Պահոց | 8:58 ե.

ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ

8 Հնվ

Բառերը կարելի է հաշվել, բայց մտքերը` ոչ: Մարմինը կարելի է կշռել, սակայն հոգին` ոչ: Ժամանակը կարելի է չափել, հավերժությունը` անշուշտ ոչ: Գոյությունը կարելի է սահմանել, էությունը` հաստատ ոչ: Զի, վերջիններս էութենական չափություններ են, աննյութական, դժվարըմբռնելի և երևույթներում սովորաբար չեն տեղավորվում… Եվ որ մի էությունը մշտնջենական է ու բոլորի գոյացման պատճառը, դա հաստատում են նաև բազմաստվածության պաշտամունքներ ստեղծողները` պատճառաբանելով այսպես.- Մենք (ասում են), քանի որ անկարող ենք մոտենալու բոլորի պատճառին` Է-ին, գոյին, մշտնջենականին ու անմատչելիին, այդ պատճառով ուրիշ ավելի ցածր բաների միջոցով ենք ՆՐԱՆ պաշտամունք մատուցում. ուստի անհրաժեշտ է զոհերով ու նվերներով սիրաշահել նրանց ևս, որոնց միջոցով ՆՐԱՆ պաշտում ենք:

ՕԿՏԱՎԻՈ ՊԱՍ

8 Հնվ

ՀԵԳՆԱՆՔ ԵՎ ԿԱՐԵԿՑԱՆՔ
…Կյանքն արժեզրկել է գաղափարախոսությունը… Մենք պատկանում ենք այն սերնդին, որ կորցրել է պատրանքները, և մեզ հաճախ պակասում են երևակայությունն ու կարեկցանքը:
Հեգնանքը քննադատական մոտեցման անբաժանելի տարրն է: «Հեգնանք» բառը ես գործածում եմ այն իմաստով, որ նրանում ներդրել է ֆրանսիացի գեղանկարիչ Մարսել Դյուշանը` ինքդ քեզ կողքից նայելու և քեզ վրա ծիծաղելու ունակություն: Հեգնանքը անհատի սուբյեկտիվ հակազդումն է անիմաստ կամ հանցավոր օբյեկտիվ իրականությանը: Հեգնական մարդը ծիծաղում է իր և մյուսների վրա:
Ընդհանուր հեգնանքը ելք է սեփական «ես»-ի հետ երկխոսության շրջանակից և ծանակում սեփական «ես»-ի, որը ծիծաղում է շրջապատող իրականության վրա: Հեգնանքը կարող է դաժան լինել, իսկ ընդհանուր հեգնանքը տարրալուծում է այդ դաժանությունը:
Եթե այս հասկացությունները կիրառենք բարոյականության ու քաղաքականության ոլորտի առնչությամբ, ապա, ինձ թվում է, քաղաքագետին անհրաժեշտ է հեգնանքի որոշակի պաշարով նայել ինքն իրեն ու մյուսներին, և չլինել չափազանց ինքնավստահ, քանզի նրա մեթոդներն ու լուծումները ամենևին էլ իդեալական չեն և անսխալ լինելու երաշխիքներ չունեն. չէ՞ որ բնության մեջ բացարձակ ճշմարտություններ չկան: Իսկ ընդհանուր հեգնանքն օգնում է նրան` պահպանել կարեկցանքի ու գթասրտության զգացումը…
Մի ժամանակ իմաստուն աստվածները հպարտությունը համարում էին սատանայական մեղք: Մարդկանց մոտ այն առաջանում է բացարձակ ճշմարտության իմացությանը տիրապետելու հավակնությունից: Գիտության և փիլիսոփայության դիմակի տակ այդ արատը թունավորել է մեր հարյուրամյակը: Միակ դեղամիջոցը բարոյական այդ թույնի դեմ քննադատական վերլուծությունն է:
Երբ մարդիկ գիտակցում են, որ իրենք ամենևին էլ բացարձակ ճշմարտության կրողները չեն, որ բոլոր ճշմարտությունները` հատկապես քաղաքական, հարաբերական են, այդժամ նրանց սրտերում տեղ է գտնվում հեգնանքի ու կարեկցանքի համար` իրենց և ուրիշների հանդեպ: Մարդկանց վերադարձնել կարեկցանքի զգացումը` ահա, թե ինչ է հիմա մեզ անհրաժեշտ: Բուդդիզմի մեջ հատկապես գրավում է այն, որ բուդդայական իմաստունները միշտ ժպտում են: Նրանց ժպիտում հեգնանք ու կարեկցանք կա: Քաղաքագետները նրանցից սովորելու բան ունեն:

Թարգմ. Խ. Գասպարյան

ԳԱՌԶՈՒ

8 Հնվ

Էությամբ, աշխարհզգացողությամբ ես հայ նկարիչ եմ, ես իմ տառապած ժողովրդի մեկ բեկորն եմ, նրա տաղանդի մի փոքր փայլատակումը: Հպարտ պետք է զգամ ես ինձ, եթե սիրեն ու գնահատեն իմ արվեստը… Մեր լեռները, մեր կիրճերը, մեր քարերը արարողներ են: Անոնք շատ ամուր են, ինչպես պողպատը, և ինձի կթվա, որ ես արդեն նկարած եմ դրանք, որ ես այս հողը տեսած եմ ուրիշ` մեկ այլ կյանքի մեջ:
Երիտասարդները թող չմոռանան այն կապերը, որոնք մեզ կկապեն հիներու արվեստին. այդ կապերը որքան սերտ ըլլան, այնքան շատ պիտի կարելի ըլլա ստեղծել հայկական մեծ արվեստ մը, որ մեր հին նշանավոր ճարտարապետության և մանրանկարչության արժեքով արվեստ մը դառնալով, փոքր Հայաստանը պիտի մեծացնե այնքան, որ ան չափվի աշխարհի խոշորագույն արժեքների հետ: Արվեստը համաշխարհային կդառնա միայն ազգային տարրերով: Ազգայինը նկարչի ոտքի տակի հողն է: Բայց քայլել և չշնչել անկարելի է: Շնչելու օդը աշխարհինն է:

%d bloggers like this: