Պահոց | Դեկտեմբերի, 2010

ԻԼՅԱ ԻԼՖ ԵՎ ԵՎԳԵՆԻ ՊԵՏՐՈՎ

14 Դկտ

— Մեռավ Կլավդիա Իվանովնան,- հաղորդեց պատվիրատուն:
— Էհ, երկնային արքայություն նրան,- համաձայնեց Բեզենչուկը:- Վախճանվեց, ուրեմն, պառավը… Պառավները միշտ էլ վախճանվում են… Կամ հոգին տալիս են աստծուն` նայած, թե ինչ պառավ է: Ձերն, օրինակ, փոքր էր ու ջանով, նշանակում է` վախճանվել է: Իսկ, օրինակի համար, ովքեր խոշոր են ու լղար, ընդունված է ասել, որ նրանք հոգին տալիս են աստծուն:
— Այսինքն, ինչպե՞ս թե ընդունված է: Ու՞մ մոտ է ընդունված:
— Հենց մեզ մոտ էլ ընդունված է: Վարպետներիս մոտ: Այ, Դուք, օրինակի համար, տեսքով տղամարդ եք, բարձրահասակ, թեև լղար: Մի բան է, աստված ոչ անի, մեռաք, ընդունված է ասել, որ դագաղի բաժին դառաք: Իսկ էն մարդը, որ առևտրական է, նախկին վաճառականների գիլդիայից, նա, նշանակում է, կյանքը քեզ բաշխեց: Իսկ ով աստիճանով մի քիչ պակաս է, օրինակի համար, դռնապանի կամ գյուղացու մեկը, նրա մասին ասում են` քոչել է կամ ոտքերը ձգել է: Բայց երբ մեռնում են ամենազոռբաները, երկաթուղային կոնդուկտորները կամ պետերից մեկնումեկը, ապա ընդունված է ասել, որ գյոռբագյոռ է եղել: Նրանց մասին հենց էդպես էլ ասում են. :
Մարդկային մահերի այս տարօրինակ դասակարգումից ցնցված` Իպոլիտ Մատվեևիչը հարցրեց.
— Իսկ եթե դու մեռնելու լինես, քո մասին ի՞նչ կասեն վարպետները:
— Ես փոքր մարդ եմ: Կասեն : Էլ ուրիշ ոչինչ չեն ասի:
Ու խստորեն ավելացրեց.
— Ինձ անհնարին է գյոռբագյոռ անել կամ դագաղի բաժին դարձնել. մանրիկ կազմվածք ունեմ ես…

ՋՈՆ ԴՐԱՅԴՆ

14 Դկտ

Երբ անցնում են սիրո ցավերը խորին,
Երբ մարում են ամեն տրտունջ ու հառաչ,
Ախ, ինչ լավ է նայել նրա աչքերին,
Աչքեր, որոնք տանջում էին քիչ առաջ:

Երբ կորչում են կասկածները մեր դեմքին,
Երբ ցավերը նվազել են ու մեղմել,
Ախ, ինչ լավ է նրա հպումն իմ ձեռքին,
Ախ, ինչ լավ է նրա ձեռքը պինդ սեղմել:

Երբ սիրելիս ինձ այլևս չի մերժում,
Եվ աչքերով քնքուշ սեր է տալիս ինձ,
Ինչեր ասես չեն կատարվում իմ ներսում,
Եվ ինչպես է սիրտս դողում հաճույքից:

Երբ աչքերը սիրո վայելքն է գերել`
Հաճույքներից ու ցավերից անընդմեջ,
Անհնար է այդ բերկրանքը պատկերել`
Գիտնալով, որ մեր սերը չունի վերջ:

ՀԵՆՐԻԿ ՍԵՆԿԵՎԻՉ

14 Դկտ

Առհասարակ մարդիկ և մասնավորապես կանայք կարծում են, թե այսպես անվանված պլատոնական սերը մի առանձին տեսակի, շատ հազվագյուտ ու վերին աստիճանի վսեմ սեր է: Այդ միայն հասկացությունների շփոթություն է: Կարող են լինել պլատոնական հարաբերություններ, բայց պլատոնական սերը նույնքան անհեթեթ բան է, որքան, օրինակ, անլույս լույսը: Մինչև անգամ դեպի մեռածները զգացած սերը բաղկացած է լինում նրանց թե հոգու և թե մարմնի կարոտից: Կենդանի մարդկանց մեջ պլատոնական հարաբերությունները հնարավոր են միայն այն ժամանակ, երբ նրանք բոլորովին հրաժարվում են իրենց մարդկային էությունից:

Հրդեհն այդքան հեշտ չի մարվի

14 Դկտ

«Սառույցը հալչում է»,- բացականչեցին շատերը, երբ այս ամսվա սկզբին Իսրայելի Հայֆա քաղաքում բռնկված խոշոր հրդեհների ժամանակ թուրքական երկու ինքնաթիռներ եկան միանալու ծավալված փրկարարական աշխատանքներին: Մայիսի 31-ի դրամատիկ դեպքերից հետո, երբ Իսրայելի ռազմածովային ուժերը հարձակում գործեցին վեց նավից բաղկացած «Ազատության նավատորմի» վրա ու սպանեցին 9 թուրքերի, սա ամիսներ տևած լարվածությունից հետո առաջին բարի կամքի դրսևորումն էր: Թել-Ավիվից վարչապետի գրասենյակն անմիջապես գոհունակություն հայտնել Էրդողանի որոշման կապակցությամբ՝ նշելով, որ իրենք գնահատում են Անկարայի այդ ժեստը: Դրանից անմիջապես հետո սկսեցին շրջանառվել լուրեր այն մասին, թե իբր թուրքական և իսրայելական կողմերը նախապատրաստում են երկու երկրների հարաբերությունների բարելավման մասին պայմանագրի նախագիծ, իսկ Ժնևում ընթացող գաղտնի բանակցությունների արդյունքում Իսրայելը համաձայնել է ներողություն խնդրել Թուրքիայից ու նավերի դեմ իրականացրած գործողությունների ընթացքում տուժածներին փոխհատուցում տրամադրել։ Դրա դիմաց Թուրքիան իր հերթին համաձայնել է կարգավորել հարաբերությունները և Թել-Ավիվ ուղարկել իր դեսպանին:
Թվում էր` ուր որ է Իսրայել-Թուրքիա ճգնաժամը կմոտենա իր ավարտին՝ տեղը զիջելով այսպես կոչված «հրդեհային դիվանագիտությանը»: Ընդ որում, առաջին հայացքից նման հանգուցալուծումը կարծես թե բխում էր երկուսի շահերից: Թուրքիան հետաքրքրված էր տնտեսական կապերով և այնպիսի տպավորություն էր թողնում, որ ինքը պատրաստ է համագործակցել Իսրայելի հետ: Հրեաներն էլ իրենց հերթին ընդառաջ քայլեր էին կատարում: Մասնավորապես դրա օգտին էր խոսում այն փաստը, որ դեկտեմբերի 1-ին Թել-Ավիվում մեկնարկեց թուրք-իսրայելական գործարար խորհրդի նիստը:
Սակայն շատ արագ պարզվեց, որ ամեն բան փոքր-ինչ այլ կերպ է, քան ենթադրվում էր: Թուրքիան շարունակում էր քաղաքական ու դիվանագիտական խողովակներով Իսրայելից պահանջել ներողություն խնդրել միջերկրածովյան արյունոտ միջադեպի համար: «Նախ Իսրայելը պետք է պատասխան տա մեր 9 նահատակ եղբայրների համար, ներողություն խնդրի ու փոխհատուցում վճարի: Թող ոչ ոք չակնկալի, որ մենք լռություն կպահպանենք, քանի դեռ չի մաքրվել Միջերկրական ծովում թափված արյան բիծը»,- հայտարարեց վարչապետ Էրդողանը: Նրանից ետ չմնաց նախագահ Գյուլը: Լրագրողներից մեկի այն հարցին, թե Իսրայելը կորցրե°լ է Թուրքիայի բարեկամությունը, Գյուլը պատասխանեց. «Անկասկած: Այսինքն Թուրքիայի, թուրք ժողովրդի բարեկամությունն է կորցրել»:
Այսպիսի խոսքեր լսելուց հետո դժվար չէր կռահել, թե ինչպիսին կլիներ արձագանքը: Իսրայելյան լրատվամիջոցները մեկը մյուսի ետևից վարչապետ Նեթանյահուին կոչ էին անում տուրք չտալ Անկարայի պահանջին: Հրապարակումներից մեկում, որ կրում էր «Չհամարձակվես ներողություն խնդրել» վերտառությունը, հոդվածագիրը նշվում էր, որ Նեթանյահուն իրավունք չունի հրեաների անունից գլուխ խոնարհել թուրքերի առաջ: Եվ դեռ ավելին` հենց թուրքերը պետք է ամաչեն իրենց սադրիչ գործողությունենրի համար: Իսկ եթե, այնուամենայնիվ, ներողություն խնդրելու հարկ կա, ապա «այդ դեպքում մենք պետք է ներողություն խնդրենք հայերից մեր անտարբեր լռության և քրդերից` մեր երկերեսանիության համար»,- գրում էր հոդվածի հեղինակը:
Ի վերջո Նեթանյահուին այլ բան չէր մնում, քան հրապարակավ հայտարարել, որ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե Իսրայելը մտադիր է ընդառաջ գնալ Թուրքիային ու փոխհատուցում վճարել, չեն համապատասխանում իրականությանը: Իր հերթին Թել-Ավիվն Անկարայից պահանջում էր իսրայելցի զինվորների գործողությունները ճանաչել ոչ չարամիտ ու դադարեցնել հետաքննչական խմբի աշխատանքը, որը ստեղծվել էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեում՝ թուրքական կողմի պահանջով: Իսրայելը նաև պնդում էր, որ Թուրքիան հրապարակայնորեն հրաժարվի Երուսաղեմի նկատմամբ բոլոր իրավաբանական պահանջներից:
Այս ամենից հետո պիտի որ շատ արագ մոռացության տրվեին համատեղ ջանքերով մարված հրդեհները, քանի որ մյուս` քաղաքական ու դիվանագիտական կրակների բոցերը շատ ավելի թեժ էին և խոստանում էին էլ առավել բորբոքվել: Սակայն մյուս կողմից ամենքն էլ հասկանում են, որ հակասությունների ձնագունդը անվերջ գլորվել չի կարող և վաղ թե ուշ վրա կհասնի հանգուցալուծումը: Այս իմաստով միանգամայն տրամաբանական պիտի դիտվի այն փաստը, որ իսրայելական կողմն այնուամենայնիվ բանակցում է թուրքական իշխանությունների հետ: Ինչպես Իսրայելը, այնպես էլ Թուրքիան չեն կարող վերջնականապես անտեսել այն իրողությունը, որ իրենց համար չափազանց կարևոր է հարաբերությունների պահպանումը:
Առայժմ կան կարծիքներ այն մասին, թե թուրքական կառավարությունը, մասնավորապես վարչապետ Էրդողանը, հակաիսրայելական կեցվածք է որդեգրել` առաջիկա ընտրություններում լրացուցիչ քվեներ ապահովելու համար: Գուցե և հիմքեր կան նման տեսակետ պաշտպանելու համար, և գուցե թե այդ խաղն իրեն արդարացնի: Ամեն դեպքում հրեաների համար լուրջ անհանգստության հիմքեր է տալիս այն, որ Թուրքիան հեռանում է Արևմուտքից, փոխում է կողմնորոշման առանցքը` մերձենալով այնպիսի ռադիկալ երկրների հետ, ինչպիսին են Իրանը, Սիրիան: Իսկ այդ պարագայում անվերջ վիճաբանելը կամ ձեռքերը ծալած նստելն անհեռատեսություն կհամարվի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՍՏԵՖԱՆ ՑՎԱՅԳ

14 Դկտ

Հաճախ են ասում, թե մարդ իրեն մատնում է խաղի ժամանակ: Ես կասեմ, որ խաղի ժամանակ նրան էլ ավելի է մատնում նրա ձեռքը, որովհետև բոլոր կամ համարյա բոլոր խաղամոլները վարժվում են իրենց դեմքին իշխելու: Նրանք ցրում են իրենց բերանի շուրջը գոյացող կնճիռները, հուզմունքը թաքցնելու համար սեղմում են ատամները, աչքերին թույլ չեն տալիս մատնելու իրենց տագնապը, սանձահարում են դեմքի դողացող մկանները և նրան տալիս են իբր թե ազնվական անտարբերության կեղծ արտահայտություն: Բայց հենց այն պատճառով, որ նրանց ուշադրությունը միշտ կենտրոնացված է դեմքն իրենց ենթարկելու վրա, նրանք մոռանում են ձեռքերը, մոռանում են, որ կան մարդիկ, որ դիտում են այդ ձեռքերը և դրանցով գուշակում ամեն ինչ` ագահությունը, համառությունը, ջղայնությունը, անտարբերությունը, հոգնածությունը: Որովհետև անխուսափելիորեն հասնում է այն պահը, երբ այդ լարված կամ թվում է, թե քնած մատները դուրս են բերվում իրենց շինծու հանգստության վիճակից: Այդ կարճատև ակնթարթում, երբ պտուտախաղի գնդիկն ընկնում է խաղադաշտի փոսիկի վրա, և տալիս են համապատասխան թվի անունը, այդ ակնթարթում ձեռքերի այդ հարյուրյակը կամ նույնիսկ հարյուրավոր ձեռքեր ինքնաբերաբար կատարում են յուրաքանչյուրն իրեն հատուկ, բոլորովին անհատական, խորապես բնազդական մի շարժում… Դուք երևակայել չեք կարող, թե ինչպիսի ձեռքեր ասես, որ չեն լինում, վայրենի գազաններ` մազոտ, կեռ մատներով, որոնք սարդի պես են հավաքում փողը, և դալուկ եղունգներով նյարդային, դողացող մատներ, որոնք հազիվ են համարձակվում այդ փողը վերցնել. ազնիվ և ստոր, կոպիտ և ամաչկոտ, խորամանկ և կարծես կակազող ձեռքեր, որոնցից ամեն մի զույգը յուրօրինակ ձևով է պատմում իր կյանքը…

ԹՈՄԱՍ ՀՈՒԴ

13 Դկտ

ԱՇՈՒՆ
Չկա արև ու լուսին,
Չկա ոչ այգ, ոչ կեսօր,
Չկա ոչինչ, որ զատի մութ գիշերը ցերեկից,
Չկա հեռուն լայնարձակ,
Չկա երկինք կապուտակ,
Չկա ճամփա ու փողոց, չես տարբերի տունը կից.
Չկա, չքվել է ասես ճամփիս ծայրը հեռավոր,
Չկան, կորել են ասես նեղ փողոցները մոլոր,
Չկա, մեգը խժռել է զանգակատան ծայրը սուր,
Չկան, մուժում չեմ տեսնում ծանոթ դեմքեր ես իմ շուրջ,
Չկա խինդը ջերմության, նրա հաճույքը խորին,
Չկա զգացումը զվարթ քո մարմնական ուժերի,
Չկա ոչ շաղ, ոչ ստվեր, ոչ մի թռչուն ու զեռուն,
Չկան մրգեր, ծաղիկներ, ոչ էլ սաղարթ հովասուն.
Չկան նոյեմբերին:

Թարգմ. Հ.Գևորգյանի

ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

13 Դկտ

Ամեն ինչ շարժում է: Միտքը շարժում է: Բնությունը հաստատված է շարժման վրա: Մահը շարժում է, որի նպատակները մեզ քիչ են հայտնի: Եթե աստված հավիտենական է, ապա հավատացեք, որ նա մշտական շարժման մեջ է: Թերևս աստված է շարժումը: Ահա թե ինչու շարժումն անբացատրելի է, ինչպես նա, խոր, անհուն, անըմբռնելի, անմատչելի է, ինչպես նա, ով երբևէ շոշափել, ըմբռնել, չափել է շարժումը: Մենք զգում ենք շարժման հետևանքները, բայց չենք տեսնում այն: Մենք կարող ենք նույնիսկ ժխտել այն, ինչպես ժխտում ենք աստծուն: Որտե՞ղ է նա և որտե՞ղ չէ: Որտեղի՞ց է նա գալիս: Որտե՞ղ է նրա սկիզբը և որտեղ է վախճանը: Նա մեր շրջապատում է, մեզ ճնշում է և խույս է տալիս մեզնից: Նա ակնհայտ է, ինչպես փաստը, մթին է, ինչպես վերացականությունը, հետևանք է և պատճառ է միաժամանակ: Նրան, ինչպես և մեզ, հարկավոր է տարածությունը, իսկ ի՞նչ է տարածությունը: Դա մեզ հասկանալի է դառնում միայն շարժման մեջ, առանց շարժման նա ոչ այլ ինչ է, եթե ոչ անիմաստ բառ: Անլուծելի հարց` նման դատարկության, նման արարչագործության, նման անհունության` շարժումը շփոթեցնում է մարդկային միտքը, և եթե մարդուն թույլատրված է ըմբռնել ամեն ինչ, ապա նա երբեք չի ըմբռնի շարժումը:

ԱՖԱՆԱՍԻ ՖԵՏ

13 Դկտ

Չեմ ճանաչում ես քեզ: Սահմաններիդ վրա
Հիվանդագին ճիչեր ոգևորեց կուրծքն իմ,
Եվ ինձ համար վայրի ու տանջալի եղան
Երկրային գոյության պայմաններն առաջին:

Մանկական իմ լացի անմեղության միջից
Իմ ճակատը շոյեց հույսն իր խաբող ցոլքով,
Եվ ողջ կյանքս ահա սխալ սխալի ետևից,
Բարին եմ փնտրում ես, բայց գտնում եմ չարը:

Եվ օրերն են անցնում կարոտով ու հոգսով:
(Միևնույն չէ՞ միթե` շատ են դրանք, թե քիչ):
Մոռանալ քեզ, ծածկել օրվա շնչող գործով.
Բայց չի լինում: Մի պահ` և իմ մեջ ես նորից:

Ինչու, ինչի համար` լռում են սիրտ ու միտք:
Ով է թեկուզ նայել բախտի մութ հատակին:
Դու` այդ չէ որ ես եմ: Դու ժխտում ես միայն
Ամենը, ինչ զգալ, տեսնել է տրված ինձ:

Գիտեմ արդեն: Տեսա: Տիեզերքում ամբողջ,
Ուր էլ դիմես` հարց է, և պատասխան չկա,
Ես ապրում եմ, գիտեմ, անգիտության մեջ այս
Ցավալի է միայն, սարսափելի չէ դա:

Իսկ մինչ այդ, երբ մեծ խռովության դողով
Պոկվելու չափ մանկան գեթ ուժ եմ ունեցել,
Ես կգայի աշխարհ այն նույն կտրուկ ճիչով,
Որով ես երբևէ քո ափերն եմ լքել:

Թարգմ. Ա. Պարսամյանի

ՖՐԵՆՍԻՍ ԲԵԿՈՆ

13 Դկտ

Նոր օրգանոն

Մարդու բանականությունն ամեն ինչ ընդգրկում է, որպեսզի հիմնավորի և համաձայնեցնի այն բանի հետ, ինչն ինքը մի անգամ ընդունել է` արդյոք այն պատճառով, որ դա ընդհանուր հավատի առարկա է, թե այն պատճառով, որ դա իրեն դուր է գալիս: Ինչպիսին էլ որ լինեն հակառակը վկայող հանգամանքների ուժն ու թիվը, բանականությունը կամ չի նկատում, կամ անտեսում է դրանք, կամ էլ մեծ ու կործանարար կանխակալ հավատով մերժում և հերքում է դրանք` բացառությունները նկատելու միջոցով, ձգտելով, որ նախկին եզրակացությունների հավաստիությունն անսասան մնա: Ուստի և ճիշտ է պատասխանել մեկը հետևյալ դեպքում. երբ նրան տաճարում ցույց են տվել այն մարդկանց պատկերները, որոնք ուխտելու շնորհիվ փրկվել են վտանգավոր նավաբեկությունից, ապա նա, պատասխանելով այն հարցին, թե ինքն արդյո՞ք այժմ ընդունում է աստվածների հզորությունը, իր հերթին հարցրել է. «Իսկ որտե՞ղ են նրանց պատկերները, ովքեր ուխտելուց հետո զոհվել են»: Այդպիսին է գրեթե բոլոր նախապաշարմունքների` աստրոլոգիայի, երազների, նախանշանների, աստծո կանխորոշումների և նման բաների հիմնավորումը: Նրանք, ովքեր իրենց սփոփում են նմանօրինակ սին բաներով, նկատում են այն դեպքը, որը կատարվել է, և անուշադրության են մատնում այն, ինչ հուսախաբել է, թեև վերջինս ավելի հաճախ է լինում:

Մոսկովյան կրակները և դրանց ծուխը

13 Դկտ

Հինգ օր շարունակ Մոսկվան չէր հանդարտվում այն բանից հետո, երբ «Սպարտակ» ֆուտբոլային թիմի խաղի ավարտին Գոլովինսկի շրջանում ծեծկռտուք ծագեց հյուսիսկովկասցիների ու ֆուտբոլային ակումբի երկրպագուների միջև։ Վիճաբանության ժամանակ Կաբարդինո-Բալկարիայի քաղաքացի Ասլան Չերկեսովը գազային ատրճանակով սպանեց մոսկվացի Սվիրիդովին: Այս պատահարը բավական էր, որպեսզի դրանից զայրացած Ռուսաստանի մայրաքաղաքի ֆուտբոլային ակումբների երկրպագուները որոշեին Մոսկվայում «ռուս մարդկանց» ակցիա կազմակերպել: Մի քանի հարյուր երիտասարդեներ հավաքվեցին Մոսկվայի Մանեժնի հրապարակում՝ մասնակցելու չարտոնված ցույցին։ Իսկ այն, որ ներկայացված հրաշալի հնարավորությունը լիովին օգտագործեցին քաղաքի ծայրահեղական-ազգայնական խմբավորումները, թերևս կարելի էր կանխատեսել առանց դժվարության: Բանն այն է, որ երթի անվանումն ինքնին դուրս էր ամեն կարգի սպորտային հետաքրքրությունների շրջանակներից, և հետագայում դրա կազմակերպիչները որքան էլ փորձեին արդարանալ, թե իրենք որևէ ընդհանուր բան չունեն շովինիստների հետ, նրանց խոսքերին հավատ ընծայելն այնքան էլ հեշտ չէ: Ի վերջո, հենց այդ խաղաղ ֆուտբոլասերներն էին, որ առաջինը բացականչեցին «Ռուսներ, առաջ», ինչին անմիջապես հաջորդեցին ազգայնականների առաջնորդներից Դմիտրի Դեմուշկինի կողմնակիցների պահանջ-բացականչությունները`«Կորչեն կովկասցիները»: Նույնն այս Դեմուշկինն ու նրա նմաններն էին, որոնք քաղաքային իշխանություններին կոչ էին անում լսել երկրպագուների կարծիքը։ «Նրանք հասկացնում են, որ եթե միգրացիոն քաղաքականության մեջ կարգուկանոն չմտցվի, ապա կարող է պայթյուն լինել, որը դժվար կլինի կանգնեցնել»,- իրենց քայլերը փորձում էին հիմնավորել նրանք և նույն պահին էլ սեփական պատկերացումների շրջանակներում «կարգուկանոն» էին հաստատում միգրացիոն քաղաքականության մեջ` մետրոպոլիտենի կայարաններում, հրապարակներում ու փողոցներում ծեծելով ոչ սլավոնական արտաքինով քաղաքացիներին, վիրավորելով ու ծաղրուծանակի ենթարկելով կովկասցիներին: Այդ նույն ժամանակ արդեն մի քանի հազարի հասած ամբոխին հրահանգ տրվեց գրոհել ոստիկանների վրա ու ջարդել ձեռքի տակ եղած ամեն բան: Իրավապահների և ցուցարարների միջև սկսեցին բախումները: Նշենք, որ միաժամանակ ֆուտբոլոասերների անվան տալ սափրագլուխների կողմից ցույցեր ու անկարգություններ հրահրվեցին նաև Սանկտ Պետերբուրգում: Համաձայն պաշտոնական տեղեկատվության, 19 մարդ հոսպիտալացվեց: Նրանցից մեկը վախճանվեց հիվանդանոցում: Մոսկվայի ոստիկանության տվյալներով, հանրահավաքից հետո ընդհանուր հաշվով ձերբակալվեցին 65 մարդ: Սակայն որոշ աղբյուրներ պնդում են, որ այս թվերն անհամեմատ ավելին են:
Այսօր Ռուսաստանի իշխանությունները` նախագահից մինչև ՆԳ նախարար ու շարքային ոստիկան վրդովված և տարակուսած պատասխաններ են փնտրում երկրի մայրաքաղաքը մի քանի օր շարունակ քաոսային վիճակում պահած դեպքերի առթիվ: Եթերը հեղեղված է զանազան գործիչների ու մտավորականների դատապարտող ելույթներով, սակայն այդ ամենը որևէ կերպ չի կարող մխիթարիչ կամ հուսադրող լինել ոչ տուժողների, ոչ սադրիչների համար: Հասկանալի է նաև, որ այս մի քանի օրերի ընթացքում ծեծված ու հալածված կովկասցիների պաշտպանության համար ոչ ոք ցույցեր չի կազմակերպի և չի բողոքի նրանց իրավունքների ոտնահարման դեմ: Սա էլ արդարության մեկ ուրիշ դեմքն է` վելիկոռուսականության դիմագծերով:
Ինչ խոսք, մեկ մարդու կյանքն արժանի է այն բանի, որպեսզի երկիրը ցնցվի, և ռուս ֆուտբոլասերի մահը ողբերգություն է ամեն դեպքում: Սակայն այդ դժբախտությունը սոսկ երկար ու անվերջանալի շղթայի ընդամենը մի օղակն է, որն իր ետևից թողել է բազում մահեր, խեղված ճակատագրեր, չպատժված հանցագործություններ, որոնց սնուցող աղբյուրը միշտ և ամենուր մեկն է` ազգատյացությունը: Ով` ով, բայց հայաստանցիներս լավ գիտենք, թե դա ինչ բան է և չենք մոռացել մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր Ռուսաստանի տարբեր անկյուններում այդ չարիքի զոհերն են դարձել:
Սակայն արդյո՞ք դա չարիք է միայն նրանց համար, ովքեր սպանվում կամ խոշտանգվում են: Ռուսաստանի նման բազմազգ պետության ներսում առաջին հայացքից նույնիսկ անհեթեթ է հնչում «Ռուսաստանը` ռուսներին» կարգախոսը և հասկանալի է դառնում, որ ազգայնականների պայքարն ամենևին էլ ուղղված չէ միայն միգրանտների կամ կովկասցիների դեմ: Դրա արմատները շատ ավելի հեռուն են գնում` հասնելով մինչև անթույլատրելի խորությունների, որոնք առաջին հերթին վտանգավոր են հենց ռուսաստանցիների համար: Եվ այն ներքին քաղաքական ուժերն ու կառույցները, որոնք այսօր նյութապես ու բարոյապես խրախուսում են նացիստական լոզունգներով և գաղափարախոսությամբ առաջնորդվող խմբերին, շատ ավելի վտանգավոր թշնամիներ են ռուսների համար, քան Ռուսաստանի իրական ու երևակայական հակառակորդները կարող են լինել:
Ատելությունը ատելություն է ծնում: Խտրականությունը փոխադարձվում է: Վախն ու անպաշտպանվածությունը ջնջում են վստահության հետքերը: Սակայն դեպի ներս բացված ատելության վերքերը անբուժելի են:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ

13 Դկտ

Ամեն ինչ էլ ոչինչ է. մարդն էլ է ոչինչ: Միայն այդպես, և միայն լույսն է, որի կարիքը զգում են և, իհարկե, մաքրությունն ու կարգուկանոնը: Ոմանք ապրում են և երբեք դա չեն զգում, իսկ ինքը գիտի, որ այդ բոլորը ոչինչ է ու միայն ոչինչ, ոչինչ ու միայն ոչինչ: Մենք ոչինչ ենք ոչնչության մեջ, ոչինչ լինի քո անունը, քո թագավորությունը, ոչինչ թող լինի ոչինչը ոչնչության մեջ, քանզի այն արդեն ոչնչության մեջ է: Տուր մեզ այդ ոչինչը, մեր օրհասական ոչինչը և ոչնչացրու մեզ մեր ոչինչը, քանզի մենք ոչնչացնում ենք մեր ոչինչը, բայց ոչնչացնելով մեզ` ոչ թե ոչինչ դարձրու, այլ ազատիր մեզ ոչնչից: Կեցցե ոչինչը` ոչնչով լի. ոչինչը մեզ հետ է:

ՄԱՔՍԻՄԻԼԻԱՆ ՎՈԼՈՇԻՆ

13 Դկտ

… Խարույկը մարդ թրծեց գազաններից,
Եվ կինը, որ պահապանն էր մոխրի,
Նախկին էգի միջից հանեց կերպարանքներ
Քրոջ և մոր,
Վեստալուհու և պոռնիկի:
Այն պահից, երբ Ագնին գույնը պայմանական
Հյուսեց մոխիրների մեջ օջախի-
Քարանձավը տաճար դարձավ,
Եվ ընթրիքը դարձավ խորհրդավոր,
Խարույկատեղը` զոհարան,
Կյանքն առտնին` ժամերգություն:
Եվ մարդկությունը
Սնվում էր
Ու բազմանում
Աչքի առաջ խստապահանջ,
Ահեղ աստծո:
Իսկ օջախների մեջ պահպանվում էին ձուլվածքներ
Ոսկու, բրոնզի ու արծաթի,
Քաղաքացիական կառուցվածքներ, կրոն, ընտանիք:

ԴՈՒԳԼԱՍ ԴՈՒՆ

12 Դկտ

ԵՍ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ԵՄ
Նրանք տառապում են, և ինձ հասանելի է միայն մակերեսը:
Մնացյալն անարտահայտելի է, վեր այն ամենից,
Ինչ կարելի է գրանցել: Դու չես կարող լինել այն, ինչ նրանք են:
Եթե նրանք խոսեն քեզ հետ, դու հնարավոր է` կռահես,
Թե ինչի է նման ցավը, թեև նրանք գուցե թքեն վրադ:

Լուսանկարն ընդամենը արտացոլանքն է
Աննախադեպ դարի հուսալքության:
Բարեգործության սկզբին նախորդել է քսան հարյուրամյան:
Վրդովմունքը միշտ կա.
Այն մեզ հեռու է պահում փողոցներից,
Այն շարունակաբար մեզ դիտել է տալիս:

Լուսանկարն իր սեփական բառերը չունի:
Այն առանց մեզ կատարվող երևույթների
Լուռ վատնումն է, երբ չափազանց ուշ է օգնելու համար:
Ինչ օգուտ նրանց վեհությունից, ովքեր տառապում են:
Դա ցավեցնում է ինձ: Ես խլել եմ նրանց մենությունը:

Իմ երիտասարդ ընկերնեը կարծում են` ֆիլմը Արվեստների Արվեստն է,
Եվ որ այն լինելու է հեղափոխական ապացույց:
Նրանց ֆիլմերը սխալ կռահումներ չեն անի և չեն ստի:
Նրանք կնկարահանեն, թե ինչ է կատարվում փշալարերից այն կողմ:
Նրանք միշտ կիմանան ճշմարտությունը և կլինեն հայտնի:

Քաղաքականությունը փափկեցնում է ամեն ինչ:
Ճշմարտությունը հայտնի է միայն իր զոհերին:
Մնացյալը լուսանկարներ են. իրականություն,
Սովյալները և փլեյբոյները կործանման են գնում:
Կյանքն ինքը գարշելի է արհեստավարժությամբ:

Կյանքն ասում է ամենամեծ ստերը,
Եվ ինքն իրենից հատուցումներ պահանջում:
Ճշմարտությունը բնանկար է, որի վրա ապրում են սրբացված ցեղեր,
Ճապոնիայի և Գերմանիայի ոչ մի ոսպնապակ
Չի կարող կենտրոնանալ դրա վրա:

Կյանքը շողարձակում է շրջանակի վրա` ինչպես գեղեցիկ կոլիբրի:
Դա այն ժապավենն է, որը միշտ դատարկ է դուրս գալիս:
Նկարը, որի համար նկարիչը կաղապարներ չի գտնում, որ հարմարեցնի:
Բանաստեծություն, որ երբևիցե չեն լսել:

Թարգմ. Լուսինե Հարոյան

ՌՈԲԵՐՏ ՍԹԻՎԵՆՍՈՆ

12 Դկտ

ՍԱՏԱՆԱՆ ԵՎ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՏԵՐԸ

Մի անգամ Սատանան կանգ առավ հյուրանոցում, որտեղ նրան ոչ ոք չէր ճանաչում, քանի որ այնտեղ ապրում էին մարդիկ, որոնք կարգին կրթություն չէին ստացել: Նրան բացահայտեցին չար գործեր կատարելիս և որոշ ժամանակ բոլորը նրանից զգուշանում էին: Վերջպես հերթափոխը ստանձնեց հյուրանոցի տերը և լրջորեն գործի անցավ:
Հյուրանոցի տերը բռնեց պարանի ծայրից.
— Հիմա ես պատրաստվում եմ ոչնչացնել քեզ,- ասաց նա:
— Դու ինձանից վիրավորվելու իրավունք չունես,- ասաց Սատանան:- Ես ընդամենը Սատանա եմ, և իմ բնույթն այդ է` չար գործեր կատարելը:
— Այդպե՞ս է արդյոք,- հարցրեց հյուրանոցի տերը:
— Այդպես է, հավաստիացնում եմ քեզ,- ասաց Սատանան:
— Դու իսկսպե՞ս չես կարող վերջ տալ չարիք արարելուն,- հարցրեց հյուրանոցի տերը:
— Ոչինչ չեմ կարող անել,- ասաց Սատանան:- Ինձ նման էակին ոչնչացնելն ուղղակի անօգուտ դաժանություն է:
— Այդպես էլ կա,- ասաց հյուրանոցի տերը:
Եվ նա պարանով կախեց Սատանային:
— Ահա այսպես,- ասաց հյուրանոցի տերը:

ԱՐԹՈՒՐ ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐ

12 Դկտ

Որ մեր սուբյեկտիվությունն անհամեմատ ավելի կարևոր է մեր երջանկության և առողջության համար, պարզորոշ հաստատվում է այն իրողությամբ, որ, օրինակ, քաղցը լավագույն խոհարարն է, կամ որ տարեցն անտարբեր է նայում պատանության աստվածուհուն` կնոջը, և ի վերջո այդ ամենը հաստատվում է հանճարի կամ սրբի կյանքով:
Հատկապես առողջությունն այնքան է գերակայում բոլոր արտաքին բարիքներին, որ առողջ չքավորը հիվանդ արքայից ավելի երջանիկ է: Հանդարտ, ուրախ զվարթությունը, որը լավ առողջության և ճիշտ դատող խելքի հետևանք է, զուսպ կամքը և այդ ամենի հետ մաքուր խիղճը. ահա այն բարիքները, որոնց չեն կարող փոխարինել ոչ մի պաշտոն ու հարստություն: Այն, ինչ նշանակում է մարդն իր իսկ համար, ինչն ուղեկցում է նրան նույնիսկ միայնության մեջ, և որը չի կարող նվեր տրվել կամ խլվել, ակնհայտորեն ավելի էական է իր ունեցածից և այն բանից, ինչով նա ներկայանում է ուրիշ մարդկանց: Խելացի մարդն իր մտքերի և երևակայության մեջ կգտնի հրաշալի զվարճալիքներ, նույնիսկ երբ մենակ է, իսկ ահա զրուցակիցներին, ներկայացումները, ճամփորդություններն ու զվարճություններն անվերջ փոխելը անգամ տխմարին չեն ձերբազատի իրեն հոշոտող ձանձրույթից: Լավ, հավասարակշռված, զուսպ բնավորություն ունեցող մարդը նույնիսկ ծանր պայմաններում կարող է իրեն բավարարված զգալ, ինչին վիճակված չէ հասնել ագահ, նախանձ և չար մարդուն, որքան էլ նա հարուստ լինի:

ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ

11 Դկտ

Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները

Վստահության արժանի մարդիկ են պատմում( թեև Ալլահն ավելի գիտե) ,թե Բաբելոնի կղզիներում առաջին օրերին եղել է մի թագավոր, որ կանչել էր բոլոր մոգերին ու ճարտարապետներին և կառուցել այնքան նրբամիտ ու այնքան վարանամիտ մի լաբիրինթոս, ուր ոտք դնել չէին համարձակվում անգամ ամենախոհեմ կտրիճները, իսկ մտնողները կորչում էին: Այդ կառույցը խայտառակություն էր, քանի որ շփոթությունն ու չնաշխարհիկը Աստծուն և ոչ թե մարդկանց վայել արարքներ են:
Ժամանակի ընթացքում արքունիք այցելեց մի արաբ թագավոր, և Բաբելոնի թագավորը (ծաղրելով հյուրի միամտությունը) նրան մտցրեց լաբիրինթոս, որտեղ նա անարգված ու շփոթված թափառեց մինչև երեկո: Այդ ժամանակ թագավորը աստվածային օգնություն խնդրեց և գտավ դուռը: Ոչ մի բողոք չարտահայտեցին շուրթերը, բայց Բաբելոնի թագավորին ասաց, թե ինքն Արաբիայում ունի առավել ճարտար լաբիրինթոս և, եթե Աստված կամենա, մի օր ցույց կտա: Հետո վերադարձավ Արաբիա, հավաքեց իր զորավարներին և այնպիսի հաջողությամբ ջախջախեց Բաբելոնի թագավորությունը, որ կործանեց պալատները, կոտորեց մարդկանց և գերեվարեց թագավորին: Նրան կապեց արագավազ ուղտի վրա և տարավ անապատ: Երեք օր ճամփա գնալուց հետո ասաց . «Օ՜հ, թագավոր ժամանակի, նյութ ու թիվ դարերի, աստիճաններով ու պատերով կառուցված մի բրոնզե լաբիրինթոսում էիր ինձ ուզում կորցնել, հիմա Ամենակարողը պարգևել է իմը քեզ ցույց տալ, ուր ոչ բարձրանալու աստիճաններ կան, ոչ բացելու դռներ, ոչ էլ ճանապարհդ կտրող պատեր»:
Հետո կապերն արձակեց և թողեց անապատում, ուր նա սոված ու ծարավ մեռավ: Աստծո փառքը Նրան, ով չի մեռնում:

ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿԻ

11 Դկտ

* * *
Ես սկսում եմ տարին, և կրակը արագ գալարվում է
պարապուտ նետված եղևնին դեպի
— նման է պերկեսի կրծած կմախքի։
Եվ նոր Ֆաետոնը սլանում է երկինք,
և անհունում արևն է լողում ինչպես կղզի,
և ծաղկուն տարիքում աճապարում եմ դեպի հյուսիս։

Իմ շարժուձևով սկսում եմ տարին,
իմ թեք ուսերից ստվերներն են աճում,-
ինչպես ծովը, որ իր երախն է բացում
թիանավի էգկուրծք ճուռակների առաջ,
ֆրեգատների բոլոր ճուռակ-կանանց առաջ,
բոլոր ձկնանման աղջիկների առաջ։

Ախ, Ապոլոն, գիտեմ՝ անծանոթ չէ քեզ
արգոսյան խուճուճ օրացույցը հին,-
փոթորկուն հետքերս հարթի՜ր քո դիպուկ
եռաժանիով։-

Երբ պատուհանի տակ հունվարն է շաչում,
ինձ հովվերգական այբուբեն է պետք,
որ հախուռն օգոստոսը չծաղրի խենթին։

ՉԻՆԱԿԱՆ ԱՌԱԿ

11 Դկտ

ՍՊԱՆԵԼ ՎԻՇԱՊՆԵՐԻՆ

Շատ վաղուց մի ռազմիկ սովորեց սպանել վիշապներին:
Վիշապները վատ կենդանիներ էին համարվում: Եվ ռազմիկը գնաց նրանց սպանելու:
Նա շրջեց ամբողջ Չինաստանով մեկ և բոլոր վիշապներին սպանելուց հետո գնաց չինական կայսեր մոտ ու հարցրեց.
— Էլ որտե՞ղ են վիշապներ մնացել, դրանց բոլորին հարկավոր է սպանել:
Կայսրը պատասխանեց.
— Այժմ վիշապներ միայն քո ներսում գոյություն ունեն: Սպանի’ր դրանց:

ԱՆՏՈՒԱՆ Դ’ ՍԵՆՏ-ԷՔԶՅՈՒՊԵՐԻ

11 Դկտ

Բարեկամը նա է, ով չի դատում, բարեկամը նա է, ով իր դուռը բացում է թափառականի, նրա հենակի և անկյունում դրված նրա ձեռնափայտի առջև ու չի խնդրում պարել, որ հետո դատի նրա պարը։ Եվ եթե թափառականը պատմում է, որ հեռավոր երկրում ճանապարհներին ծաղկում է գարունը, բարեկամը նա է, ով իր տանը թափառականի հետ միասին ընդունում է գարունը։
Եթե հյուրը պատմում է այն գյուղի վրա թափված սովի սարսափների մասին, որտեղից նա ճանապարհ է ընկել, բարեկամը նրա հետ միասին տանջվում է սովից։ Քանի որ, քեզ այդ մասին ես արդեն ասել եմ, բարեկամը մարդու մեջ այն մասն է, որ միշտ քո կողմից է, և բարեկամը քո առջև բացում է այն դուռը, որ երբեք չէր բացի մեկ ուրիշի առջև։ Եթե քո բարեկամը իսկական է, ու այն ամենը, ինչ նա ասում է, ճշմարտություն է, նա քեզ սիրում է նույնիսկ այն դեպքում, երբ ուրիշ տանը նա քեզ ատում է։ Եկեղեցում իմ բարեկամը նա է, ում հետ, աստծո ողորմածությամբ, ես հանդիպում եմ, այդ նա է, ով դեպի ինձ այն դեմքն է ուղղում, ինչպիսին որ իմն է՝ նույն Աստծով լուսավորված, այսպիսով մեր միությունը կայացել է, նույնիսկ եթե եկեղեցու պատերից այն կողմ նա վաճառական է, իսկ ես նավապետ, նա այգեգործ է, իսկ ես՝ ծովագնաց։
Չնայած մեզ բաժանող պատնեշներին, ես գտել եմ նրան, և նրա բարեկամն եմ։ Նրա կողքին ես կարող եմ լռել և ամենևին չվախենալ իմ ներքին այգիների, իմ լեռների, իմ ձորակների, իմ անապատների համար, գիտեմ որ երբեք նա չի տրորի դրանք։ Այն, որ բարեկամս լինելով, սիրո հետ միասին ինձնից ստանում է, կարծես իմ ներքին թագավորության դեսպանը լինի։ Եվ ես նրան քնքշորեն ընդունում եմ, նստեցնում ու լսում եմ նրա խոսքը։ Եվ մենք միասին երջանիկ ենք։ Մի՞թե դու երբևէ տեսել ես, որ ես, ընդունելով դեսպաններին, նրանց վրա ուշադրություն չդարձնեմ կամ որևէ բանում մերժեմ միայն նրա համար, որ իմ տերությունից հազարավոր օրեր տևող ճանապարհի ծայրին գտնվող նրանց հեռավոր թագավորության խորքում մարդիկ սնվում են կերակուրներով, որոնք իմ ճաշակով չեն, կամ էլ նրանց և իմ սովորույթները նման չեն միմյանց։ Բարեկամությունը ոգու հանգստությունն ու վեհ ճախրանքն է մանրուքների ոչնչության վրայով։ Եվ ես չեմ կարող նախատել իմ սեղանի շուրջը նստած մարդուն։
Այնպես որ, իմացի՛ր` հյուրընկալությունը, հարգալից վերաբերմունքն ու բարեկամությունը մարդու հայտնագործումն են մարդու մեջ։ Ես ինչ՞ ունեմ անելու Աստծո տաճարում, եթե նա հանկարծ սկսի տնտղել իրեն հավատացող և խոնարհվելու եկող մարդկանց հասակի կամ էլ գիրության մանրամասները։ Ինչ՞ ունեմ ես անելու բարեկամի տանը, եթե նա չցանկանալով հաշվի առնել իմ հենակները, հանկարծ ստիպի ինձ պարել` դատելու համար, թե ինչի՞ եմ ես ընդունակ։
Աշխարհում դու այդպիսի շատ դատավորների կհանդիպես։ Եթե խոսքն այն մասին է, որ դու ուրիշ՝ ավելի կոպիտ մարդ դառնաս, թո՛ղ այդ գործը թշնամիներին։ Նրանք մայրի խորտակող հողմի նման հաճույքով կվերցնեն այդ իրենց վրա։ Քո բարեկամը ստեղծված է քեզ ընդունելու համար։ Եվ եթե եկեղեցի ես գալիս Աստծու մոտ, նա չի դատում քեզ, նա քեզ ընդունում է։

ԲՈՐԻՍ ՊԱՍՏԵՌՆԱԿ

11 Դկտ

Ես կարծում եմ, որ եթե մարդու մեջ նիրհող գազանին հնարավոր լիներ կանգնեցնել սպառնալիքով, միևնույն է` կալանատան կամ դժոխային հատուցման սպառնալիքով, մարդկության բարձրագույն խորհրդանիշը կլիներ կրկեսի մտրակավոր վարժեցնողը և ոչ թե իրեն զոհաբերող քարոզիչը: Բայց հենց բանն էլ այն է, որ մարդուն հարյուրամյակների ընթացքում անասունից զատել ու վեր է բարձրացրել ոչ թե խարազանը, այլ երաժշտությունը` անզեն ճշմարտության անհերքելիությունը, նրա օրինակի գրավչությունը: Մինչև օրս այն կարծիքն է եղել, որ Ավետարանում ամենակարևորը պատվիրաններում ամփոփված բարոյախոսական ասույթներն ու կանոններն են, իսկ ինձ համար ամենագլխավորն այն է, որ Քրիստոսը խոսում է կյանքից առնված առակներով` ճշմարտությունը պարզաբանելով առօրեականության լույսով: Սրա հիմքում ընկած է այն միտքը, որ հաղորդակցությունը մահկանացուների մեջ անմահ է, և որ կյանքը խորհրդանշական է, որովհետև խորախորհուրդ է:

%d bloggers like this: