Պահոց | 9:19 ե.

Գազատարը մեր ձեռքից գնում է

19 Հնվ

Արդեն մի քանի ամիս շարունակվող քննարկումներն այն հարցի շուրջ, թե արդյո՞ք Վրաստանը վաճառքի կհանի դեպի Հայաստան եկող գազատարը և ու՞մ բաժին կհասնի այն, ունեցան իրենց հնարավոր բոլոր վայրիվերումները: Մի դեպքում Թբիլիսին ժխտում էր նման հեռանկարը, մի դեպքում հաստատում` իր փոփոխականությամբ լարվածության մեջ պահելով շահագրգիռ կողմերին: Սակայն միանշանակ է, որ այս վիճակն անվերջ շարունակվել չի կարող, և ինչ-որ պահի պիտի վրա հասնի հանգուցալուծումը` իր ետևից բերելով մի նոր մրցակցություն, ինչն արդեն ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հարթության վրա է ծավալվելու:
Միակ բանը, որ ներկա պահին վստահաբար կարել է ասել, այն է, որ հետզհետե գծագրվող պատկերում արդեն իսկ կարելի է նշմարել այն առանցքը, ինչի շուրջ առաջիկայում կծավալվեն նոր զարգացումները: Բանն այն է, որ օրերս Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (ԱՊՆԸ) հրապարակավ խոստովանեց, որ բազմիցս ցանկություն է հայտնել գնելու «Հյուսիս-Հարավ» գազամուղի վրացական հատվածը, որով ռուսական գազը հասնում է Հայաստան: Դեռ ավելին, վերջինս դրա շուրջ Վրաստանի նավթային կորպորացիայի հետ արդեն իսկ բանակցություններ է վարում, և վրացիներն էլ իրենց հերթին ոգևորված են նոր գործընկերոջ ավյունով: Բաքուն այլևս չի էլ պատրաստվում թաքցնել, որ իր առջև նպատակ է դրել ամեն գնով ձեռք գցել Հայաստանին սնուցող վառելիքի երակը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ տարօրինակ կրավորական սպասման վիճակ է, ինչը երբեմն-երբեմն կարող է խախտվել այս կամ այն վերլուծաբանի դատողություններով, սակայն ոչ ավելին: Բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ հնչեցին կարծիքներ, թե իբր վտանգավոր հետևանքների մասին խոսելն ավելորդ է, որովհետև եթե նույնիսկ ադրբեջանական ընկերությունը գնի գազատարը, ապա Հայաստանը դրանից չի տուժի, քանի որ գազի մատակարարման անվտանգությունը երաշխավորվում է միջպետական համաձայնագրերով: Սա, ինչ խոսք, չափազանց միամիտ պատկերացում է, քանի որ անհրաժեշտության պարագայում մատակարարումները կարող են ընդհատվել զանազան «հարգելի» պատճառներով, ինչպես դա պարբերաբար կատարվում էր 1990-ականների կեսերին: Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ գազատարը Ադրբեջանին վաճառելուց հետո Վրաստանը չի կարող երաշխավորել դեպի Հայաստան անհրաժեշտ ծավալով գազի մատակարարումը, քանի որ երկրորդ` պահուստային գազատարի տարողունակությունը դրա համար բավարար չէ։ Իսկ որ սա կհանգեցնի ոչ միայն հայ-վրացական և ռուս-վրացական հարաբերությունների սրմանը, այլև շահարկումների առարկա կդառնա միջազգային զանազան կառույցների ձեռքին, ևս կասկածից վեր է: Այսպիսով կարելի է պնդել, որ ադրբեջանական գործարքը մի գնդակով երկու նապաստակ խփելու հեռանկարն է հետապնդում: Ի դեպ, հրապարակվել է նաև ԱՊՆԸ-ի մեկնաբանություններն այն մասին, թե ինչու է իրենց պետք «Հյուսիս-Հարավ» գազատարը։ «Ադրբեջանական կողմը մտադիր է օգտագործել այդ գազատարը՝ իր գազը դեպի Սև ծովի ափ արտահանելու համար»,- ասված է այնտեղ: Միայն այն փաստը, որ գազատարը ձգվում է հյուսիսից հարավ, այլ ոչ թե արևելքից արևմուտք, արդեն իսկ անհեթեթության գույն է հաղորդում նման բացատրությանը: Սակայն սա չի խանգարում Բաքվին կրկին պնդելու, թե նպատակ ունի կյանքի կոչել այն ծրագիրը, ըստ որի ադրբեջանական գազը պետք է հասցվի Վրաստանի սևծովյան ափ, այնուհետև հեղուկացվի ու տանկերներով տեղափոխվի ռումինական Կոնստանտ նավահանգիստ։ Եվ այս անտրամաբանական ցանկությունը դարձյալ մի վկայությունն է այն բանի, որ Հայաստան գազ մատակարարելու մասին հետագայում խոսք լինել չի կարող:
Կասկածից վեր է, որ վրացիները դա հրաշալի գիտակցում են: Նույնիսկ այսօր էլ նրանք շարունակում են այնպես ձևացնել, թե իբր արտակարգ ոչինչ չի կատարվում: Ընդամենը երկու օր առաջ այդ երկրի ԱԳ նախարար Գ. Վաշաձեն Բաքու կատարելիք այցից առաջ հարկ համարեց հայտարարել, որ այցի ընթացքում չի քննարկվելու «Հյուսիս-Հարավ» գազատարի գնման հնարավորության հարցը: Սակայն նախարարի այս խոսքերը առաջին հերթին պետք է ընկալել իբրև ակնարկ այն մասին, որ հարցն այնուամենայնիվ գտնվում է երկու երկրների բանակցությունների օրակարգում, ու եթե այսօր դա չի քննարկվելու, ապա նույնը կարելի է անել վաղը:
Նկատենք, որ վրացիներն արդեն մեզ մի առիթով չափազանց թափանցիկ ակնարկել են, որ Հայաստանի խնդիրների պատճառով իրենք մտադիր չեն արգելակել այդ երկրի զարգացումը։ «Սա միանգամայն բնական է, և ոչ ոք չպետք է նեղանա դրանից»,- խորհուրդ են տվել նրանք: Պետք է ասել, որ այս հարցում Վրաստանն ինչ-որ չափով իրավացի է: Նույնիսկ այն տեսակետի առկայության պայմաններում, համաձայն որի Վրաստանը Հայաստանին համարում է իր թշնամի Ռուսաստանի հավատարիմ հպատակը, և Հայաստանին գազ մատակարարող մագիստրալը վաճառքի հանելը ավելի շուտ ռազմավարական քայլ է` ուղղված Հայաստանի և Ռուսաստանի դեմ, դարձյալ ամբողջովին մեզ չի կարող ձերբազատել կաշկանդումներից: Իսկ Հայաստանը, ցավոք, ներկա պահին այս հարցը կարգավորելու անմիջական լծակներ չունի: Գազատարը Վրաստանի սեփականությունն է, նա կարող է դրա հետ վարվել` ինչպես խելքին կփչի, և Հայաստանն անկարող է միջամտել այլ երկրի ներքին գործերին:
Այսօր Երևանում ծանրութեթև են անում փակուղուց դուրս գալու զանազան ելքեր: Մի դեպքում ասվում է, թե հրաշալի կլիներ, եթե «Հայռուսգազարդը» մասնակցեր Վրաստանի հայտարարած տենդերին ու գներ գազատարի վաճառվող հատվածը: Մեկ այլ դեպքում կարծում են, որ կարելի է խրախուսել իրանական որևէ ընկերության կամ Իրանի էներգետիկայի նախարարությանը` գործարքին մասնակցելու համար: Հայկական կողմը չի բացառում ոչ Չինաստանի դերակատարումը, ոչ էլ Վրաստանի էներգետիկ ոլորտում գործունեություն իրականացնող ղազախական «Կազտրանսգազ»-ի հնարավոր միջամտությունը: Սակայն այս բոլորն ընդամենը բարի ցանկություններ են: Դեռևս չկա որևէ լուրջ տարբերակ, որին կարելի է հետամուտ լինել: Մինչդեռ պետք էր ենթադրել, թե անցած կես տարին միանգամայն բավարար ժամանակահատված էր ինչ-որ քայլել ձեռնարկելու համար:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: