Պահոց | 10:58 ե.

ԲԼԱՆԺԵ ԿՈՆԵՍԿԻ

21 Հնվ

ԵՐԱԶ

Մի փորձիր ինձ տեսնել:
Իմ տանջանքները
Դու չես հասկանա:
Ես հոսում եմ, ինչպես ստորերկրյա գետը`
օրերի սպիտակ խիճերի տակ,
իսկ ակունքներն իմ-
հեռավոր մանկության գիշերներն են:

ՋՈՆ ՍԹԱՅՆԲԵՔ

21 Հնվ

…Եվ այսպես շարունակ. պետությունից` միություն, միությունից` ազգ: ( Ազգը սովորաբար բնական ինչ- որ սահմաններ ուներ հանձին օվկիանոսի, լեռնաշղթայի կամ գետի, որոնք արգելում էին ավելի հեռուները տարածվել): Ամեն ինչ լավ էր, մինչև որ սրամիտների մի նոր խումբ հայտնագործեց հեռահար միջոցներ` ղեկավարվող արկեր և ատոմային ռումբեր: Դրանից հետո գետը կամ օվկիանոսը որևէ վճռական դեր խաղալ չէր կարող: Չափազանց վտանգավոր դարձավ առանձին ազգություններով ապրելը ճիշտ այնպես, ինչպես ժամանակին չափազանց վտանգավոր էր առանձին ընտանիքներով ապրելը:
Երբ մարդիկ հայտնվում են կործանման սպառնալիքի տակ, ստիպված մի նոր ելք են սկսում որոնել: Այժմ մենք ունենք Միավորված ազգեր, և այդ դեպքում էլ ավագներից պրծում չկա: Նրանք դեմ են Միավորված ազգերին ճիշտ այնպես, ինչպես ժամանակին դիմադրում էին մեր նախնիներին քարանձավներից դուրս գալիս: Բայց մենք հիմա ստիպված չենք լինի ընտրություն կատարել: Բանը բարեհոգության և առաջընթացի ցանկության մեջ չէ: Դեռևս քարանձավային շրջանից, մենք ամեն անգամ ընտրություն կատարելով, երբեք չենք ընտրել կործանումը: Եվ եթե այս ամենից հետո մենք ինքներս ջախջախենք մեզ, ապա բավականին հիմար բան կստացվի: Նման պարագայում մենք մեզ ավելի հիմար կդրսևորենք, քան էին քարանձավային մարդիկ, և ես չեմ կարծում, որ դա իրոք այդպես էլ լինի: Ես համոզված եմ, որ մենք նույնքան հիմար ենք, որքան քարանձավային մարդիկ, և դա, վերջին հաշվարկով, այնքան էլ վատ բան չէ:

Զրոյական սինդրոմի կնքահայրը

21 Հնվ

Մենք սովոր ենք այն բանին, որ անգլիական դիվանագիտությունն այս տարածաշրջանում ներկայանա իր թվացյալ չեզոքությամբ և սակավախոսությամբ: Իհարկե, գոյություն չունի հատուկ վիճակագրություն այն մասին, թե Հայաստանում Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը ի՞նչ հաճախականությամբ է ներկայացնում իր երկրի պաշտոնական տեսակետն այս կամ այն հարցի շուրջ, բայց որ նա հանրաճանաչությամբ կգրավեր վերջին տեղերից մեկը, սա անվիճելի է: Այնպես որ դեսպանի ցանկացած հայտնություն վերածվում է իրադարձության և անմիջապես հասկանալի է դառնում, որ նրա խոսքերի թիկունքում պետք է որոնել նախանշվող փոփոխությունների ստվերը և կամ (լավագույն դեպքում) արդեն ամրագրված դիրքորոշումների վերահաստատումը:
Այժմ ևս Լոնսդեյլը քիչ անակնկալներ չմատուցեց, երբ օգտագործելով Երևանում ՆԱՏՕ-ի Ռազմավարական հայեցակարգի հայերեն տարբերակի շնորհանդեսի առիթը, հարկ համարեց ներկաների համար շարադրել իր երկրի վերաբերմունքը Հայաստանի համար կարևորագույն երկու հարցերի` ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Նկատենք, որ երկու դեպքերում էլ Մեծ Բրիտանիան անմիջականորեն ներգրավված չէ գործընթացներում, չնայած ամեն գնով ցանկանում է տպավորություն ստեղծել, թե մեծ ջանքեր է գործադրում մեր տարածաշրջանում խաղաղության և երկխոսության ամրապնդման ուղղությամբ: Սակայն, սրանով հանդերձ, չի կարելի չհամաձայնել այն մտքի հետ, որ Լոնդոնի շահերից է բխում կայունության պահպանումը և բնականոն հարաբերությունները հատկապես Ադրբեջանի հետ, ինչը նշանակում է չանտեսել էներգետիկ նշանակության առավելությունը մյուս գործոնների նկատմամբ: Ու եթե բրիտանացիները ժամանակ առ ժամանակ հիշում են նաև մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրների մասին, ապա դա էլ արվում է սոսկ քաղաքակիրթ երկրի իմիջը չվնասելու նկատառումներով:
Բայց այժմ ստացվել է այնպես, որ ի հայտ են եկել միանգամայն նոր նրբերանգներ, որոնցով էլ թերևս պայմանավորված էր դեսպանի ելույթի անհրաժեշտությունը: Իբրև այդպիսի ելակետային գործոն նախ և առաջ շեշտվեց Մեծ Բրիտանիայի նորացված վերաբերմունքը Ղարաբաղի հարցի առնչությամբ: Հատկանշականն այստեղ ոչ այնքան այն էր, որ Լոնդոնը սատարում է Մինսկի խմբի ջանքերը, որքան այն, որ, ըստ նրանց, հակամարտությունը պետք է իր լուծումը գտնի միջազգային իրավունքի ընդունված սկզբունքների շրջանակներում` տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում: «Ցանկացած հակամարտություն կարգավորելու համար պետք է գործեն միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները, չի կարելի մի սկզբունքը ավելի բարձր դասել, քան մյուսը, քանի որ այդ սկզբունքները հավասար են»,- ասաց դեսպանը` վերահաստատելով Լիսաբոնի գագաթաժողովի ժամանակ ընդունված ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգի հանրահայտ դրույթը: Եվ սա արդեն լուրջ տեղաշարժ է, քանի որ նախկինում երբեք անգլիացիները հավասարության նշան չէին դրել այդ հակոտնյա սկզբունքների միջև:
Այսօր դեսպանը Հայաստանին ու Ադրբեջանին խորհուրդ է տալիս հաղթահարել զրոյական սինդրոմը` պարզաբանելով, թե մի պետության հաղթանակը դեռ չի նշանակում մյուսի պարտությունը: Նրա գնահատմամբ, այդ «զրոյական գումարի սինդրոմն» այն լուրջ մարտահրավերն է, որ առկա է տարածաշրջանում: Ու երբ Լոնսդեյլը ասում է, թե չի կարելի ամեն ինչ տեսնել միայն սև ու սպիտակ գույների ներքո, ապա ակամա մտածում ես, որ վատ չէր լինի, եթե վերոհիշյալ սինդրոմի սեփական ախտանիշերի հաղթահարմամբ զբաղվեին նաև Մեծ Բրիտանիայում: Չէ՞ որ այդ նրանք են, որ ճանաչեցին թե՛ Կոսովոյի, թե՛ Հարավային Սուդանի անկախացման իրավունքը, սակայն Ղարաբաղի մասով կարծում են, որ յուրաքանչյուր հակամարտություն յուրահատուկ է և առանձնակի մոտեցում է պահանջում:
Համարժեք պատկեր կարելի է դիտարկել անգլիացիների վերաբերմունքի մեջ, երբ խոսքը վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին: Ոչ վաղ անցյալում ամեն կերպ Անկարային աջակցող Լոնդոնն այժմ հանկարծ հայտարարում է այն մասին, որ Թուրքիան չի կարող ԵՄ անդամ դառնալ, եթե չբացի Հայաստանի հետ սահմանը: «Մենք աննորմալ ենք համարում փակ սահմաններ ունենալը այս դարաշրջանում: Ինչպես հայտնի է, Թուրքիան ձգտում է Եվրամիություն մտնել: Դա անելու համար նա պետք է խնդիրներ չունենա հարևանների հետ, պետք է ձերբազատվի բոլոր նման խնդիրներից»,- ասում է դեսպանը` իրապես զարմացնելով բոլորիս: Դեռ ավելին, Մեծ Բրիտանիան խրախուսում է հարաբերությունների բարելավման գործընթացը առանց նախապայմանների: Իսկ երբ հարցն առնչվում է Ցեղասպանության ճանաչմանը, ապա նախկին մերժողականությանը փոխարինելու է գալիս մեղմ վերապահումը, որն իր անդրադարձն է գտնում այսպիսի շարադրանքում. «Երբեք չպետք է մոռանանք զանգվածային սպանդը, բռնի տեղահանություններն ու կոտորածը, որոնք տեղի են ունեցել 1915 թվականին: Բայց նաև կարևոր ենք համարում հայացքն ուղղել առաջ: Իհարկե, սա չի նշանակում մոռանալ անցյալը, բայց պետք է ամեն ինչ անենք, որ հնարավոր լինի առաջ գնալ և դրական համագործակցության հիմք ստեղծել»: Ստացվում է, որ Թեմզայի ափին ըստ էության չեն էլ ժխտում եղեռնի փաստը, պարզապես անկեղծորեն խոստովանում են, որ իրենց կողմից որևէ մեկին առաջնություն տալը որևէ լավ բանի չի հանգեցնի: Այնինչ ընդամենը մեկ տարի առաջ էր, որ Հայաստանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Դեյվիդ Միլլերը բոլորովին այլ ճշմարտություն էր բարձրաձայնում` հայտարարելով, թե «քանի դեռ Բրիտանիայի ու Թուրքիայի հարաբերությունները հիմնված են տնտեսական, քաղաքական ու ռազմական շահերի վրա, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը այս երկրում չի քննարկվի»:
Այն, որ առաջիկայում ևս այդ թեման քննության նյութ չի դառնա Լորդերի պալաստում, սա ևս հասկանալի է, ինչպես որ ղարաբաղյան հարցում պետք չէ սպասել Մեծ Բրիտանիայի ակտիվ միջամտությանը: Այս իմաստով էլ երիցս իրավացի էին այն անգլիացիները, ովքեր ժամանակին մեզ հուշում էին, թե իրականությունն այն է, որ Հայաստանը Ադրբեջան չէ, որտեղ Բրիտանիան ֆինանսական հետաքրքրություններ ունի, ոչ էլ Վրաստան է, որն այսօր ռազմավարական նշանակություն ունի: Եվ ուրեմն կարիք չկա խոսել ինչ-որ զրոյական սինդրոմների կամ սև ու սպիտակ գույների համադրության մասին, քանի դեռ անկաշկանդ քայլեր ձեռնարկելու մասին գաղափարներ հրամցնողը ինքը չի ձերբազատվել կաղապարներից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԳՈՒՐԳԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ

21 Հնվ

Կյանքը ինձ երբեք չի զարմացրել: Առանց հակասությունների այն շատ տխուր կլիներ: Բերկրանքի պահեր, անշուշտ, շատ են եղել, երբ մարդը հասնում է իր նպատակին, երբ բազում փորձերից ու անքուն գիշերներից հետո աշխատանքդ օբյեկտիվ են գնահատում: Հիասթափվելու առիթներ նույնպես եղել են: Մարդը իրավամբ համարվում է ամենաբարձր էակը: Ամենից առաջ ես հիասթափվել եմ հենց մարդկանց մեջ: Նման պահեր եղել են նաև ստեղծագործական առումով: Այսօրվա սերունդը անհամեմատ երջանիկ է: Բայց արի ու տես, ոմանք ամեն ինչ հեշտությամբ են ուզում ձեռք բերել, առանց ջանք գործադրելու: Իսկ մենք միշտ գնահատել ենք աշխատասիրությունը: Տաղանդին հարկավոր է տեր կանգնել: Իսկ եթե աչքաթող արիր, կորցրածը չի վերադառնում: Փողոց ես դուրս գալիս, գեղեցիկ տղաներ են, ամեն ինչ տեղը, ճաշակով հագնված, բայց… մեկ-մեկ ուղղակի տհաճություն են պատճառում, երբ նայում ես ոմանց մազերին: Դրանք, որ կուրորեն կրկնօրինակում են այս ու այն տեղից: Եղբայր, այդ ամենը մարդուն զրկում է տղամարդ կոչվելուց: Միևնույն է, ինչ էլ որ անես օրգինալ երևալու համար, ոչինչ չի օգնի, եթե մարդուս մոտ բացակայում է հոգեկան հարստությունը… Ես շատ կուզեի, որ երիտասարդությունը ճիշտ գնահատեր իր արժանիքները, ժամանակն անտեղի չվատներ, նրանցից ամեն մեկն ամբողջ էությամբ նվիրվեր իր ընտրած մասնագիտությանը, գործին և իրագործեր այն երազանքները, որոնք պետք է գեղեցկացնեն թե իրեն, թե հասարակությանը:

ՀԵՆՐԻ ԲԻՉԵՐ

21 Հնվ

Դժբախտության մեջ ընկած մարդուն բարի խոսքով սատարելը հաճախ նույնքան կարևոր է, որքան երկաթգծի վրա սլաքը ժամանակին փոխելը, երբ ընդամենը մի մատնաչափ է բաժանում աղետը կյանքի համաչափ ու անվտանգ ընթացքից: Գոռոզը հազվադեպ է երախտապարտ մարդ լինում. նա միշտ համոզված է, որ ստանում է ավելի քիչ, քան արժանի է: Համառության և կամակորության միջև տարբերությունը նրանում է, որ առաջինի համար աղբյուր է ծառայում ուժեղ ցանկությունը, իսկ երկրորդի համար, ընդհակառակն, ցանկության լիակատար բացակայությունը: Մարդու բոլոր վեհ մղումները, գաղափարները, մտահղացումները գրոշ չարժեն, եթե դրանք չեն զորացնում նրան` առօրյա կյանքում պարտականությունը լավագույն ձևով կատարելու համար:
Չի կարելի խելացի համարել այն մարդուն, ով չի կարողանում մոլեգնել, երբ դա հարկավոր է: Հեշտությամբ ձեռք բերված հաղթանակները շատ բան չարժեն: Դրանցից միայն այն հաղթանակներով կարելի է հպարտանալ, որոնք արդյունք են համառ պայքարի: Չկա նրանից ավելի ուժեղ հաղթող, ով հաղթում է ինքն իրեն:

%d bloggers like this: