ՆԱՋԱՐՅԱՆԻ, ԹԵ՞ ԽՐՈՒՇՉՈՎԻ ԱՍԱԾՆ ԷՐ ՕՐԵՆՔ

22 Դկտ

Ինչպես ամեն բան, ֆուտբոլն էլ իր պատմությունն ունի: Եվ 1954 թվականը նույնպես նշանավոր էր ինչպես ֆուտբոլային, այնպես էլ ոչ ֆուտբոլային առումով: Դա առանձնահատուկ տարի էր նախ և առաջ այն իմաստով, որ Ստալինի մահից հետո իշխանության եկած Նիկիտա Խորուշչովը խորհրդային երկրում իր բարեփոխումների սկիզբն էր հայտարարել, որ հետագայում պիտի կոչվեր «ձնհալի տարիներ»: Այդ տարի մեկ այլ կարևոր իրադարձություն էլ կար` նշվում էր Ուկրաինայի` Ռուսաստանին միավորվելու 300- ամյակը: Ողջ երկրով մեկ հանդիսավոր միջոցառումներ էին անցկացվում պատմական տարեդարձի առիթով, ինչի գագաթնակետը դարձավ Խրուշչովի աննախադեպ որոշումը` Ղրիմը հանձնել Ուկրաինային: Թվում էր` ոչինչ չէր կարող ստվեր նետել տոնական տրամադրության վրա, շեղել կանխապես որոշված ընթացքը: Բայց արի ու տես, որ հենց ֆուտբոլը հանդգնել էր անհնազանդություն դրսևորել, իսկ այս տհաճ անակնկալը պատրաստվում էր մատուցել փոքրիկ Հայաստանը:
Բայց ամեն ինչ` ըստ կարգի:
Խրուշչովյան ձնհալը Հայաստանին դուրս էր բերել երկարատև թմբիրից ու ամլությունից: Ամեն քայլափոխի նորի ու լավի ակնկալիք կար, կորցրածը վերագտնելու պահանջ, բաց թողնվածը լրացնելու սպասելիք: Եվ ամենևին զարմանալի չէր, որ հատկապես 1954-ին էր, երբ արտաքուստ իրարից անչափ հեռու և ոչ մի ընդհանրություն չունեցող երկու նշանակալի երևույթները` կինոն ու ֆուտբոլը, հասան աննախադեպ հաջողությունների: 1949թ մինչև 1954 թ Հայաստանում ընդհանրապես որևէ լուրջ, արժեքավոր գեղարվեստական ֆիլմ չէր նկարահանվել: Մինչև այսօր էլ մասնագետներն այդ ժամանահատվածն իրավամբ անվանում են «սակավաֆիլմի դարաշրջան»: Ու հանկարծ մեկը մյուսի ետևից էկրան են բարձրանում Քարամյանի ու Գևորգովի «Ուրվականները լքում են բարձունքները», Երզնկյանի «Հասցեատիրոջը որոնելիս» ֆիլմերը: Նույն տարվա աշնանը Մ. Հակոբյանը սկսում է «Ոսկե ցլիկի» նկարահանումները:
Ճիշտ նույն ժամանակ Երևանի «Սպարտակ» ֆուտբոլային թիմը զարմանալի մի թռիչքով դուրս էր եկել եզրափակիչ (ընդ որում, դրանից առաջ մեր մարզիկները 4 խաղում խփել էին 10 գոլ` սեփական դարպասում չընդունելով ոչ մի գնդակ, ինչը բացառիկ ցուցանիշ էր Բ խմբում հանդես եկող թիմի համար), և ստացվել էր այնպես, որ վճռորոշ խաղում հայ ֆուտբոլիստների մրցակիցն էր լինելու Կիևի «Դինամոն»: Ասենք, այդ տարի այլ կերպ լինել չէր էլ կարող: Մոսկվայում բծախնդրորեն մշակված սցենարի համաձայն ուկրաինական տոնակատարությունների բարձրակետը պիտի դառնար հատկապես գավաթի եզրափակիչ խաղը` մեկ անգամ ևս շեշտելով պատմական պահի կարևորությունը և դրանով ոգեշնչված ուկրաինական ֆուտբոլի առավելությունը մյուսների նկատմամբ: Բայց ճշմարտությունն այն էր, որ Կիևի դինամոյականներին բառացի իմաստով քարշ էին տվել մինև եզրափակիչ: Մեկ քառորդ եզրափակիչում ու կիսաեզրափակիչում կիևցիները միայն լրացուցիչ ժամանակում կարողացան առավելության հասնել Մոսկվայի բանակայինների ու Լենինգրադի «Զենիթի» նկատմամբ:
