Պահոց | 10:34 ե.

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՒՇԿԻՆ

13 Հնվ

Կա երկու տեսակի անմտություն. մեկն առաջ է գալիս զգացմունքների ու մտքերի պակասությունից, որոնք փոխարինվում են բառերով, մյուսը` զգացմունքների ու մտքերի առատությունից և դրանք արտահայտելու համար բառերի պակասությունից:
Նրբամտությունը դեռևս մտքի ապացույց չէ: Հիմարները և նույնիսկ խելագարները զարմանալիորեն նրբամիտ են լինում: Կարելի է ավելացնել, որ նրբամտությունը հազվադեպ է միանում հանճարի հետ, որը սովորաբար լինում է պարզասիրտ ու մեծ նկարագրի հետ, ինչը լինում է միշտ անկեղծ:
Ապաշնորհ գիտնականը նման է այն խեղճ մոլլային, ով կտրատել ու կերել է Ղուրանը` կարծելով, թե կյուրացնի Մուհամեդի ոգին…
Կրքերի ճշմարտությունը, ապրումների ճշմարտանմանությունը ենթադրյալ պարագաներում,- ահա թե ինչ է պահանջում մեր միտքը դրամատիկ գրողից: Գրողի մեծ միապաղաղությունը ապացուցում է նրա մտքի միակողմանիությունը, թեև այդ միտքը կարող է լինել շատ խոր: Չեմ խոսում անաչառության մասին: Ով քննադատության մեջ ղեկավարվում է արվեստի նկատմամբ տածած մաքուր սիրուց բացի որևէ այլ բանով, նա արդեն իջնում է, հավասարվում է ամբոխին, որը ստրկորեն կառավարվում է շահախնդրական ստոր մղումներով: Որտեղ չկա սեր դեպի արվեստը, այնտեղ չկա նաև քննադատություն:

ԱՐՈՒՍ ՈՍԿԱՆՅԱՆ

13 Հնվ

Ինձ քաջ հայտնի է, որ որոշ երիտասարդների մեջ գոյություն ունի այն վտանգավոր կարծիքը, թե «առանց հայերեն լավ գիտենալու կամ խոսքի տեխնիկային տիրապետելու էլ կարելի է լավ դերասան դառնալ` խաղով ծածկելով լեզվական թերությունները»: Դա, իհարկե, բացարձակապես սխալ է, անընդունելի թատրոնի համար, որտեղ ամենահատու զենքը խոսքն է, ուստի նա անպայման պետք է հնչի,- կրկնում եմ,- պարզ, հստակ, մատչելի, հասկանալի ու գեղարվեստական ձևով:
Խոսքը հմայիչ ու հետաքրքրական է դառնում, երբ դերասանը` ղեկավարվելով միմիայն իրական հոգեբանությամբ, տեղին է օգտագործում ներքին, միջին և վերին ռեգիստրները, ձայնի տեմբրի փոփոխությունները- հանդարտ, հանդիսավոր, արագ, ոգևորված, կցկտուր շշուկով և զանազան տարբերակներով խոսելու ձևերը… Բեմական խոսքը պարզ, ճշմարիտ և հասկանալի է լինում, երբ գլխավոր, երկրորդական, երրորդական շերտերը և մեծ ու փոքր դադարները տեղին են գործածվում` ըստ բովանդակության և հոգեբանության: Կան դերասաններ, որոնք սխալ ըմբռնելով խոսքի իրական երաժշտությունը, տարօրինակ երգեցիկ եղանակով են խոսում, անտեղի շեշտերով ու երկարացումներով:

%d bloggers like this: