Պահոց | 1:37 ե.

Հեռանկարն` առանց գունազարդման

20 Հնվ

Եթե փորձենք հնարավորինս հակիրճ ձևակերպել տրամադրությունների այն պաշարը, որ ներկա պահին առկա է ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ, ապա կարող ենք արձանագրել, որ նախ և առաջ դրա հետ շաղկապվում են երեք մեծ դժգոհություններ: Առաջին դժգոհությունը վերաբերում է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը, ինչը նախորդ տարում աննախադեպ էր` իր ամենատարբեր դրսեւորումներով` շփման գծում սադրանքների հրահրում, հրադադարի ռեժիմի խախտման հարյուրավոր դեպքեր, իրավիճակի ապակայունացում, հիմնահարցը ավանդական դաշտից այլ հարթակներ տեղափոխելու կասկածելի փորձեր:
Երկրորդ դժգոհությունը հասցեագրվում է միջնորդներին, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի գործունեության բնորոշման համար այժմ ավելի հարմար որակում չկա, քան «փսևդո-առաքելությունը», իսկ դրա հետևանքը շատերը նմանեցնում են մի ճահճի, որը ոչ միայն տեղաշարժ չի ապրում, այլև իր տիղմի մեջ է ներքաշում ողջ գործընթացի հեռանկարի հույսը:
Երրորդ դժգոհությունն արդեն վերաբերում է մեր իշխանություններին: Որքան էլ վերջիններս խոսեն գործադրված ջանքերի, զանազան ձեռքբերումների և առաջընթացների մասին, իրականությունը լիովին թույլ է տալիս պնդելու, որ դրանք կրում էին իմիտացիոն բնույթ, հակամարտության կողմ հանդիսացող երկրների ղեկավարների հանդիպումները ձևական էին, իսկ որոշակի տեղաշարժի մասին խոսելը պարզապես ինքնախաբկանք է: Այս առումով հավասարապես անհասկանալի է, թե ինչպես են մեր դիվանագետները շարունակում պնդել, որ իբրև թե այսօր միջազգային հանրության ու հայկական կողմի դիրքորոշումները ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ համընկնում են: «Միջազգային հանրությունն ասում է, որ 3 սկզբունքներն ու 6 տարրերը մեկ ամբողջություն են ու չեն կարող առանձնացվել: Նույն բանն ասում է հայկական կողմը: Ի՞նչ է ասում Ադրբեջանը: Ադրբեջանն ինքն էլ չի հասկանում, թե ինչ է ասում: Բաքուն ասում է. «Եթե այս, ուրեմն այն, եթե ոչ այս, ուրեմն ոչ այն, և այդպես շարունակ»,- փորձում է արդարանալ ԱԳ նախարար Նալբանդյանը` շրջանցելով այն կարևոր հանգամանքը, որ համակարծիք հանրությունը իրականում լուրջ տարակարծություններ ունի կարգավորման միջոցների ու ձևերի հարցում և մշտապես առաջնորդվելու է ոչ թե հայկական, այլ սեփական շահերով: Իսկ մի վրիպումն իր ետևից բերում է նաև հաջորդ սխալը: Մասնավորապես այնքան էլ միանշանակ չի ընդունվում պաշտոնական Երևանի այն պնդումը, թե հայկական կողմի համար բանակցային ձևաչափի փոփոխությունն անթույլատրելի է:
Բայց ոչ պակաս տագնապալի է հետզհետե գերիշխող այն մտայնությունը, համաձայն որի ղարաբաղյան տարածաշրջանում նոր պատերազմի հավանականությունը նվազել է: Սովորաբար այդ միտքը պնդելիս վկայակոչում են Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովը` դրան վերապահելով հաջողության դափնին: Ասվում է, թե գագաթաժողովի մասնակից երկրները հաստատեցին իրենց դիրքորոշումը հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ` մոռացության տալով փաստը, որ Ադրբեջանը շարունակել ու շարունակելու է ավելացնել ոչ միայն իր ռազմատենչ հռետորաբանությունը, այլև սպառազինվելու տեմպերը:
Ի դեպ, դատողությունների նման անհամապատասխանությունն այժմ կարելի է հանդիպել շատերի խոսքում: Չժխտելով, որ Ադրբեջանն այս տարի ակտիվացնելու է իր գործողություննները, նույն պահին էլ առաջ է մղվում այն համոզմունքը, թե այդ երկիրը մոտակա մեկ տարում պատերազմական գործողությունների հաստատ չի դիմի։ Կամ ասվում է, որ այս տարի ակնկալվում են աշխարհաքաղաքական բնույթի այնպիսի գործընթացներ, որոնք իրենց անդրադարձը կունենան ղարաբաղյան հարցի կարգավորման ժամկետների ու ուղիների ճշտման վրա, սակայն անմիջապես հաջորդում է հետևությունը, որը կարգավորման գործընթացը դանդաղ է լինելու՝ միտված առկա իրավիճակի զսպմանը և որ առաջիկա 10-15 տարիների ընթացքում ղարաբաղյան հարցը չի կարգավորվելու:
Եթե նույնիսկ ընդունենք այն տեսակետը, ըստ որի Բաքվի ռազմատենչ պահվածքը սոսկ գործիք է արտաքին ու ներքին լսարանի համար, և Ադրբեջանի ղեկավարությունը լրջորեն հաշվարկել է, որ «ռազմական շանտաժը» կարող է իր ազդեցությունն ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային հանրության դիրքորոշումների վրա, սա վերստին ծանրակշիռ ապացույց լինել չի կարող այն բանի համար, որ ադրբեջանցիները կհրաժարվեն ակտիվ գործողություններից:
Բոլորովին վերջերս այդ երկրի մամուլում նույնիսկ հրապարակվեցին պատերազմական սցենարի հնարավոր տարբերակները: Համաձայն այդ ծրագրի, հաշվի առնելով քանակական առավելությունը, ենթադրվում է, որ ադրբեջանական բանակը կհարվածի 3 ուղղություններով: Առաջինը կլինի Իրանի հետ սահմանի երկայնքով: Երկրորդ ուղղությունը կարող է լինել Աղդամով` դեպի Խոջալու, Ասկերան և Ստեփանակերտ: Եվս մի հարված էլ կնախատեսվի հյուսիսից`Մարտակերտից դեպի Քելբաջար:
Հասկանալի է, որ սա ընդամենը վարկած է և առայժմ ոչ մի հիմք չունեցող մտքի խաղ: Հասկանալի է նաև, որ Հայաստանն այնքան էլ անօգնական ու անպատրաստ վիճակում չէ, որպեսզի հեշտությամբ թույլ տա Բաքվի երազած «կայծակնային պատերազմը»: Այդ իմաստով նույնիսկ ամերիկացի փորձագետները չեն կիսում ադրբեջանցի ստրատեգների ոգևորությունը: Նրանց կարծիքով, չնայած Ադրբեջանի խոշորածավալ ռազմական բյուջեին, Բաքվի կարողությունները համարժեք չեն Հայաստանի հնարավորություններին, և Ադրբեջանը նախնական հարձակողական հարվածից հետո ամենայն հավանականությամբ պարտություն կկրի, եթե, իհարկե, չսահմանափակվի նեղ ճակատով հարձակմամբ (թեև Հայաստանը կարող է և թույլ չտալ, որ ռազմական գործողությունները որոշակի նեղ ճակատամարտով իրականացվեն)»:
Նկատենք, որ իրենց վերլուծությամբ ամերիկացիները փաստորեն չեն ժխտում պատերազմի սկսման հավանականությունը, այլ ընդամենը խոսում են դրա հետևանքների մասին, ինչը հերթական անգամ ապացուցում է մեր հանգստության ու ինքնավստահության ավելցուկի մասին: Մինչդեռ պետք էր սպասել ճիշտ հակառակը: Քանի դեռ բացակայում է քաղաքական լուծման ռեալ հնարավորությունը, ռազմական ճանապարհը շարունակում է մնալ օրակարգում: Իսկ ներկա պահին հազիվ թե գտնվի որևէ լուրջ հիմնավորում կամ փաստարկ հօգուտ այն բանի, որ խաղաղ բանակցություններով խնդիրը կարգավորելու շանսերը ավելին են: Հենց այս կետում է, որ սպառվում է լավատեսությունը և վարդագույն ակնոցներն իրենց տեղն են զիջում հավաստի տեսողությանը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: