Եվ ամեն ինչ կսկսվի նորից…

24 Դկտ

Պետք է ասել, որ անկախ այն բանից` Հայաստանը դա ցանկանում էր, թե ոչ, անցնող տարին ակտիվ էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի տեսանկյունից: Եվ եթե, այլ ոլորտների օրինակով, փորձ կատարենք ամփոփելու նաև ԼՂՀ ճակատագրին առնչվող բանակցային և ոչ բանակցային գործընթացները, պատասխանը կարող է ստացվել երկիմաստ: Մի դեպքում պիտի արձանագրենք, որ գործընթացը շարունակվեց առանց էական արդյունքների: Իսկ մյուս կողմից էլ չենք կարող չնկատել կարևորագույնը` Հայաստանին ևս մեկ տարի հաջողվեց պահպանել խաղաղությունը: Ճիշտ է, ոմանք այս ձևակերպման մեջ հակված են հատկանշական շտկում կատարելու` պնդելով, թե մենք իրականում պարտադրեցին այդ խաղաղությունը, սակայն այդ ո՞ր խաղաղությունն է, որ ներկա աշխարհում տրվում է առանց հարկադրանքի ու ճիգերի: Այս առումով շատ ավելի ընդունելի է նրանց վերաբերմունքը, ովքեր նախապատվելին համարում են ժամանակի փորձություններին դիմակայող որակներով օժտված արդյունքները, այսինքն այն քայլերը, որոնք կապահովեն վաղվա առաջընթացը:
Իսկ օր եկող տարին ևս հագեցած է լինելու զարգացումներով, դրանում չեն կասկածում ինչպես միջնորդները, այնպես էլ հակամարտող կողմերը: Պարզապես նրանցից յուրաքանչյուրը սպասելիքների սեփական նկարագիրն ու վերջնահաշվարկն ունի, և հենց դրանց անհամապատասխանության վրա էլ կառուցվում է այն, ինչն անվանում ենք կարգավորում:
Ադրբեջանն, օրինակ, արդեն իսկ հայտարարում է, թե հաջորդ տարի ցանկանում է հնարավորինս հասնել որևէ համաձայնության, այսինքն` ավարտել հարցը և հաստատել պլանը: Այսպիսին է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի պատկերացումը, ով խոսելով ղարաբաղյան խնդրի մասին, մեկ անգամ ևս հաղորդում է, որ ադրբեջանական կողմը ընդունել է Մադրիդյան սկզբունքները, իսկ հայկական կողմը չի ընդունում որոշ պահեր: «Ցանկանում ենք վերացնել այդ խնդիրը և սկսել աշխատել խաղաղության համաձայնագրի վրա»,- իր ամանորյա երազանքն է պահում Մամեդյարովը:
Նոր տարվա հայաստանյան ռազմավարության և մոտեցումների մասին ընդհանուր պատկերացում կարելի է քաղել նախագահ Սարգսյանի վերջին ելույթից` արտասանցած ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ: Նախագահն ի մասնավորի ասաց. «Մեր խնդիրը արդարացի լուծում գտնելն է, որին հասնելու ճանապարհի հարցում միակարծիք են և այդ մասին հստակ հայտարարել են թե Հայաստանը, թե խնդրի կարգավորման հետ առնչություն ունեցող տերությունները և թե միջազգային ամենահայտնի կազմակերպությունները… Վերջին մի քանի ամիսների ընթացքում կարևորագույն բոլոր հարթակներում և խնդրի հետ կապ ունեցող բոլոր կողմերին հրապարակավ ներկայացվել է այն եզրագիծը, որից այն կողմ մենք բանակցելու տեղ չունենք»:
Ինչպես տեսնում ենք, այդ երզրագծերը էականորեն տարբեր են, եթե ոչ` հակադիր: Ս. Սարգսյանի ակնարկը ԼՂՀ անկախ կարգավիճակի մասին է, մի բան, ինչի շուրջ Բաքուն, մեր օրինակով, դեռևս «բանակցելու տեղ չունի»: Եվ սա է պատճառը, որ թե հարևան երկրում, թե Հայաստանում մշտապես օրակարգ է վերադառնում պահուստային տարբերակը: Հատկապես դրա հեռանկարով էր, որ կնքվեց հայ-ռուսական ռազմական համաձայնագիրը: Իսկ երկու օր առաջ ադրբեջանական խորհրդարանը վավերացրեց Թուրքիայի ու Ադրբեջանի միջև նույնպես ամռանը կնքված «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին» պայմանագիրը: Մինչ օրս օտար աչքի համար գաղտնի պահված փաստաթուղթն այժմ ետ է տանում խորհրդավորության քողը, և միանգամայն պարզ է դառնում, որ դրա հիմնական նպատակը հայ-ռուսական ռազմական համագործակցության հետ հավասարակշռվելն է: Պայմանագրի երկրորդ կետը բառացիորեն կրկնում է այն, ինչը ստորագրվեց օգոստոսին Երևանում. «Եթե պայմանագիրը ստորագրած կողմերից մեկը զինված հարձակման կամ ագրեսիայի ենթարկվի այլ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա մյուսը պարտավորվում է փոխադարձ օգնություն տրամադրել` առկա բոլոր հնարավորությունների կիրառմամբ»: Ահա այսպես խնդրին միջամտել ցանկացող մասնակիցները իրավական հիմքեր են ստանում իրենց ներկայության համար: Սակայն դա էլ կարծես թե բավարար չէ:
Բոլորովին վերջերս ռուսական մամուլում հայտնվեցին ուշագրավ հրապարակումներ, որոնցից մեկը «Արգումենտի նեդելի» պարբերականի հոդվածն էր այն մասին, թե Վաշինգտոնը անհրաժեշտության դեպքում չի խոչընդոտի ղարաբաղյան հակամարտության ուժային լուծմանը: Թերթը գրում էր, որ ԱՄՆ վարչակազմը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «քարտ-բլանշ» է տվել խնդիրը լուծելու համար: Թե որքանով է սա հավաստի, այլ հարց է: Սակայն հատկանշականն այն է, որ ռուսներն ավելի հաճախ են հրապարակ նետում նման վարկածներ` կարծես դրանով ցանկանալով ամեն կերպ ընդգծել ու մեծացնել իրենց դերակատարությունը ԼՂ կարգավորման գործում: Իսկ ամերիկացիները ոչ միայն չեն առարկում նրանց, այլև ընդհակառակը, անուղղակիորեն հաստատում են իրենց դերի նվազման հավանականությունը: «ԱՄՆ-ը 2011-ին կմտնի նախագահական ընտրարշավի փուլ, ուստի դժվար լուծելի հակամարտությունները, որոնցում Վաշինգտոնի համար անհապաղ քաղաքական և PR դիվիդենտներ ստանալու հեռանկարները մեծ չեն ու ազգային անվտանգության սպառնալիքը սահմանափակ է, ամերիկյան վարչակազմի համար (հատկապես երկրի տնտեսական դժվարությունների ֆոնին) քիչ դեր կունենան»,- ապագայի համար կանխագուշակում են կատարում Heritage Foundation-ի փորձագետները:
Կռահումներ անելն, իհարկե, անշնորհակալ զբաղմունք է: Իսկ մեր դառը փորձը մեզ հուշում է, որ շատ բաներ ուղղակի կախման մեջ կլինեն այս կամ այն հանգամանքից, անսպասելի կամ սպասելի շրջադարձերից, մեծ ու փոքր շահերի բախումներից: Այնպես որ, 2011-ին Ղարաբաղի խնդիրը ևս պայմանավորված կլինի ոչ այնքան ծրագրված քայլերով, որքան կողմնակի գործոններով: Այլ հարց է, թե մենք որքանով պատրաստ կլինենք մեր գործողությունները ներդաշնակեցնել այդ տարուբերումներ հետ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s