Պահոց | 6:14 ե.

Սուդանի նախադեպն ու մեր աննախադեպը

17 Հնվ

Հարավային Սուդանում անցկացված հանրաքվեն, որտեղ բնակչության ավելի քան 60 տոկոսն արդեն «այո» է ասել ինքնորոշվելուն ու Հյուսիսային Սուդանից անկախանալուն, առատ սնունդ է տվել քաղաքական վերլուծաբաններին ու փորձագետներին` զուգահեռներ անցկացնելու ինչպես դրա և մյուս չճանաչված երկրների, այնպես էլ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի կացության միջև: Իր տարածքով Աֆրիկայի ամենամեծ երկիր Սուդանը շուրջ երկու տասնամյակ տևած ներքին արյունալի հակամարտություններից հետո ի վերջո 2005 թ. գտավ միջանկյալ լուծում. միջազգային հանրության հովանու ներքո պայմանավորվածություն ձեռք բերվեց ու ստորագրվեց համաձայնագիր 2011 թ. հունվարին հանրաքվե անցկացնելու մասին: Եվ այսօր այդ փաստը ոգևորության ալիք է հարուցել նախ և առաջ իբրև նախադեպ և հերթական ապացույցն այն բանի, թե ինչպես կարող է ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա լինել մնացած սկզբունքների և իրավունքների նկատմամբ: Թվում է` այսպիսի իրողության պայմաններում կարելի է համաձայնել այն տեսակետի հետ, թե ընդհանրապես աշխարհում տեղի են ունենում պրոցեսներ, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում հայ-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծման, միջազգային հանրության կողմից ԼՂՀ-ի ճանաչման համար: Սակայն հազիվ թե կարիք կա գերագնահատել այդ զարգացումները և ժամանակից շուտ դրանց նույնականացման պատրանքը ստեղծել: Առաջին հերթին այդպես կարծելու իրավունք է տալիս այն ակնհայտ փաստը, որ Հարավային Սուդանի հանրաքվեն անցկացվում է կենտրոնական իշխանությունների համաձայնությամբ: Տեղին է հիշել, որ անցած 20 տարիներին նման կերպ անկախության են արժանացել նաև այլ երկրներ, մասնավորապես, Էրիթրեան անջատվել է Եթովպիայից, իսկ Արևելյան Թիմորը` Ինդոնեզիայից: Մինչդեռ մեր պարագայում ոչ միայն չկա, այլև հազիվ թե իմաստ ունի հուսալ Ադրբեջանի բարեհաճությունը: Ինչ վերաբերում է միակողմանի կարգով համաժողովրդական քվեարկության անցկացմանը, ապա Ղարաբաղն այդ ճանապարհը ևս անցել է: Հիշյալ ընթացակարգը կամ, եթե կուզեք, ժողովրդավարական մեխանիզմը հաջողությամբ կիրառվել է ԼՂՀ-ում դեռևս 1991 թ. դեկտեմբերին: Այսինքն Ստեփանակերտն այսուհետև ոչ թե հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունն ունի, այլ պիտի սպասի իր ժողովրդի կամքի արտահայտման միջազգային ճանաչմանը: Գոնե պարզ տրամաբանությունն այդ հերթականությունն է հուշում:
Բայց դա նույնպես ներկա պահին համարվում է իրականությունից հեռու: Ամենքի համար էլ հասկանալի է, որ տվյալ դեպքում միջազգային հանրությունը երկակի մոտեցում է կիրառում ինքնորոշման իրավունքի ճանաչման նկատմամբ: Արևմուտքը կարող է ճանաչել Կոսովոն կամ ողջունել Սուդանի հանրաքվեն, սակայն, ելնելով առաջնային շահերից, կհրաժարվի ճանաչել Ղարաբաղը, ինչպես որ ճանաչել չի ցանկանում Հարավային Օսիան, Աբխազիան, Մերձդնեստրը…
Պետք է նաև ասել, որ այս անգամ ուշադրությունից չվրիպեց, թե որքան համերաշխ հանդես եկան
ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Ռուսաստանը, որոնց տեսակետները կոնկրետ Սուդանի հարցում համընկան` ասես վերջիններս նպատակ ունեին ամենքին ցուցադրելու, թե ինչպիսին կարող է լինել ժամանակակից աշխարհի պայմաններում էթնիկ բնույթ կրող հակամարտության միակ հնարավոր լուծումը: Ու որքան էլ հավատարիմ մնանք այն կարծիքին, թե Սուդանը բաժանվում է պաշտոնական Խարթումի համաձայնությամբ, միանգամայն ակնհայտ է, որ այդ համաձայնությունը ստացվել է որոշակի ճնշման արդյունքում ու առաջին հերթին գլխավոր «ճնշողի» դերում հանդես է եկել ԱՄՆ-ն: Մի շարք դիտորդներ նույնիսկ մատնացույց արեցին բուն պատճառներից մեկը` նշելով, որ Հարավային Սուդանի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել ԱՄՆ-ի ու Չինաստանի գլոբալ մրցակցության համատեքստում: Ինչպես հայտնի է, այս երկու գերտերությունները ձգտում են տիրանալ Աֆրիկայի էներգետիկ ռեսուրսներին, իսկ սա միանգամայն «հարգելի» պատճառ է լուրջ միջամտություն հանդես բերելու համար:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կրավորական պահվածքին, սա առանձին քննության նյութ է: Այս առումով միանգամայն հասկանալի պիտի լինի «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մ. Կոլերովի հիասթափությունը, ով այդ առիթով գրել էր. «Յուրաքանչյուր կեղծիք իր սահմանը պիտի ունենա: Անդամահատել Սուդանը և ճանաչել նրա բեկորները` «միջազգային իրավունքի» ներկայիս վիճակով, մի գործ է, որը միավորում է Արևմուտքին ու Ռուսաստանին: Արևմուտքը մասնատեց Հարավսլավիան ու Սերբիան` ճանաչելով Կոսովոն, իսկ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան: Եթե դրան չպիտի հաջորդի Մերձդնեստրի ճանաչումը Ռուսատանի կողմից և եթե դրան չպիտի հաջորդի հայկական Լեռնային Ղարաբաղի ճանաչումը, ապա դա նշանակում է, որ նրա համար ընդամենը երեք գործոն նշանակություն ունի մարդու անքակտելի իրավունքը ճանաչելու համար. Արևմուտքի թույլտվությունը, Աֆրիկայում գտնվելու վայրը և առնվազն 2 միլոն մարդու սպանությունը»:
Ի գիտություն ընդունելով այն նախապայմանները, որոնք գերտերություններին թույլ են տալիս կառավարել աշխարհը, մեզ մնում է միայն հասկանալ, թե ինչպե՞ս պիտի Հայաստանի պարագայում դրանք ազդեցություն ունենան, այն էլ առանց մեր էական մասնակցության, քանի որ առայժմ զրկված ենք դրանցից օգտվելու քաղաքականությունից: Ու եթե Հայաստանի արտգործնախարար Է. Նալբանդյանը պնդում է, որ ԼՂՀ-ի համար նախադեպերի պակաս չկա, Սուդանը ուղղակի վերջին օրինակներից մեկն է, իսկ ՄԱԿ-ի անդամ եթե ոչ բոլոր երկրները, ապա դրանց մեծ մասը կարող է օրինակ ու նախադեպ ծառայել ԼՂ ինքնորոշման համար, ապա բնական հարց է առաջանում, թե նրան տեսանելի հաղթաթղթերը ե՞րբ են ի վերջո մեզ համար էլ շահեկան դառնալու: Իհարկե, կարել է մեր նախարարի օրինակով վերացական թեզեր հնչեցնել այն մասին, որ «այն, ինչ կատարվում է Հարավային Սուդանում, ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ժողովրդի կամքին հակառակ կամ բռնության, ոչնչացման գնով խոչընդոտել ինքնորոշման իրավունքի կայացմանը անհնար է», սակայն մի՞թե եղածը բավարար է պնդելու համար, թե հետայսու միջազգային հանրությունը քայլելու է հենց այդ ճանապարհով և վաղ թե ուշ գալու է նաև մեր հերթը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: