ՋԵՐՈՄ ԴԵՅՎԻԴ ՍԵԼԻՆՋԵՐ

4 Հնվ

Մնացյալն այլևս լռություն չէ*

Արդեն տասնամյակներ մեկուսացած Սելինջերը, ում օձն իր պորտով, հավքն իր թևով չէր կարող մոտենալ, վերջապես դուրս եկավ «քարանձավից», բայց ոչ թե գրական ստեղծագործությամբ, այլ դատական հայցով, որ ներկայացրել է Մանհաթանի շրջանային դատարան: Այդ հայցով նա իր հեղինակային իրավունքներն է հաստատում Հոլդեն Քոլֆիլդի կերպարի օգտագործման վրա, որը ստեղծել է 1951 թ. հրատարկած իր ամենահայտնի ստեղծագործության՝ «Տարեկանի արտում, անդունդի եզրին» վեպում: Իսկ այդ կերպարը վեպի «քարանձավից» կորզել է ոմն Ջոն Դեյվիդ Կալիֆորնիա, որը գրել է Սելինջերի գլուխգործոցի շարունակությունը՝ «60 տարի անց. ճեղքելով տարեկանի արտը»:
20-րդ դարի մեծ գրողներից մեկը՝ Ջերոմ Դեյվիդ Սելինջերը, 1953 թվականից իր կնոջ հետ ապրում է Նյու Հեմփշիր նահանգի Կորնիշ քաղաքում և հետևողականորեն խուսափում հրապարակայնությունից:
1965թ. «Նյույորքեր»-ում տպված «Հեփուորթ 16, 1924» և 1969-ի ակադեմիական անթոլոգիայում տեղ գտած «Գնա ասա Էդիին» պատմվածքներից հետո նա չի հրատարակել ոչ մի նոր ստեղծագործություն:
Իր մեկուսացած տարիներին էլ միայն մեկ հարցազրույց է ունեցել. 1974թ. նա համաձայնել էր «Նյու Յորք թայմսի» էջերում անդրադառնալ իր վաղ շրջանի պատմվածքների ժողովածուի հրատարակությանը: Գրողը դրանից զայրացել էր, քանի որ ժողովածուի մեջ ընդգրկվել էին պատմվածքներ, որ «բոլորովին չարժեր տպել»` էլ չասած, որ ինքը հրատարակելու թույլտվություն չէր տվել: Այսպես տասնամյակների քար լռության մեջ միայն մի դեպքում է նրա ձայնը լսվում, երբ ոտնձգություն է կատարվում նրա ստեղծագործությունների և անձնական կյանքի անձեռնմխելիության հանդեպ: Նման դեպքերում նա կատաղի պաշտպանվում է:
Փոքրիկ Կորնիշում ապրող մեկուկես հազար բնակիչները ջանասիրությամբ պահպանում են Սելինջերի միայնության ուխտը: Բայց մամուլում նոր տեղեկություններ հայտնվեցին Սելինջերի մասին, երբ այս տարվա ապրիլին Թոմ Լեոնարդ անունով մի բրիտանացի լրագրող «Spectator»-ում ռեպորտաժ հրապարակեց՝ Սելինջերի տան մոտ իր «ուխտագնացության» մասին: Լրագրողը վկայակոչում է գրողի հարևաններից մեկի խոսքը. «Սա Կորնիշի հատուկ ծեսերից մեկն է՝ չխոսել նրա մասին: Ինչ-որ մեկը հարցնում է՝ որտե՞ղ է նա ապրում, դու ձեռքդ անորոշ թափահարում ես ոչ այն կողմ»: Մյուս հարևաններն էլ ասել են, թե Սելինջերի հետ շփվելը հատուկ գիտություն է, նա սովորաբար շատ է գրգռվում ու բարկանում, երբ մեկնումեկը մոտենում է իրեն, առավել ևս՝ փորձում խոսքի բռնվել, իսկ ամենաշատը հակացուցված է հիշեցնել նրան իր համաշխարհային փառքի մասին:
Համարյա խուլ գրողին երբեմն տեսնում են սուպերմարկետում, Կորնիշի մերձակա մի քանի ռեստորաններից մեկնումեկում կամ մոտիկ Հարթլենդի ունիվերսալիստական եկեղեցու ամենամսյա տոնական ճաշկերույթին: Ըստ երևույթին, Սելինջերը շատ կրոններ փորձելով՝ ներառյալ կրիյա-յոգա ու դիանետիկա կոչվողները, ի վերջո գտել է աշխարհի բոլոր կրոնները համատեղել փորձող մի հավատ, որը հարիր է իր խռովարար բնավորությանը:
Սելինջերը շատ է գրում, բայց ոչինչ չի հրատարակում: Լրագրողուհի Ջոյս Մեյնարդի տվյալներով, որը Սելինջերի մտերիմներից է, 1972 թ. Սելինջերն ավարտել է երկու վեպ: Սելինջերի դուստրը՝ Մարգարեթը, 2000 թ. հրատարակած իր հուշերում նույնպես հաստատում է, որ Կորնիշի տունը լեցուն է ձեռագրերով, և որ գրողը մշակել է դրանց մեջ կողմնորոշվելու բարդ համակարգ. կարմիրը՝ «հրատարակել իմ մահվանից հետո՝ առանց խմբագրելու», կապույտը՝ «հրատարակել իմ մահվանից հետո՝ նախնական խմբագրմամբ», և այլն: Ինքը` հեղինակը, չի ուզում զբաղվել իր ստեղծագործությունների հրատարակմամբ. հրատարակչությունների հետ աշխատանքը նրա համար ձանձրալի է, ավելորդ ուժ ու ժամանակ է խլում և հարկադրում շփվել կողմնակի մարդկանց հետ:
Սելինջերի գրեթե բոլոր հրապարակային ելույթները նամակների տեսքով են և կապված են հասարակության և մամուլի հայացքից պաշտպանվելու հետ: Նա արգելում է իր մասին գրքեր հրատարակել, եթե դրանք չեն գրել իր մտերիմ մարդիկ, և դեմ է իր ստեղծագործությունների էկրանավորման փորձերին:
90-ականների վերջից` Մարգարեթ Սելինջերի և Մեյնարդի հուշագրություններից հետո, նրա անվան շուրջ կրքերը կարծես հանդարտվեցին: Հասարակությունը բավական տեղեկություններ ստացավ գրողի կյանքի մասին և համոզում, որ վաղ թե ուշ կարող է կարդալ նրա նոր գործերը: Լրագրողներն էլ հույսները կտրեցին շփվելու որևէ հնար գտնել «խելառ ծերունի հանճարի» հետ: Բայց ահա 2009-ի մայիսին ոմն Ջոն Դեյվիդ Կալիֆորնիա հրատարակեց այդ չարաբաստիկ «60 տարի անց» վեպը, որի գլխավոր հերոսը՝ 76-ամյա պարոն Կ.-ն, փախչելով ծերանոցից, թափառում է Նյու Յորքում (Սելինջերի վեպում 16-ամյա Հոլդենը, լքելով դպրոց-ինտերնատը, թափառում էր Նյու Յորքի շուրջ):
Կալիֆորնիան իր գիրքը ձոնել է Սելինջերին՝ միաժամանակ նրան դարձնելով իր վեպի պերսոնաժներից մեկը: «60 տարի անց»-ի հեղինակի մասին քիչ բան է հայտնի. սա շվեդական ծագումով գրողի առաջին գիրքն է, իսկ նրա անունն ակնհայտորեն հորինված է. անվան Ջ.Դ. սկզբնատառերն ուղղակի համընկնում են Սելինջերինի հետ, իսկ ազգանունը պարզապես ծերանոցի վայրն է, ուր ծերացած Հոլդենը բուժվում է և իր պատմությունը պատմում: Փոքր տպաքանակով լույս ընծայած գրքի հրատարակչությունը (Windupbird Publishing) նույնպես հայտնի անուն չէ: «Գարդիանին» տված հարցազրույցում առեղծվածային Ջ.Դ. Կալիֆորնիան հավաստիացնում է, որ «չի փորձում Սելինջերին դուրս կորզել իր ապաստարանից», այլ ուղղակի հետաքրքրվում է՝ «ի՞նչ է մտածում Սելինջերը իմ գրքի մասին, արդյոք դո՞ւր եկավ նրան Հոլդենն ու նրա ապագան՝ իմ վարկածով»:
Բայց Սելինջերը «դուրս եկավ» իր ապաստարանից ու դատական հայց ներկայացրեց, որտեղ նշել է, թե Կալիֆորնիայի վեպը «ոչ պարոդիա է, ոչ էլ բնագրի մեկնաբանություն կամ քննադատություն, այլ պարզ գրագողություն»: Նա մտադիր է արգելք դնել «60 տարի անց»-ի մեծ տպաքանակով հրատարակման վրա, որ սպասվում է այս տարվա սեպտեմբերին շվեդական Nicotext ընկերության նախաձեռնությամբ:
Իր մտավոր սեփականությունը պաշտպանելու բոլոր հետագա աշխատանքները Սելինջերը հանձնել է իր փաստաբանին: Իսկ ինքը 90 տարեկանում գերադասում է գրել ավելի հետաքրքիր բաներ, քան դատական հայցերը: Եվ միայն նրա մահվանից հետո վերջապես կիմանանք, թե ինչ էր գրում նա այս երկար ու ձիգ տարիների ընթացքում:
Մինչ 21-րդ դարի սկզբում Բրիթնի Սփիրզը կներկայացներ «Ես արդեն աղջիկ չեմ, բայց դեռ կին էլ չեմ» անցումը, 20-րդ դարակեսին արդեն ամերիկյան գրականության մեջ հայտնվել էր Հոլդեն Քոլֆիլդ թինէյջրը, որ արդեն երեխա չէր, բայց դեռ մեծ էլ չէր: Սելինջերի հանրահայտ վեպի հերոսը ձգտում էր մտնել մեծերի աշխարհ՝ չնայած արդեն իրեն վանում էին այդ աշխարհի կեղծիքը, խաբեությունն ու երեսպաշտությունը, որը մարմնավորում էին նաև իր ծնողներն ու ուսուցիչները:
Սելինջերն իր գործերում ներկայացնում է ամերիկյան հասարակությանայն հուսահատությունն ու դեպրեսիան, որ առաջացել էր երկրորդ համաշխարհայինից հետո, որին անձամբ էր մասնակցել՝ որպես ամերիկյան բանակի սերժանտ 1942-46թթ.: «Տարեկանի արտում, անդունդի եզրին» վեպը համարվում է հետպատերազմյան ամերիկյան գրականության ամենակարևոր գրքերից մեկը: Եվ ինչպես Հոլդենն ուզում էր պաշտպանել երեխաների անմեղ աշխարհը մեծերի ոտնձգություններից, այնպես էլ Սելինջերն է պաշտպանում Հոլդենի կերպարը` կոմերցիոն գրականության շահարկումներից:
Հոլդենը դարձավ պատանեկան բունտի մշակութային նախատիպը, և չնայած ծայրահեղ իդեալիստ էր ընկալվում, բայց ներկայացրեց այն անչափահասների մտավոր ու զգացական ընդվզումը, որոնք օտարված են իրենց ծնողների դատարկ ու նյութապաշտ աշխարհից: Հոլդենի ուրախ ու հուսահատ, կենսախինդ, դրամատիկ ու զվարճալի արկածները, հուսախաբություններն ու պատրանքների փլուզումը վեպը դարձրին տրագիկոմիկական գլուխգործոց:
Հոլդենն իր տասնամյա քրոջն ասում է, որ կուզենար լինել քաչեր (բեյսբոլում` գնդակ բռնող, որսացող) տարեկանի արտում (անգլերենով վեպը կոչվում է «The Catcher in the Rye»): Կուզենար լինել մանկության անմեղության պաշտպանը, և ժայռագլխին, տարեկանի արտում խաղացող երեխաներից յուրաքանչյուրին, որ դուրս կնետվեր, բռնել անդունդի եզրին:
«Տարեկանի արտում, անդունդի եզրին» վեպը հայերեն է թարգմանվել ռուսերենից. եթե վերնագրի փոփոխությունը կարելի է բացատրել ամերիկյան խաղ բեյսբոլի տերմին «քաչերի» անթարգմանելիությամբ, ապա վեպի խոսակցական ու ժարգոնային լեզվի գրականացումը սովետական ցենզուրայի պատճառով է: Եթե Էքզյուպերին իր «Փոքրիկ իշխանը» նվիրում էր մեծերին, երբ նրանք «դեռ 6 տարեկան» էին, ապա Սելինջերի վեպը նույնպես կարող է նվիրվել մեծերին, երբ նրանք դեռ 16 տարեկան էին:
ՎԻՈԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

http://ankakh.com, 2009 թ. Թիվ 15

* Ամերիկացի հայտնի գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերը վախճանվել է 2010 թ. Հունվիարի 28-ին, 91 տարեկան հասակում, ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգի իր բնակարանում` բնական մահով: Սելինջերի ամենահայտնի ստեղծագործությունը 1951-ին լույս տեսած «Անդունդի եզրին` տարեկանի արտում» վեպն է, որ թարգմանվել է բազմաթիվ լեզուներով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s