Երբ բոլորը կողմ են, իսկ մերոնք` դեմ

31 Հնվ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ինչպես խոստացել էր` այնպես էլ արեց: ԵԽԽՎ Բյուրոյի նիստում որոշում կայացվեց վերստեղծել Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը: Ամիսներ շարունակ գործադրված ջանքերը` թույլ չտալ մեռած մարմնի վերակենդանացումը, անհաջողությամբ պսակվեց: Նոր ենթահանձնաժողովի կազմում կընդգրկվեն ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Ադրբեջանի ու Հայաստանի հարցերով համազեկուցողները, երկու երկրների ընդդիմությունից և իշխանությունից ԵԽԽՎ-ում ներկայացված պատգամավորներ, իսկ ենթահանձնաժողովի նախագահ նշանակվեց իսպանացի պատգամավոր, «Եվրոպայի դեմոկրատների և լիբերալների ալյանս» խմբի անդամ Ջորդի Խուգլա ի Կոստան:
Վճռորոշ նիստի նախօրեին հայկական պատվիրակությունը մի վերջին փորձ էլ կատարեց կացությունը փրկելու համար` նամակ հղելով Բյուրոյի անդամներին, որտեղ ասվում էր, թե ինչու է անընդունելի նման հանձնաժողովի գործունեությունը: Սակայն, ինչպես հետո պարզվեց, տեղի էր ունեցել ընթացակարգային խախտում: Ըստ սահմանված կարգի, քարտուղարությունը պարտավոր էր նամակը պաշտոնապես հանձնել Բյուրոյի անդամներին, որպեսզի նրանք քվեարկության օրը ձեռքի տակ ունենային պարզաբանումներով ու վերապահումներով լրացված այդ շարադրանքը: Միայն թե քարտուղարությունը դա չէր տրամադրել: Հիմա արդեն դժվար է ասել, թե միտումնաբար կամ անփութությամբ արված բացթողումը կարո՞ղ էր արդյոք որևէ կերպ իր ներգործությունն ունենալ արդյունքների վրա: Փաստ է միայն, որ Բյուրոյում բոլորը, բացառությամբ հայկական պատվիրակության անդամների, կողմ քվեարկեցին Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծմանը: Այդ համերաշխ միասնության մեջ աննկատ անցավ մեկ այլ խախտում ևս` ենթահանձնաժողովի նախագահի նշանակումը: Բանն այն է, որ կատալոնցի պատվիրակը նույնիսկ հարկ չէր համարել ժամանել` մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին: Իսկ նման ինքնավստահությունը կարող էր ունենալ մեկ բացատրություն` նշանակման երաշխիքները տրվել էին նախապես:
Այսօր հայ խորհրդարանականները կատարվածի ողջ մեղքն ու պատասխանատվությունը բարդում են ԵԽԽՎ ազգությամբ թուրք նախագահ Մևլութ Չավուշօղլու վրա, մյուսներն էլ եղածը որակում են իբրև հայ դիվանագիտության ցավալի պարտություն: Բայց արդյո՞ք այդ պարտությունը միայն մերն էր:
Այս հարցին անաչառ պատասխան գտնելու համար եկեք վերհիշենք, թե հայկական կողմի ժխտողական դիրքորոշման հիմքում ի՞նչ փաստարկներ էին ընկած: Առաջին հերթին հայերն այն կարծիքին էին, որ անհրաժեշտ է նախ հասնել երկու անհաշտ պատվիրակությունների դիրքերի մերձեցմանը, և նոր միայն խոսել մեկ ընդհանուր հարկի տակ համագործակցելու, քննարկումներ անցկացնելու ու տեսակետներ ներկայացնելու մասին: Սա կարող էր նաև որոշ առումով մեղմել այն փոխադարձ ագրեսիվ մեղադրանքների հեղեղը, ինչը մշտապես անիմաստ էր դարձնում ցանկացած երկխոսություն: Հայկական կողմի հաջորդ փաստարկն այն էր, որ հիշյալ հանձնաժողովի վերստեղծմամբ ԵԽԽՎ-ն անխուսափելիորեն առնչվելու է ղարաբաղյան այն խնդիրներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի ու իրավասությունների շրջանակներում են, իսկ դա կարող է նշանակել ոչ այլ բան, քան անընդունելի քայլ, ինչը շեղելու է ԼՂ խնդրի քննարկումը Մինսկի խմբի ձևաչափից: Իր հերթին այդ կողմնակի միջամտությունը կարող է Ադրբեջանի մոտ առաջացնել պատրանքներ, թե իր ձեռքերն ազատ են արձակված և այսուհետ թույլատրելի է օգտագործել այլ ձևաչափերը՝ բանակցություններում սեփական դիրքերն ուժեղացնելու նպատակով։ Մի խոսքով, ենթահանձնաժողով ասվածը սոսկ ծուղակ է ու լայն ասպարեզ ագրեսիվ հռետորության համար:
Ի դեպ, առիթը չափազանց հարմար էր վերհիշելու նախորդին և ցրելու այն թյուր կարծիքը, թե նախկինում ստեղծված ենթահանձնաժողովի աշխատանքները դադարել էին սոսկ այն պատճառով, որ դրա նախագահ Ռասսել Ջոնսոնը մահացել էր: Իրականում Ջոնսոնի կենդանության օրոք էլ այդ մարմինը էական ոչինչ չէր անում, չկարողացավ արձանագրել որևէ արդյունավետ տեղաշարժ, բայց փոխարենը մեծապես «նպաստեց» հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև թշնամական մթնոլորտի խորացմանը:
Նման հիմնավորումների ու փաստարկումների պայմաններում հայերի համար դեռևս անպատասխան է մնում հարցն այն մասին, թե ինչու՞ նիստում կողմ քվեարկեցին նաև միջնորդ երկրները ներկայացնող պատվիրակները, այնինչ քվեարկությունից օրեր առաջ նրանք պաշտպանում էին հայկական տեսակետը: Վերջնական պատասխան չունի նաև այն հարցը, թե ո՞րն է լինելու մեր պատասխանը Չավուշօղլուին: Նախապես ասվում էր, թե անցանկալի ելքի դեպքում Հայաստանը պարզապես կբոյկոտի ենթահանձնաժողովի աշխատանքները, իսկ կողմերից մեկի բացակայությունն ինքնաբերաբար այդ մարմնի գործունեությունը կվերածի պարապ մտավարժանքների հարթակի: Արդեն ասվել է այն մասին, որ առաջիկայում պատվիրակության անդամները խորհրդակցություններ կանցկացնեն հանրապետության քաղաքական ուժերի հետ, որից հետո միայն հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:
Իսկ մինչ այդ հավելենք հետևյալը. սպասվում է, որ ԵԽԽՎ-ում ապրիլյան նստաշրջանի ժամանակ քննարկվելու է ԼՂ հարցերով ենթահանձնաժողովի ղեկավարի տարածաշրջան այցելելու հարցը։

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

One Response to “Երբ բոլորը կողմ են, իսկ մերոնք` դեմ”

  1. Գիլանց Փետրվարի 1, 2011 at 1:13 ա. #

    Այս իրավիճակում մեզ առավելագույն լարում, ուժ է պետք…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s