ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԿԵԴՐՈՎ

22 Դկտ

ԹԻԹԵՌԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ

«Բերկրիր, սանդուղք երկրից դեպ երկինք»,- ասվում է Աստվածամոր օրհներգության մեջ: Դուռն ու սանդուղքը, այդպիսի հասարակ առտնին առարկաներ, օրեցօր շոշափելի, իրենց մեջ թաքցնում են Հիսուսի և Մարիամ Աստվածածնի պատկերները: Ծառը ժամանակի մեջ` ողջ անտառն է: Ողջ անտառը ժամանակի մեջ` ողջ մարդկությունն է: Ողջ մարդկությունը հավերժության մեջ` Հիսուս է, իսկ Հիսուս` դուռն առ անմահություն: Ուշադրություն դարձրեք, ինչպես ծավալվելով առ անվերջություն, մարդը դարձյալ վերադառնում է ելման կետին, ինքն իրեն, դռանը: Դրանում գեղարվեստական պատկերի էությունն է: Այն անտեսանելին տեսանելի է դարձնում և անվերջությունը վերադարձնում է երկիր, ձգելով այն դեպի մարդը: Այդպես Հերմես Եռամեծարը, ձգտելով անմահության միստիկական գաղտնիքի բացահայտմանը` դիմում է թիթեռի կերպարին: Մարդկային մարմինը` բոժոժ է, որում հասունանում է թիթեռ-հոգին: Բայց ինչպե՞ս ենք մենք պատկերացնում այդ թիթեռը: Ինչպիսի՞ն են այդ թիթեռի չափերը: Ինչպիսի՞ տեսք ունեն նրա թևերը: Շատ թիթեռներ ապրում են մեկ օր: Իսկ հին հնդիկներն ասում են, որ Բրահմայի օրը ձգվում է հազարավոր տարիներ:
Այժմ պատկերացնենք, թե ինչ է տեղի ունենում բոժոժի ներսում: Բոժոժը սև խոռոչ է, իսկ բոժոժը ժամանակի մեջ` մի ողջ խառնակույտ սև խոռոչների, որոնցից էլ բաղկացած էր մեր տիեզերքը մինչ ի հայտ գալը: Նորագույն տվյալների համաձայն՝ այդ բոժոժ-սև խոռոչների ներսում կա ինչ-որ կարծեցյալ տարածություն-ժամանակ, քանզի բանաձևումների համաձայն՝ այնտեղ ժամանակը տարածականայնանում է, իսկ տարածությունը ժամանակայնանում: Դա դժվար է երևակայել և առավել դժվար է պատկերացնել: Սուրբ Հովհան Աստվածաբանը տվել է այդ երկնային քաղաքի իր նկարագրությունը: Այնտեղ հոսում են կենդանի ջրի գետերը: Ով խմում է դրանցից, նա հավետ ծարավ չի ճանաչում: Այնտեղ աճում է կենաց ծառը, և նա, ով ճաշակել է նրա պտուղներից, քաղց չի ճանաչում: Գետն ու ծառը, որոնց մասին խոսում է Հովհան Աստվածաբանը, Քրիստոսի սիրելի աշակերտը` հավերժական տարածություն-ժամանակ պատկերներն են: Բայց մեզ հետաքրքիր է ոչ թե տարածություն-ժամանակը, որ մեր տիեզերքի նկատմամբ նշագրված է որպես կարծեցյալ մեծություն, այլ մեր մտքերն ու զգացմունքները հավերժության մեջ: Այժմ հասկանալի է դառնում, որ հավերժությունը կարծեցյալ տարածություն-ժամանակ է, որը սովորական մարդկային գիտակցության մակարդակով ընկալվում է որպես մահ: Մահը ընդհատում է երկրային տարածության և ժամանակի սահմանը, բայց մեր տեսողությունը, մեր միտքն ու լսողությունը չեն կարող հաղթահարել զրոյական անջրպետը, որպեսզի սուզվեն հավերժական կարծեցյալության մեջ: Սակայն կան գաղտնատեսներ, գաղտնահանդիսատեսներ և բանաստեղծներ, որոնք տեսել են հավերժությունը: Հավերժությունը` թիթեռ չէ, թրթուր չէ և բոժոժ չէ, որի փոխակերպվում է թիթեռը՝ մահանալիս, և որից նա դուրս է թռչում՝ կրկին հարություն առնելիս: Հավերժությունը` եռամեկ է, եռամարմին, սակայն միեղեն էություն: Թիթեռ-բոժոժ-թրթուր: Ժամանակի առումով դուք կարող եք այդ երրորդություններից ցանկացածը կոչել ինչպես ձեզ հարմար է: Ասենք, թիթեռը` ներկան է, բոժոժը` անցյալը, թրթուրը` ապագան: Կամ թիթեռը` ապագան, թրթուրը` ներկան, բոժոժը` անցյալը: Բայց մարդու համար այս կյանքում ավելի բնական է բոժոժը տեսնել՝ որպես ապագա, թիթեռը՝ որպես ներկա, թրթուրը՝ որպես անցյալ: Քանի որ կարծեցյալ տարածականայնացված ժամանակի մեջ կարելի է փոխադրվել, ինչպես տարածության մեջ, դուք կարող եք միասնական հայացքով աչք ածել անցյալապագաներկան: Թիթեռթրթուրբոժոժը: Եվ այդժամ ձեր առջև հառնում է ամենակատարյալ մարդու` Ադամ-Կադմոնի կերպարը, ինչպիսին որ նա դրախտում էր` մինչ արտաքսվելը: Ադամ-Կադմոնը Եվայի համեմատ բոժոժ էր, ով հենց հանց թիթեռ ելել է նրա կողից: Հնարավոր է, որ օձը` Ադամի և Եվայի երկրային, սողացող էությունն է, այսինքն՝ թրթուրը:
Ռուբլյովի «Երրորդությունն» ասես պարփակված է ինչ-որ թափանցիկ, բյուրեղապակյա գնդաձև բոժոժի մեջ: Այստեղ հրեշտակներից յուրաքանչյուրը` Հայր-Որդի-Սուրբ Հոգին է, բայց նաև ժամանակն է` անցյալապագաներկան: Եռաստիճան հավերժություն: Բայց և ինքը՝ թիթեռը` երեք սկիզբների սիմվոլն է մի էակի մեջ: Երկու թևերը` անցյալն ու ապագան, եւ մեջտեղի մարմինը` ներկան: Երբ թիթեռը թռչում է, նա կազմում է հավերժությունը, սակայն, ըստ երկրային ժամանակի, երբեմն մեկ օր է ապրում: Աստծո համար մեկ օրը, ասես հազար տարի, և հազար տարին, ասես մեկ օր:

Թարգմ. Վ. ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s