիրո մասին պոեմներ էի գրում
հրդեհների չբավականացնող, աղոտ լույսի ներքո,
Անձրևի ներքո, որ հոսում էր մեղմորեն,
Աշնանը, որ այնքան գեղեցիկ էր,
Սիրո քո սարսռոցի արձագանքներում,
Միշտ ավելի խռպոտ,
Միշտ ավելի խորքում,
Սիրո, ատելության և վրա հասնող ձմեռվա սարսափելի մենակության մեջ,
Մահվան առջև կավով լեցուն ձեռքերով,
Մահն առանց անտառների,
Առանց դանակի,
Ուժեղ ու մերկ, ինչպես քո մեջքը,
Ինչպես և քո ճիչը
Աշնան մեջ, որ գեղեցիկ է այնքան,
Անձրևի մեջ, որ հոսում է,
Ամեն ինչի վերջի և ուրիշ բանի սկզբի մեջ,
Հազար ու հազար տարվա մեջ, իմ սեր,
Երբ մեզանից հետո թողած կլինենք արշալույսի այս հրաշագործությունը,
Թրջված վայրի աղավնիների այս թռիչքը ամռան վրայով,
որը մոտ է վերջանալուն:

Թարգմ. Աննա Հակոբյան

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

2 Փտր

ԼԻԼԻԹ
… Խենթացած թափառում էր Ադամ, առանց դադարի, դրախտի մեկուսի վայրերը։
Ամայի էր դարձել դրախտը, և թռչունների երգերը ձանձրացնում էին նրան։
«Լիլի՛թ, Լիլի՛թ, ա՛խ, Լիլի՛թ»,- հառաչով ու լալով կոչում էր նա, և հառաչելով անցնում էր նրա լացը ծառերի տերևների միջով, կիզելով ծառերի տերևները։
Գիշերները խռովահույզ երազների մեջ տեսնում էր շարունակ դավաճան Լիլիթին՝ միշտ սատանայի գրկում։
Անհույս էր Ադամի հոգին և, նզովելով աստված ու անմահություն՝ մահ էր տենչում։Եվ աստծուն լսելի եղան Ադամի հառաչանքները. կարեկցեց նրան, և ինքն իր մեջ սուզված խորհեց, որ անկարելի էր վերև սլացող հուրը ընկերացնել երկրին կառչող հողին։
Եվ թմրություն բերեց Ադամի վրա և նրա կողից ստեղծեց մի նոր ընկեր՝ Եվային, որ իր ծագումի բերումով հնազանդ լինի Ադամին, կարողանա սիրել միայն նրան և մխիթարել մանավանդ։
Ադամ, երբ աչքերը բացեց, տեսավ իր մոտ նստած մի նոր ընկեր, ո՛չ Լիլիթի պես կատարյալ և հրեղեն գեղեցիկ, սակայն դարձյալ գեղեցիկ, բայց հողաբույր, բայց մարդկորեն։
Եվան մոտեցավ Ադամին, գլուխը դրեց նրա ուսին և մեղմիկ ժպտաց՝ նվիրված աչքերով նայելով Ադամի տխուր, երազուն աչքերին։
Սակայն Ադամ՝ նստած Եվայի կողքին, երբ լսում էր վարդենիների շրշյունը՝ նրա մեջ Լիլիթի շունչն էր առնում։ Դրախտի բույրերի մեջ Լիլիթի բույրն էր զգում և սոխակների երգերի մեջ՝ Լիլիթի ձայնը։
Երբ բարի Եվան գգվում էր Ադամին և իր սև մազերով ծածկում էր Ադամի դեմքը, Ադամ տեսնում էր սակայն Լիլիթի ոսկեհուր վարսերը միայն, որ ծածկում էին բոլոր հորիզոնները։
Երբ փոթորիկ էր լինում և մրրիկ, նա տեսնում էր Լիլիթին իր մո տով շեշտակի անցնելիս, և երբ կայծակն էր ճեղքում երկինքը- Լիլիթի հրեղեն սերն էր այդ, որ ճեղքում էր Ադամի հոգին։
Երբ գոցում էր բիբերը՝ իր սրտի մեջ տեսնում էր Լիլիթի անհուն գեղեցիկ պատկերը, երբ նայում էր աստղերին — աստղերի մեջ տեսնում էր Լիլիթի աչքերը և անհուն արևի մեջ- ամբողջ Լիլիթին… «Եվա» էին հնչում նրա շրթները, սակայն «Լիլիթ» էր արձագանքում նրա հոգին։
Եվ երբ ճիգ էր անում Լիլիթին մոռանալու, գրկում էր հավատարիմ Եվային, կրծքին սեղմում և համբուրում- նա այդ ժամանակ Լիլիթին էր սեղմած տեսնում իր կրծքին, Լիլիթին համբուրում, Լիլիթին զգում, միայն Լիլիթին…
Եվ ապրեց Ադամ՝ սպասելով ու տենչալով միշտ Լիլիթին, և մեռավ Ադամ՝ հառաչելով ու երազելով մի՛միայն Լիլիթին…

ԱՐԹՅՈՒՐ ՌԵՄԲՈ

2 Փտր

ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ

Մի պայծառ առավոտ, մի երկրում, ուր ապրում էին շատ հեզաբարո մարդիկ, մի սքանչելի տղամարդ և մի սքանչելի կինը բղավում էին հանրային հրապարակում: «Բարեկամներ, ես ուզում եմ, որ նա թագուհի լինի»: «Ես ուզում եմ թագուհի լինել»: Կինը ծիծաղում էր և սարսռում: Տղամարդն իր բարեկամներին պատմում էր հայտնության, ավարտված փորձության մասին: Նրանք նվաղում էին մեկը մյուսի գրկում:
Եվ, իսկապես, նրանք թագավորեցին ամբողջ առավոտը, երբ տների վրա հառնեց որդան կարմիրը, նրանք թագավորեցին նաև ամբողջ ցերեկը, երբ գնացին արմավենիների այգիների կողմը:

ԱՐԲԵՑՈՒՄԻ ԱՌԱՎՈՏԸ

Օ, իմ լավ, իմ չքնաղ: Ահազդու շեփորներ, որ ինձ բնավ չեն հուզում: Հեքիաթային գելարան: Կեցցե արտառոց գործը և հիասքանչ մարմինը, կեցցե առաջին փորձը: Սկսվեց մանուկների ծիծաղով ու նրանցով էլ կավարտվի: Այս թույնը մեր երակներում կմնա նույնիսկ այն ժամանակ, երբ շեփորը լռի, ու մենք վերադառնանք նախկին աններդաշնակությանը: Օ, այժմ մեզ այնքան են սազում այս տառապանքները. կորովաբար ի մի բերենք արարչակերտ մեր մարմնին ու հոգուն տրված այդ գերմարդկային ակնկալիքը. այդ ակնկալիքը, այդ խենթությունը: Վայելչությունը, գիտությունը, բռնությունը: Մեզ խոստացան ստվերում թաղել բարու և չարի ծառը, արտաքսել առաքինությունները բռնի, որպեսզի կարողանանք տանել մեր շատ անաղարտ սերը: Սկսվեց ինչ-որ խորշումներից և, քանի որ մենք չկարողացանք անմիջապես տիրել հավերժին, վերջացավ անուշաբույրերի ցնդումով:
Դուք, մանուկների ծիծաղ և ստրուկների խոհեմություն, կույսերի դաժանություն, այստեղի իրերի ու դեմքերի սարսափ, օրհնյալ լինեք այս անքուն գիշերի հիշողությամբ: Սկսվել էր գռեհկությամբ և ահա այժմ վերջանում է հրե ու սառցե հրեշտակներով:
Արբեցումի կարճ, արթուն գիշեր, սուրբ ես, նույնիսկ եթե լինեիր լոկ դիմակի համար, որ պարգևեցիր մեզ: Մենք հավաստում ենք քեզ, մեթոդ: Մենք չենք մոռանա, որ երեկ դու փառավորեցիր մեզնից յուրաքանչյուրի գոյությունը: Մենք հավատում ենք թույնին: Մենք գիտենք մեր կյանքը տալ ամբողջովին, ամեն օր:
Ահա և Մարդասպանների ժամանակը:

Մզկիթներն ընդդեմ վանքերի

2 Փտր

Օր-օրի ամրապնդվող ու խորացող վրաց-թուրքական հարաբերությունների վերջին դրսևորումներից մեկը պետք է համարել այն նախագիծը, որի շուրջ արձանագրություն է կազմվել Թուրքիայի և Վրաստանի կառավարական հանձնաժողովների միջև: Համաձայն դրա, Թուրքիան ծրագրում է հարևան երկրում վերականգնել երեք և կառուցել մեկ մզկիթ, իսկ վրացական կողմը հնարավորություն կստանա 4 հնագույն վրացական եկեղեցի վերականգնել Թուրքիայում: Հիշյալ նախագծի խոցելի կողմերն արդարացնելու համար օրերս Վրաստանի մշակույթի նախարար Նիկա Ռուռուան հարկ համարեց պարզաբանել, թե իրենք ստիպված են գնալ նման աննախադեպ քայլի «Թուրքիայի տարածքում գտնվող վրացական մշակութային հուշարձանները փրկելու համար»: Այդ մասին հաղորդելով, «Գրուզիա Online»-ը նաև հավելում էր, որ երկկողմ ծրագրի պայմանները հասարակայնությանը հայտնի կդառնան այն բանից հետո, երբ այն ստորագրվի:
Առաջին հայացքից նման պայմանավորվածության մեջ ոչ մի արտասովոր, առավել ևս` անհանգստացնող բան չէր նկատվի, եթե չլիներ տեղեկատվությունն այն մասին, որ Քոբուլեթիի շրջանում 1940 թվականին այրված մզկիթը վերականգնելուց ու Բաթումիի թուրքական բաղնիքը վերագործարկելուց զատ թուրքական կողմը պատրաստվում է մզկիթներ վերականգնել նաև Սամցխե-Ջավախեթիում և Ախալցխայում: Գերազանցապես հայերով բնակեցված այդ տարածքներում մուսուլմանական հոգևոր կառույցների գործարկումը հազիվ թե պիտի բխի տեղի բնակչության կրոնական պահանջներից: Եվ հենց այդ ակնառու անհամապատասխանությունն էլ տագնապ է հարուցում ոչ միայն Ջավախքում:
Պետք է ասել, որ Վրաստանի ղեկավարությունն ի սկզբանե թաքցնում էր պայմանավորվածության բովանդակությունը և, ըստ վրացական աղբյուրների, նույնիսկ արգելել էր տեղի հեռուստաընկերություններին ռեպորտաժներ ու տեսանյութեր պատրաստել այդ թեմայով: Առաջին հերթին իշխանությունները խուսափում էին բարձրաձայն խոսել այն մասին, թե Թուրքիայի տարածքում գտնվող վրացական կոթողներին ինչ անմխիթար վիճակում էին: Իսկ այն, թե ինչ էր պահանջում Թուրքիան Վրաստանից վրացական կոթողների վերականգնման դիմաց, ընդհանրապես փակ թեմա էր հայտարարված և դրա մասին որևէ խոսք չէր գնում: Ավելին ասենք: Թուրք-վրացական պաշտոնական հանդիպումները գաղտնի էին տեղի ունենում մինչև այն պահը, երբ լուրը հասավ Վրաստանի Պատրիարքությունը, որն էլ հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ` նշելով, թե իրենք համաձայն չեն թուրքական կողմի ներկայացրած պայմաններին: Եղավ մի պահ, որ շփումները սպառնում էին ավարտվել գժտությամբ ու սկանդալով: Բանն այն է, որ վրացական կողմն այդ ժամանակ Անկարայից պահանջում էր վերականգնել Վրաստանի պատմական Լազեթիում գտնվող «Արդաշեն» մենաստանը, իսկ պատմական Խախուլիից դուրս բերել մզկիթը: Հետո բանակցությունները սկսեցին ձգձգվել, տարաձայնություններն ավելանալ, մինչև որ վերջապես կողմերին հաջողվեց գտնել նախընտրելի «ոսկե միջինը»:
Սակայն վերադառնանք Ջավախքի և ընդհանրապես Վրաստանում հայկական հուշարձանների կացությանը: Մեզ համար նորություն չէ, որ այդ երկրում հայկական եկեղեցիների ավերման, դրանց պատկանելիության հարցը կասկածի ենթարկելու ընդհանուր ֆոնի վրա նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարող է նաև Թուրքիայի տարածքում գտնվող վրացական հուշարձանները թուրքական համարել, ինչպես նաև արտառոց չդիտարկել իր երկրում այլադավանների հոգևոր կենտրոնների կառուցման հանգամանքը: Նորությունը թերևս կարող է համարվել այն, որ Վիրահայոց թեմը տեղյակ չէ փաստին, թե պաշտոնական Թբիլիսին պատրաստվում է Թուրքիային Սամցխե-Ջավախքում ու Ախալցխայում մզկիթ կառուցելու թույլտվություն տրամադրել։ Այս մասին արդեն հայտարարել է Վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Մարիա Առաքելովան: «Այդ հարցի վերաբերյալ հստակ ոչինչ չենք կարող ասել։ Մզկիթներ վերականգնելու և կառուցելու լուրերը բամբասանքի մակարդակի վրա են։ Մեզ ոչ ոք այդ մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդել։ Մեզ առհասարակ հայտնի չէ, որ վրացական ու թուրքական կողմերի միջև նման պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- նշել է նա: Հայ եկեղեցու ներկայացուցիչների մշտական անտեղյակությունն այլ խոսակցության առարկա է: Իսկ հիմա ուղղակի փորձենք հասկանալ, թե Թբիլիսին ի՞նչ շահեր է հետապնդում` թուրքերին Ջավախքի ճանապարհը ցույց տալով: Հիմնական միտումները կարող են լինել երկուսը: Մի դեպքում դա հայերի հանդեպ խտրական քաղաքականության ջրաղացին հերթական ջրի չափաբաժինն ավելացնելու պահանջն է, իսկ մյուս դեպքում կարող է վերաբերել թուրք- մեսխեթցիններին այս շրջանում վերաբնակեցնելու նրանց նպատակների ու ԵՄ առջև ստանձնած պարտավորությունների հետ: Պարզից էլ պարզ է, որ երբ մզկիթ է կառուցվում կամ վերականգնվում մի վայրում, ուր չկան հավատացյալներ, ապա մնում է մտածել, որ այդ հավատացյալներին «ներմուծելու» քայլը դառնալու է հաջորդը: Իսկ մզկիթները վերականգնելու միջոցով մուսուլմանականնների համար Ջավախքը հրապուրիչ դարձնելու փորձը միայն կնպաստի ծրագրված ներհոսքին: Սա է պատճառը, որ Ջավախքի հայկական կազմակերպություններն արդեն միաբերան ասում են. «Դա անթույլատրելի է, հետեւաբար չի կարելի թույլ տալ, պետք է պայքարել նման ծրագրերի դեմ, որոնք ուղղված են Ջավախքի ու Հայաստանի հայերի դեմ»:
Ի դեպ, հավելենք, որ ներկա պահին Վրաստանում կա մոտ 300 մզկիթ: Դրանցից մոտ հարյուրը գտնվում են Բորչալուում՝ ադրբեջանցիների համահավաք բնակության տարածաշրջանում: Բոլոր մզկիթները գործում են, դրանցից ոչ մեկը չի փակվել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

«Պատերազմը հիմարացնում է հաղթողին»

2 Փտր


Փետրվար 1, 2011

Երբ պրիմիտիվիզմը` գեղանկարչության ճյուղ լինելուց բացի` դառնում է քաղաքական վերնախավի ամենաբնորոշ հատկանիշը, եթերում Ազգային բանակի 19-ամյա տարեդարձը դառնում է պրիմիտիվ միջոցառումների, հաճախ` դատարկ ինքնագովության առիթ: Այդ օրը որեւէ իշխանավորից որեւէ լուրջ միտք չհնչեց: Իսկ հերթապահ խոսքերի թիկունքում քառասունից ավելի երիտասարդների ընդհատված կյանքերն են` միայն մեկ տարում, եւ այն վախը, որ կա այն ընտանիքներում, ուր որդի է մեծանում: Բանակում ծառայելը կյանքի հետ անհամատեղելի իրավիճակ համարելով` շատերը համալրում են արտագաղթողների ստվար շարքերը: Իսկ բանակի եւ, առհասարակ, երկրի պատասխանատուներից շատերն ինչ-որ անհասկանալի անուրջների մեջ են եւ գիտակցաբար չեն ցանկանում տեսնել իրականությունը: Նրանցից շատերի ականջին հաճելի է ոչ թե երկրի համար սրտացավ մարդկանց քննադատությունը, այլ հայ աստղերի գրած «հատուկ նշանակության երգերը»:
Երկրի անվտանգությունը երաշխավորում է հզոր, խելամիտ ղեկավարներ ունեցող բանակը: Կամ` հմուտ դիվանագիտությունը, որն, անհրաժեշտության դեպքում, կարող է նվազեցնել բանակների դերը` առհասարակ: Ունե՞նք մենք հզոր բանակ: Իսկ հզոր դիվանագիտությո՞ւն: Իմ զրուցակիցներն են արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն ու լրագրող, գրող Հովիկ Չարխչյանը:

Լ.Ա. — Հովի՛կ, Դուք ծանոթ եք Ազգային բանակի խնդիրներին: Նախ` ժամանակին աշխատել եք ՊՆ լրատվական ծառայությունում (երբ նախարարը Վազգեն Սարգսյանն էր): Գիտեք` ինչպիսին էր բանակն այն ժամանակ: Եվ հետո` Ձեր երկու որդիները ծառայել են Ազգային բանակում եւ տակավին վերջերս են վերադարձել: Կարծում եմ` կարող եք զուգահեռներ անցկացնել:

Հ.Չ. — Ոչ միայն զուգահեռներ անցկացնել, այլեւ հետեւություն անել, իսկ հետեւություններս այնքան էլ նպաստավոր չեն: Տպավորությունն այնպիսին է, որ վերջին տասը տարիների ընթացքում Ազգային բանակում քիչ բան է փոխվել, թեեւ կարելի էր այդ ուղղությամբ ավելի մեծ հաջողությունների հասնել: Եթե մի ժամանակ դա զգում էի աշխատանքի վայրում, ապա այժմ կաշվիս վրա եմ զգացել: Իմ երկու որդիները 4 տարի, մեկը մյուսին հաջորդելով, ծառայեցին եւ բոլորովին վերջերս են վերադարձել: Անմիջական կապ կար եւ՛ զորամասի, եւ՛ բանակային կառույցների հետ: Գիտեմ` այնտեղ ինչեր էին կատարվում` թե՛ լավ, թե՛ վատ: Մեր բանակի մասին շատ են շռայլում զանազան մակդիրներ` «մեր պարծանքը», «մեր փառքը»: Այդ բառերն արդեն այնքան են մաշվել: Իրականում` բանակը պետության ձեռքին մի գործիք է` որոշակի պահերի որոշակի խնդիրներ իրականացնելու համար: Եվ եթե այդ գործիքը լավ չի աշխատում, այն պետք է վերակառուցել, բերել այնպիսի տեսքի, որ այն ծառայի իր հիմնական նպատակին: Այսինքն` մինչեւ ազգային հպարտություն, ազգային պարծանք լինելը` նա այլ խնդիրներ ունի: Այնքան էլ վստահ չեմ, որ մեր բանակն այսօր ի զորու է այդ խնդիրները լիարժեք լուծել: Սա ասում եմ` տեսնելով բանակում տիրող եւ՛ բարոյահոգեբանական վիճակը, եւ՛ խոցելի երեւույթները, եւ՛ մեր իշխանությունների վերաբերմունքը դրանց նկատմամբ: Չկա այն ջիղը, որ պետք է արմատախիլ անել այդ երեւույթները եւ բանակը բերել իսկապե՛ս կատարյալ վիճակի: Ընդունված է ասել` այսօր մեր երկրում ամենակայացած կառույցն Ազգային բանակն է: Ողբամ այն երկրին, որի ամենակայացած կառույցն Ազգային բանակն է, որովհետեւ բանակը բոլորովին էլ ամենակայացած կառույցը չէ:

Լ.Ա. — Պարո՛ն Նավասարդյան, Շվեյցարիայում մի քանի տարի առաջ հանրաքվեի դրվեց հարցը` այդ երկրին բանակ պե՞տք է, թե՞ ոչ: Հարցի ձեւակերպումն արդեն թույլ է տալիս պատկերացում կազմել տվյալ երկրի մասին: Չե՞ք կարծում, որ լուրջ դիվանագիտություն ունեցող երկրում բանակի դերը կարող է նվազել:

Ա.Ն. — Դիվանագիտությունն ու բանակը փոխկապակցված երեւույթներ են: Տարօրինակաբար, սակայն, բանակն ու դիվանագիտությունն, ըստ իս, անտիպոդներ են: Նախ` փիլիսոփայական առումով` բանակը, կոպիտ ասած, կռվի համար է, դիվանագիտությունը` խաղաղության: Իմիջիայլոց, բոլորովին վերջերս ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին պատերազմի կոչ արեց` գիտակցելով, թե անգիտակցաբար: Դիվանագիտության պատմության մեջ որեւէ տեղ չեմ կարդացել, որ դիվանագետը, ով միայն եւ միայն պետք է խաղաղության կոչ անի, կոչ անի պատերազմի: Ինչ վերաբերում է փոխկապակցվածությանը, կա այսպիսի աքսիոմատիկ ճշմարտություն` որքան հզոր է բանակը, այնքան թույլ է դիվանագիտությունը: Մ.թ.ա. 5-րդ դարում Պերիկլեսը` Հին Հունաստանի դեմոկրատիայի հայրը, ասաց. «Զգուշացեք բանակը չափից ավելի ուժեղացնելուց եւ կայսրությունն ընդարձակելուց. դա կարող է բերել կործանման»: Եվ այդպես էլ եղավ: Հարցն այն է, որ եթե երկիրն ունի ուժեղ բանակ, եթե վարում է ուժային, մկանային քաղաքականություն, դիվանագիտությունը մղվում է երկրորդ պլան:

Լ.Ա. — Չինաստանի բանակն այսօր համարվում է աշխարհի ուժեղագույններից մեկը: Ուրեմն այդ երկրի դիվանագիտությունը թո՞ւյլ է:

Ա.Ն. — Ինչո՞ւ, կարծում եք՝ Չինաստանի դիվանագիտությունը շա՞տ ուժեղ է:

Լ.Ա. — Դուք ասեք, ես չգիտեմ:

Ա.Ն. — Ես էլ շատ ծանոթ չեմ նրանց դիվանագիտական նրբություններին, սակայն պատմականորեն այդպես է: Նույնը նաեւ Հռոմին է վերաբերում. այն կայսրությունները, որոնք ուժի քաղաքականություն էին վարում, կործանվում էին, քանի որ նրանց դիվանագիտությունն այլեւս բանակցային չէր, պարտադրող էր, ճնշող, ինչը երբեք լավ արդյունքի չի բերում: Մեր պարագայում, եթե խոսում ենք հայկական իրականությունից, եւս ունենք բացթողումներ: Տեսե՛ք, Արցախյան պատերազմում մենք հաղթանակեցինք, բայց դիվանագիտության մեջ չեմ կարող ասել նույնը: Կան խոշոր զորավարներ, ովքեր, սակայն, խոշոր դիվանագետներ չեն: Նույն Ալեքսանդր Մեծը, նա մեծ դիվանագետ չէր, նրա հայրն էր մեծ դիվանագետ` Փիլիպոս Երկրորդը: Նույնը` Նապոլեոնը: Նա հանճար էր, իհարկե, բայց Նապոլեոնը չունենար Թալեյրան, չէր ունենա այն դիվանագիտությունը, որին հասավ Ֆրանսիան նրա օրոք: Պետրոս Առաջինը. պատահական չէ, որ երբ նա առաջին անգամ եկավ Փարիզ, ծնրադրեց Ռիշելյեի արձանի առաջ եւ ասաց հետեւյալը. «Ո՜վ մեծ կարդինալ, եթե դու ողջ լինեիր, քեզ կզոհաբերեի իմ կայսրության կեսը, որպեսզի դու ինձ օգնեիր ղեկավարել մյուս կեսը»:

Լ.Ա. — Հովի՛կ, բանակում` առհասարակ, հայկական բանակում` մասնավորապես, դժվար է խուսափել խնդիրներից: Ի վերջո, նույն տեղում են հարյուրավոր կամ անգամ մի քանի տասնյակ երիտասարդներ` հեռու ընտանիքներից: Էքստրեմալ վիճակ է, որը շարունակվում է ամբողջ երկու տարի:

