ՖԵԴԵՐԻԿՈ ԳԱՐՍԻԱ ԼՈՐԿԱ

6 Դկտ

Երևակայությունը հայտնագործել է աշխարհի չորս ծեգերն ու երևույթների պատճառական կապը: Բայց նա երբեք չի կարողացել երկար գործել անհեթեթության քոսային շիկացման մեջ, որտեղ ազատ ու անզուսպ շարժվում է ոգեշնչումը: Երևակայությունը ամեն մի պոեզիայի առաջին աստիճանն է ու հիմքը: Նրա օգնությամբ բանաստեղծը աշտարակ է կառուցում` տարերքներից ու գաղտնիքից պաշտպանվելու համար: Նա անխոցելի է, նա հրամայում է, և նրան միշտ հնազդվում են: Բայց ամենագեղեցիկ թռչուններն ու ամենապայծառ կրակները սպրդում է նրա ձեռքերից: Այսպես ասած, մաքուր երևակայության բանաստեղծի համար շատ դժվար է իր բանաստեղծություններով խորը հուզում առաջացնել: Տիպիկ ռոմանտիկական երաժշտականությունն էլ` տաղաչափական տեխնիկայի համադրմամբ, անշուշտ, չի կարող բանաստեղծական հույզ հարուցել, և գրեթե միշտ խորթ է իսկական պոեզիայի հոգևոր խոր իմաստին: Բայց և բանաստեղծական զգացումն ինքնին, կուսական հսկողությունից դուրս, ոչ մի շրջանակով չսահմանափակված, սեփական օրենքներով ստեղծված բանաստեղծությունը նույնպես չի հարուցում անդրադարձ, իսկական բանաստեղծական հույզ:
Երևակայությունն աղքատ է, բանաստեղծական երևակայությունը` առավել ևս:
Տեսանելի երևակայությունը, կյանքի իրադարձություններն ու մարդկային մարմինը շատ ավելի հարուստ են նրբերանգներով, ավելի բանաստեղծական են, քան երևակայության բոլոր հայտնագործությունները:
Դա կարելի է հաճախ նկատել այն պայքարում, որ վարում են գիտական իրականությունն ու երևակայության պտուղը` դիցաբանությունը. փառք աստծո, հաղթում է գիտությունը, որ հազար անգամ ավելի բանաստեղծական է, քան բոլոր թեոգոնիաները:
Մարդկային երևակայությունը հորինել է հսկաների, որպեսզի նրանց վերագրի հսկայական քարայրների, կախարդական քաղաքների շինությունը: Հետագայում պարզվեց, որ հսկայական այդ քարայրները ստեղծել է ջրի կաթիլը, զուլալ ջրի կաթիլը` համբերատար ու հավերժական: Այս դեպքում, ինչպես և շատ այլ դեպքերում, հաղթանակեց իրականությունը: Ջրի կաթիլի բնազդը հսկայի թաթից գեղեցիկ է: Իրականության ճշմարտությունը հաղթում է երևակայությունը պոեզիայում, ավելի ճշգրիտ` երևակայությունը բացահայտում է սեփական խեղճությունը: Երևակայությունը տրամաբանորեն իրավունք ուներ հսկաներին վերագրելու այն, ինչը հսկաների արածն է թվում, բայց գիտական իրականությունը, որ չափազանց բանաստեղծական է և չի տեղավորվում տրամաբանության կանոնների շրջանակներում, իր ճշմարտությամբ է հագեցրել ջրի մաքուր և հավերժական կաթիլը: Որքան ավելի բանաստեղծական է այն բացատրությունը, թե քարայրն առաջացել է ջրի խորհրդավոր քմահաճությամբ, որը ենթարկվում է հավիտենկան օրենքների, քան այն պատկերացումը, թե իբր քարայրն է ստեղծվել է ինչ-որ հսկաների կամքով, որի ամբողջ իմաստն այն է, թե դրանք կարող են ծառայել իբրև բացատրություն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s