«Սպարտակի» հետ ավարտական խաղը նշանակված էր 1954 թ. հոկտեմբերի 20-ին:
Հենց նույն այդ օրը «Ոսկե ցլիկի» ստեղծագործական խումբը պատրաստվում էր նկարահանել ֆիլմի ամենահայտնի էպիզոդներից մեկը, որտեղ արտասանվելու էր հետագայում մեծ ճանաչում գտած ֆրազը` «Նաջարյանի ասածը ինձ համար օրենք է»: Ֆուտբոլի մեծ երկրպագուներ Գուրգեն Գաբրիելյանը, Իշխան Ղարիբյանը, մյուս դերակատարները ղեկավարությունից խնդրեցին, որպեսզի դերասանների համար նկարահանման հրապարակում հատուկ բարձրախոսներ տեղադրվեն` աշխատանքին զուգահեռ ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի 15-րդ խաղարակության եզրափակիչ խաղի ռադիոռեպորտաժը ունկնդրելու համար: Վերջապես լարերը միացվեցին, բարձրախոսն աղմկեց, և ֆուտբոլային մեկնաբանը ռուսերենով ազդարարեց մրցամարտի մեկնարկը: Խաղը սկսված էր:
Հատկանշական է, որ այդ խաղի մասին կցկտուր տեղեկություններ են պահպանվել: Հիշատակվում է միայն, որ այդ օրը Մոսկվայի «Դինամո» ստադիոնում լոնդոնյան թանձր մառախուղ էր, անձրևոտ եղանակ, և երևանցիները մի իսկական ճակատամարտ էին մղում թե եղանակի քմահաճության, թե վերնախավի կամայականության դեմ: Առաջին գոլը խփեց կիևցի Տերենտևը: Այնուհետև երևանցի Մերկուլովը փայլուն հարվածով հավասարեցրեց հաշիվը: Եվ միայն խաղի վերջին րոպեներին մի անհեթեթ իրավիճակի մեջ դինամոյական Կոմանը խփեց հաղթական գոլը: 2- 1: Կիևն առաջին անգամ իր պատմության մեջ նվաճեց Խորհրդային Միության գավաթը:
Դժվար չէ պատկերացնել կինոկատակերգություն նկարահանվող այն դերասանների հոգեվիճակը, որոնք լսում էին ռադիոռեպորտաժը և հրաշալի հասկանում, թե ինչ է կատարվում մարզադաշտում ու նրա սահմաններից դուրս: Այլևս ոչ թե Նաջարյանի ասածն էր նրանց համար օրենք, այլ ավելի բարձրում նստած մեկ ուրիշինը…
Ի դեպ, տասնյակ տարիներ հետո ռուսական մամուլում հայտնվեցին հրապարակումներ, որոնք կասկածի տակ էին դնում կիևցիների հիշյալ հաղթանակները: Այնտեղ ասվում էր, թե վերջիններս հանդերձարան էին վերադառնում կիսամեռ վիճակում, սակայն կարճ ընդմիջումից հետո վերստին դաշտ էին դուրս գալիս առաջվա պես առույգ ու մարտական: Հոդվածների հեղինակները հավատացած էին, որ ֆուտբոլիստներն ընդունում էին մինչ այդ բոլորին անհայտ խթանիչ դեղամիջոցներ, իսկ հայ մարզիկներն այդ ընթացքում ստանում էին ղեկավարությունից եկող ճնշումի հերթական չափաբաժինը: Կրեմլում այդ տարի հազիվ թե հանդուրժեին, որ ինչ-որ մի հայկական թիմ համարձակվի հաղթանակ տոնել` շրջանցելով Կենտկոմի որոշումը:
Սակայն պատմությունը հաճախ է սրբագրում անցյալի խոտորումները: Նախախնամության հաճո էր, որ 19 տարի անց, կրկին հոկտեմբերին, այս նույն թիմերը հանդիպեին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում, որպեսզի այս անգամ էլ գրանցվեր նույն 2-1 հաշիվը` բայց արդեն` հօգուտ հայաստանյան «Արարատի»:
Միայն թե սա արդեն բոլորովին ուրիշ պատմություն է:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s