Հ.Չ. — Կարծում եմ` իրավիճակը կարելի է ոչ միայն շտկել, այլեւ շտկել արագ ու հեշտ: Նախ` բանակը պետք է հանձնել խելամիտ, նաեւ քաղաքացիական մասնագետների ձեռքը: Այնտեղ պետք է ուղարկել մանկավարժներ, հոգեբաններ, լուրջ կրթություն ստացած, զարգացած, բանիմաց մարդկանց, ոչ թե մաուզերիստական, խմբապետական հովերով տարված մարդկանց, ովքեր ժամանակին երկրին ծառայություններ են մատուցել, բայց դա նրանց իրավունք չի տալիս զբաղեցնելու պատասխանատու պաշտոններ, տնօրինել ոչ միայն երկրի, այլեւ մեր երեխաների բախտը:

Լ.Ա. — Երբ քննադատում ենք բանակը, ընդ որում` փաստարկված, լրագրողներին մեղադրում են թշնամու ջրաղացին ջուր լցնելու մեջ:

Հ.Չ. — Ո՛չ միայն: Այսօր մի շատ տարածված մտայնություն կա` երբ քննադատում ես բանակը, ասում են` գիտե՞ք ինչ, այդ բացերը գալիս են հասարակությունից: Կարելի է կարծել` հասարակությունը Լուսնի վրա է: Բանակն ինքն էլ այդ հասարակության մի մասն է, դրանք իրար հետ փոխշաղկապված երեւույթներ են` մեկը մյուսի վրա ներգործող: Եվ այդ մի քանի փոփոխություններ անելու դեպքում, կարծում եմ, էական առաջընթաց կտեսնենք: Տասնյակներով մարդիկ ենք ուղարկում արտասահմանյան երկրների զինվորական բուհերում սովորելու, մասնագետներ ենք պատրաստում, սակայն այդ կադրային զինվորական սպայությունն այն դերակատարությունը չունի բանակում, ինչ ունեն նրանք, ովքեր ժամանակին ջոկատներ, խմբեր են ղեկավարել, եւ այսօր, որպես դրա փոխհատուցում, տնօրինում են բանակը: Ախր, տեսել ենք, չէ՞. փոխնախարարներ են եղել մարդիկ, ովքեր ընդհանրապես կրթություն չեն ունեցել:
Ա.Ն. — Բանակում տիրող երեւույթներն, իրոք, վախեցնող են, եւ այն, ինչ ասվում է քարոզչական մակարդակով, ինձ մի փոքր զգուշացնում է: Մենք, բոլոր թերություններով հանդերձ, տեսել ենք խորհրդային բանակը: Այսպիսի բաներ եթե լինեին, կսարսափեինք: Եվ հետո` բոլորս ապրում ենք սոցիումում, հասարակության մեջ: Անկեղծ ասենք` ի՞նչ վերաբերմունք կա մեր հասարակության մեջ` դեպի բանակը: Ո՞վ է ուզում, որ իր երեխան ծառայի: Առաջադեմ երկրներում ծնողի համար հպարտություն է, որ իր զավակը ծառայում է բանակում: Իսկ այստեղ ամեն ինչ անում են, որ երեխան բանակ չգնա: Աստված մի արասցե, եթե վաղը զինված ընդհարումներ ունենանք մեր հայտնի «բարեկամի» հետ, ինչպիսի՞ դիրքորոշում կունենա բանակի միջուկը: Ղարաբաղյան շարժման ժամանակ դա ժողովրդական պատերազմ էր: Հիմա՞ ինչ դիրքորոշում կունենանք: Խոսքը զենքի մասին չէ, զենքն` առանց զինվորի, ոչինչ է:

Հ.Չ. — Իմիջիայլոց, պարո՛ն Նավասարդյան, Ձեր հրապարակումներից մեկում խոսում էիք, թե որքան դեսպաններ ու հյուպատոսներ ունի Հայաստանը, որոնք առհասարակ պատկերացում չունեն դիվանագիտական աշխատանքի մասին:

Ա.Ն. — Հիմա էլ նույն վիճակն է:

Հ.Չ. — Ստացվում է նույն պատկերը` թե՛ դիվանագիտության ասպարեզում, թե՛ բանակում մարդիկ են եղանակ ստեղծում, ովքեր մասնագետներ չեն եւ այդ ամենը կարող են անել սիրողական մակարդակով: Մարդկային կյանքը գերագույն արժեք է. մենք խոսում ենք հայրենիքի մասին` մոռանալով, որ հայրենիքը տեղ է, ուր ապրում են մեր հայրենակիցները: Չկան մարդիկ, չկա հայրենիք. կան լեռներ, ձորեր, արոտավայրեր, որոնք այլեւս չեն կարող կոչվել հայրենիք: Եթե խոսում ես հայրենիքի պաշտպանության մասին, խոսում ես մարդկանց պաշտպանության մասին, ուրեմն` բարի եղիր պաշտպանել: Պաշտպանվելու կարիք այսօր ունի այն մարդը, ով կոչված է պաշտպանելու հասարակությանը: Ասում ենք` բանակը փակ կառույց է, չի կարելի նրա մասին խոսել: Ինչո՞ւ չի կարելի: Կարելի է: Եվ անգամ անհրաժեշտ է:

Ա.Ն. — Դա էժանագին տրյուկ է, որն օգտագործում են: Ես, չլինելով բանակի, ռազմական գործի մասնագետ, կարծում եմ` ինչ-որ բացթողում է եղել մեր բանակում: Կա այսպիսի հասկացություն` պատերազմը բացասական երեւույթ է բանակի համար: Պատահական չէ, որ ասում են` պատերազմը ավելի շատ հանցագործներ է ծնում, քան սպանում է: Ըստ երեւույթին, անցումային այդ փուլում, մեր հաղթանակից հետո, բանակը չկարողացան դասական առումով դնել այնպիսի հիմքի վրա, որ նման զրույցների հարկ չլիներ:

Հ.Չ. — Համաձայն եմ. պատերազմից հետո բանակը եւ նրանք, ովքեր ետ եկան` վետերանները, շատ դժվար փուլ անցան: Մի դեպքում` մերժվածների մեջ էին, մի դեպքում` նրանց խառնեցին քաղաքականությանն ու դարձրեցին քաղաքական նպատակներին ծառայող գործիքներ, եւ այս մարդիկ չկարողացան իրենց իրական տեղն ու արժեքը հասկանալ այս երկրում:

Ա.Ն. — Ասում են` պատերազմը հաղթողին դարձնում է հիմար, իսկ հաղթվողին` չար: Սա չպետք է մոռանանք, քանի որ մենք հաղթող ենք եղել:

Հ.Չ. — Այս զրույցները չպետք է տպավորություն ստեղծեն, թե մենք սրտացավ չենք բանակի ու երկրի համար: Երբ ասում են` բանակը քննադատելիս` ջուր եք լցնում թշնամու ջրաղացին, եկեք հարցին մյուս կողմից նայենք` եթե մեր բանակն ուժեղ է, մարտունակ ու պատրաստ դիմակայել ցանկացած վտանգի, մեր խոսակցությունները չեն կարող որեւէ մեկի ջրաղացին ջուր լցնել։ Ջուրը լցվում է այն դեպքում, երբ մեր ասածները ճիշտ են: Ուրեմն եկեք մտածենք` ինչո՞ւ ենք թույլ:

