ԱՆՏՈՒԱՆ Դ’ ՍԵՆՏ-ԷՔԶՅՈՒՊԵՐԻ

7 Դկտ

… Ձեր պարտականությունների մեջ չի մտնում փոքրիկ մարդուկների մեջ սպանել մարդուն կամ վերածել նրանց միայն մրջնանոցում ապրելու ընդունակ մրջյունների, քանի որ ինձ համար բացարձակապես կարևոր չէ` լեցուն է, թե լեցուն չէ մարդը իմացությամբ։ Ինձ համար կարևոր է նրա մարդ լինելը։ Ես չեմ հարցնում այն մասին, թե երջանի՞կ կլինի մարդը կամ ոչ, այլ հարցնում եմ այն մասին, թե ինչպիսի՞ մարդը կլինի երջանիկ։ Եվ ինձ քիչ է մտահոգում, թե արդյո՞ք լիության մեջ են ապրում նստակյաց ցեղերը՝ հագեցած, ինչպես անասունը գոմում։
Դուք պետք է մարդկանց հագեցնեք ոչ թե դատարկ սահմանումներով, այլ ամեն տեսակի սխեմաներ ժխտող պատկերներով։ Դուք չպետք է բեռնեք նրանց մեռած գիտելիքներով, այլ ընկալմանը նպաստող ձևը պիտի կոփեք։ Դուք չպետք է դատեք նրանց ընդունակությունների մասին՝ առաջնորդվելով միայն նրանց այս կամ այն զբաղմունքի նկատմամբ տեսանելի հակումներով, քանզի մյուսներից առաջ է անցնում և հաջողության է հասնում միայն նա, ով համառորեն աշխատել է` հակառակ իր հակումներին։ Եվ ամենից առաջ հաշվի առեք սերը։
Ձեզ պետք է մտահոգի ոչ թե հմտությունների ձեռք բերումը, այլ մարդու ձևավորումը, որպեսզի փայտ տաշող ձեր աշակերտը լցվի պատվի ու հավատարմության ոգով, և այդ դեպքում նա փայտն անհամեմատ լավ կտաշի։ Դուք պետք է երեխային հարգել սովորեցնեք, քանի որ հեգնանքը անկիրթների սփոփանքն է ու անհատի մոռացության մատնումը։
Դուք պետք է մարդկանց և նյութական բարիքների կապին խոչընդոտեք։ Եվ փոքրիկ մարդու մեջ մարդ դաստիարակեք՝ ընտելացնելով նրան հոգևոր արժեքների փոխանակությանը, քանի որ այդպիսի փոխանակությունից դուրս միայն հոգու չորություն է։
Դուք պետք է խորհել և աղոթել սովորեցնեք, քանի որ հոգին վսեմանում է դրանցից։ Եվ հոգիները սիրելու վարժեցրեք։ Չէ՞ որ ոչինչ չի փոխարինի նրան։ Սերն ինքն իր հանդեպ հակադրությունն է սիրո։
Դուք պետք է խստորեն դատեք մատնությունն ու կեղծիքը, չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե դրանք հօգուտ մարդու են և նույնիսկ հօգուտ քաղաքի։ Բայց միմիայն հավատարմությունն է կերտում հոգով ուժեղներին։ Մարդը չի կարող մի դեպքում հավատարիմ լինել, իսկ մյուս դեպքում՝ ոչ։ Նա, ով իսկապես հավատարիմ է, հավատարիմ է միշտ և ամենուրեք։ Չի կարելի հավատարիմ համարել նրան, ով դավաճանում է աշխատանքային ընկերոջը։ Ես ամուր քաղաքի կարիքը չունեմ, և մարդկանց բարոյալքումը այդպիսի ամրության հիմք չի կարող ծառայել։
Դուք պետք է ճաշակ զարգացնեք դեպի կատարյալը, քանի որ յուրաքանչյուր գործ մերձեցում է Աստծուն, և այս գործընթացն իր ավարտը կարող է միայն մահվան մեջ գտնել։ Դուք չպետք է լիակատար ներում և գթասրտություն սովորեցնեք, քանի որ այս արժանիքները կարող են աղավաղված հասկացվել և չարիքի ու վնասի երկրպագությանն արժանանալ։ Բայց դուք պետք է յուրաքանչյուրը յուրաքանչյուրի հետ համագործակցության միջոցով բոլորը բոլորի հետ զարմանալի համագործակցություն սովորեցնեք։ Եվ այդ ժամանակ վիրաբույժն անապատի մի կողմից մյուսը կշտապի՝ հասարակ սևագործ բանվորի ծունկը տեղը գցելու համար, քանի որ և՛ նա, և՛ մյուսը հավասարապես նույն կառքի կառապաններ են։

3 Responses to “ԱՆՏՈՒԱՆ Դ’ ՍԵՆՏ-ԷՔԶՅՈՒՊԵՐԻ”

  1. Մարիետա 31 Հուլիսի, 2012 at 2:16 ա. #

    հանճարեղ էր, շնորհակալություն….

Trackbacks/Pingbacks

  1. Էքզյուպերի: Ձեր պարտականությունների մեջ չի մտնում…. | Մարիետ Սիմոնյան - 30 Մարտի, 2014

    […] Աղբյուրը՝https://hovikcharkhchyan.wordpress.com/ […]

  2. Անտուան դը Սենտ Էքզյուպերի, «Ամրոց» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum) - 30 Մարտի, 2014

    […] Աղբյուրը՝  https://hovikcharkhchyan.wordpress.com/ […]

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s