Հրդեհն այդքան հեշտ չի մարվի

14 Դկտ

«Սառույցը հալչում է»,- բացականչեցին շատերը, երբ այս ամսվա սկզբին Իսրայելի Հայֆա քաղաքում բռնկված խոշոր հրդեհների ժամանակ թուրքական երկու ինքնաթիռներ եկան միանալու ծավալված փրկարարական աշխատանքներին: Մայիսի 31-ի դրամատիկ դեպքերից հետո, երբ Իսրայելի ռազմածովային ուժերը հարձակում գործեցին վեց նավից բաղկացած «Ազատության նավատորմի» վրա ու սպանեցին 9 թուրքերի, սա ամիսներ տևած լարվածությունից հետո առաջին բարի կամքի դրսևորումն էր: Թել-Ավիվից վարչապետի գրասենյակն անմիջապես գոհունակություն հայտնել Էրդողանի որոշման կապակցությամբ՝ նշելով, որ իրենք գնահատում են Անկարայի այդ ժեստը: Դրանից անմիջապես հետո սկսեցին շրջանառվել լուրեր այն մասին, թե իբր թուրքական և իսրայելական կողմերը նախապատրաստում են երկու երկրների հարաբերությունների բարելավման մասին պայմանագրի նախագիծ, իսկ Ժնևում ընթացող գաղտնի բանակցությունների արդյունքում Իսրայելը համաձայնել է ներողություն խնդրել Թուրքիայից ու նավերի դեմ իրականացրած գործողությունների ընթացքում տուժածներին փոխհատուցում տրամադրել։ Դրա դիմաց Թուրքիան իր հերթին համաձայնել է կարգավորել հարաբերությունները և Թել-Ավիվ ուղարկել իր դեսպանին:
Թվում էր` ուր որ է Իսրայել-Թուրքիա ճգնաժամը կմոտենա իր ավարտին՝ տեղը զիջելով այսպես կոչված «հրդեհային դիվանագիտությանը»: Ընդ որում, առաջին հայացքից նման հանգուցալուծումը կարծես թե բխում էր երկուսի շահերից: Թուրքիան հետաքրքրված էր տնտեսական կապերով և այնպիսի տպավորություն էր թողնում, որ ինքը պատրաստ է համագործակցել Իսրայելի հետ: Հրեաներն էլ իրենց հերթին ընդառաջ քայլեր էին կատարում: Մասնավորապես դրա օգտին էր խոսում այն փաստը, որ դեկտեմբերի 1-ին Թել-Ավիվում մեկնարկեց թուրք-իսրայելական գործարար խորհրդի նիստը:
Սակայն շատ արագ պարզվեց, որ ամեն բան փոքր-ինչ այլ կերպ է, քան ենթադրվում էր: Թուրքիան շարունակում էր քաղաքական ու դիվանագիտական խողովակներով Իսրայելից պահանջել ներողություն խնդրել միջերկրածովյան արյունոտ միջադեպի համար: «Նախ Իսրայելը պետք է պատասխան տա մեր 9 նահատակ եղբայրների համար, ներողություն խնդրի ու փոխհատուցում վճարի: Թող ոչ ոք չակնկալի, որ մենք լռություն կպահպանենք, քանի դեռ չի մաքրվել Միջերկրական ծովում թափված արյան բիծը»,- հայտարարեց վարչապետ Էրդողանը: Նրանից ետ չմնաց նախագահ Գյուլը: Լրագրողներից մեկի այն հարցին, թե Իսրայելը կորցրե°լ է Թուրքիայի բարեկամությունը, Գյուլը պատասխանեց. «Անկասկած: Այսինքն Թուրքիայի, թուրք ժողովրդի բարեկամությունն է կորցրել»:
Այսպիսի խոսքեր լսելուց հետո դժվար չէր կռահել, թե ինչպիսին կլիներ արձագանքը: Իսրայելյան լրատվամիջոցները մեկը մյուսի ետևից վարչապետ Նեթանյահուին կոչ էին անում տուրք չտալ Անկարայի պահանջին: Հրապարակումներից մեկում, որ կրում էր «Չհամարձակվես ներողություն խնդրել» վերտառությունը, հոդվածագիրը նշվում էր, որ Նեթանյահուն իրավունք չունի հրեաների անունից գլուխ խոնարհել թուրքերի առաջ: Եվ դեռ ավելին` հենց թուրքերը պետք է ամաչեն իրենց սադրիչ գործողությունենրի համար: Իսկ եթե, այնուամենայնիվ, ներողություն խնդրելու հարկ կա, ապա «այդ դեպքում մենք պետք է ներողություն խնդրենք հայերից մեր անտարբեր լռության և քրդերից` մեր երկերեսանիության համար»,- գրում էր հոդվածի հեղինակը:
Ի վերջո Նեթանյահուին այլ բան չէր մնում, քան հրապարակավ հայտարարել, որ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե Իսրայելը մտադիր է ընդառաջ գնալ Թուրքիային ու փոխհատուցում վճարել, չեն համապատասխանում իրականությանը: Իր հերթին Թել-Ավիվն Անկարայից պահանջում էր իսրայելցի զինվորների գործողությունները ճանաչել ոչ չարամիտ ու դադարեցնել հետաքննչական խմբի աշխատանքը, որը ստեղծվել էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեում՝ թուրքական կողմի պահանջով: Իսրայելը նաև պնդում էր, որ Թուրքիան հրապարակայնորեն հրաժարվի Երուսաղեմի նկատմամբ բոլոր իրավաբանական պահանջներից:
Այս ամենից հետո պիտի որ շատ արագ մոռացության տրվեին համատեղ ջանքերով մարված հրդեհները, քանի որ մյուս` քաղաքական ու դիվանագիտական կրակների բոցերը շատ ավելի թեժ էին և խոստանում էին էլ առավել բորբոքվել: Սակայն մյուս կողմից ամենքն էլ հասկանում են, որ հակասությունների ձնագունդը անվերջ գլորվել չի կարող և վաղ թե ուշ վրա կհասնի հանգուցալուծումը: Այս իմաստով միանգամայն տրամաբանական պիտի դիտվի այն փաստը, որ իսրայելական կողմն այնուամենայնիվ բանակցում է թուրքական իշխանությունների հետ: Ինչպես Իսրայելը, այնպես էլ Թուրքիան չեն կարող վերջնականապես անտեսել այն իրողությունը, որ իրենց համար չափազանց կարևոր է հարաբերությունների պահպանումը:
Առայժմ կան կարծիքներ այն մասին, թե թուրքական կառավարությունը, մասնավորապես վարչապետ Էրդողանը, հակաիսրայելական կեցվածք է որդեգրել` առաջիկա ընտրություններում լրացուցիչ քվեներ ապահովելու համար: Գուցե և հիմքեր կան նման տեսակետ պաշտպանելու համար, և գուցե թե այդ խաղն իրեն արդարացնի: Ամեն դեպքում հրեաների համար լուրջ անհանգստության հիմքեր է տալիս այն, որ Թուրքիան հեռանում է Արևմուտքից, փոխում է կողմնորոշման առանցքը` մերձենալով այնպիսի ռադիկալ երկրների հետ, ինչպիսին են Իրանը, Սիրիան: Իսկ այդ պարագայում անվերջ վիճաբանելը կամ ձեռքերը ծալած նստելն անհեռատեսություն կհամարվի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել մեկնաբանություն