Հարցազրույցը` Լիլիթ ԱՎԱԳՅԱՆԻ

Գուշակություններ ապագայի համար

2 Փտր

Հայաստանը չունի իր ութոտնուկ Պաուլը կամ դրա նման մեկ այլ կենդանի, որպեսզի սա մեր երկրի համար ապագայի անսխալ կանխատեսումներ անի: Այդ պատճառով էլ գուշակություններով զբաղվում են համարյա բոլորը` միայն այն տարբերությամբ, որ ներկա պահին լավատեսական հեռանկարները հասարակության մոտ վստահություն չեն ներշնչում, և վաղվա օրվա հետ կապված ցանկացած ենթադրություն կարող է ընդունելի դիտվել, եթե այն գերազանցապես մռայլ գույներով է հարստացված: Իրականում դա մեծ ջանքեր չի էլ պահանջում նրանցից, քանի որ այստեղ քիչ բան կգտնվի դրական հեռանկարների համար, և ենթադրելին սովորաբար կառուցված է լինում այն պարզագույն հաշվարկի վրա, ըստ որի յուրաքանչյուրիս ապագան բխում է մեր ներկայից: Բացի այդ, արդյունքների վրա իր ազդեցությունն է թողնում նաև այն հանրահայտ ճշմարտությունը, որ աշխարհի գլոբալ փոփոխություններն ու տեղաշարժերը սովորաբար կանխորոշիչ նշանակություն են ունենում հատկապես փոքր ազգերի կամ երկրների համար` չնայած այն բանին, որ վերջիններս պարզապես անզոր են ակնառու դերակատարություն ունենալ այդ վերափոխումների գործընթացում: Սակայն մենք այս անգամ շատ հեռուն չենք գնա, այլ ընդամենը կհիշատակենք դիտարկումները, որոնք կատարվել են վերջին մի քանի օրերի ընթացքում` պայմանավորված այս կամ այն հանգամանքով, բայց որոնք հանգեցնում են միևնույն հետևությանը. մոտ ապագայում մեզ լավ օրեր չեն սպասվում:
Պետական մակարդակով կանխատեսումներ կատարող գլխավոր մարմիններից մեկը`ՀՀ ազգային վիճակագրության ծառայությունն իր գործառույթներից բացի մի առաջնային խնդիր էլ ունի` խուճապի չմատնել հասարակությանը և անընդհատ հույսեր ներշնչել: Ու եթե որոշ դեպքերում նա սայթաքում է, ապա հաստատ կարելի է ասել, որ դա կատարվում է ակամա: Ահա նման մի վրիպում էլ օրերս թույլ տվեց ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժինը` հայտարարելով, որ երկրում մահացության ընդհանուր գործակիցը 1000 բնակչի հաշվով աճել է 0.1 պրոմիլային կետով և որ աճել են բոլոր հիմնական պատճառներից մահացության դեպքերը։
Այս իրողության վրա յուղ լցրեցին սոցիոլոգները: Ոչ անհայտ Ահարոն Ադիբեկյանը շտապեց իր անհանգստությունն արտահայտել Հայաստանի ժողովրդագրական վիճակի առիթով։ Նրա համոզմամբ, եթե այսպես շարունակվի, ապա 30 տարի անց Հայաստանի բնակչության թիվը կկազմի 1.5 մլն մարդ։ «Հայաստանը շրջապատված է երկրներով, որոնց բնակչության ընդհանուր թիվը 170 մլն է։ Եթե Ռուսաստանի բնակչությունն էլ գումարենք, կստացվի 300 մլն։ Հայաստանի բնակչությունը կազմում է այդ թվի 1 տոկոսը, իսկ 30 տարի հետո կկազմի 0.6 տոկոսը»,- իր ոչ այնքան բարդ հաշվարկները ներկայացրեց նա և այնուհետև եզրակացրեց. «Հայաստանը Կարմիր գրքում է հայտնվել, ինչը լուրջ մտորումների տեղիք է տալիս»։
Մինչ Ադիբեկյանը տարված էր այդ մտորումներով, նրան հաջորդեցին դաշնակցականները` հայտարարելով, թե իրենք այս պահին «պետության վախճանի զգացողություն ունեն»: Պատգամավոր Լիլիթ Գալստյանը բացեց դաժան կանխատեսման փակագծերը` պարզաբանելով, որ, ըստ իրենց, ներկա իշխանություններն ուղղակի անընդունակ են լուծելու այն բոլոր խնդիրները, որոնց ծանրացել են մեր երկրի ուսերին, և այդ պատճառով էլ Հայաստանն այսօրվա իրականությամբ հեռանկար չունի: «Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը մեծ հետընթաց է ապրում»,- ասաց նա` հիշեցնելով, որ այլ բան անհնար է ասել մի երկրի մասին, որտեղ 35 տոկոս աղքատություն կա:
Մեկ այլ հասարակագետ`Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գևորգ Պողոսյանը նույնպես չդավաճանեց նախորդների տրամադրվածության հոռետեսական ոգուն ու մտավախություն հայտնեց, որ Հայաստանը կարող է հայտնվել այն երկրների շարքում, որոնք 21-րդ դարում իրենք իրենց կոչնչանան: «Շատ երկրներ, որոնք 21-րդ դարում ի վիճակի չեն լինի ինքնուրույն գոյատևել տնտեսական ու քաղաքական առումներով, ստիպված կլինեն ինքնաոչնչանալ կամ միանալ մեծ միջազգային միավորումներին»,- ասաց նա և ապա իր միտքն ամփոփելով նշեց, որ ներկա դրությամբ Հայաստանում առկա բացասական միտումները վկայում են այն մասին, որ մեր երկիրը արագ ընթացքով գլորվում է այդ ճակատագրին արժանի այլ երկրների գիրկը:
Ճշմարտության առաջ մեղանչած կլինենք, եթե չհաստատենք, որ, այո, ներկայումս Հայաստանում առանց բացառության բոլոր ոլորտներում ապակառուցողական գործընթացներ են ընթանում, իսկ դրանց հետևանքը աղետալի լինելու բոլոր նախադրյալներն ունի: Սա այնքան ակնհայտ է, որ տեսանելի է նույնիսկ օվկիանոսից այն կողմ: Արդյո՞ք պատահական է, որ, ասենք, ամերիկյան Կանզաս Համալսարանի մասնագետները ևս չեն ժխտում նման ապագան: Հիշյալ համալսարանի պրոֆեսորները և Նյու Յորքի նրանց գործընկերները համատեղ ուժերով վերջերս նոր մոդել են մշակվել, որի շնորհիվ փորձում են կանխատեսել գալիք տարիներին տարբեր երկներում հնարավոր քաղաքացիական ընդվզումներն ու ազգամիջյան բախումները: Համաձայն այդ մոդելի` ստեղծվել է այն երկրների ցանկը, որտեղ 2011-2014 թվականների ընթացքում քաղաքացիական բախումներ ու ընդվզումներ են սպասվում: Հիշյալ ցուցակի պատվավոր 24-րդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանը…
Մենք, իհարկե, մեզ կարող ենք մխիթարել այն դատողությամբ, որ գուշակությունների ժանրը չի ընդգրկվում լուրջ և հեղինակավոր գիտությունների շարքում ու կարիք չկա մեծ նշանակություն տալ համանման ամեն մի արձագանքի: Բայց մենք հիշում ենք նաև իմաստուններից մեկի այն միտքը, թե ապագան գուշակելու լավագույն միջոցը այն կառուցելն է: Իսկ թե ինչպիսին է մեր կառուցածը` տեսնում և առնչվում ենք ամեն օր:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: