Դերաբաշխումը փոփոխություններ չի կրի

7 Դկտ

Բոլորովին անհրաժեշտություն չկար քրքրելու դիվանագիտական գաղտնազերծված թղթարարության հազարավոր էջերը, որպեսզի պարզ դառնար, որ Թուրքիայի համար ի սկզբանե կարևորը եղել է ոչ թե Հայաստանի հետ հաշտեցումը, այլ հայ-թուրքական ցուցադրական գործընթացը: Եվ հիմա, երբ դա պարզից էլ պարզ է, թվում է, թե մեզ այլ բան չի մնում անելու, քան Ազգային ժողովի օրակարգում գտնվող արձանագրությունները միակողմանի չեղյալ հայտարարելն ու ստորագրության ետ վերցնելը:
Սակայն, ո՞վ գիտե, գուցե Հայաստանի համար նույնպե՞ս որոշակի իմաստ է ձեռք բերել գործընթացի առկայությունը: Եթե կա խաղ, իսկ դու այդ խաղի մեջ չես, ապա այն ինքստինքյան սկսում է ծավալվել քո դեմ։ Ուրեմն կամ ստիպված ես լինելու անպտուղ ջանքեր գործադրել` այդ ընթացքը կասեցնելու համար, կամ պիտի մասնակից դառնաս, որպեսզի հնարավորություն ձեռք բերես թելադրելու նաև խաղի սեփական կանոնները:
Հայաստանը դեռևս նախաձեռնությունն իր կողմը գրավելու համար չունի ոչ բավարար ռեսուրսներ և ոչ էլ բավարար վճռականություն: Ու թերևս սա է պատճառը, որ առայժմ առավելապես կարևորում է մյուս շահագրգիռ դերակատարների մասնակցության որակը` փորձելով նրանց հակասություններում գտնել իր օգուտի մասնաբաժինը, դիրքավորվել նրանց դասավորությանը համապատասխան: Իսկ դա առաջին հերթին վերաբերում է Միացյալ Նահանգներին, որը, ի տարբերություն ուրիշ միջնորդ երկրների, այս խնդրում ոչ միայն առավել ակտիվ է, այլև մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանում ձևավորված իրավիճակին:
Բայց արի ու տես, որ ԱՄՆ-ը ևս խորապես հիասթափված է Թուրքիայից` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ձախողելու առումով: Իսկ նմանօրինակ հուսախաբությունը կարող է երկու կարգի հետևանք ունենալ: Կամ Սպիտակ Տունը վերջնականապես կհրաժարվի հայ-թուրքական գործընթացին բարձր մակարդակով աջակցելուց և ընդամենը ձևական ներկայություն կապահովի առանձին զարգացումների ժամանակ, կամ կգործադրի մյուս տարբերակը`որոշակի ճնշումներ կբանեցնի Անկարայի վրա` իր կամքը թելադրելու համար:
Երկրորդ մոտեցումն առայժմ շատ ավելի իրատեսական է դիտվում, և դրա համար կա նույնիսկ նպատակահարմար ժամանակահատված: Նախ և առաջ դա վերաբերում է եկող տարի Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այսօրինակ հեռանկարը չեն բացառում նույնիսկ թուրք քաղաքական վերլուծաբանները, սակայն իրավիճակը գնահատում են այլ դիտանկյունից` գտնելով, որ ընտրություններն իսկապես կարող են մեծ ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վերաբեռնման վրա, սակայն ընդգծում են նաև, որ կարգավորման փորձեր կարվեն անկախ այն բանից, թե որ կուսակցությունը մեծամասնություն կստանա կամ ինչպիսին կլինի դրսից եկող ներգործությունը: Անուղղելի լավատեսները նույնիսկ չեն բացառում, որ 2011-ի ամռանը կարող է մասնակիորեն բացվել հայ-թուրքական սահմանը:
Ազդեցություն թողնելու մյուս` արդեն փորձված ժամանակահատվածը Վաշինգտոնի համար շարունակում է մնալ ապրիլ ամիսը, երբ կարելի է Անկարային սպառնալ Ցեղասպանության ճանաչմամբ ու հարկադրել ինչ-ինչ զիջումների: Այստեղ հարկ է նկատել, որ թուրքերը նախկինի պես շարունակում են շատ զգայուն վերաբերվել Հայոց ցեղասպանության հարցին: Ինչպես WikiLeaks-ի գաղտնազերծված փաստաթղթերից մեկում բավականին դիպուկ նկատել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Եղեռնի խնդիրը դամոկլյան սրի պես կախված է մնում Թուրքիայի գլխին: Սակայն Թուրքիան նույնպես միամիտ չէ, և յուրաքանչյուր անգամ գտնում է որևէ հարմար պատրվակ ամերիկացիների գլխի տակ փափուկ բարձեր տեղադրելու համար: Այնպես որ, հաջորդ տարի ևս նրանք ինչպես թուրք-ամերիկյան, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների մասով կհորինեն ինչ-որ մի ձևական քայլ և միջազգային հանրությանը դա կմատուցեն «բարի կամքի դրսևորում» գեղեցիկ փաթեթավորմամբ:
Այն, որ վերջին ամիսների ընթացքում Թուրքիայի քաղաքական դիրքորոշումը խմբագրումների չի ենթարկվել, օրեր առաջ հաստատեց նաև այդ երկրի արտգործանախարար Ահմեդ Դավութօղլուն, երբ աշխատանքային այցով գտնվում էր Վաշինգտոնում: Նա բառացի հայտարարեց, որ «հայ-թուրքական համաձայնագրի շուրջ փոփոխություն չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթաց չի արձանագրվել»: Նախարարն իր խոսքում երկու էական ճշտում կատարեց, ինչի մասին հարկ է, որպեսզի խորհեն Երևանում: Նա ասաց, որ եթե նույնիսկ արձանագրություններն առանց հայ-ադրբեջանական համաձայնության վավերացվեն, ապա, միևնույն է, իրավիճակի առաջին իսկ լուրջ բարդացման դեպքում Թուրքիան դարձյալ կփակի սահմանը: Իսկ այդպիսի «բարդացում» Բաքուն կարող է հրահրել օրը մի քանի անգամ:
Հաջորդ դիտողությունն այն մասին էր, որ երկու պետությունների վրա ճնշում գործադրելու միջազգային հանրության բոլոր փորձերը միայն կխանգարեն բանակցություններին: Անկարայում սա արդարացնում են այն հանգամանքով, որ այդ ճնշումների ժամանակ «թուրքական հասարակությունը լցվում է դրան հակադրվելու վճռականությամբ և ավելի համառ է դառնում` խանգարելով խնդիրների լուծման բնական դինամիկային»: Հասկանալի է, որ սա համարյա նույն բանն է, ինչ ադրբեջանական ճակատում լարվածության հեռանկարը, այսինքն` թուրք հանրությունը ամեն պահի կարող է հակադրվել ու ընդվզել, եթե նման հրահանգ տրվի Անկարայի բարձր ատյաններից: Հետևաբար խոսելով այսպես կոչված «Ցյուրիխ-2»-ի, այսինքն` հայ-թուրքական արձանագրությունների վերակենդանացման հնարավորության մասին, նախ պետք է հիմնավորել դրան նպաստող նախադրյալների առկայությունը: Իսկ դա այսօր, ցավոք, չի գծագրվում:
Մի բան կասկածից վեր է. մոտակա ժամանակներում «Հայաստան-Թուրքիա» խաղի դերաբաշխումը լուրջ փոփոխություններ չի կրի: Հին դիմակները կմնան հին դեմքերի վրա: Ու քանի դեռ հայ-թուրքական հարցը կապվում է ղարաբաղյան հիմնախնդրի հետ, ապա գործընթացը դադար կառնի փակուղում։

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s