Պահոց | 7:38 ե.

Կարգավորման ձմեռային ժամանակը

11 Հնվ

Քաղաքական գործընթացներում տարեսկզբի դադարը ըստ ամենայնի օգտագործվեց ոչ այնքան լիցքաթափման, որքան նոր լիցքեր կուտակելու նպատակով: Հազիվ թե առիթ կա պնդելու, որ այս ընթացքում տեղի ունեցան առաջնահերթությունների վերաճշտումներ: Լավագույն դեպքում խոսք կարող է գնալ մարտավարական նոր հնարքների կիրառման մասին, ինչին պետք է սպասել արդեն մոտ ժամանակներս: Եվ վերստին առկախ վիճակում հայտնված Ղարաբաղյան հակամարտության խնդիրը դրանց շարքում, անկասկած, առաջիններից մեկն է լինելու: Կողմերը դեռ չեն պատրաստվում ձեռնարկել որևէ կոնկրետ քայլ կամ հանդես գալ սեփական նախաձեռնություններով: Նրանց փոխարեն քաղաքական «տարեմուտի» բացումը կազդարարեն միջնորդները: Արդեն այս ամիս ակնկալվում է, որ Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Ռուսաստանցի նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությունը նախորդ տարվա դեկտեմբերյան հանդիպման շարունակությունը պիտի դառնա` նպատակ ունենալով օրակարգում պահել բանակցային շփումները և դրանով իսկ ապահովագրված լինել կողմերի կտրուկ գործողությունների հնարավորությունից:
Սրան կհաջորդի ձգձգված հակամարտությունների գծով ԵԱՀԿ լիտվական նախագահության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ, Լիտվայի ԱԳՆ նախկին քարտուղար Գեդրյուս Չեկուոլիսի այցը մեր տարածաշրջան: Ամենայն համանականությամբ, նրան պետք է սպասել փետրվարի վերջին: Չեկուոլիսը կլինի Երևանում ու Բաքվում։ Վերջինս արդեն իսկ առիթ է ունեցել ցուցադրելու իր իրատեսությունը` զերծ ամեն կարգի հավելյալ լավատեսությունից: «Ես կասկածում եմ, որ մեզ չի հաջողվի հեղաշրջում իրականացնել ձգված հակամարտությունների լուծման ուղղությամբ, քանի որ ԵԱՀԿ-ն մի կազմակերպություն է, որում առաջընթացը չափվում է միլիմետրերով։ Սակայն ամեն նվաճված միլիմետրը ոսկու քաշ ունի»,- հայտարարել է Չեկուոլիսը։
Սպասվող հյուրերի թվում առանձնակի նշանակություն է տրվում ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրնոյուս Աժուբալիսի այցին: Բայց դա լավագույն դեպքում կկայանա մարտի սկզբին, երբ նա կժամանի Հայաստան, Ադրբեջան ու Վրաստան: Այժմ դժվար է կանխապես կռահել, թե մինչ գարուն ինչպիսի տեղաշարժեր կարող են արձանագրված լինել և որքանով դրանք իրենց անդրադարձը կունենան հանդիպումների բովանդակության վրա: Սակայն հստակ է, որ կողմերից յուրաքանչյուրը ձգտելու է լավագույնս ներկայանալ մրցակցային դաշտում:
Ասվում է նաև, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել խորհրդարանական ֆորմատով հանդիպումներ կազմակերպելու և ԼՂ հարցով կոնսուլտացիաներ անցկացնելու հարցում: Այս տեղեկատվությունը հայկական կողմը դեռ չի հաստատել, բայց այն միանգամայն իրագործելի է, թեև դրանից լուրջ ակնկալիքներ ունենալ պետք չէ:
Ի դեպ, ակնկալիքների մասով նույն վերապահությունը կարելի է տարածել ողջ գործընթացի վրա: Հեռանկարն այս պահին այնքան անորոշ ու լճացած է, որ քչերն են համարձակվում հուսադրող կանխատեսումներ կատարել: Փոխարենը քիչ չեն արգելակման պատճառների ու հետևանքների մասին դատողությունները: Վերլուծաբանները նախկինի պես շարունակում են Ղարաբաղի հարցը դիտարկել մեծ տերությունների վերաբերմունքի տեսանկյունից` համարյա միշտ հանգելով միևնույն եզրակացությանը: Այսպես, ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Ցիգանյոկի կարծիքով, բանակցային գործընթացը թեև շարունակում է մնալ փակուղում, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ բանակցությունները կշարունակվեն ու կկատարվեն արձանագրային եզրակացություններ: «Պատճառն այն է, որ գլխավոր արտաքին խաղացողների` Մոսկվայի, Վաշինգտոնի ու Բրյուսելի շահերը որոշ դեպքերում համընկնում են, իսկ կոնկրետ դեպքերում` ոչ»,-նշել է նա` հավելելով, որ Մոսկվան ստատուս-քվոյի լուռ կողմնակիցն է: Սրա հետ մեկտեղ տարածված կարծիք է մնում այն պնդումը, թե Բրյուսելն ու Վաշինգտոնը առաջակում են որպես խաղաղարարներ մտցնել այն երկրներին, որոնք տարածշրջանում անմիջական հետաքրքրություններ չունեն: Նրանք նաև պնդում են, որ խաղաղարար ուժերը չլինեն ԵԱՀԿ համանախագահող երկների զինված ուժերից, մի ցանկություն, որի առաջ Մոսկվան հազիվ թե կանաչ լույս վառի:
Այս տեսակետը չի կիսում վերլուծաբան Ալեքսանդր Լուկյանովը՝ գտնելով, որ փակուղային վիճակ չկա և հակամարտության գոտում լայնամասշտաբ գործողություններն անիրական են: Նրա խորին համոզմամբ, տարածաշրջանում շահեր ունեցող գերտերությունները ցանկանում են Կովկասը տեսնել կայուն: Եթե Լուկանովի կարծիքը համադրենք Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի մտքերի հետ, ապա կարելի է մի շարք ընդհանություններ գտնել` այն տարբերությամբ, որ ըստ Զատուլինի, այժմ բոլոր ջանքերն ուղղված են ոչ այնքան կարգավորմանը, որքան ռազմական գործողությունների բռնկումը կանխելուն: Վերջինս նաև այն տպավորությունն ունի, որ ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրությունն ավելի տագնապահարույց է դարձել, կողմերն ավելի ծայրահեղ անհանդուրժողականություն են ցուցաբերում, և ավելի է կոշտացել Ադրբեջանի դիրքորոշումը:
Եթե ռուս պատգամավորն իր դիրքորոշման սեփական հիմնավորումներն ունի, ապա Բաքվում դա ոչ այնքան ժխտում են, որքան փորձում են ներշնչվել այն բանի հավատով, թե ժամանակը չի աշխատում Հայաստանի օգտին: Դրան զուգահեռ ադրբեջանցիները նախկինի պես դժգոհ են միջնորդ երկրներից և նոր տարում նրանցից շատ ավելին են ակնկալում: Այդ գանգատները օրերս հրապարակավ արտահայտեց նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Ցավոք, միջազգային հանրությունը, մասնավորապես ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան երեք հիմնական ուժերի կարգավիճակում բավարար ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա: Ուստի մենք պետք է ակտիվացնենք մեր բանակցությունները»,- ասաց նա: Ի դեպ, Մամեդյարովն իր խոսքին մի միտք էլ հավելեց, որն առաջին հայացքից պիտի խիստ տարօրինակ հնչի: Ըստ նրա, «եթե Ադրբեջանի դեմ ռազմական միջոցներ կիրառվեն, խնդրի լուծումը կլինի ռազմական»: Անսովոր է, որ մշտապես ուժի դիրքերից խոսող երկիրը հանակարծ ակնարկում է իր հանդեպ ոտնձգության հնարավորության մասին` այդպես էլ չհստակեցնելով, թե ու՞մ նկատի ունի: Բաքվում հրաշալի գիտեն, որ Հայաստանն այլևս պատճառ չունի պատերազմելու: Այդ դեպքում ո՞վ է այն աներևույթ թշնամին, որ կհանդգնի խախտել փխրուն խաղաղությունը: Հարցն, անշուշտ, պատասխան ունենալ չի կարող: Ընդհանուր անորոշության պայմաններում դժվար թե գտնվի ավելի նախընտրելի կեցվածք, քան եղածն Էլ ավելի պղտորելն է: Ասում են` պղտոր ջրերում ձուկ որսալը շատ ավելի դյուրին է լինում…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: