Պահոց | 6:03 ե.

ՊՈԼ ՎԵՌԼԵՆ

23 Հնվ

ԿԻՆ ԵՎ ԿԱՏՈՒ

Խաղում էր նա իր կատվի հետ.
Ինչ տեսարան տարօրինակ.
Խավարի մեջ ցոլում էր մերթ
Ճերմակ մի ձեռք, մի թաթ ճերմակ:

Նենգ կենդանին քաշում էր ետ,
Թաքցնում սև թաթմանի տակ
Իր ագաթև ու նրբակերտ
Ճանկերը սուր, հատու դանակ:

Կինն էլ սիրով սուտ ու պատիր
Թաքցընում էր ճանկերը իր.
Բայց անթաքուստ էր Սատանան:

Եվ սենյակի խոր խավարում,
Ուր նա խնդում էր բարձրաձայն,
Ֆոսֆորե չորս կետ էր վառվում:

Թարգմ. Հ. Բախչինյան

ՔՆՅՈՒԹ ՀԱՄՍՈՒՆ

23 Հնվ

… Նա խոսում էր կցկտուր, կարճ դադարներով խոցում ինձ, խոսքը ձգձգում, որպեսզի պարզ հասկացնի, որ ինձ նկատի ունի: «Հանգիստ,- ասացի ինքս ինձ,- շատ հանգիստ: Նա ինձ չի խնդրում, որ գնամ, բացահայտորեն չի ասում, պարզ չի խոսում: Իմ կողմից ոչ մի ամբարտավանություն, ոչ մի անպատեհ հպարտություն: Զգույշ եղիր…»: Յուղանկար Քրիստոսը զարմանալի կանաչ մազեր ուներ: Նրա մազերը գրեթե նման էին կանաչ խոտի կամ, ավելի դիպուկ, թավ մարգագետնի խոտի: Հը, ինչպիսի ճշգրիտ դիտողականություն իմ կողմից, իսկը թավ մարգագետնի խոտ… Այդ պահին գլխովս մի շարք փութանցիկ մտքեր սլացան: Կանաչ խոտից միտքս հասնում է Սուրբ Գրքի այն տեղը, ուր ասվում է, թե ամեն մի կյանք նման է խոտի, որ այրվում է, ապա սկսում եմ մտածել ահեղ դատաստանի օրվա մասին, երբ ամեն ինչ հրո ճարակ է դառնալու, ապա աչքիս առաջ է գալիս Լիսաբոնի երկրաշարժը, հետո մտքիս ճախրանքում հայտնվում է իսպանական արույրե մի թանաքաման և եբենոսափայտից պատրաստված մի գրչակոթ, որ տեսել եմ Իլայալիի տանը: Ախ, ամեն բան վաղանցուկ է: Խոտի պես այրվում է ամեն ինչ: Ի՞նչ ենք տանում մեզ հետ` չորս տախտակ ու մի պատան, որ կարող ենք գնել յոմֆրու Անդերսենի մոտ, դարպասից դեպի աջ…
Եվ այս ամենը միտս է եկել այս հուսահատ պահին, երբ տանտիրուհին պատրաստվում է դռնից դուրս շպրտել ինձ:
— Չի էլ լսում,- գոռում է նա:- Ասում եմ, դուք պետք է հեռանաք իմ տանից, հասկանու՞մ եք: Աստված թող ինձ պատժի, թե այս մարդը խելագար չէ: Կորեք այստեղից և ոչ մի բառ չասեք:
Ես նայեցի դռանը. գնալու համար չնայեցի, ամենևին գնալու համար չնայեցի, մտքովս հանդուգն մի բան անցավ. եթե դռան վրա բանալի լիներ, կպտտեի ու բոլորի հետ կփակվեի այստեղ: Ես սարսափում էի, որ կրկին հայտնվելու եմ փողոցում: Սակայն դռան վրա բանալի չկար, և ես վեր կացա: Էլ ոչ մի հույս չկար…

ՊԻԵՐ ԴԵ ԲՈՄԱՐՇԵ

23 Հնվ

Ապրել` նշանակում է պայքարել, պայքարել` նշանակում է ապրել: Առաջադրված նպատակին հասնելու համար գործողությունը հարկավոր է ոչ պակաս, քան գիտելիքը: Մարդկանց կարելի է ուղղել` եթե նրանց ցույց տաս այնպիսին, ինչպիսին իրականում կան: Երկչոտ մարդուն բռնադատում է ցանկացած խարդախը: Քաջաբար ինքն իրեն հաղթելու կարողություն` ահա թե ինչն է ինձ միշտ թվացել այն մեծագույն նվաճումներից մեկը, որոնցով կարող է հպարտանալ խելացի մարդը: Քանի որ հնարավոր չէ խելքը նվաստացնել, նրանից վրեժ են առնում` ենթարկելով հալածանքի…
Տան համար քիչ բարիք չէ այնտեղից սրիկային վռնդելը: Իսկ ի՞նչ բան է տեր ազնվականը. մարդ, որն իրեն նեղություն է տվել աշխարհ գալ. միայն այդքանը: Երբեք չեմ հասկացել ծառաներից կատարելություն պահանջող պարոններին: Հետաքրքիր է, թե նրանցից քանիսը՞ կհամապատասխանեին նույն այդ ծառայի համար պահանջվող որակներին: Հիմարությունն ու փառամոլությունը անբաժան ընկերուհիներ են:

ՖԻԼԼԻՊ ԷԼԵԲԵ

23 Հնվ

Ջազ
Տարագիրների կախարդական հեքիաթ
Աֆրիկայի անառակ որդիների հեքիաթ

Ջազ
Դյութական տեսիլքներ
Վախ վաղվա օրվա հանդեպ
Ծածուկ կարոտաբաղձություն

Ջազ
Սևամորթ ստրուկների ապստամբություն
Ընդդեմ վշտերի ու տանջանքների

Ջազ
Սև պոեզիա
Սպիտակ քաղաքակրթության
Արգանդում

Ջազ
Նեգրական ռիթմեր
Տրոպիկական թավ ձայներ
Հեռավոր Աֆրիկայի բողոք

Ջազ
Պայքարի վաղեմություն
Շրջապատող աշխարհի դեմ
Չարի դաժան ուժերի դեմ:

Ջազ
Սև ժողովուրդների կատաղություն
Նրա միամտություն
Կենսականություն ու երկչոտություն

Ջազ
Կարմիր ու սև
Հնդկացի ու աֆրիկացի ցեղերի
Արհամարհված արվեստ

Ջազ
Մարմնավորում մեր հոգու:

%d bloggers like this: