ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

26 Հնվ

«Չարենցի կրակոցը» վեպի առանձնահատկությունները

TUESDAY, JANUARY 25, 2011
Հովիկ Չարխչյանի «Չարենցի կրակոցը» փաստագեղարվեստական գրքի առանձնահատկությունների մասին հարցրեցինք-հետաքրքրվեցինք հենց հեղինակից, քանի որ գիրքը նոր միայն նվեր էինք ստացել և մանրամասն կանդրադառնանք առաջիկայում:
— Առաջինն` այն փաստագրական վեպ է, մի ժանր, որը մեր գրականության մեջ , գոնե վերջին շրջանում, կարծես մեռած վիճակում է: Գրողներից շատերը խուսափում են այդ ժանրից: Ապավինում են միայն իրենց երևակայությանն ու դրա արդյունքում ծնված գրական հերոսներին, հորինովի իրավիճակներին: Իսկ փաստագրությունը նախընտրելի չէ, որովհետև միշտ չէ, որ այնտեղ դեպքերը դինամիկ են զարգանում, հանգուցալուծումները հետաքրքիր են, կոնֆլիկտները` գրավիչ: Դրա համար էլ մարդիկ խուսափում են: Հավաքելով Եղիշե Չարենցի մասին փաստագրական նյութեր, ես հասկացա, որ դրանք ներկայացնելու լավագույն ձևը փաստագրական վեպն է: Ոչ թե չոր գրականագիտական մեկնաբանումներով ու վերլուծությամբ, այլ գեղարվեստական խոսքով, որպեսզի այն հասկանալի ու մատչելի լինի լայն ընթերցողի համար, անկախ նրանից` չարենցասեր է, գրականությամբ հետաքրքրված է, թե` ոչ: Պայմանականորեն գիրքը Չարենցի մասին է, նրա կյանքն է, սակայն, ըստ էության, մարդկային սիրո, ողբերգության, ապաշխարհանքի, մտածումների, տաղանդավոր, հանճարեղ մարդու կյանքի մասին է, ինչը, կարծում եմ, շատերին կհետաքրքրի: Ժամանակահատվածը 1926 — 27 թթ.-ն է: Մտածում էի, թե Չարենցի կյանքի ո՞ր ժամանակահատվածն է, որ ավելի բնորոշ կարող է լինել նրա նկարագրի, կյանքի համար: Մարիաննա Այվազյանի հետ կապված հայտնի պատմությունը` նրան սիրահետելու, նրա վրա կրակելու, բանտարկվելու ու ազատվելու մասին հենց դա էր: Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ իմաստ չունի մեկ անգամ ևս վերապատմելու այն, բայց երբ հասկացա, որ հսկայական նյութ դուրս է մնացել ամբողջից և ավելորդություն չէ դա պատմել երկրորդ անգամ` իբրև բոլորովին ուրիշ պատմություն, որը շատ ավելի ճշմարտանման է, քան այն, ինչը մինչ այժմ գիտեինք, այդքանը բավարար էր գործը նախաձեռնելու համար:
Գրքում չկա մի հերոս, որը մտացածին լինի, չկա մի դեպք, որը հորինովի լինի, չկա մի իրադարձություն, որը երևակայության արդյունք է: Նույնիսկ աշխարհագրական դիրքը, փողոցը, տունը, բոլոր նկարագրություններն ու դրվագները ուսումնասիրվել են և համապատասխանում են իրականությանը: Դրա համար հիմք են ծառայել քարտեզներն ու լուսանկարները, ժամանակակիցների վկայություններն ու փաստաթղթերը, բոլոր հնարավոր միջոցներն օգտագործվել են, որ ամեն ինչ հավաստի լինի: Ստեղծվել է այնպիսի պատկեր, որ գիրքը կարդալիս կարծես հայտնվում ես 20-ականների Երևանում, Թիֆլիսում, Մայկոպում և այն բոլոր վայրերում, ուր Չարենցը եղել է:
Կա նաև հայտնի փաստերը նոր հայացքով դիտարկելու, վերագնահատելու խնդիր: Գրքում կան գլուխներ, էջեր, պատմություններ, որոնք Չարենցի կյանքի բացահայտման առումով նորություններ են, մինչ այժմ անհայտ գրասեր հասարակությանը: Օրինակ, Մայկոպում անցկացրած ամիսները. (բանտից ազատվելուց հետո Չարենցը մեկնել է այնտեղ` ծնողների ու ընտանիքի մոտ): Կարևոր բացահայտում է նաև, որ 1926 թ. Լենինականի երկրաշարժից հետո, Չարենցը թեև բանտված, բայց այցելել է աղետի գոտի և այնտեղ հանդիպել Շուշանիկ Կուրղինյանին, անգամ` Պոլոզ Մուկուչին: Կա բանտում Իսահակյանի հետ նրա հանդիպման ու զրույցի մանրամասները:
— Այդ փաստերն ինչպե՞ս է, որ ժամանակին չեն հրապարարակվել: Կրկին որոշ մարդկանց կրավորական պահվածքի՞, թե՞ անփության արդյունք են:
— Հավասարապես և’ մեկը, և’ մյուսը: Կան փաստեր, որոնք հասու են եղել շատերին, սակայն չեն հրապարակվել ինչ-ինչ հանգամանքներից ելնելով: Խուսափել են սկանդալային իրավիճակներից, աղմկահարույց թեմանարից: Ես այդպիսի «ծանր» և «նրբանկատ» թեմաներից խուսափելու պատճառ չեմ տեսնում: Ի վերջո, կա ճշմարտություն և այն պետք է հասցնել մարդկանց, անկախ նրանից` դա դուր կգա՞ որոշներին, թե ոչ: Եթե մարդկանց մի խումբ կա, որն ուզում է ապրել ինքնախաբկանքի մեջ, սիրում է հորինովի իրականությունում լինել, թող շարունակի այդպես: Մինչդեռ կան շատերը, ովքեր կարոտ են ճշմարտության և ուզում են, որ իրենց սիրելի գրողի կերպարն ամբողջական լինի… Իմ նպատակներից մեկն էլ այն է, որ գիրքը չընկալվի զուտ որպես Չարենցի կենսագրություն: Այդպես շատ միակողմանի կլինի: Չարենցասերներին հետաքրքրում է հանճարեղ գրողի ամբողջական կերպարն իր մեղանչումներով, հաջողություններով, ապաշխարանքով ու մարդկային թուլություններով:
Գիրքը տպագրվել է հեղինակի անձնական միաջոցներով և վաճառվում է մայրաքաղաքի գրեթե բոլոր գրախանութներում…

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s