Պահոց | 10:52 ե.

ՀԱՅՆՐԻԽ ՀԱՅՆԵ

14 Հնվ

Մեր կարծիքը իրերի, առարկաների ու երևույթների մասին պետք է անհողդող ու հաստատուն լինի, իսկ մարդկանց մասին ամեն օր կարող է փոխվել: Մարդկային կյանքը քիչ է մի մարդու բնավորությունը ճանաչելու և հասկանալու համար: Իսկ ժողովուրդը բաղկացած է առանձին անհատներից, մարդկանց միլիոններից: Ամբոխը, ժողովուրդը ծաղր, հեգնանք չի սիրում: Ժողովուրդը որպես հանճար, սեր, անտառ, որպես ծով, լուրջ է: Կյանքը ոչ նպատակ է, ոչ էլ միջոց: Կյանքը իրավունք է: Կյանքը ձգտում է իրագործել այդ իրավունքը ընդդեմ ցուրտ մահվան և անցյալի, և այդ իրավունքի իրագործումը հեղափոխությունն է:
Ինչպես աստղերը զարդարում են երկինքը, այնպես էլ մեծ մարդիկ զարդարում են իրենց հայրենիքը և աշխարհը: Բանաստեղծը փոքրիկ արարիչ է: Նա նման է Աստծուն նաև նրանով, որ ստեղծում է մարդկանց իր պատկերի համաձայն: Մեծ մարդկանց սրտերը աշխարհի աստղերն են: Միայն հանճարը ունի նոր մտքի համար նոր խոսք: Միտքը անտեսանելի տարածություն է, իսկ տարածությունը` տեսանելի միտք:

«Սև ցուցակի» լեհական հատվածը

14 Հնվ

Ղարաբաղ այցելող օտարերկրացիների անուններով «սև ցուցակներ» լրացնելու Բաքվի գործելաոճը նրա անզորության հերթական դրսևորումներից մեկն է, և այդ մասին վաղուց է հայտնի: Յուրաքանչյուր առիթով ադրբեջանցիները աղմուկ են բարձրացնում, սպառնալիքներ են հնչեցնում, սակայն միևնույն է, հազարավոր մարդիկ շարունակում են մեկնել ԼՂՀ, և պետք էր կարծել, թե ի վերջո Ադրբեջանում կհասկանային իրենց պահվածքի անմիտ լինելը ու կդադարեին ավելորդ էներգիա վատնել: Բայց արի ու տես, որ ժամանակ առ ժամանակ գտնվում են նրանց հյուսած ցանցը ընկնողներ, և հավանաբար հենց դա էլ ոգևորում է ադրբեջանցիներին: Ճիշտ այդպես պատահեց նաև նախորդ տարվա դեկտեմբերին, երբ Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցող, լեհ պատգամավոր Տոմաշ Պորեբան գնաց Լեռնային Ղարաբաղ: Դրանից անմիջապես հետո Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլան Կոբային ու Լեհաստանի դեսպան Միխայիլ Լաբեդային կանչեցին Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրանց բողոքի նոտա ներկայացվեց: Իզուր էր եվրապատգամավորը զարմացած արդարանում` ասելով. «Լինելով Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցողը, ես պարզապես պարտավոր էի այցելել Լեռնային Ղարաբաղ՝ օբյեկտիվ զեկույց պատրաստելու համար»: Նրան, միևնույն է, ոչ ոք լսել չէր ցանկանում:
Իսկ այնուհետև կատարվեց ամենատարօրինակը: Ադրբեջանում Լեհաստանի դեսպանության կայքէջում տեղադրվեց Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրությունը, որով այդ երկիրն իր քաղաքացիներին խորհուրդ էր տալիս չմեկնել Լեռնային Ղարաբաղ, քանի որ այն, միջազգային իրավունքի համաձայն, ադրբեջանական տարածք է, իսկ այցելելուց առաջ էլ պետք է ստանալ Ադրբեջանի թույլտվությունը: Ճիշտ է, սույն տեղեկատվությունը բացակայում էր Լեհաստանի ԱԳՆ պաշտոնական կայքէջում, և մյուս կողմից էլ կարելի էր ասել, որ այն զուտ երաշխավորական-տեղեկատվական բնույթ էր կրում, սակայն այդքանն էլ լիովին բավարար էր, որպեսզի, հավատարիմ իր ոճին, պաշտոնական Բաքուն եղածը ուռճացներ ու արդյունքը գնահատեր որպես մեծ ձեռքբերում:
Ասենք, Վարշավայի արձագանքը զարմանալի էր նաև հայկական կողմի համար: Լեհերը միշտ հավասարակշռված դիրքորոշում էին հանդես բերել Ղարաբաղի խնդրում և այժմ նմանօրինակ փոփոխությունը չէր կարող մտահոգիչ չլիներ: Նաև այս հանգամանքը հաշվի առնելով Ղարաբաղի ԱԳՆ-ն հանդես եկավ ընդարձակ հայտարարությամբ: Այնտեղ մասնավորապես ասվում էր «…Տարօրինակ է մնում Լեհաստանի իշխանությունների դիրքորոշումը, քանի որ նաև այդ երկիրն է նախաձեռնել ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, որը հիմնված է ժողովրդավարության ու միջազգային իրավունքի սկզբունքների վրա: Արդյո՞ք լեհական իշխանությունները դրանով իսկ չեն ոտնահարում իրենց քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները…»: Այնուհետև հայտարարության հեղինակները միանգամայն տրամաբանական հարց էին տալիս. «Տեղին կլինի հարց ուղղել Լեհաստանի արտաքին գործերի նախարար պան Ռադոսլավ Սիկորսկուն, թե արդյոք տվյալ սահմանափակումը տարածվո՞ւմ է նաև լեհ քաղաքացի Անջեյ Կասպշիկի վրա»:
Սրամտությունը` սրամտություն, սակայն հարցը դրանով չէր փակվում: Դժգոհության այդ դրսևորմանը հաջորդեց Հայաստանի, Ղարաբաղի, Ջավախքի ու Սփյուռքի 26 երիտասարդական կազմակերպությունների հրապարակած բաց նամակը: «Դատապարտում ենք Լեհաստանի ԱԳՆ-ի տարօրինակ և անհասկանալի հակահայկական որոշումը ու կոչ ենք անում չեղյալ հայտարարել այն»,- գրում էին նամակի հեղինակները:
Քանի որ միջադեպի առթիվ չկար հստակ բացատրություն, այդ բացը սկսեցին լրացնել զանազան ենթադրություններով: Ասվում էր, թե Վարշավայի նման քայլը կարող է ընկալվել որպես հայկական կողմի վրա ճնշում գործադրելու միտում, բայց ոչ որպես փորձ: Ոմանք կարծում էին, որ Լեհաստանի պահվածքը պայմանավորված է ՆԱԲՈՒԿՈ-ի շուրջ զարգացումներով և ռուս-լեհական փոխհարաբերություններով: Սակայն մի հարցում վիճաբանող կողմերը համակարծիք էին. «Լեհաստանն այն խաղացողը չէ, որ համաշխարհային ուժի կենտրոնների վրա որևէ ազդեցություն ունենա»: Ու մինչ կռահումների բոլոր փորձերը մեկը մյուսի ետևից ձախողվում էին, հանկարծ հրապարակվեց ամենաանսպասելի տեղեկատվությունը. իրականում պաշտոնական Վարշավայի կողմից իր քաղաքացիներին ոչ մի զգուշացում չի արվել: Սկզբում նման բացատրություն փոխանցեց Երևանում Լեհաստանի դեսպանատունը: Ըստ դեսպանատան քաղաքական բաժնի ղեկավարի, նման լուր իր ինտերնետային կայքում տեղադրել է Բաքվում Լեհաստանի դեսպանատունը (ի դեպ, այդ կայքը ժամանակավորապես չի գործում), իսկ Լեհաստանի ԱԳՆ-ն այս հարցի առնչությամբ որևէ բան չի ասել: Այնուհետև դեսպանատունն էլ ավելի ընդարձակեց իր պարզաբանումը` հայտնելով, որ հայտարարությունը հյուպատոսային տեղեկատվություն է, այլ ոչ թե Լեհաստանի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ», — նշում էր Հայաստանում Լեհաստանի դեսպանատան երկրորդ քարտուղար Մաչեյ Ֆալկովսկին` ընդգծելով, թե Լեհաստանի քաղաքացիներն ազատ են ԼՂՀ այցելելու որոշում կայացնելու մեջ: «Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը ևս չի կարող արգելել իր երկրի քաղաքացիներին այցելել Լեռնային Ղարաբաղ»,- հավելում էր նա:
Հազիվ թե այսպիսի շրջադարձը կարող է լինովին մխիթարական լինել և կամ համարվել բացատրություն բոլոր հարցերի համար: Նույնիսկ Լեհաստանի ԱԳՆ-ի հավաստիացումը, թե Վարշավան պահպանում է իր չեզոքությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ և կարծում, որ լուծումը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, դարձյալ այն խոսքը չէ, ինչին սպասում էին Հայաստանում: Արդյունքում մնաց տպավորությունը, որ որքան էլ խնդիրը հրահրվել էր Բաքվում, լեհերն այնուամենայնիվ իրենց մասնակցությունն ունեցել էին:
Ի դեպ, Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին ծրագրում է Ադրբեջան այցելել այս տարվա փետրվարին: Իսկ տարվա կեսերին Ադրբեջան կայցելի նաև Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին: Կասկածից վեր է, որ կողմերի երկխոսությունը կլրացվի ևս մի հավելյալ թեմայով:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: