Վաղվա մշուշոտ հեռանկարը

29 Դկտ

Որպեսզի տարեվերջը լիովին պատշաճեր ողջ տարվա էությանը, առաջին հերթին պետք էր աննշան մի բան անել` ավարտել այն կետում, որտեղից սկսվել էր: Եվ հենց այս «բարի» ավանդույթին էլ հավատարիմ մնալով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ամփոփիչ ելույթ ունեցավ` հայտարարելով, թե «Ադրբեջանում նոր զենքերի արտադրման և ձեռք բերման նպատակն այն է, որ եթե բանակցություններն արդյունավետ չլինեն` հարցը կլուծվի ռազմական ճանապարհով, քանի դեռ ադրբեջանական հողերը բռնազավթված են, Հայաստանն ապրելու է վախի մեջ»: Բայց սարսափ ներշնչելու ալիևյան ցանկությունը հազիվ թե իրականություն դառնա ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանն էլ իր հերթին տագնապ հարուցելու պաշար ունի, այլ որովհետև ողջ անցնող տարվա ընթացքում ոչ մի օր չդադարեցին Բաքվից հնչող ռազմատենչ հայտարարությունները: Ու քանի որ շատ գործածվելուց ամեն բան ի վերջո մաշվում է, այդպես էլ սպառնալիքները մաշվեցին, սմքեցին, դարձան պարապ շատախոսություն: Իսկ դատարկ փամփուշտներով օդի մեջ կրակելիս պիտի հասկանաս, որ առաջինից հետո մյուսներն այլևս ներգործություն չեն ունենում:
Մյուս կողմից էլ թերևս սխալված չլինենք, եթե ասենք, որ ադրբեջանցիները մեզնից ավելի լավ են հասկանում իրենց անպտուղ ջանքերի զավեշտական լինելը, միայն թե ներկա պահին դրանից ավելին անելու համար չկան բավարար նախապայմաններ: Եվ ուրեմն նոր տարվա ընթացքում նրանք դարձյալ
շարունակելու են իրենց կարծեցյալ դիվանագիտական-հոգեբանական պատերազմը, փորձելու են միջազգային տարբեր ատյաններում զանազան բանաձևեր ու որոշումներ առաջ քաշել, սադրել միջադեպեր, ձախողել հանդիպումներ, հորինել թարմ մեղադրանքներ: Եվ սա գուշակելն առանձնապես դժվար չէ, քանի որ վերջին տարիներին Ադրբեջանը զբաղված է միայն դրանով ու հազիվ թե արագ ձերբազատվի նախկին գործելաոճից:
Ոչ պակաս աննախանձելի վիճակում հայտնվեց նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ինչպիսի լավատեսական հայտարարություններով ու ակտիվ գործունեությամբ էլ նրանք հանդես գան, ակնհայտ է, որ միջնորդները ներկա պահին խորը ճգնաժամ են ապրում: Մի ամբողջ տարի նրանց այդպես էլ չհաջողվեց առաջ շարժվել: Եվ դեռ ավելին: ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարը գնալով դառնում է շատ մշուշապատ, և չկա մեկը, ով այս պահին կարող է վստահաբար ասել, թե որոշակիորեն տեսնում է դրա լուծումը: Բանակցությունների փոփոխական ձևաչափը, անկայուն սկզբունքները, հարցերի պայմանական շրջանակը և հատկապես այն, որ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը մինչ օրս չգիտեն, թե ինչպիսին է լինելու ընդհանուր վերջնագիծը, կասկածի են ենթարկում ամեն կարգի քննարկումների լրջությունը: Իսկ դրա շարունակականությունը կամա թե ակամա մղում է այն մտքին, որ լուծում գտնելու հավատի բացակայության պայմաններում հակամարտողներն ու միջնորդները այլ ելք չունեն, քան արհեստականորեն պահպանել դիվանագիտական այդ ֆորմալ պրոցեսը, քանի որ փոխարինող ուրիշ մի բան դեռևս չկա:
Այս ամենը գերազանց տեսնում ու հասկանում են նաև նրանք, ովքեր անմիջական մասնակցություն չունեն կարգավորման գործընթացին, սակայն նրանց անուղղակի ազդեցությունը ժխտել չի կարելի: Եվ հակամարտության ապագան վերջիններիս հուզում է այն չափով, որքանով այն կարող է իր կնիքը թողնել տարածաշրջանում դիրքային առավելությունների ամրագրման վրա:
Այս շարքում առաջիններից մեկն, անկասկած, Իրանն է, և պետք է կարծել, որ նոր տարում այդ երկիրը կփորձի շատ ավելի ակտիվորեն հանդես գալ իր դրացիական-թելադրող, բայց և բարեկամի դերակատարմամբ: Իրանին ոչ այնքան հուզելու է Ղարաբաղի հարցի հանգուցալուծումը, որքան հնարավոր պատերազմի բռնկման հավանականությունը: Թեհրանում գիտեն, որ առաջին իսկ համազարկերից հետո Իրանի անվտանգության համար որևէ երաշխիք լինել չի կարող: Այդ իսկ պատճառով էլ ամեն կերպ փորձում են զսպել կողմերին: Օրերս նույնիսկ խոսել ցանկացավ ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին: «Չնայած Ադրբեջանի պատրաստվածության մակարդակը, ի տարբերություն նախկին տարիների, ավելացել է, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ Հայաստանի զինված ուժերի կարողությունը թուլացել է, և պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը Հայաստանին երբեք միայնակ չի թողնի»,- հայտարարեց նա: Թե ինչն է ստիպել նախկին դեսպանին նման խոստովանություն կատարել, կարծում ենք, պարզ է: Այս օրերին նույնիսկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն է հակված հաշտվողականության` գտնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած Իրանի հարաբերությունները «լավ հիմք են, որպեսզի ցանկացած խնդիր` հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, լուծվի արդարության և օրենքի սկզբունքով»:
Ի տարբերություն Ահմադինեժադի, մեր մյուս հարևան երկրի` Վրաստանի ղեկավարը Ղարաբաղի վաղվա օրը տեսնում է օրգինալ լուծումների մեջ: Միխեյիլ Սահակաշվիլիի կարծիքով, միակ ելքը միացյալ Կովկասի գաղափարն է, որն հիմնված է ժողովուրդների փոխադարձ վստահության վրա: «Կարծում եմ, որ մեր երկրներից ոչ մեկը չունի առանձին ուղի: Կամ պետք է առաջացած հարցերը լուծենք միասնաբար, կամ առանձին-առանձին կունենանք խնդիրներ: Այդ մասին մենք համոզվել ենք մեր երկկողմ հարաբերությունների օրինակով, երբ օգնում ենք մեկմեկու»,- ասել է նա: Չծանրաբեռնելով մեր միտքը` վիրհիշելու համար, թե այդ ե՞րբ է Սահակաշվիլին մեզ օգնել, նկատենք միայն, որ միասնական ճակատ ձևավորելու նրա ցանկությունը մեկ ուղղություն ունի` ընդդեմ Ռուսաստանի, իսկ նման դաշինքը Հայաստանի համար անընդունելի է: Եվ քանի դեռ հարևաններից յուրաքանչյուրը սայլը քաշում է իրեն ձեռնտու կողմը, Հայաստանից առաջիկայում կպահանջվի լուծել կարևորագույն մի խնդիր` ոչ թե լինել ու մնալ կողմնակի ազդակների պատանդը, այլ ձևավորել սեփական հստակ քաղաքականություն: Միայն այդ դեպքում կնվազեն ավելորդ խորհրդատուները և կավելանա նրանց թիվը, ովքեր պատրատ կլինեն շոշափելի աջակցության:

Հովիկ Չարխչյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s