Պահոց | 3:37 ե.

ՊՈՒԲԼԻԼԻՈՍ ՍԻՐՈՍ

2 Հնվ

1. Կամ լռիր, կամ էլ քո խոսքը թող լռությունից լավ լինի:
2. Գովաբանվող անմտությունն անտանելի է դառնում:
3. Լավ վարվելու համար պետք է իմանալ, թե ինչ բան է լավը:
4. Ոչ ոք և երբեք ազնվությունը չի կորցնում, բացի նրանից, ով այն չի ունեցել:
5. Բարին հնարավոր է ճնշել, բայց բնավ երբեք` ոչնչացնել:
6. Այն ուղտը, որ ձգտում է եղջյուրներ ձեռք բերել, կորցնում է ականջները:
7. Մենք հաճախ ճշմարտությունը չենք ասում, որպեսզի ինքներս չլսենք այն:
8. Ամեն բառ այն իմաստն ունի, ինչ ընկալում ես:
9. Օ, ինչ դժբախտ է նա, ով տառապանքի մեջ ձայնի իրավունք չունի:
10. Փոքր մարդը չի կարող ոչ բարձունքից ընկնել, ոչ էլ վնասվածք ստանալ:
11. Հորդ ջրերը կարելի է կտրեկ-անցնել ակունքների մոտ:
12. Անհրաժեշտությունը օգտագործում է ցանկացած միջոց:
13. Երբ տոչոր են քո դաշտերը, մի ջրիր ուրիշինը:
14. Բարեկամ ձևացողը ամենամեծ թշնամին է:
15. Ավելի ներելի է ապրելու հնարավորություն չունենալը, քան ապրել չիմանալը:

ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ

2 Հնվ

Ջղագրգռված, զգացական հիվանդություններով տառապող, վախով, նախանձով, ախտավոր ատելություններով ցնցված մեր հայ աշխարհում մթագնած է այն քննանիշը, որով գիտակցական մարդիկ ի վիճակի են ազնվորեն մոտենալու եւ զննելու կյանքի երեւույթները:
Ամեն ինչ ընդանում է գավառային ճղճիմ մտայնության նեղ եւ մթագնած լաբյուրինթոսներում:
Շատերը կարծում են, որ եթե կառուցեն հայ կոչված ոճով շենքեր եւ գրեն հայերեն բառերով, փրկած կլինեն հայությանը բնորոշ արտաքին ձևը: Արդ, ինչ որ անվանում են հայ ճարտարապետություն, հին եկեղեցիներից պոկած մակերեսային բեկորներ են, որոնք ժամանակին, իրենց ամբողջության մեջ, անբաժանելի վիճակում, դրսեւորել են որոշ կրոնական մի աշխարհատեսություն, մի տիրական խորհուրդ, ապրելու եւ զգալու մի կերպ:
Ստեղծագործական անկարողության պատճարով վերաձեւել մեծ Տրդատների ոճը եւ մեջը` հայ ոգին եւ հավատքը բնորոշ[ող] աստվածության տեղ` բնակցնել օտարի կայսերապաշտության բռունցքներով օժտված բռնակալ ոստիկաններին, դա խաբեություն է – կեղծիք:
Կամ` հայերեն լեզվով գրել օտարի պարտադրած գաղափարները, դա հայ գրականություն չե:
Ժողովրդների ստեղծագործական կյանքը զարգանում է ուրույն հոգեկան եւ մտային արքետիպների թելադրանքների տակ: Հայ արվեստը եւ գրականությունը հարազատ են ա’յն ժամանակ, երբ նրանք ներկայանում են իբրեւ անմիջական եւ անփոփոխ արտահայտությունը հայ հավաքական ենթագիտակցության:
Այդ հավաքական ենթագիտակցությունը նման է այն ընդերկրյա բազմաթիվ հոսանքներին, որոնք, օրինակի համար, համառորեն շարունակում են կյանք տալ, «գիտականորեն» եւ անմիտորեն վատնվող Սևանին:
Թող այդ գեղեցիկ լճի ափերը իջնեն, քոսոտեն, բորոտեն` մարդկանց անխելքության պատճառով. Այնումենայնիվ նրանք մի օր պիտի վերածնվեն, պիտի վերադառնան իրենց հավիտենական կերպին եւ երգին, հողերի տակ թաքնված թարմ, զուլալ ջրերի մղումուվ:
Այդ պատճառով էլ չկա այնտեղը կամ այստեղը:
Այդ քննանիշը հարմարում է մեր կյանքի բոլոր երեւույթներին:
Հայ ոգին եւ Հայաստանը ներկա են այնտեղ, ուր ներկա է հայ հավաքական գիտակցության փրկարար հրամայականը:

%d bloggers like this: